Ռուսաստանյան մի քանի թոք շոուներում Հայաստանն անառակ կնոջ հետ համեմատելու հետ կապված համացանցում հայտնվել են անհատների կողմից գրված բազմաթիվ զայրացական նամակներ Պուտինին՝ մեր պատկերացումներով՝ ռուսական ցարին։ Նամակների հիմնական պաթոսն այն է, թե քո կամակատարները մեզ անառակ անվանեցին, դե հիմա կտեսնես, թե ոնց են հայերն ամբողջ կազմով ռուսատյաց ու արևմտամետ դառնում։
Իհարկե գովելի “նամակային” ըմբոստություն է, բայց չէր խանգարի, որ զուգահեռաբար նաև հասկանայինք, թե ով, կամ ինչը կարող էր այս ամենի պատճառը, հեղինակը, կամ դիրիժորը լինել և ինչ նպատակներ էին հետապնդվում։
Նման բարդության խնդիրը հասկանալու համար նախ պետք է գնահատել ներկա Հայաստանի գեոքաղաքական արժեքը, որովհետև հայկական “անառակությունը” հենց աշխարհքաղաքական իբր վերադիրքավորման հետ է կապված։
1. Ռուսաստանը ծանրագույն տնտեսաքաղաքական վիճակում է հայտնվել միջազգային ֆինանսական օլիգարխիայի նախաձեռնած համապարփակ սանկցիաների պատճառով։ Ժամանակն անցնում է, բայց վիճակը ոչ միայն չի շտկվում, այլև խորանում է՝ ընդգրկելով ռուսական շահերի համարյա բոլոր ասպարեզները, ներառյալ արտաքին քաղաքականությունը, ռուսական օլիգարխիային, վերին պաշտոնյաներին, սպորտն ու սպորտսմեններին ու ներկրման արգելքները։ Փաստացի միացված է Սովետ Միության նմանակով Ռուսաստանի կազմաքանդման ժամացույցը։
Զուգահեռաբար դրված է նաև Պուտինին պաշտոնանկ անելու հարցը։
Դեռ սիրիական ճգնաժամի առաջին փուլերում արդեն բացահայտորեն Պուտինի մեկուսացման հարցն էր օրակարգում։ Պուտինին չօգնեցին Ասադին քիմիական զենքից ազատվելը համոզելը, ամերիկացիների հանդեպ բազմաթիվ ռեվերանսները, ԱՄՆ նախագահական ընտրություններին Թրամփին երկրպագելն ու նույնիսկ այս ծայրագույն պայմաններում, ամեն ամիս ռուսական թոշակառուների բերանից կտրելով, պարտաճանաչորեն մի քանի միլիարդի ամերիկյան փոխառություն գնելը։
Սիրիական պատերազմի բեմում ռուսական ամբողջ ռազմուժի ցուցադրումն ու ռազմական հաջողություններն ինչ որ առումով ծանրացրին ամերիկացիների տակտիկական պայմանները, բայց խնդիրը չի փոխված՝ Պուտինի պաշտոնանկությունն ու Ռուսաստանի կազմաքանդումը ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնային ու առանցքային հարցերն են։ Թե ինչու է դա այդպես, շատ ավելի ծավալուն ու ավելի խորը քննարկման հարց է, բայց հենվենք այս նախապայմանի վրա և շարունակենք կոնկրետ Հայաստանի հետ կապված ռուսական վերաբերմունքի քննարկումը։
