Ակնհայտ է, որ միջսլավոնական թշնամության հրահրմամբ վերջնականապես միացվել է Ռուսաստանի կործանման ժամացույցը։ Խնդիրն արդեն ոչ այնքան ինչուն ու ինչպեսն են, որքան՝ երբը։
Բայց «երբը» գուշակելու համար սկզբից ամբողջ պրոցեսն է պետք հասկանալ՝ ինչուն ու ինչպեսը։ Սկսենք ռուսներին, հայերին ու շատ-շատերին այդպես էլ անհայտ մնացած ու «անմեղ» ինչու-ից։
Աշխարհն արագընթաց գլոբալացվում է։ Եվ այդ պրոցեսին զուգահեռ սրվում է սուվերեն պետություն-գլոբալ աշխարհ սկզբունքային հակասությունը։ Պետությունները դեռևս որոշակի սուբյեկտություն ունեն և ներգրավված են աշխարհքաղաքական, ավանդական հին հակամարտությունների մեջ՝ տեղական, ռեգիոնալ և համաշխարհային-գլոբալ հարթություններում։
Սակայն, դրան հակառակ, միջազգային գիգանտ կորպորացիաներն ու օլիգարխիկ ֆինանսական հզոր խմբերը, որոնք տիրապետում են մարդկային կյանքի հիմնական ոլորտները, արդեն վաղուց անցել են միջպետական սահմանները և որոշում են գլոբալ պրոցեսներին մասնակից սուբյեկտների վարքը, ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ թե ժամանակակից կյանքի դրվածքների ուղղորդմամբ և թե իրենց ենթակա քաղաքական լծակների օգտագործմամբ։
Բայց և, մյուս կողմից էլ, այնքան էլ պարզ չէ, թե ովքեր, ինչ ուժեր, կամ սկզբունքներ են տնօրինում կորպորացիաներին ու ֆինանսական օլիգարխիային։
Փողի՝ որպես ներկա աշխարհի գերակա սուբյեկտի, կուտակման, կենտրոնացման ու ագրեսիվ էքսպանսիայի սկզբունքները կորպորացիաներին մղում են ծավալվելու և ոչնչացնելու հակառակորդներին։ Բայց երբ գործը հասնում է պետական սահմաններն անցնելուն, պրոցեսը դեմ է առնում ազգայինին, քաղաքական «այրերին», պառլամենտականներին, գեներալներին, հայրենասեր կուրծք ծեծողներին, նույնիսկ ստորադաս տհասներին ու սկզբունքորեն այլ մեթոդաբանություն պահանջում։ Եվ հենց այդ մեթոդաբանությունն է, որը նոր է ու անհայտ շատերին։
Զարմանալի չէ՞, որ տեխնիկական առաջընթացը, ֆանտաստիկ նորամուծություններն ու կյանքի նոր որակն ապահովում են չնչին աշխատավարձ ստացող փայլուն ուղեղի տեր գիտնականներն ու մասնագետները։ Նրանց գործի են դնում միջանձնային հարաբերությունների գիտակ, ճկուն ուղեղի տեր ու արդեն միլիոններ վաստակող ձեռներեցներն ու բիզնեսմենները։ Բիզնեսմեններին աշխատեցնում են սկզբունքներից զերծ ու փողին ստրկագրված՝ ոչ այնքան երևելի ուղեղի տեր, բայց միլիարդներ «սարքող» ցածրակարգ բանկիրները։ Ստորին բանկիրներին համախմբում են անհաշվելի փողերի տեր և արդեն հրապարակայնորեն անհայտ մեծամեծերը, որոնք իրենց ահռելի սպասարկող ապարատով մանրակրկիտ որոշում են, թե որ պետության ներսում ում սատարեն, ում առաջ քաշեն, ում ինչ պաշտոնի դնեն, ում-ումով սահմանափակեն, ում ոնց ոչնչացնեն և որ թաղային տականքին իր որ հարևանի վրա բաց թողնեն։
