“Հաղթական” զինադադարից հետո, առաջին հայացքից զարմանալիորեն, իսկ իր խորքային տրամաբանությամբ շատ էլ տրամաբանված, ղարաբաղյան պատերազմը մեզ համար դարձավ պաշտպանական, և հարձակվող կողմ դարձավ հակառակորդը։
Անցնելով պարբերաբար տեղային սրումների մարտավարությանը թե Ղարաբաղում և թե Հայաստանի սահմաններին, Ադրբեջանը ժամանակն օգտագործեց ներհանրային վերադասավորման, ղարաբաղյան հարցին իր համար ձեռնտու նոր տրամաբանություն ներարկելու և իր ժողովրդին կոնսոլիդացնելու համար։
Նրանք կտրուկ ակտիվացան նաև դիվանագիտական դաշտում՝ մերժելով խաղաղության բոլոր առաջարկները, ներառյալ կազանյան՝ Հայաստանի համար փաստացի կապիտուլjացիոն պայմանները։ Քայլ առ քայլ ավելացնելով ճնշումը և աննախադեպ զինվելով, նրանք գերակա դիրքեր գրավեցին թե ռազմականում և թե դիվանագիտականում և ներկայում հավակնում են ողջ Հայաստանին։
Ի հակադրություն Ադրբեջանի, հայկական իշխանություններn անցան սահմանները պահածոների տուփերով զինված երեխա զինվորների արյամբ պաշտպանելու մարտավարությանը՝ հույսերն իբր միջնորդների ու ռուսական կայսերապետականի հետ կապելով։
Ինչո՞ւ հենց այսպես ընթացավ հետանկախական հայոց պատմությունը և ոչ այլ ձևով։ Սա սկզբունքային հարց է և սկզբունքային պատասխան է պահանջում։ Առանց այս հարցին ազնվորեն պատասխանելու, հայկական քաղաքական ու հանրային միտքը չի կարողանալու կողմնորոշվել հետագա իր քայլերում։
Համաձայն Օրուելյան տրամաբանության, պաշտպանական երկարատև, “անվերջ” պատերազմը իշխանական մշտական դեմագոգիայի և մանիպուլացիայի աղբյուր է։ Եվ եթե ինչ որ ձևով պաշտպանվում են ռազմական դիրքերը, իսկ մարդիկ էլ, զգուշանալով մեծ պատերազմի վերսկսման վտանգից, սկսում են հանդուրժել ներքին անարդար դաժանությունը, ապա շուտով իշխանությունն ամբողջովին անցնում է տականքին՝ որն իշխում է՝ մսխելով ազգային ու պետական ռեսուրսները՝ պահելով ռեժիմը ոստիկանապետական միջոցներով։
Կոնկրետ մեր դեպքում, ղարաբաղյան պատերազմի հաղթական փուլը ռազմի դաշտում թողեց ազգի սերուցքին։ Իսկ 23 տարի շարունակ ծխացող պաշտպանական փուլն էլ դարձավ հայոց իշխանականի Օրուելյան տիպի սնուցման ակունքը։
Առանց այս հյուծող, ապագայի հանդեպ մթություն սփռող ու իշխանական բեսպրեդելի միջավայր հանդիսացող այս պատերազմի, հայկական իշխանությունն իր իմաստն իսկույն կկորցնի թե ներսում և թե դրսում։
Նախկինում բացահայտ քրեական, կամ խուլիգան եղած ու ներկայում էլ թալանով, կեղծիքով ու աճպարարությամբ դիրքի հասած իշխանավորն անընդունակ է ժամանակակից բարդ պետական֊տնտեսական կառավարման։
Իր մտահորիզոնն ու լկտիությունը հերիքում է միայն իր աչքին երևացող ու ձեռքին հասնող առկա մոտակա բարիքները յուրացնելուն ու մսխելուն։ Իր մտքով իսկ չի անցնում, որ պետություն ասածը գոյություն ունի մարդկանց մանրակրկիտ մասնագիտացման, ամեն մեկի արարման ու համագործակցության, բարդ ու մրցունակ տնտեսություն կառուցելու շնորհիվ։
Պատերազմի “ալիքին” հեծած իշխանությունը պետությունն ու ժողովրդին փակուղի է մտցրել ամեն հնարավոր հարցում և գոյատևման հիմք է դարձել լավատեսական՝ “էսպես չի կարող շարունակվել”, “վաղը մի լուս կբացվի”՝ հանրային ու մարդկային փրկիչ հույսը՝ ի դեմս նոր վարչապետի։