2. Արաբական գարուններից հետո, սիրիական պատերազմի արդյունքների, քրդերի սուբյեկտային նախաձեռնությունների ու ռեգիոնալ նոր վերաձևումների հետ կապված դիտարկվում է ապագա Մերձավոր Արևելքի քաղաքական նոր կառուցվածքային տեսքի հարցը։ Այդ տեսադաշտում սկզբունքային դերակատարում է հատկացվում նաև մերձավոր հարևանությանը, որոնց մեջ Հայաստանի դերը մի գուցե կարևորագույնն է։ Քրիստոնեական Հայաստանը դեպի իսլամական աշխարհ ու Իրան ընկած տարածքի սահմանային այն կարևորագույն քաղաքական սուբյեկտն է, որից կախված է ինչպես Թուրանի ձևավորման ապագան, այնպես էլ քրիստոնեական Եվրոպա-իսլամական աշխարհ հարաբերութունների հարցը։ Երկու առանցքներով էլ Ռուսաստանն ունի իր շահագրգռությունները և մինչև այժմ օգտագործել է իր ճամբարում Հայաստանն ունենալու փաստարկները թե թուրքերի, ազերների, ղազախների ու այլ թուրքայեզու երկրների, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերություններում։
Երկու դեպքում էլ Հայաստանը ներկայացվում է որպես ռուսական գրպանում եղած մի ապասուբյեկտային գոյացություն, որի այս կամ այլ ֆորմալ քայլը զուտ ռուսական քմահաճույքի խնդիր է։ Ավելին, թուրանական պրոցեսում ռուսները Հայաստանի հաշվին բացահայտ բազառի են պատրաստ, քանի որ իրենց սեփականության ցանկում է համարյա ողջ Հայաստանն՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։
Մենք “չենք հասկանում” ռուսական զենքի ահռելի մատակարարումները Ադրբեջանին, քանի որ զլանում ենք մտածել ռուսական քաղաքական անելանելիության դիտակետից։ Իսկ փաստն այն է, որ ոչ միայն արևմտյան սանկցիաների պատճառով, այլև ներքին թուրքական տարրի դեմոգրաֆիական աճի պատճառով ռուսները չգիտեն, թե իրենց ահռելի տարածքի վրա ինչպես ձևակերպեն իրենց հետագա քաղաքական ապագան։
Դեռ Գումիլյովից ու Սոլժինիցինից եկող եվրասիականությունը թվում է որպես փրկարար օղակ Ռուսաստանի համար։ Բայց ուկրաինական անդառնալի թշնամության հաստատումից հետո խնդիրը հակադարձվել է, և ռուսները պետք է գտնեն գոյության նոր բանաձև։ Պուտինը ոչ մի կերպ չի համակերպվում այս իրողության հետ ու համառորեն շարունակում է թուրքերի հետ մերձեցումը։ Բայց դա էլ ամեն պահի զիջումներ է պահանջում, և Պուտինը մինչև հիմա փորձում էր դեռ որ միայն Հայաստանը զիջելու հաշվին լուծել այդ հարցը։
3. 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշումը Հայաստանի սուբյեկտայնությանը հասցված ծանրագույն հարվածն էր, երբ մեր իսկ աներևակայելի թուլության պատճառով, մեզ որպես անլեզու իր ռուսները ոչ միայն քարշ տվեցին իրենց ճամբար, այլև նպատակ ունեին մեզանով Յանուկովիչին զսպել-վախեցնել Եվրոպայի հետ մերձենալուց։ Այդ օրվանից Հայաստանը դարձավ մանրադրամ քաղաքական աշխարհի աչքին, և մեր հանդեպ դրսի քաղաքական հույսերը մարեցին։ Իրոք՝ ինչպես վարվես մի երկրի հետ, որը ռուսական կատարյալ խամաճիկ է։
Եվրոպացիք սա ունեցան մտքում, իսկ թուրանական տանդեմի լիդերները տարբեր առիթներով սկսեցին բառացի արտահայտել քամահրանքը մեր հասցեին՝ թե դրանք ով են, արդյոք գոյություն ունեն։ Իրոք, իսկ ի՞նչ էր պետք սպասել հակառակորդի կողմից՝ չարտադրող, դատարկվող, իր ժողովրդին հալածող, ապասուբյեկտային ու խամաճիկ երկրի հանդեպ։