Այդ մարդիկ խիստ սահմանափակ թվով են և նրանց նպատակը փողը չէ, այլ գերագույն իշխանությունը, զգացմունքային դաշտը, որն ասում է նրանց՝ տես մոլորակն է քոնը, որոշիր, թե ինչ ես անելու նրա հետ։
Ես ինքս աթեիստ եմ, Աստծուն չեմ հավատում, արարմանն առավել ևս, բայց հավատում եմ հրեշային, կործանարար մարդուն, որի մեջ սատանան է նստած ու դրդում է նրան ավերման՝ ըստ որում՝ իբր արարման նպատակով ավերման։
Ստացվում է անլուծելի ու անհաղթահարելի պատճառահետևանքային մի շղթա, որում ամեն հաջորդ, գերակա օղակն օգտագործում է իրենից ցած եղած առավել ինտելեկտուալ, գիտակից ու մասնագետ անհատին՝ իր առավել ստորին շահի սպասարկման համար։ Արդյունքում ամբողջ մարդկությունն ի վերջո դառնում է մի քանի «տաղանդավոր» ստահակների ստրուկը։
Թերահավատ մեկը կարող է ինտերնետում ստուգել, թե ներկա աշխարհի հարստության մեծ մասն ում է պատկանում, կամ ովքեր են երկրների պառլամենտականներին ու նախագահներին ընտրեցնում։ Կամ էլ հեռու գնալ պետք չէ՝ նայեն, թե ովքեր են Հայաստանի հարց լուծող մի բուռ «հայտնիները»։
Աշխարհում էլ բացարձակ նույնն է՝ միլիարդավոր նորմալ մարդկանց, միլիոնավոր փայլուն արարողների, հազարավոր հանճարների կյանքը, գործն ու ապագան ընդամենը մի քանի գլոբալ, համաշխարհային ստահակների քմահաճույքի առարկան են՝ կուզեն գլոբալ, կուզեն լոկալ պատերազմ կհրահրեն, կուզեն արաբական աշխարհը կավերեն, կուզեն սլավոններին իրար մորթելու հրամանը կտան, կուզեն Երուսաղեմը մայրաքաղաք կհռչակեն, կուզեն Եվրոպան մահմեդականներով կլցնեն, կուզեն Ռուսաստանը կմասնատեն, կուզեն Հայաստանը քարտեզի վրայից կհանեն, ու ոչ մեկը չի կարող ասել՝ լավ, բա հետո՞։
Եվ չեն ասի, որովհետև նման բան ասողներին կասեն թե խեղ է, հիմար է, հակադեմոկրատ է, հակամարդ է, ցնդած է, մոլորված է, կամ էլ առնվազն քաղաքականապես ոչ կոռեկտ է։
Իհարկե խեղ է, հիմար է, ու ամեն նշվածն է, որովհետև չի հասկացել, որ կուշտ լինել է պետք, այլ ոչ ճոռոմաբանել։ Իսկ կուշտ լինելը հնազանդություն է ենթադրում։
Նայում եմ ռուսական թոք շոուներն ու ապշում՝ արդեն 4 տարի շարունակ ռուսներին ստիպում են օրական մի քանի ժամ լսել դրսից ներմուծած, կամ էլ տնաբուս ֆարցովշչիկների, դեգենեռատների, խեղկատակների ու այլևայլ զոմբիացնողների քարոզը, թե կործանեք ձեր երկիրը, որ կուշտ ապրեք։ Գնացեք օլիմպիադայի, որ խայտառակվեք, հանձնվեք ուկրաինացիներին, զիջեք Ղրիմը, լքեք Դոնբասի հայրենակիցներին, ընտրեք Սոբչակին, որ լավ ապրեք։ Բայց երբեք չեք լսի հիմնավոր պատասխան, թե իրո՞ք, ինչո՞ւ, հո խելագար չե՞նք։