Ճգնաժամ ճգնաժամի հետից գալիս են, դրությունն արդեն վաղուց դեն է կրիտիկակականից, և ամեն նոր ճգնաժամի հաղթահարման համար եկած նոր վարչապետին խոստացվում է գործունեության ազատություն։ Բայց մի քանի ամիս անց պարզվում է, որ որևէ նոր անելիք անհնար է։ Նոր վարչապետն արագորեն դառնում է հին հանգամանքների խամաճիկը, սերտաճում է իշխանական կոհորտային, մնում պաշտոնին մի որոշ ժամանակ ու անցնում հների շարքը՝ չանելով որևէ դրական, բայց ավելի խորացնելով ճգնաժամը։
Ի մի բերելով վերը շարադրվածը, կարելի է պնդել, որ հայկական պետական ֊քաղաքական իրականությունն ունի ընգծված առանցք, որի շուրջ և որի շնորհիվ ձևավորվում և ընթանում են բոլոր ներքին ու արտաքին պրոցեսները։ Այդ առանցքը ղարաբաղյան պատերազմի ներկա կոնֆիգուրացիան է, որը միարժեքորեն թելադրում և տիրապետում է Ադրբեջանը։ Այն ձեռնտու է ադրբեջանական պետությանն ու ժողովրդին, բայց և կործանարար լինելով հայոց պետականության ու ժողովրդի համար, ձեռնտու է հայոց իշխանականին։
Ասվածից չի բխում, որ պետք է ամեն գնով գնալ զիջումների ու վերջացնել պատերազմը, ինչպես փորձում են իբր անել հայկական իշխանությունները։ Բայց ասվածից բխում է, որ պետք է քողազրկվի պատերազմը՝ որպես այս իշխանագոյության միջոցի, և փոխվի նրա ընթացքն ու կոնֆիգուրացիան։
Նույն պատերազմի գործոնն օգտագործելով Ադրբեջանը կոնսոլիդացվում է, կայանում է որպես պետություն ու առավելությունների է հասնում տարբեր ասպարեզներում։
Իսկ սկզբնապես առավել՝ հաղթական պայմաններ ունեցող Հայաստանը, նույն պատերազմի գործոնի ազդեցության տակ, դառնում է արտաքինից խամաճիկ, ներքուստ էլ ավերվող, հոգեբանորեն կործանվող երկիր։
Ադրբեջանական նավթը երրորդական գործոն էր և է, սույն կոնֆլիկտում։ Հայաստանը պակաս ռեսուրսներ չուներ, և մի գուցե դեռ ունի /հանածոներ, ջրային ռեսուրսներ, արտադրական բազմաթիվ շղթաներ, սփյուռք, նախապես առավել մասնագիտական պոտենցիալ ու տնտեսական բարդ ինֆրակառուցվածքներ, այլ/։ Ադրբեջանցիք ավելացրին իրենց ռեսուրսները, իսկ մենք մսխեցինք։ Եվ մսխեցինք, որովհետև իշխանությունը զիջեցինք Նժդեհյան բնութագրականով՝ մեր ներքին “տականքին”։
Պատմականորեն, մեր տականքի ձեռքին խաղալիք լինելը, արժեքայինի մակարդակի բարձրացած մի քանի պատճառներ ունի։ Եվ դրանցում վերջիններից չէ այն, որ մեզանում ատրոֆիայի է ենթարկված նվաճողական պատերազմի գնալու կենսաբանական մղումը։ Հենց հարձակողական պատերազմում է, ուր քաջը հաղթական տեր է դառնում, իր հանրությանն էլ մասնակից դարձնում հաղթանակի արդյունքներին։
Առհասարակ կենսաբանական վարքը հիմնված է էքսպանսիայի՝ ներքին մղմամբ նվաճման գնալու օրենքի վրա։ Կենդանի օրգանիզմն էքսպանսիվ է։ Դա նրա մեջ դրված է բնությունից՝ եթե այդպիսին չլինի, չի վերարտադրվի և չի գոյատևի։
Մարդն էլ որպես կենսաբանական էակ, նույն սկզբունքի վրա է հիմնված եղել սկզբում ոչ գիտակցաբար, և Homo Sapines-դառնալուց հետո՝ նաև գիտակցաբար։
Էքսպանսիան ապահովելու ունակության վրա են այսօր դասակարգված ազգերն ըստ իրենց հզորության; Ոչ մի մեծ ու արդյունքի հասած պետություն առանց էքսպանսիայի չէր կարող հզորանալ և գոյատևել։
