Այն, ինչ կատարվել է ՀՀ նոր սահմանադրության անցնելով, դեռևս ամբողջությամբ գիտակցված չէ մեր կողմից։ Նախ անդրադառնանք ընդհանուր դրվածքներին, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։
Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ “անգլիական թագուհու” կարգավիճակով նախագահին ընտրում է ազգային ժողովը՝ իբր 7 տարով։ Նախագահին և վարչապետին փաստացի նշանակելու է խորհրդարանը։ Հետևաբար, ըստ գործադիր իշխանության կերտման սկզբունքների, պարզ է, որ դրության գերակա տեր-տիրականը ազգային ժողովի մեծամասնությունն է լինելու։
Իհարկե, ոչ մեկս միամիտ չէ, որ ենթադրի, թե շարքային ժողովականն իրավունք է ունենալու նախագահի, կամ վարչապետի նշանակման հարց որոշելու։ Հարցերը որոշելու են մարդիկ, որոնց ձեռքին է դեռ երեկ հաստատված ռեալ իշխանությունը երկրում։
Նախորդ սահմանադրության պայմաններում մենք կենցաղային հոտառությամբ գիտեինք, թե ում ձեռքին են իրական ու ֆորմալ իշխանությունները։ Նոր սահմանադրությամբ, ոչ փորձը կա և ոչ էլ հոտառությունը։ Եվ կարծում եմ, դեռ ոչ ոք էլ ճշգրիտ չգիտի, նույնիսկ էս խայտառակ, ներքին ահռելի հակասականությամբ, սահմանադրության պատվիրատուներն ու կազմողները, ներառյալ Սերժ Սարգսյանն էլ, չգիտեն սպասվող նոր իշխանական կառույցի ճշգրիտ մանրամասները։
Ներկայում հասել ենք հենց այն կետին, երբ պետք է գոնե իշխանության ներկա “տերն” իմանար, թե ովքեր ու ինչ դիրքերի հաշվին են լինելու հաջորդ իշխանությունը։ Բայց ցավոք, դա էլ դեռ որ անորոշ է։ Ու անորոշ է օբյեկտիվ բարդությունների պատճառով։
Բանն այն է, որ ցանկացած իշխանություն դա լծակների հանրագումար է, որը կենտրոնացած է որոշակի մարդկանց ձեռքում։ Արժեթղթերի նմանակությամբ, մարդկանց այդ խումբը կոչենք “իշխանական որոշիչ/ստուգիչ փաթեթ” և հասկանանք, թե մոտավորապես ովքեր կարող են լինել նրա կազմում և ինչ սկզբունքներով։ Հիշենք, որ նույնիսկ բացարձակ բռնապետության պայմաններում բռնապետը չունի բացարձակ իշխանություն՝ այլ ունի տարբեր լծակներով փոխադարձ հավասարակշռված ենթակաների մի խումբ, որոնք միասին, և բռնապետի ղեկավարությամբ արդեն հենց բացարձակ իշխանությունն են։ Այդ խմբի մարդիկ ինչ որ առումներով և ինքնուրույն հզոր են և ենթակա շանտաժի, և մյուսների հետ շաղկապված հարաբերությունների բարդ համակարգով։
Պարզ է, որ այդ փաթեթի կազմում են ընտրությունները, այսինքն իշխանության վերարտադրությունն ապահովողները, ֆինանսական հզոր լծակներին տիրապետողները, տեղերում մեծ հեղինակություն վայելող օլիգարխ-կարկառուն քրեականները, իրավականի, անվտանգության ու բանակի պատասխանատուները, մասս մեդիայի տերերն ու այն կարգավորողները՝ ընդհանուր, երևի մի 15-20 մարդ։
Մասնակից բոլորին է ձեռնտու քաղաքացիներից և իշխանական ստորին օղակներից մեկուսացած այս վերին իշխող, գրեթե ստվերային համակարգը։
Որոշ երկրներում այս կամ այն չափով առկա է այսպես կոչված խորքային պետությունը, /իշխանությունը/՝ այսինքն մարդկանց ոչ ֆորմալ այն խումբը, որն իրապես տիրապետում է լծակներին և իշխում երկրում։ Հետանկախական Հայաստանում հենց դա էլ մշտապես եղել է, ու ներկա պրոբլեմն էլ այդ խմբի վերակերտումն է՝ համաձայն նոր սահմանադրության ֆորմալ պահանջների։