Իրոք, նման բան անելու համար և ուղեղազուրկ է պետք լինել, և կամազուրկ և ինքնադավաճան։ Փակուղային, տետանուսային՝ շախմատային լեզվով ասած պատային վիճակ է ռուսական վերին և ստորին իշխանականում ու հանրայինում։ Ռուսը չի հասկանում ու չի վստահում դիմացինին ու մյուս ռուսին։ Նա սոված է, զայրացած, դավաճանված, անտեր ու անհայրենիք։ Զիջեց կայսրությունը ու տեղը ստացավ առավել փոքր ու անհասկանալի մի գոյացություն, որի սկիզբն ու վերջը պարզ չեն։ Ու պարզ չէ, թե որ մասնատվի, կամ Սիբիրը զիջի, արդյոք կփրկվի, թե վերջում էլ վզից պարանը կկախեն, ոնց Սադամին արեցին։
Նա չգիտի ինչ ասի կամ ինչպես հարաբերվի իր այլազգի օլիգարխին ու իշխանավորին։ Չգիտի, Պուտինին տապալի, թե համախմբվի նրա շուրջը, Սոբչակին ընտրի, թե ապակուսակցական կոմունիստին, քանի որ չի հավատում ոչ մեկին ու ոչ էլ մյուսին ու մնացածին։
Հրապարակում հազար խաբող կա և ոչ մի Մովսես։ Ռուսը չգիտի, թե ինչ են իրենից ուզում, ինչու են իրեն ատում, ինչու են շարունակաբար հետապնդում։ Նա միայն մեկ բան է հասկացել, որ իրեն հետապնդում են, որ իր հաշվին ինչ որ հարցեր լուծեն։ Բայց թե ով, ինչու և ինչ նպատակով, դա չի ասվում, դա տաբու է, իսկ ինքն էլ ունակ չէ հասկանալու։
Ըստ խաղի կանոնների Գռեգը կուշտ ու համարյա թե յուրային ամերիկացին է, Յակուբը՝ անշահախնդիր իբր մարդասերը, Կովտունը՝ միամիտ խեղկատակը, Յավլինսկու դեղնակտուց թիմակիցն էլ՝ իբր դեմոկրատը։
Մի քանի սիրողական դերասանի ֆանտաստիկ էֆեկտիվ թատրոն է, որով արդեն փաստացի արվել է գործը՝ Ռուսաստանի տապալումը ու ավարտին է հասցվում այն։
Պատասխանելով սկզբում դրված ինչու հարցին, ստանում ենք, որ գնում է մոլորակի վերաձևումն ըստ մի բուռ հարց լուծողների քմահաճույքի, որոնք երևի աղոտ պատկերացնում են, թե ինչ են ուզում, բայց չգիտեն էլ, թե վերջնամասում ոնց են դրան հասնելու։
Վերը շարադրվածը փաստացի ոչ միայն ինչու-ի, այլև ինչպես-ի նկարագիրն էր։
Ընդհանրացնելով ասեմ, որ ինչպես-ի գործիքներն են հիմարացնելը, խաբելը, հիպնոսելը, զոմբիացնելը, ներքաղաքական պառակտումն ու սեփական հեռահար շահն ապահովելու փոխարեն կոնկրետով հրապուրելը։
Դե դար է փոխվել, արդեն ինտերնետ կա, Ֆեյսբուք ու Թվիթեր։ Հրթիռով ու պատերազմի սպառնալիքով կարելի է վախեցնել և հակառակորդին դիմադրության դրդել։ Իսկ յուրային թվացողի միջոցով խաբելով կարելի է հաղթել առանց մեծ ծախսի, արյան ու նույնիսկ դիմացինի գլխի ընկնելու։
Ներքին թշնամության հրահրմամբ արաբական երկրներն ավերված են, Եվրոպան գնում է հավատափոխման ու խառնաշփոթության։ Ռուսը, ուկրաինացին, բուլղարը, լեհն ու սերբն արդեն իրարից ավելի հեռու են, քան բուշմենն ու էսկիմոսը։
Ինքնաթիռ նստելիս խուզարկվում ես ոնց հանցագործը, մարդաշատ տեղեր մտնելիս կողքերդ նայում՝ հո ինքնասպան ռումբակիրը չկա։ Եվ այս ամենին հասանք ընդամենը 16 տարում։