Ըստ որում, պետք է շեշտել, որ էքսպանսիայի ոլորտում են ոչ միայն պատերազմով նվաճում-ծավալումը, այլև տեխնիկական ու գիտական, հանրային-տնտեսական զարգացման ճակատները: Մարդը պրպտող, անձնազոհ, առաջ գնացող, նորը հայտնաբերող ու դրա համար նույնիսկ զոհվող է։ Եվ պատերազմ շահելու համար համատարած արարող է պետք լինել, նվաճող՝ ամեն ասպարեզում։
Իսկ մեր արժեքայինում հակառակն է ներդրված՝ խաղաղությունն է, գիտական ու տեխնիկակական հետամնացությունը, եղունգով գլուխ քորելն ու վիճակին համակերպվելը։
Մենք մշտապես գովերգել ենք հանրային իբր “ազնվությունը” և որպես հետևանք՝ տուրք ենք տվել պաշտպանականին, հանդուրժողականությանն ու “յոլա գնալուն”, որը կործանել է տղամարդուն և տեղը բուծել հարմարվողների, հանդուրժողների, կամակատարների ու աճպարարների։
Հանրային-պետական զարգացումը հաղթողն է ապահովում, բայց պայմանով, որ իրական պատերազմ, պայքար կամ մեծ դիմադրություն է եղել:
Իսկ եթե պայքար չի եղել, այլ կռիվ չմտած, դիմացինը հանձնվել է, ապա թե ռազմի դաշտում, թե գիտության մեջ ու թե կյանքի ցանկացած ոլորտում հաղթող կարող է դառնալ նաև միմիկրայով հոխորտացողը, որը ռեգրեսի է տանում:
Մենք հենց այդ ճակատագրական արահետում ենք հայտնվել՝ հաղթել են Ազգալդյանները, Մոնթեները, փոքր ու մեծ զոհված հերոսները։ Բայց նրանք մնացել են պատերազմի դաշտում և նրանց փոխարեն որպես հաղթողներ մեզ են ներկայացել աճպարարները։
Գենոցիդի տարիներին հայ տղամարդու հույսը օրորոցային մանչուկը՝ Լաոն էր։ Այո, զարմանալ պետք չէ, Լաոյի հույսին եղածը առնական տղամարդ էր՝ ռազմերգ երգող, ոտքերը հաստատակամ գետնին զարկող, բայց իրական կյանքում գենոցիդվող հայ տղամարդը։
Հարյուր տարի հետո, Լաոն սահմանին կանգնած անզեն, մինուճար տան ճրագն է, որի արյամբ կանգուն է այս հրեշային համակարգը և ինքնախաբեության մեջ խարխափող ու ավերվող հանրությունը։
Հասել ենք նրան, որ “պպզողի”, “հաստավիզի”, ավազակի, գործարարի, դեպուտատի, փողատերի, պաշտոնյայի ու մտավորականի տարբերությունը դարձել է զրո։ Ո՞վ է նա, այդ հավաքական համահավասար պպզող-մտավորականը, եթե ոչ ունիվերսալ ողորմելին։
Գյադաների ժամանակներին եկել է փոխարինելու ողորմելիների ժամանակը: Գյադան որոշակի սկզբունք է գոնե, ողորմելին՝ ոչնչությունն է:
Եվ ողորմելու հիմնական հատկությունն էլ ճշմարտությունից փախչելն է։ Հենց մեր մեջ նստած ողորմելու դրդմամբ է, որ ազգովի փախուստի մեջ ենք՝ մեզանից, երկրից, տրամաբանականից։
Եթե որևէ մեկը կարծում է, թե Գենոցիդն ինչ որ մի արտակարգ ընթացք է ունեցել, քան ներկա ընթացողն է, չարաչար է սխալվում։ Գենոցիդն էլ ոնց հիմա՝ սողացող, դանդաղ, կողքինների համար անհաղորդ է եղել՝ “ով սաղ՝ ով մեռած” սխեմայով։
Հերոսությունը, որպես կանոն, խմբակային չի լինում՝ այն անհատական քայլ է։ Մենք մեզ չհասկացանք որպես հանրություն, չվերլուծեցինք և չվերադասավորվեցինք որպես ժամանակակից ազգ։
Որպես անհատներ մենք չգնահատեցինք ամեն մեկի՝ փոքր հերոսության ընդունակ լինելը, և մնացինք “մեծ հերոսների” ու “մեծ փրկիչների” հույսին։
Ղարաբաղյան պատերազմն իրականում հաղթեցին հենց փոքր հերոսները, որոնց մենք դավաճանեցինք մեր ներկա ողորմելի վարքով, կյանքով ու փոքրոգությամբ՝ հանդեպ մարդկային ու հանրային ճշմարտությունը։
Եվ հենց դա մեզ չի ներվելու։