Շատերս չենք համակերպվում Հայաստանի ու հայի հետ ներկայում կատարվողին։ Բոլորս տեսնում ենք տնտեսության փաստացի կոլափսը, զարգացման հեռանկարի լիակատար բացակայությունը, պաշտոնեական ու մասնագիտական անհամապատասխանությունը գրեթե բոլոր մակարդակներում, իրավական բեսպրեդելը ներսում ու սուբյեկտության բացակայությունը միջազգայինում, կրթական աննախադեպ անկումը, պառլամենտարիզմի բուտաֆորիան, մեկ անձի դիկտատով ու վերին օղակների փոխադարձ շանտաժով պահվող իշխանությունը, առաջին դեմքի՝ հավերժ իշխելու մարմաջն ու դրանով պայմանավորված սպասվելիք իշխանական կառույցի բացարձակ անորոշությունը։ Եվ այս ամենի հետևանքով էլ՝ ազգակործան, աննախադեպ արտագաղթը։
Պրոբլեմների միայն թվարկումն իսկ ֆանտասմագորիկ է դարձնում պատկերը։ Միթե գենոցիդներով անցած ու 21-րդ դար հասած հազարամյա մեր ժողովուրդն այլևս ելք չունի անկառավարելի ու ինքնակործան այս հորձանուտից։
Լավ, ենթադրենք, թե Հայաստանի երեք հաջորդական կառավարիչները դավաճաններ էին։ Ենթադրենք, թե նրանց ձեռքով իշխանության բարձրացրած կոհորտան ամբողջությամբ անինքնասեր-պնակալեզ֊սրիկա էր։ Ենթադրենք, թե մի քանի կազմ ընդդիմությունն իրենց թիմերով ամբողջովին տհաս էր։ Ենթադրենք, թե հայոց ամբողջ վերնախավն իր հազարավոր ակադեմիկոսներով, մասնագետներով, մշակույթի գործիչներով ու երևելիներով, անպատասխանատու, անարժան, փուչ ու կեղծ էր։ Ենթադրենք, թե բանտ գնացող բոլոր հայրենասերները միամիտ էին ու քաղաքականից անտեղյակ։ Ենթադրենք, թե բոլորը տեսնում, հասկանում են սպասվող կործանումը, բայց ոչ մեկը քաջությունը, կամ խելքը չունի կատարվողի դեմն առնելու։
Ամեն տարերքն ու անեծքը, դժբախտությունն ու կործանարարը ենթադրենք, բայց մեկ բանում ենթադրելիք չկա. մենք՝ հայերս ևս, ոնց մնացած ազգերը, կենսաբանական լինելով հանդերձ, Homo Sapiens՝ Գիտակից Մարդ ենք։ Այսինքն այնպիսին ենք, որ ունակ ենք նայելու և տեսնելու, լսելու և հասկանալու, վնասվելիս՝ եզրակացությունների հանգելու։
Մի խոսքով՝ որպես Homo Sapiens֊ներ, մենք մտածելու, վերլուծելու, կողքինների հետ ռացիոնալ հարաբերվելու և մեզ ձեռնտուն անելու մտավոր ու գործնական մեխանիզմները պետք է որ ունենանք մեզանում։
Սակայն այսօրվա մեր վիճակը ցույց է տալիս, որ դա էլ չկա, որ մենք տետանուսի մեջ ենք՝ դեմ առած, մի կողմից անհնարին թվացող, մյուս կողմից էլ ծայրահեղ անարժանապատիվ այլընտրանքների։ Կամ պետք է ընդունենք, որ մենք դուրս ենք Homo Sapiens կոչված մարդկային էությունից, որը տեսականորեն անհնարինի ոլորտից է /իհարկե էքստրեմալ պայմանների դեպքում նման բան գիտականորեն նկարագրված է/։ Կամ էլ պետք է խոստովանենք, որ մենք ազգովի հիվանդագին անարժանապատիվ ենք, որ հանդուրժում ենք մեր հանդեպ կատարվողը և հենց այդ պատճառով անընդունակ ենք ելքեր գտնելու։
Հոգեբանության մեջ նկարագրված են մարդկայինի կորստի դեպքեր, երբ երկարատև ժամանակ գտնվելով անմարդկային պայմաններում և մշտապես հարմարվելով պարտադրված տաժանակիր պայմաններին, անհատը կորցնում է դիմադրողականությունը և մտնում ամենաքչով գոյատևելու կլինիկական ռեժիմ։
