37 միլիոնանոց Իրաքի հյուսիսում 6 միլիոն քրդական (ընդհանուր 8,5 միլիոն) բնակչությամբ Իրաքյան Քրդստանում, անկախության հանրաքվեին կողմ է քվեարկել մասնակիցների 93 տոկոսը։
Դեռ տասը տարի առաջ, երբ իրաքյան պատերազմն իր թեժ փուլում էր, այն ժամանակ սենատոր Ջո Բայդենն առաջարկել էր Իրաքի մասնատումը երեք մասի, ըստ կրոնական-էթնիկ հատկանիշի՝ հարավում սուննի մահմեդականների, արևմուտքում շիաների և հյուսիսում քրդական տարածքների։ Հստակեցված չէր, թե արդյոք դրանք կլինեն անկախ պետություններ, թե կոնֆեդերացիայի անդամներ։
Առժամանակ ընտրվել էր կոմպրոմիսային տարբերակը՝ նշված երեք ուժերի ներկայացուցիչներին տրամադրելով ոլորտներ ու որոշակի պաշտոններ։ Օրինակ, որոշվել էր, որ Իրաքի նախագահն ազգությամբ քուրդ պետք է լինի։
Մինչ հանրաքվեն իրաքյան քրդերն արդեն ունեին ֆորմալ ձևակերպված ինքնավարություն, և ակնհայտ է, որ հաջորդ քայլը լինելու էր դեպի լիիրավ անկախություն, որը և արվեց։
Ինչ ուժեր և գործոններ են կանգնած քրդերի այս քայլի հետևում։
1. Ամենագլխավորը հենց քրդերն են։ Լինելով տարածաշրջանում հնագույն ավտոխտոն ժողովուրդներից մեկը, ըստ տարբեր գնահատականների, 30-40 միլիոնանոց քրդերը չունեն պետականություն և մշտապես պայքարել են իրենց անկախության համար։
2. Ձգձգվող իրաքյան պատերազմի ընթացքում մի քանի անգամ փոխվել էր ամերիկյան ռազմավարությունը ռեգիոնում։ Սկզբնական, իբր Սադամի մասսայական ոչնչացման զենքի դեմն առնելուն ուղղված ռազմավարությունն անցավ իբր ժողովրդավարացման նպատակին, այնուհետև ներքին անզիջում կրոնական-քաղաքացիական պատերազմի փուլին, ապա ահաբեկչության դեմ պայքարին, հետո սահուն կերպով շեշտերն անցան Սիրական ռեժիմի տապալմանը:
Իսկ Ասադին դաշնակից ռուսական միջամտությունից հետո հարցը հանգեց արդեն Իրաքի՝ որպես հարստության մասնատման ու տիրապետման խնդրին։
3. Զարմանալիորեն, ամերիկյան նավթային հզորագույն ընկերությունների “քթի տակ”՝ քրդական տարածքներում, նավթի և գազի ոլորտում ռուսները հասցրել էին մոտ 4 միլիարդի ներդրումների պայմանագրեր կնքել։ Այսինքն՝ փաստացի մինչև այս հանրաքվեն, քրդերը արդեն ունեին ամերիկացիների աշխարհքաղաքական աջակցությունը, որին գումարվել էր ռուսների տնտեսական շահագրգռությունը, կամ գոնե չեզոքությունը` իրենց անկախության հարցում։
Բայց և, տարածված լինելով 4 երկրների՝ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Իրանի տարածքներում, քրդերն ունեն այդ երկրների կատաղի դիմադրությունն իրենց թեկուզ լոկալ՝ միայն Իրաքի տարածքին վերաբերվող անկախությանը։
Եվ դիմադրությունն այն աստիճան է, որ Էրդողանը հայտարարել է անհապաղ իրաքյան Քրդստան զորքեր մտցնելու պատրաստակամության մասին։
“Թռամփի ընկեր” Էրդողանն իհարկե բլեֆ է անում, բայց ֆանտաստիկ լավ մշակված և հեռահար բլեֆ է, որի հաշվին փորձելու է շանտաժել թուլակամներին։
4. Փախստականների խնդրի հետ կապված վերջին տարիներին խիստ սրվել է ռեգիոնի նկատմամբ ուշադրությունը նաև եվրոպացիների կողմից։ Եվրոպացիք պատրաստ են աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կկանգնեցնի փախստականների հոսքը, առավել ևս կարող է խթանել նրանց վերադարձը հայրենիքներ։ Հետևաբար, կախված գործերի ընթացքից, եվրոպացիք ևս կարող են շահագրգիռ լինել ռեգիոնում ինչ որ առումներով մեկուսարար, կայունացնող կենտրոնական դիրքի ուժի առաջացմանը, ինչպիսին կարող է լինել Քրդստանը։
5. Սիրիական պատերազմի մոտալուտ ավարտի հետ կապված գերուժերի մոտ խնդիր է առաջացել ոչ միայն լոկալ տիրապետման, այլև կոնֆլիկտի հետագա ձևերի վերաբերյալ։ Պատերազմը հենց այնպես ավարտել չի կարելի, որովհետև ներկա գլոբալ աշխարհը չի կարող գոյատևել առանց պատերազմի։
Բազմաթիվ սուր կետեր կան՝ Ուկրաինա-Ռուսաստան, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մերձբալթյան հատված, Հյուսիսային Կորեա-ԱՄՆ, Չինաստան-ԱՄՆ։ Բայց վտանգավորն այն է, որ դրանցում առաջին իսկ քայլերից հետո կոնֆլիկտը հանգելու է ԱՄՆ-Ռուսաստան կամ ԱՄՆ-Չինաստան ճակատային բախմանը, որն անթույլատրելի է։ Դրա համար սրված կետերին զուգահեռ պետք է ունենալ մշտապես ծխացող ռեգիոնալ երկրորդական կետեր, ուր ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունը կարող է ընթանալ միջնորդավորված, երկրորդական խաղացողների միջոցով։ Նման տակտիկան կապահովի և մշտական պատերազմի պահանջը, և կստիպի Ռուսաստանին ինքնափլուզվել՝ չդիմանալով ռազմական ծախսերին, իսկ Չինաստանի հետ լարվածությունն էլ կնվազի։
6. Քրդական լոկալ անկախությունն իր մեջ հետագա ծխացող պատերազմի ահռելի ներուժ ունի, քանի որ իրաքյան քրդերի անկախությանը փորձելու են միանալ մոտ 30 միլիոն կազմող տարածաշրջանային մյուս քրդերը։ Իսկ դա տետանուսի մեջ է պահելու Թուրքիային, Իրանին ու Սիրիային։
Իրար հետ հակամարտության մեջ լինելով մնացած համարյա բոլոր հարցերում և տարբեր ռազմաքաղաքական կողմնորոշվածության լինելով հանդերձ, այս երկրները փորձելու են միասնական մոտեցումներ մշակել քրդերի հարցում, որն իրականում անհնարինի ոլորտից է թվում։
Դժվար պատկերացնելի է ՆԱՏՕ-ի անդամ, իսլամիստներին սատարած, Սիրիա ներխուժած, Իրանի հետ խորը հակասությունների մեջ եղած ու ռուսներին էլ մատի շուրջը մշտապես “ֆռացնող” Թուրքիայի և մյուս երկուսի ռազմական համագործակցությունն այս հարցում։
7. Քրդական հարցը նաև ռուսներին է դժվար մարսելի թվում։ Երբ ներդրումների էին գնում Իրաքյան Քրդստանում, երևի չէին հաշվարկել, որ հայտնվելու են շատ մեծ ռազմաքաղաքական ինտրիգի շրջանակներում, և ներկա պահին անակնկալի են եկած այն աստիճան, որ Պուտինը հանդիպում է հայցել Էրդողանից և մեկնել է Անկարա՝ նրա հետ այս հարցով բանակցությունների։
Թե ինչ կխոսեն ու ինչի կհանգեն, դա այլ հարց է, բայց արդեն իսկ նկատելի է, որ մեկ նախադասությամբ՝ պատերազմի կոչով հանդեպ Իրաքյան Քրդստանը, Էրդողանը ծանրագույն վիճակի մեջ է դրել Պուտինին։ Իրականում պետք է արժանին մատուցել դիվանագետ Էրդողանին, մարդն անթերի է տիրապետում դիվանագիտական ինտրիգի բարձրագույն արվեստին։
Ռուսական ռազմական ինքնաթիռը խոցեց ու ոչ մի հետևանք։ Նախկինում Նոբելյան մրցանակակիր, հրեա ամենահեղինակավոր գերծչին՝ Սիմոն Պերեսին էր շշպռել Դավոսում և չոր դուրս եկավ այդ քայլից էլ։ Ազատության նավատորմիղ ուղարկեց Իսրայելի դեմ և մի քանի հոգի զոհելով հասավ գլոբալ խաղացողի կարգավիճակի։ Փախստականների հարցում Եվրոպայի դեմ իր պահանջները դրեց ու հիմնականում հասավ իր նպատակներին։ Հիմա էլ ՆԱՏՕ-ի անդամ լինելով հանդերձ, Պուտինից S-400 նորագույն ռազմական համալիրներն է գնում, ռուսական ներդրումների հաշվին ձրի ատոմակայան է կառուցել տալիս իր երկրում, նավթամուղերի անվերջ բազարներ է անում ռուսներին պատեպատ տալով։
Ես չեմ հիշում մի դեպք, որ նա դիվանագիտականում բացասական արդյունքի հասած լինի։ Թե այս անգամ ինչ կզիջի Պուտինը, դժվար է ասել, բայց հուսով լինենք, որ Հայաստանը չի զիջվելու, այս անգամ էլ քրդերի հետ կապված թուրք-ռուսական այս գեշ խաղերում։
8. Եթե Էրդողան-Պուտին հանդիպումը մեր մարմնի վրայով չանցնի, ապա Քրդստանի ստեղծումը մեզ համար հիմնականում դրական է լինելու։
Նախկինում միայն Հայաստանն էր, որ ֆիզիկապես գտնվում էր Թուրանի կայացման ճանապարհին։ Քրդստանի, թեկուզ և դեռ իրաքյան Քրդստանի առաջացմամբ, իսկ ապագայում նաև մեծ Քրդստանի հեռանկարով, արդեն երկրորդ ֆիզիկական արգելքն է մեջտեղ գալիս Թուրանի դեմ, և քրդերը պետք է որ բնական դաշինքի մեջ լինեն մեզ հետ այս հարցում։ Նաև մեծանալու է Թուրքիա-Ադրբեջան (գոնե Նախիջևանի հատվածում) ֆիզիկական հեռավորությունը, որը անվտանգության սկզբունքային գործոն է մեզ համար։
Սակայն, մյուս կողմից էլ, Քրդստանի ստեղծումով առավել ապահովություն ստանալով հանդեպ Թուրանի կանխարգելումը, ռուսները կարող են փոխել իրենց վերաբերմունքը մեր հանդեպ՝ Հայաստանի “մաս-մաս” վաճառքը Թուրքիայից վերահասցեյելով դեպի “մաս-մաս” վաճառքը Ադրբեջանին։
Ի մի բերելով վերը նշվածը, պետք է նշել, որ.
– Իրաքյան Քրդստանի առաջացմամբ փոխվում է ամերիկյան ռազմավարությունը ռեգիոնալ կոնֆլիկտի էության մասով։ Նախկին կրոնական-ահաբեկչական կոնտեքստին գալիս է փոխարինելու ազգային-ազատագրական, քրդական անկախության, երկար տարիների համար նախատեսված, ծխացող կոնտեքստը, որի հորձանուտի մեջ են ներքաշվելու բոլորը, սկսած Թուրքիայից, վերջացրած Իրանով ու Սաուդյան Արաբիայով։
– Հարվածի տակ են հայտնվում թե ՆԱՏՕ-ի հետ “կապը կտրած” Թուրքիան, թե ինքնուրույնության ձգտող Իրանը, և թե տնտեսապես ու քաղաքական առումով ծանրագույն վիճակում հայտնված Ռուսաստանը, որն իր ներդրումներն ու ռեգիոնալ գերուժի կարգավիճակը չկորցնելու նպատակով ռեգիոնում մսխելու է իր վերջին ռեսուրսները։
Կոնֆլիկտից շահելու են ԱՄՆ և Եվրոպան, ինչպես նաև Չինաստանը, որին ձեռնտու է իր տարածքից հեռու Թուրանի կանխումը, ինչպես նաև օգտվելով առիթից, թուլացնելու է իր կոնֆլիկտը ԱՄՆ հետ՝ Չինական ծովում։
Թուրքիան փորձելու է մանևերել և չկորցնել։ Բայց օբյեկտիվորեն, մեծ Քրդստանի հիմնական հատվածը գտնվում է Թուրքիայի տարածքում, և հավանական է, որ ի վերջո հենց Թուրքիայի հաշվին էլ այն կայանա։ Ըստ որում, քրդական հատվածներ ունեցող Իրանն ու Սիրիան էլ կարող են համատեղել իրենց ջանքերը՝ Թուրքիայի հաշվին մեծ Քրդստան ստեղծելու հարցում։
Հայաստանը կարող է շահող դուրս գալ այս պրոցեսից, եթե կարողանա մանևրել և իր շահերն առաջ տանել, բանակցելով բոլոր կողմերի հետ և ճիշտ կողմնորոշվելով իր պահանջների ու անելիքների հարցում։ Որպես անմիջական կատարողների, Գենոցիդի մեջ մեծ դեր են ունեցել նաև քրդերը, և ապագայում ստեղծվելիք մեծ քրդական պետության տարածքների մեջ չպետք է լինեն հայկական՝ գոնե հայաստանամերձ հողերը։
Իհարկե, մեր մասով դրական սպասելիքներն իմ մոտ զրոյամերձ են։ Բայց մեծ խաղ է՝ մեկ էլ տեսար…