Մարդկանց ճնշող մեծամասնությունը տեղյակ է, որ Հայաստանյան հիմնական իշխանավորը ներկա նախագահն է։ Թե ովքեր են նրա նեղ շրջապատի մարդիկ, որոնք, ոնց նշել էի, բացարձակ իշխանությունն են, այս կամ այն ճշգրտությամբ, գուշակելի են։ Բայց պահի հիմնական խնդիրը հենց Սերժ Սարգսյանի՝ իշխանության լիդերի կոնկրետ ֆորմալ դիրքում լինելու ոչ ֆորմալ հարցն է։ Որովհետև կախված Սարգսյանի պաշտոնեական նոր դիրքից, մնացած փաթեթը այս կամ այն ձևով հարմարեցվելու է իշխանական նոր ֆորմալ տեսքին։
Այսինքն խնդիրն է, թե Սարգսյանի որ պաշտոնի դեպքում է հնարավոր ներկա նախագահական իշխանությունն առանց հիմնարար ձևափոխումների ամբողջությամբ տեղափոխել և հարմարեցնել խորհրդարանական֊ վարչապետական համակարգի պարտադրվող ցուցանակին։
Սահմանադրությունը կազմողներին թվացել է, թե դրանում որևէ բարդություն չկա՝ նախագահ է, հիմա էլ կկոչվի վարչապետ։ Բայց պարզվում է, որ այդ դեպքում խնդիրներ կան ինչպես առաջին դեմքի, այնպես էլ իշխանական որոշիչ փաթեթի կազմի կայունության պահով։
Կարծում եմ, Սերժ Սարգսյանին վարչապետությունն այնքան էլ ցանկալի չէ, թե ըստ հայկական նախորդ ավանդույթի, և թե խորհրդարանական այլ երկրների փորձից ելնելով։
Նախ վարչապետի մեծ կախվածությունը կա խորհրդարանի խոսնակից ու պառլամենտականներից, որոնք, սկզբունքորեն ասած, բավական մեծ լծակների են տիրացած լինելու այս համակարգում և հակասությունների դեպքում կարող են գնալ ներպալատական հեղաշրջման վարչապետի դեմ և ցանկացած թուլությունը հաստատ կօգտագործեն վարչապետից զիջումներ կորզելու համար։
Շատերը կասեն, թե խամաճիկ ու նախապես կազմված ցուցակներով “ընտրված” պառլամենտականը քանի գլխանի է, որ Սարգսյանի դեմ նման քայլի գնա։ Բայց և, նոր պայմաններում ամեն ինչ հնարավոր է, և այս վտանգը բացառել չի կարելի։
Բացի այդ, վարչապետությունն այն դիրքն է, որին հաճախ քավության նոխազի դերակատարություն է հատկացված լինում։ Իհարկե վարչապետը կարող է մեղքերը բարդել իր տեղակալների վրա ու հերթով նրանց զոհաբերել։ Բայց, մի կողմից դա լուրջ չէ, մյուսից էլ՝ անկայունություն է մտցնելու վերը նշված “փաթեթային” ենթակաների նեղ շրջանակի մեջ և կարող է արագորեն հասցնել փաթեթի ներքին հարաբերությունների ճգնաժամի։
Ոչ նոխազային վարչապետությունն էլ տեսական տարբերակ է, բայց դա հատուկ է միայն տեխնոկրատական իշխանություններին, ինչպիսին Դեն Սյաո Պինի, կամ Լի Կվան Յուի դեպքերում էր, և որոնք կառավարում էին ոչ թե կոմպրոմատային շանտաժով, այլ տեխնիկական լուծումների և առողջ տրամաբանականի ուժով։ Նման պարագաներում հզոր ինտելեկտը չի կարող նոխազի կարգավիճակում հայտնվել, իսկ մեր դեպքում այդ հեռանկարը հաստատ չի սպառնում։
Բացի վերը նշվածը, չեմ կարծում թե Սարգսյանը մասնագիտական առումով գոնե աղոտ պատկերացում ունի Հայաստանի առջև կանգնած վարչապետական իրավասության խնդիրներից և կցանկանա որևէ կերպ պատասխանատու մնալ անլուծելի թվացող խնդիրների համար։
Ստացվում է, որ “վարչապետ” Սարգսյանն իրոք, այնքան էլ խոհեմ տարբերակ չէ։ “Նախագահ” Սարգսյանը չենք էլ քննարկում, որովհետև նախ և առաջ դրա ֆորմալ իրավունքը չկա։ Երևի հնարավոր է, ինչ որ սողանցք գտնել ու ասել, որ նախորդ երկու ժամկետները այլ սահմանադրությամբ են եղել, և հիմա Սարգսյանն իրավունք ունի նորից նախագահ դառնալու։ Բայց հայերեն ասած դա “իրեն պետք չէ”, որովհետև լծակներից զուրկ նախագահությունն իմ կարծիքով հրապուրիչ չէ։