Իհարկե, Գենոցիդից, ստալինիզմ-սոցիալիզմից, երկրաշարժից, Ադրբեջանի պարտադրած պատերազմից, թուրքերի կազմակերպած շրջափակումից ու քրեականով կառավարվող էս ստրկական անկախությունից հետո մենք ինչ որ առումներով հենց պարտադրված դժբախտության մեջ հայտնված, գոյատևող մարդու կարգավիճակում ենք։ Եվ մի գուցե կարելի էր մեզ որպես հենց կլինիկականին մոտ՝ ինչ որ առումներով արդեն “Անգիտակից մարդ” համարել։ Բայց և, բացառությամբ Գենոցիդի, հետսովետական մյուս ազգերն էլ են այս կամ այն կերպ ծանրագույն պայմաններում եղել, և այսօր դրանցից որևէ մեկում չկա մեր պես օրհասական վիճակ։ Մենք միակն ենք, ուր դրված է թե պետության և թե ազգի գոյության հարցը։
Միգուցե, իրոք, Գենոցիդը եղել է հենց այն հարվածը, որը կոտրել է մեր ազգային ողնաշարը և միայն այսօր ենք տեսնում դրա հետևանքները՝ ներկա հանրային, մարդկային ու պետական խեղճությունը։ Բայց և, վերը նշված մյուս այլընտրանքն էլ է առկա մեր ներկա ինքնության մեջ՝ հիվանդագին անինքնասիրություն-անարժանապատվությունը, որն աչքի է զարնում ամեն քայլափոխի։
Իհարկե, սա ևս կարող է Գենոցիդի ու նշված դժբախտությունների հետևանքներից մեկը լինել: Բայց և, մենք նոր դարում ենք՝ նոր, գլոբալ աշխարհում, ուր ազգերն ազատ են իրենց նպատակները հետապնդելու։ Ի վերջո, մենք համալսարաններ ու ակադեմիկոսներ ունենք, որոնք պետք է որ մեզ բացատրած լինեին, որ մարդ ենք՝ իրավունք չունենք որպես “ոչմարդ” ապրելու և երևույթներին աննորմալ արձագանքելու։
Ես հասկանում եմ, որ սույն քննարկման առարկան տաբուապատվածների շարքից է։ Բայց և, համակարգն իբր փոխելու ելած ու որևէ դրական արդյունքի չհասած մոտ 50 տղամարդիկ այսօր բանտում են, որոնցից 30-ը սպասում են ցմահ բանտարկության։ Գարնանը երկիրը սպասում է ցմահ առաջնորդի անվան հայտարարման։
Իր ոչ մարդկային խեղճության ու անճարակության պատճառով Հայաստանը գնում է վերջնական հայաթափման, ու հայն էլ շտապում է դեպի մեռյալ ազգերի գերեզմանոց։
30 տարի շարունակ միտինգների ու ընտրությունների մեջ էինք։ Հենց դրանցով, վատից դեպի վատթարը գնալով հասանք էս վատթարագույն ու բազմաթիվ առումներով աբսուրդային հանրային ու իշխանական վիճակին: Եվ այդ ընթացքում չգտնվեց պատկառելի, ազդեցիկ մեկը, որն ասեր՝ ժողովուրդ, հլա կանգնեք, էս ինչ ենք անում, հո խելագար չե՞նք։ Չի աշխատում էդ միտինգ ու ընտրություն ասածը՝ ուզում ես տասը հոգով եղիր, ուզում ես միլիոնով՝ ուզում ես ինքդ քվեարկիր, ուզում ես մի թող, որ կեղծեն, միևնույն է դիմացինդ համ կեղծում է, համ էլ կրակում։ Կամ զինվիր ու ինքդ էլ կրակիր, կամ էլ թարգիր ընտրելն ու միտինգվելը, և միտինգի-ընտրության կանչողին էլ նորմալ մարդու տեղ դնելը:
Homo Sapiens-ին հատուկ է վերլուծականությունը՝ մանավանդ նախորդ փորձի հաշվառումը։ Հետևաբար, եթե գիտակցությունը դեռ կա մեր մեջ, պարտավոր ենք գիտակցել, նախագծել ու իրացնել միայն ռացիոնալ անելիքը։ Իսկ եթե չկա, ապա խոսելիք էլ չկա։
Ինչևէ, ընդունենք, որ եթե ոչ լիդերներով, ապա գոնե շարքայիններով մենք Homo Sapiens ենք՝ ընդունակ ինքնագիտակցության և ինքնապաշտպանության և հարց տանք մեզ՝ բա լավ, ի՞նչ անենք.