Մյուս կողմից էլ, մարդկության թիվն աննախադեպ է աճում։ Հնդկաստանը տնտեսական աճի պատկառելի արդյունքներ է գրանցում։ Չինաստանն անմարդաբնակ քաղաքներ է կառուցում, որ աշխատած փողը մի կերպ պարտակի։ Էնտեղ արդեն 2 միլիոն միլիոնատեր կա, Ռուսաստանում՝ 182 հազար, արևելյան հին ու նոր վագրերում՝ մոտ 5 միլիոն։
Բայց և, այս ամենին ու զարգացմանը զուգընթաց, մեր ժամանակի իրական խնդիրը ոչ թե կորպորատիվ ու գեոքաղաքական էքսպանսիան է, ինքնասպան վրիժառուն, կամ Թրամփն ու Պուտինը, այլ մոլորակի ապագան է՝ դեմոգրաֆիան ու էկոլոգիան, ինտելեկտուալ, որակյալ, արժանապատիվ կյանքի ապահովումը։
Դեռ 19-րդ դարից մանրէաբանությանը հայտնի է բակտերիալ աճի բանաձև- տրամաբանությունը։ Սնունդ պարունակող սահմանափակ տարածքում մանրէները սկսում են էքսպոնենցիալ աճով բազմանալ։ Բայց ինչ որ մի պահի նրանք բոլորը ոչնչանում են։ Ըստ որում ոչնչանում են ոչ թե սննդի բացակայությունից, այլ առաջացած թունավոր միջավայրի պատճառով։ Օրինակ գինեթթվային խմորումը շարունակվում է մինչև ալկոհոլի 13-14 տոկոսի առաջացումը միջավայրում։ Դրանից հետո, չնայած նախորդ փուլի աննախադեպ աճի, մանրէները թունավորվում-սատկում են հենց իրենց իսկ արտադրած ալկոհոլից։ Սատկած մանրէները իջնում են հատակը որպես անպիտան նստվածք՝ զուլալելով գինին։ Եվ ստացված գինին կարող է քաղցր էլ լինել, եթե շաքարը միջավայրում ավելի է եղել, քան ծախսվել է մահացու կոնցենտրացիայի ալկոհոլի սինթեզին։
Բերված օրինակի տրամաբանությամբ խորհելով կգանք համոզման, որ հիմա արդեն նմանօրինակ գոյախնդրի է հասել մարդկությունը, որն իրեն պահում է որպես անուղեղ մանրէ՝ անզոր լինելով կանխել իր իսկ «թունավոր վարքի» հետևանքով սպասվող վախճանը։
Լավ, ենթադրենք, թե Ռուսաստանն էլ կործանվեց ու մի քանի տարում Սիբիրն էլ մեջ- մեջ արվեց՝ հետո՞։ Ո՞րն է լինելու մարդկության գոյակերպի հետագա կոնցեպտը։
Ժողովրդավարություն ասածն արդեն սպառել է իրեն։ Հիշենք, որ ամերիկացիներն ընտրեցին այլընտրանքներ խոստացող Թրամփին։ Բայց օֆիս մտնելուց հետո Թրամփն սկսեց զիջել իր բոլոր խոստումները և հիմա բացառապես անում է աշխարհի հարց որոշողների թելադրածը։
Բացի ինտենսիվ մզկիթաշինությունից, Եվրոպան նաև էքզիթների ու համախմբման իրարամերժ ընթացքների մեջ է ու 50 հազարի հասնող մակաբույծ եվրոչինովնիկության ձեռքը շիվարած։ Մարդախիտ ու մեծ երկրները փորձում են իրենց հեռու պահել միջազգային գերհզորների ուշադրությունից ու խուսափել ներքին քաղաքացիական պառակտման վարակներից։
Բայց արդյոք անտեսումը կամ խուսանավումն է ելքը: Եվրոպան էլ էր անտեսում գաղթականների ներհոսքը. լուծե՞ց ահագնացող խնդիրները:
Լավ, մի կողմ թողնենք կործանվող Ռուսաստանը, մուսուլմանացող Եվրոպան, ավերման վտանգի տակ հայտնված բազմաթիվ ապասուբյեկտային ու խամաճիկ դարձած երկրորդական երկրները։
Բայց չի կարելի մտահոգ չլինել Homo Sapiens կոչված գիտակից մարդ արարածի ապագայով, որն այսօր իր իսկ հաստատած ու այս պահին անհեթեթ դարձած բարեկրթական ու քաղաքակրթական տաբուների պատճառով ստրկացել է փողին և փողին սանձած մի քանի խելագարներին։
Խնդիր չէ, թե մի Գռեգ աչքերի ֆանատիկ փայլով ու խրոխտ խոսքով կկործանի ռուսներին։ Խնդիր չէ, որ թոք շոուները կշարունակվեն ոնց կան ու կտան իրենց արդյունքը։
Խնդիր չէ, որ մենք առհասարակ մարդահաշիվ չենք, որովհետև մեր իսկ ախպերականի գերին ենք ու դեռ որ մեր սարերի ետևում։
Խնդիր չէ, որ Թրամփը կշարունակի կատարածու լինելը ու անել իրեն թելադրածը։
Խնդիր չէ, թե Պուտինը կվերընտրվի և կշարունակի պուտինություն անելը։
Խնդիր չէ, որ Չինաստանն ու Հնդկաստանը զարգանալու են ու դառնալու՝ մի գուցե Եվրոպա, իսկ Եվրոպան էլ՝ Սոմալի։
Բայց խնդիր է մանրէի կարգավիճակի հասցված ներկա մարդը, որը մի կողմից գիշատիչ է, մի այլ կողմից՝ արդեն խոտակեր, մի կողմից մարդ է՝, մի այլից էլ արդեն մանրէ, որին ոչնչացնելու են, ոնց Պետրիի թասի մեջի փորձանմուշին։
Հասել եմ հոդվածի ավարտին, «երբն» է մնացել անպատասխան։
Պատասխանեմ՝ բավական շուտով, երբ մոտակա ընտրություններում ընտրվածը նորից չի հանդգնի ռուսներին ասել ճշմարտությունը իրենց շուրջը կատարվողի, իշխանության ու օլիգարխիայի ծախվածության մասին։ Երբ բազմակարծության իրավունքով հոխորտացող Գռեգին, Կովտունին ու նրանց հրապարակ բերող խեղկատակներին չի հակադրի հենց իր ու իր մարդկանց՝ իրոք գիտակից, իրոք ունակ ու իրոք Homo Sapiens-ների կամային ճշմարտությունը։
Երբ նա չի մտնի ռուսական պառլամենտ և պառլամենտականներին չի պարտադրի ներկայացնել իրենց միլիոնների ու միլիարդների հիմնավորումը և չհիմնավորողներին էլ օրինական արժանին չի մատուցի։ Երբ շարքայիններին ու աշխարհին չի բացատրի ներկա աշխարհի բարդ նիստուկացն և չի կարողանա բոլորին ապացուցել, որ Ռուսաստանը Սովետ միությունը չէ, իր տարածքներից ավելիին հավակնողը չէ, Օրուելյան եռանկյան երկիր չէ։ Որ այն պատմականորեն Սիբիրին տիրացած ու դրա ձեռը կրակն ընկած ողբերգական անցյալով ու ոչ պակաս թշվառ ապագայով դժբախտ տարածք է, որի մարդիկ չեն ուզում փախստական դառնալ արաբների նման, կամ էլ թնդանոթի միս՝ սերբերի օրինակով։
Ծանր ժամանակներ ենք ապրում՝ ամեն ազգ իր խնդիրներով ու ապագայի իր տեսլականով։
Հիշենք, որ մարդկության գիտատեխնիկական ապագան որոշում են փայլուն մտքի մարդիկ, ճակատագիրը՝ տգետները, իսկ առօրյան՝ վաշխառուները։
Վայ նրանց, ովքեր կհայտնվեն տգետների, կամ վաշխառուների տեսադաշտում։