4. Այս օրերին Պուտինն ամբողջությամբ համակված է իրեն ու Ռուսաստանին անկյուն քշված՝ արևմտյան բնորոշմամբ rogue, изгой, հայերեն ասած ելուզակ, երկրի կարգավիճակից դուրս գալու ուղիների փնտրտուքով։ Եվ այդ կոնտեքստում պարզվում է, որ ապասուբյետայնացած Հայաստանը կարող է նորից որպես խաղաքարտ հրապարակ նետվել՝ այս անգամ արդեն որպես կամրջակ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Պուտինի մտահղացմամբ (ասում եմ Պուտինի, որովհետև Ռուսաստանում այլ մտահղացող ու որոշում կայացնող ուղղակի գոյություն չունի) Հայաստանի սպասվելիք երկակի դիրքորոշմամբ հնարավոր է մեղմել Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը և Հայաստանը որպես միջնորդ օգտագործել Եվրոպայի հետ բանակցություններում։
Ես մազաչափ իսկ կասկած չունեմ, որ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը Պուտինի նախաձեռնությունն է, և մերոնք էստեղ զուտ ֆորմալ մասնակցություն ունեն։ Բայց մյուս կողմից էլ, որպեսզի ներքին դաշտում շղարշվի ռուսական քայլի այս “գեշությունը”, հրապարակավ պետք է հակառակը՝ Հայաստանը որպես էժանագին, բայց ինքնուրույն “անառակ” ներկայացվի։ Հայաստանի “անառակությունը” թե ներքին ռուսական օգտագործման է, և թե փաստարկ է թուրքերի դեմ՝ թե տեսեք, էնքան էլ էժան չէ այդ հողակտորը՝ լիքը գնորդներ կան։
5. Զուտ գործնական-քաղաքական առումով մոտեցել է պահը, որպեսզի ռուսները Հայաստանի հետ առերես մի քիչ “թշնամանան”, դրանով իսկ Հայաստանին նոր սուբյեկտայնություն ներարկելով, ինչպես նաև որպեսզի վերացվի բացատրություններ տալու անհրաժեշտությունը՝ թուրքերի ու մյուս թուրանցիների հետ մերձեցումներին ու զենքի մատակարարումներին, ինչպես նաև դաշնակից Հայաստանի շահերը բացահայտ ոտնահարելուն։
Պատկերավոր ասած, Եվրոպա-թուրան քաղաքական դաշտերում Պուտինը փորձում է համատեղել խամաճիկությունն իվան-ահեղության հետ, որը, մեղմ ասած, ծիծաղելի է։
6. Իրականում ռուսական թոք շոուներ վարողների մեծամասնությունը համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի դրածոներ են և նրանք գործում են Պուտին-միջազգային ֆինանսական օլիգարխիա հարաբերությունների դաշտում՝ ռուսներին պարտադրելով անորոշություն և հետագա կործանման անխուսափելիություն։ Այլապես ոչ մի բացատրություն չունի հակառուս նույն մարդկանց, նույն լոզունգներով շնչակտուր և վճարովի ներկայությունը համարյա բոլոր շոուներում ու նույն մոտիվի ամենօրյա կրկնությունը՝ թե դժբախտ ռուսներ, հլա տեսեք թե ինչ խղճուկ եք դուք, սոված ու կործանվող, խելքներդ գլուխներդ հավաքեք ու կործանեք ձեր իշխանությունը, որ կուշտ-եվրոպականով ապրեք։
Այս առումով կազմակերպիչների մեծ մասը հենց արևմտյան թինք-թանքային հուշարարների տեքստերից շատ լավ գիտեն Պուտինի հոգեվիճակը և խաղում են ոնց կարող են՝ մի տեղ անվայելուչ, մի այլ դրվագում գռեհիկ, իսկ մեր հանդեպ էլ բացարձակ քամահրական ու թքած ունենալով։ Այս խմբից իհարկե առանձնանում են Կրաշենիննիկովան, Շեվչենկոն ու Մարկովը, որոնք նաև Ադրբեջանի կողմից վարձատրվող բացահայտ գործակալներ են։
Հայության մի մասը նեղացել է, մեծ մասը թքած ունի՝ մեկուսացած է քաղաքական պրոցեսներից, մի փոքր մասն էլ նույնիսկ զայրացել է կատարվածից։ Բայց փաստն այն է, որ մեր երկրում կատաստրոֆիկ վիճակ է որոշումների կայացման ասպարեզում։ Գերագույն իշխանությունը զբաղված է զուտ գողական-ախպերականի մանր շահերը սպասարկելով և գաղափար չունի արտաքին սուբյեկտայնության ապահովման պարզագույն պահանջներից։ Ուղեղակիր, տարրական գրագիտության ու արժանապատվության տեր դիվանագետ չի մնացել երկրում, որը ռուսի, կամ եվրոպացու, թուրքի կամ վրացու հետ կբանակցի, մի հոդաբաշխ նախադասություն կարտաբերի ու մարդամեջ երևալիս խամաճիկի տեղ չի ընկալվի։
Եվ այդ մասնագետը ոչ միայն արտագաղթել է, այլև լլկեցվել֊-լուսանցք է մղվել և պարտադրվել զուտ գոյության խնդիրներ հոգալու։ Իսկ նոր սերնդի էլ կրթական ու մասնագիտական մակարդակն է անթույլատրելի ցածր։ Նման վայրենի վերաբերմունք սեփական մասնագետներին ու կադրերին ու այդպիսիք կերտելու խնդրին, ես ոչ մի, նույնիսկ աֆրիկյան խամաճիկ երկրների դեպքում, տեսած չկամ։ Որևէ լեզվով նորմալ հարաբերվող ու պատկառելի արտաքինի մի դիվանագետ չկա, որի հետ խոսելիս դիմացինը չի մտածի զրույցը կարճելու մասին։ Միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացնող մի լուրջ, պաշտոնական մարդ չկա, ուր նա կմեկնի ոչ թե քռչ ու փալաս գնելու, այլ ի շահ Հայաստանի գործելու։
Վերը շարադրվածի լույսի ներքո նշեմ, որ ոչ ռուսների ու ոչ էլ Արևմուտքի խամաճիկը դառնալով մենք պետականության այս ճգնաժամից դուրս չենք գա։ Ներկա պահին Հայաստանը կողմնորոշման խնդիր չունի: Ունի օլիգարխիկ իշխանությունից ազատվելու խնդիր, որը ձեռնտու չէ ոչ Պուտինին և ոչ էլ Արևմուտքին, որպեսզի մեզ պարտադրեն իրենց ուզածը։ Նման սուբյեկտայնության ու նման անորակ իշխանության պարագայում, միևնույն է, Հայաստանը մանրադրամ էլ մնալու է արտաքին հարաբերություններում։
Իսկ նամակներ գրել իհարկե պետք է, բայց այլ հասցեով՝ պարզապես հային։ Ու կոչով, որ ահելով ու ջահելով, սրիկաներով ու մակաբույծներով, կաշառակերներով ու գիշատիչներով, գողականով ու ախպերականով, տականքով ու հատուկենտ մտավորականությամբ, ունևորով ու չքավորով սթափվենք և փորձենք պետությունը չկորցնել։
Հիշենք ի վերջո, որ 40 միլիոնանոց քրդերը մեկ դար շարունակ արյուն են թափում, բանտերը լցվում, բայց դեռ զուրկ են պետականությունից, իսկ մեզ շնորհած պետականության ձեռը մենք ազգովի կրակն ենք ընկած։
Ոչ մի առումով մեր ու մեր պետականության հետ կատարվողը ընդունելի չէ։