Տեսնենք, թե արդյոք իմաստալից է ԱԺ խոսնակի պաշտոնը։ Այսինքն այն դիրքը, որը և նախագահ, և վարչապետ է նշանակում, և դրանց մշտական վերահսկողությունն իրացնում, նաև պառլամենտացուների ցուցակներն է կազմում ու փաստացի իշխանությունը վերարտադրում։ Իհարկե, թվում է, թե ներկա պահին խոսնակ Սարգսյանը հնարավոր չէ, որովհետև ինքը պատգամավոր չէ։ Բայց, կարծում եմ, կես ժամվա գործ է Սարգսյանին որպես ՀՀԿ պատգամավորական ցուցակի առաջին համար ընդգրկելը, գործող պատգամավորներից որևէ մեկին այլ աշխատանքի ուղարկելը և Սարգսյանին որպես ցուցակի ղեկավարի՝ պատգամավոր հռչակելը։ Եվ գուցե սա կլինի անցած տարիների եզակի ադեկվատ պահը, որովհետև իրոք, այդ ցուցակի կնաքահայրը հենց ինքն է։
Անցնենք առաջ։ Իհարկե պաշտոնի անունը՝ խոսնակ, ցածր է թվում։ Բայց, իմ իմացածով, հզոր մարդիկ իրենք են կերտում իրենց պաշտոնի ուժն ու սահմանները՝ մանավանդ որ, այս դեպքում սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս է։
Եթե փորձենք կռահել, թե ինչ թուլություններ ունի այս դիրքը կոնկրետ Սարգսյանի դեպքում, ապա չենք գտնի այդպիսիք։ Ներքին նեղ իշխանական շրջապատը՝ իշխանական որոշիչ փաթեթը նորից նույնն է մնալու, որովհետև վարչապետն ու նախագահն են ի վերջո խոսնակի կամքով նշանակվում, որից մեծ շանտաժային և իրավունքային լծակ երկրում գոյություն չունի։
Միջնորդավորված, իր ձեռքում են մնալու նաև հին լծակները և ավելանալու է խորհրդարանական մեծամասնության գելիոտինը, որը ցանկացածին կարող է ոչնչացնել։
Գումարած ասվածին, հենց այդ դիրքում հայտնված Սարգսյանը կփորձի վարչապետի միջոցով գոնե մասնակի շտկել Հայաստանի ծանրագույն այս վիճակը և վերախմբագրել իր թողած աղետալի իշխանական ժառանգության արդյունքները։
Առաջներում պատասխանատուն ինքն էր։ Իսկ իրենից հարցնողը չկար, որովհետև դրա մեխանզիմը չկար։ Ինքն էլ, հարցերից չհասկանալով, որոշիչ փաթեթի օդիոզ դեմքերից խիստ զգուշանալով, զգուշավոր, կոմպրոմիսային լուծումներ էր սպասում փոփոխվող վարչապետներից։
Իսկ հիմա իր վրա տնտեսական ու քաղաքական ոչ մի պատասխանատվություն չկա՝ ո՞վ է որ, ընդամենը պառլամենտի խոսնակ։ Բայց հենց այդ կիսաստվերային դիրքում է, որ նորից հնարավոր կլինի թաշկինակների պես փոխել վարչապետներին ու ստիպել նրանց գոնե տարրական բարեփոխումների հասնել։ Չհաշված, որ խոսնակությունը որևէ ժամկետային սահմանափակումներ չունի, կարող է ցմահ էլ լինել։ Եվ առավել “չհաշված”, որ հետանկախական տարիներին Սարգսյանը հենց գերադասել է կիսաստվերային, երկրորդական թվացող դիրքերից կառավարումը։
Այսինքն, Սարգսյանի միայն խոսնակի դիրքում է, որ հայկական իշխանական որոշիչ փաթեթն առանց մեծ ցնցումների կտեղափոխվի նոր սահմանադրության տանիքի տակ և կշարունակի իր հին գաղջը։ Կարծում եմ, որ սա հասկացել են շատերը, ներառյալ իշխանական վերին ու ստորին էշելոնների մարդիկ, բայց քանի դեռ հաստատ դրանում համոզված չեն, չեն բարձրաձայնում, որ “աչքով չտան”։
Ինձ այսպիսին է թվում մոտակա ամիսների իշխանական ձևավորման ինտրիգը։
Իսկ ինչ վերաբերում է այս օրերին ընթացող նոր նախագահացուի փնտրտուքին, կամ էլ նոր վարչապետի ով լինելը պարզելուն, ապա դրանք սկզբունքային հարցեր չեն՝ ում ուզենան, նրան էլ կդնեն֊ հետո էլ եթե դուրները չեկավ՝ կփոխեն։ Կարևորը, որ ներկայում եղած հարց լուծողների ստուգիչ-որոշիչ փաթեթն անխաթար մնա։