Պատասխանեմ։
Հայկական պետականության և ներհանրային պրոբլեմները մեծապես ներքին են։ Արտաքին վերաբերմունքներն ու ազդեցությունները երկրորդական են ու ածանցյալ ներհանրայինից։ Հետևաբար, անելիքներն էլ ներսում են՝ Պուտինը, Ալիեւը, Էրդողանը կամ Թռամփը մեր հարցերը լուծողը չեն։ Հասկանալիքը, մտածելիքը, նախագծելիքը, անելիքը մերն է։ Եվ ներսում որևէ բան անելն էլ ընդամենը անհատի Homo Sapiens-այնությունը վերականգնելն է՝ սուբյեկտ դարձնելը։
Այդ նպատակով՝
– Պաշտպանիր քո շահերը դիմացիններից, իշխանություններից և ցանկացած մեկից՝ որպես սեփական շահը գիտակցած և այն հետապանդող Homo Sapiens։ Ընդ որում, ոչ թե շահագործիր, ճնշիր, ոչնացրու քեզանից թույլին, այլ հակադրվիր քեզանից ուժեղին։ Որովհետև, եթե թույլին վնասես, ապա ազգակործան, անուղեղ մի տականքն էլ դու ես։
Այո-այո՝ հենց անուղեղ, որովհետև պետական հզորությունն ու հանրային բարիքը կերտվում են միայն ու միայն ներհանրային համագործակցությամբ։ Եվ եթե այնքան ուղեղազուրկ ես, որ ընդունակ չես համագործակցության և դրա արժեքը գիտակցելուն, ուրեմն դատապարտված ես դաժան կյանքի՝ անօրենության, աղքատության, բեսպրեդելի ու տականքի դիկտատի։
– Ոչ միայն պաշտպանիր քո շահերը դիմացինից, այլև ինքնուրույն, առանց դատարանի ու իրավականի, գնա ինքնադատաստանի՝ քո հնարավորության սահմաններում, առանց բռնվելու ու բանտարկվելու ռիսկի, պատժիր քեզ վատություն անողին։
Այս իշխանությունը մոնոպոլացրել է պատժի իրավունքը և պատժում է ոչ թե օրենքով, այլ իր կամեցածով։ Այսինքն, փաստացի չկա ոչ օրենք, ոչ էլ պատիժ, այլ կա հաշվեհարդար։ Իսկ հաշվեհարդար անողի դեմ գործունյա է միայն հանդիպակաց հաշվեհարդարը։
Հետևաբար, եթե իրացվի, ինքնադատաստանն ավտոմատորեն անիմաստ է դարձնելու իշխանական դատաստանի ինստիտուտը ու նրա միջոցով նաև՝ մարդկանց ստրկացրած պահելու մեխանիզմը։ Կկանգնեցվի իշխանական հաշվեհարդարը, արդարություն կմտնի երկիր, ազգն իսկույն կվերագտնի իրեն ու կհարատևի։
Իհարկե, այս տեսակետը կարող է դիտվել որպես անարխիզմի կոչ, բայց խնդրո առարկան հայի ու Հայաստանի գոյությունն է և նման դեմագոգիան տեղին չի լինի։
– Մոռացիր, որ ներկա պահին հայության մեջ կարող է գոյություն ունենալ ընդդիմություն ասածը։ Եթե միջին հայի դեպքում է արդեն դրված որպես լիարժեք Homo Sapiens դրսևորվելու հարցը, ապա իշխանության թրի տակով անցնելու պատրաստ պնակալեզը շատ ավելի հրեշային է, քան եղած իշխանավորներն են։
Հետևաբար, հույս մի կապիր որևէ ընդդիմադիրի, փրկիչի ու առաջնորդի հետ և առօրյայում ինքդ դրսևորիր քեզ որպես անհատ ընդդիմադիր՝ ոնց կարող ես։
– Խուսափիր որևէ կոչից, որն ինքնազոհություն կամ բանտ ընկնել է ենթադրում։ Բանտը կամ զոհվելը միարժեքորեն պարտություն են։ Չի կարելի մարդկանց պարտության կոչել, առավել ևս նման կոչին տուրք տալ։
– Որպեսզի համակարգը որևէ կերպ ազդվի, նախ պետք է այն ճիշտ հասկացվի, ապա բնութագրվի և հենց դրանով գտնվեն նրան հարաբերվելու և “դիմելու” ճիշտ ձևերը: Առանց համակարգը հասկանալու, աղաչանք-պաղատանքը իշխանություններից դարձել է ընդդիմադիր ու հանրային միակ գործելաոճն ու արժեքայինը։ Եվ հենց համատարած խղճուկ խնդրանքն է, որ իշխանություններին դարձրել է լկտի, սանձարձակ ու հրեշային։
Ոչ մեկն իրավունք չունի ժողովրդի ու հանրության անունից նորից ու նորից խցկվել հանրային հարթակ և խնդրել՝ նախագահից, դատավորից, քննիչից, ոստիկանից, բանտապետից, օլիգարխից, թաղապետից, թաղայինից, կամ էլ տեղակալի օգնականի խորհրդականից։
Անելիքն ամեն մեկինս է, անհատ առ անհատ՝ ընդ որում միայն ու միայն “Homo Sapiens” տրամաբանականի շրջանակներում և առանց խնդրանքի։ Խնդրողի հետ չեն խոսում՝ լավագույն դեպքում մերժում են։
Կուրծք ծեծող, գործի փոխարեն հոխորտացող, անուղեղ հայրենասիրականը պետք է դուրս նետվի հայկական հանրային մեթոդականից։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ Ստալինի դեմ շատ ավելի մեծ ու իրական դիմադրություն է եղել, քան հիմա կա Հայաստանում՝ Ստալինից անհամեմատելի փոքր տեղական ու կենտրոնական ողորմելի, բռնակալ ձևացողների դեմ: