Ամերիկյան ինտերնետ առևտրի Ամազոն գիգանտ ֆիրման արդեն իսկ տիրապետում է ամերիկյան ցանցային առևտրի 40 տոկոսին և ձգտում է իր տիրապետության տակ մտցնել ողջ խանութային առևտուրը ևս։
Հանրահայտ Էփլի (Apple) կապիտալիզացիան արդեն 800 միլիարդ դոլար է, իսկ իր տրամադրության տակ եղած առձեռն 250 միլիարդ դոլարն ավելին է, քան Կանադան և Անգլիան ունեն միասին վերցրած։
Միգուցե քիչ տպավորիչ են այլ գիգանտ կորպորացիաների բնութագրական թվերը, բայց միասին վերցրած, որպես ուրույն խաղացողներ, դրանք պետք է դիտարկվեն որպես պետություններին զուգահեռ գործող սուբյեկտներ։
Իսկ եթե համակերպվենք այն մտքին, որ դրանք նաև գլոբալ քաղաքականությունն են ուղղորդում, ապա պետք է փաստել, որ պետությոսւններն արդեն իսկ անհամեմատ փոքր են իրենց պոտենցիալներով, քան մասնավոր կորպորացիաները։
Գիգանտ կորպորացիաներն արդեն իսկ ունեն ներ և միջպետական պայմանավորվածությունների ահռելի փաթեթներ, որով իրենք վեր են ազգային սահմանադրությունների պահանջներից և ենթակայությունից։
Կորպորացիաների տերերի օրական եկամուտը տասնյակ միլիոնների կարգի է արդեն։ Միմյանց հանդեպ մրցակցության մեջ լինելով հանդերձ, այդ մարդիկ համագործակցում են քաղաքականում և իրար հետ միասնական ծրագրերով ազդում օրենսդրական և գլոբալ գեոքաղաքական հարցերում, որպեսզի ապահովեն իրենց դիրքերը։
Նորարարության միջոցով դիրքի հասած նոր մարդիկ և ֆինանսական օլիգարխիայի հին դեմքերն իրար հետ ձեռք-ձեռքի փաստացի որոշում են աշխարհի ու մարդկության ապագան, հաշվի չառնելով մոլորակի սահմանափակ հնարավորությունները։
Փաստացի, ի դեմս գլոբալացման և տեխնոլոգիական, ցանցային նոր իրականության, մարդկությունն արդեն իսկ ապրում է մի նոր, քաղաքականապես ու տեսականորեն դեռևս չձևակերպված, չգիտակցված ու չիմաստավորված հասարակական ֆորմացիայի պայմաններում։
Ստրկատիրական հասարակարգը մարդկությունը կոչել է այն գործող հիմնական սուբյեկտի անունով՝ կոնկրետ ստրկատերով․ Ֆեոդալականի անվանումը մի քիչ անորոշ էր ՝շեշտադրումը հարաբերություններն էին՝ ֆեոդալական էին։ Նրանում սուբյեկտ էին թե ճորտը, թե ճորտատերը։
Կապիտալիզմը ձևակերպվեց որպես ոչ թե մարդու, այլ կապիտալի իշխանության ֆորմացիա։ Այդ ֆորմացիայի շարժիչ ուժը մարդուց վեր բարձրացած նոր սուբյեկտն էր՝ կապիտալ դարձած, այսինքն կոնսոլիդացված փողը։
Հաջորդը էպիզոդիկ սոցիալիզմն էր, ուր հռչակված արժեք էր ոչ մարդը, ոչ էլ փողը, այլ սոցիալականությունը: Սոցիալականությունը չդիմացավ մրցակցությանը և արագորեն պարտվեց կապիտալի գայթակղիչ իշխանությանը։ Եվ ներկայում աշխարհով մեկ ունենք փողի գերիշխանություն։
Բայց ի տարբերություն նախորդ՝ կապիտալիզմ-իմպերիալիզմի, ներկա գլոբալ, սպառողականությամբ ապրող-տառապող աշխարհը բացարձակ նոր որակի է հասած՝ գլոբալ փողը մեկուսացել է աշխատանքի համարժեք լինելու սկզբունքային պահանջից և զիջել է սուբյեկտությունն իրեն տիրացած մի խումբ մարդկանց։
Բարդ ուղղահայաց հարաբերություններ են հաստատվել փողի հայթայթման ու տիրապետման ասպարեզներում։ Օրն ի բուն չարքաշ աշխատողների դեպքում փողը դեռ աշխատանքի համարժեք է, և հենց դրա հաշվին է, որ օրինականացվում, «լվացվում է» բանկային, ֆինանսական ողջ ֆիատ-թղթային կապիտալը և մեծահարուստների փողը։
Դրան զուգահեռ, հանրայնորեն, արժեքայինի մակարդակում, «օրինականացված» է «փող սարքելու» գաղափարախոսությունը։ Շուկայական պայմաններում ազատ ես փող սարքելու, ինչքան կարող ես: Եվ հենց այդ արժեքայինով է, որ մեծ կորպորացիայի կառավարիչը որպես աշխատավարձ ստանում է շարքային աշխատակցի 400-պատիկը, չհաշված շատ ավելի մեծ պարգևատրումների փաթեթները։
Փողի էմիսիային տիրապետող ամերիկյան Ֆեդերալ Ռեզերվը տիրապետում է ոչ միայն դոլարի, այլև միջնորդավորված՝ ողջ համաշխարհային փողի գլոբալ շրջանառության կարգավորման լծակներին։ Ռազմական լծակներով դոլարին են համակցված այլ “սուվերեն” փողեր ևս, ու փաստացի դրանով ենթակա են դոլարին։
Բայց մյուս կողմից էլ, եթե հիշենք, որ մի բուռ մեծահարուստներ ունեն մարդկության կեսի հարստության համարժեքը, ապա իրավացի է դառնում պնդումը, որ ըստ էության աշխարհն արդեն իսկ ենթարկվում է սահմանափակ թվով մարդկանց կամքին և կառավարվում է նրանց կողմից։
Այսինքն, որպես տերերի մենք գործ ունենք գլոբալ ֆինանսա-ռազմական, ցանցային օլիգարխիայի հետ։ Եվ որպես նրանց օբյեկտ-ստորադրյալների էլ, մյուս կողմում ողջ մարդկությունն է։
Մեծ մտածողները մի գուցե հարմար անուն կգտնեն այս ֆորմացիային ևս։ Ես պայմանականորեն այն կկոչեմ “Ինտերնետային ֆինանսա-ռազմական գլոբալ ստրկություն”։
Պատմականորեն, մենք սովոր ենք եղել ստրկատիրությունը պատկերացնել որպես շղթայակապ, իրավունքներից զուրկ ստրուկների և ամենակարող ստրկատերերի հարաբերությունների դաշտ։ Ստրուկի և ստրկատիրոջ ավանդական պատկերացումը մտքում ունենալով դժվար է ընդունել, որ իր լիարժեք ապրուստը, առանձնատունը, սնունդը, մեքենան ունեցող և արժանապատիվ ապրող մարդը որևէ կապ ունի ավանդական “ստրուկ” ասածի հետ։ Իսկ հասարակ արտաքինով ու հագուստով անթիկնապահ, օր ու գիշեր աշխատող միլիարդատերն էլ՝ ստրկատիրոջ հետ։
Առաջին հայացքից անիրական, տարօրինակ, անբացատրելի վիճակ է։ Բայց մյուս կողմից էլ, ընթացող պրոցեսների հետագծերի դինամիկայի դիտարկման դեպքում վեր է հառնում բոլորովին այլ ու շատ ավելի խիստ ու ադեկվատ իրականություն՝ էկոլոգիական անհավասարակշռության ու մոլորակի ու մարդկության ապագայի խնդիրը։
Հարուստները շատ ավելի արագ են հարստանում, իսկ աղքատներն էլ ավելի արագ աղքատանում, կամ դառնում փախստական։ Մեգահարուստները մասնակցում են որոշումների կայացմանը, իսկ մնացած մարդկությունը՝ ոչ։ Առաջինները տնօրինում են ոչ միայն մնացածի, այլ մոլորակի ճակատագիրը ևս՝ առանց դրա հետևանքների մասով որևէ պատասխանատվության։
Մոլորակի ռեսուրսները շատ ավելի արագ են սպառվում, քան վերականգնվում, կենդանական ու բուսական տեսակները ավելի արագ են մտնում կարմիր գիրք, օվկիանոսներն ավելի արագ են աղտոտվում չքայքայվող աղբով, մթնոլորտը՝ արտանետումներով։ Մասս-մեդիան կեղծում-խաբում է շատ ավելի, քան առաջ էր, ու միջպետական հարաբերություններն էլ գնալով ավելի ու ավելի են լկտիանում, ողողվում արյամբ ու դառնում տիրակալի, կամ մի բուռ ռազմատենչերի խաղի առարկա։
Ինչպես նշվեց, հայտնի է, թե ովքեր ինչքան փող ու կարողություն ունեն։
Բայց պաշտոնական տվյալ չկա, թե որքանով են այդ մարդիկ տիրապետում-տնօրինում աշխարհի քաղաքական կյանքը։
Ամերիկյան կոնգրեսին կից գործում են մոտ 35000 լոբբիստներ։ Այսինքն մեկ կոնգրեսականին կից ակտիվ է մոտ 65 լոբբիստ (Համեմատության համար շեշտեմ, որ մեկ կոնգրեսականի օգնականների պաշտոնական թիվը միջինում 17 է։ Իսկ ողջ կոնգրեսի աշխատակիցների կազմը՝ 12000)։
Ամբողջ կոնգրեսի ծախսերը կազմում են մոտ 800 միլիոն դոլար։ Վերջին տարիներին կոնգրեսականի վերընտրության ծախսերը հասել են միջինում 1,6 միլիոնի, սենատորինը՝ 10 միլիոնի։ Ամերիկյան նախագահի ընտրություններն “արժեն” մոտ 3-4 միլիարդ դոլար։
2010 թվականին ամերիկյան գերագույն դատարանը որոշեց կորպորացիաներին շնորհել քաղաքական “սուբյեկտայնություն”, նրանց իրավունք վերապահելով անսահմանափակ նվիրատվություններ անել քաղաքական պրոցեսներին։
Այ այս ֆոնին համեմատենք կոնգրեսի ողջ “գինը”, նախագահի վերընտրության ծախսերը և նույնիսկ մեկ Էփլի ձեռքին եղած առձեռն փողն ու հարակից պոտենցիալը, և կտեսնենք, որ “մի քիչ” մանկամիտ կլինի գլոբալ քաղաքականությունը “բաժանել” գլոբալ փողատերերից։
Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, թե ընթացող պատերազմների մասով, թե դրանցով գեներացված մոտ 60 միլիոն փախստականների մասով, թե Եվրոպայում օր-օրի բարձրացող տասնյակ հազարավոր մզկիթների մասով, թե մոլորակի գլոբալ ջերմացման ու մասս-մեդիայի աննախադեպ մոնոպոլացման ու նրանում կեղծիքի գերակայության մասով։ Ու դրա ֆոնին դժվար հասկանալի է դառնում մի քանի տարի առաջ դեռ շարքային մարդ եղած Ամազոնի տիրոջ՝ Ջեֆ Բեզոսի ներկա տենչը՝ դառնալու Ամերիկայի ու մի գուցե աշխարհի միայնակ վաճառողը։ Ըստ ներկա միջազգային, պետական ու սահմանադրական դրվածքների ու ներհանրային արժեքայինի, դա նորմալ է՝ մարդը կարող է, ազատ է անելու, փորձում է անել։
Բայց դրան դեմ է մի շատ ավելի սկզբունքային ու կարևոր հարց՝ իսկ մնացած մարդկությո՞ւնն ինչ անի, որտեղ աշխատի ու որպես ինչ աշխատի։ Արտադրությունը ահագնաց տեմպերով ավտոմատացվում է, վաճառքն ավտոմատացվում է, իսկ մարդ արարածը դեռ որ կենսաբանական է, նա չի կարող նման արագությամբ փոխվել, ինքնակատարելագործվել, հարմարվել “Բեզոսին”։
Այսինքն, այս նոր, դեռևս չիդենտիֆիկացված ֆորմացիան կա, ամբողջ թափով գործում է, ծավալվում, ունի իր շահերն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր լծակները՝ ի դեմս լոբբիստների, պետական ղեկավարների, պառլամենտների, բանկերի, ռազմական մեքենաների ու դեստրուկտիվ այլ միջոցների։ Բայց այն չունի ամենակարևորը՝ ձևակերպված նպատակը՝ թե հետո ինչ։
Վերը շարադրվածը թույլ է տալիս ենթադրել, որ արդեն իսկ սուվերեն կառավարություններն ու սուվերեն քաղաքական գործիչները գործնականում ֆիկցիա են։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ ինչ որ շեղումներ հնարավոր են, ինչպիսին Քենեդին էր, ով կյանքով հատուցեց ինքնագլխության համար։ Բայց միջինում, հիմնական ընթացքով, գլոբալ քաղաքականը ենթակա է վերը նշված սահմանափակ թվով մարդկանց քմահաճույքային կամքին։ Հատուկ եմ շեշտում “քմահաճույքայինը”, որովհետև համոզված չեմ, թե իրենք գիտեն, թե ուր են գնում գլոբալացման այս տեմպերով։
Վերջերս առաջավոր երկրներում նույնիսկ առաջ է քաշվել առանց որևէ հատուցման ու աշխատանքի, մարդկանց կենսապահովման համար բազիսային կենսաթոշակ տալու հարցը։ Ենթադրենք, թե դրան էլ գնացին, բայց որն է լինելու դրա արդյունքը՝ մարդու կենսաբանական դեգրադացիա՞ն։
Ամեն դեպքում հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, երբ մի կողմից Բեզոսն է, Ցուկերբերգը, Գեյթսը, Ռոտշիլդը, կոնգրեսականների ականջներին նստած իրենց 65 լոբբիստները, իսկ մյուս կողմից էլ իր կյանքի համար պայքարող Ասադն է, տուն ու տեղ կորցրած, ռմբակոծվող սիրիացին։ Առավել ևս, երրորդ կողմում էլ դեռևս նախնադարով ապրող հայ իշխանավորն ու օլիգարխն են ու քացու տակ մարդ հաշմող ոստիկանը։
Իրոք, ներկա աշխարհում անհամատեղելի պրոցեսների ու երևույթների մաշտաբները վախեցնող են։ Նորմալ ուղեղը չի կարող համատեղել Բոինգ 787-ում արտակարգ սպասարկմամբ թռչելն ու ISIS-ի դիմակավորի կողմից անմեղ մարդու մորթվելը։
Ավելին, չի կարող հասկանալ, թե որտեղից այդ մոլագարին հազարավոր Տոյոտա թրակները, Տոյոտային ու անապատին հարմարեցված գնդացիրը, անսպառ ռազմամթերքը, հրթիռներն ու գերտերությունների դեմ տարիներ շարունակ կռվելու ֆինանսա-ռազմական ու մարդկային ռեսուրսները։
Մի բան է լկտի ստով ապրելը, այն ի վերջո հաղթահարվելու է՝ սուտի վերջը ինչպես գիտենք 40 օր է։ Բայց լրիվ այլ է աննպատակ, կամ խելագար նպատակի ներքո որպես իր կամ ոչնչություն ապրելը։
Շատերը մտածում են՝ “դե ապրում ենք էլի”։ Հայությունը մտածում է՝ “դե յոլա ենք գնում, էլի”։ Ցավոք, եթե այս չկարգավորված ու նպատակազուրկ ինտերնետային-ֆինանսա-ռազմական գլոբալացումը նույն արագացմամբ շարունակվեց, ապա վաղն այսօրվա յոլա գնալուն երանի տվողներ են լինելու։