Անկախության սկզբին, երբ քաղաքական-հոգեբանականից լրիվ անտեղյակ էի, մտածում էի, թե իշխանավորն էլ է “մարդ”, բա ինքը չի՞ տեսնում- հասկանում, որ իր արածը սխալ է, ու սկսում էի միամիտ-միամիտ իրեն հուշել “ճիշտը”։
Հետո սկսեցի հասկանալ, որ իշխանավորին քո հասկացած “ճիշտը” չէ պետք, այլ իր շահը։ Ու սկսեցի միամիտ-միամիտ ընդդիմադիրին հուշել, թե ոնց իշխանավորի “հախից գա”։
Հետո սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիրին էլ քո հասկացածը չէ պետք, այլ իր նարցիսությունը։ Ու սկսեցի միամիտ-միամիտ դա նկարագրել, որ կողքի ոչ նարցիսները դրա “հախից գան”։
Հետո սկսեցի հասկանալ, որ կողքիններին ոչ նարցիսն է պետք, ոչ դու, ու ոչ էլ ինքն իրեն է պետք, որովհետև ինքը թքած ունի իր ներկայի ու ապագայի վրա, քանի որ 15 դար շարունակ նույնն է եղել, երբ ամեն պահի երևելիները մարդկանց մեջ շարունակաբար սպանել են մարդուն, նսեմացրել նրան, հետապնդել, արտաքսել երկրից ու երբևէ չեն պատժվել։
Մինչ ես իմ միամիտ-միամիտ ու անհեռատես հուշարարությամբ էի զբաղված, այդ տարիներին հայկական հանրային հրապարակում չհայտնվեց մասնագետ մեկը, կամ որևէ կուսակցություն, որը “բոբո” իշխանություններին անատամ միտինգով գցելու փոխարեն մարդկանց մարդ արարածի էության ու քաղաքագիտականի տարրականը կուսուցաներ, մեր արժեքայինի դեֆեկտները ցույց կտար ու կոչ կաներ նորովի մտածելու ու վերակերտվելու։
Այդ մեկը չհայտնվեց, բայց զարմանալիորեն, իշխանության մեջ եղածներն իսկույն գտան իշխանության վերակերտման հայկական բանաձևը՝ համատարած կեղծիք-իմիտացիան ընտրություններին, կառավարման, արտաքին ու ներքին հարաբերություններում ու մնացած բոլոր ոլորտներում, և բեսպրեդելն ու դաժան թալանը՝ ամեն քայլափոխին։
Պարզվեց, որ Հայաստանը բավական հարուստ է՝ տարիներ շարունակ թալանելու և վայելելու համար։ Եվ ընդդիմադիր տհասության ու իշխանական բեսպրեդելի արդյունքում մենք մսխեցինք եղածը, արտաքսեցինք մարդկանց, դիմադրողները սպանվեցին, քննադատները բանտարկվեցին, մնացածն էլ կռացան մինչև անմարդկայինը, և այսօր հասել ենք պետականության կորստին։
Շատերին թվում է, թե էսպես չի մնա, եղածները հո հիմար չեն, մի ելք կգտնվի, ծանր ժամանակներ են, կանցնեն-կգնան։
Խնդիրն էլ հենց այն է, որ պետականության դեպքում, ցուգցվանգային իրավիճակներում, լուծումներ չկան և չեն կարող լինել, որովհետև պետություն կոչվածը մոլորակից դուրս չէ, այն հարևանության մեջ է, ուր կողքիններն աչալուրջ հետևում են և ցանկացած պահի պատրաստ են հոշոտելու թույլին, անտրամաբանականին ու անինքնասերին։
Ներկա Հայկական պետականության համար մեկ պրոբլեմը ոչ թե ղարաբաղյան հարցն է կամ շրջափակումը, այլ հանրային անկարողության հետևանքով առաջացած իշխանական բեսպրեդելն ու անպատժելիության հարցը։
Ժողովրդավարական, ներպետական ու ներազգային գործիքներով, կամ միջազգային օգնությամբ այս պետականությունը կործանման արահետից հանելն անհնար է։ Քրեական գործելաոճերն ու անպատժելիությունն այնքան են խորացած պետական ու հանրային կյանքի բոլոր ոլորտներում, որ ներքին հակասություններից ծագող որևէ բեկում անհնար է։
Մեր ազգային արժեքայինի թելադրանքով վերին իշխանությունը ձևակերպված է արևելյան խանական սկզբունքով։ Իսկ մեկ աստիճան ցածր այն արդեն մրցակցային է և իրացվում է թաղերից ելած բանդիտ-կամակատարների բազմաշերտ ու բարդ համակարգով։ Բոլորը բոլորին թշնամի են, բայց և ստորադրյալ ու ամբողջապես կախված խանից։
Եվ զարմանալիորեն, ընտրական մեխանիզմներն օգտագործվում են այդ համակարգն ամեն անգամ թարմացնելու և թույլերին դուրս մղելու նպատակով։ Ամեն ընտրությանը խանը խնդիր է դնում ներքևներին՝ ցուցաբերել իրենց ամբողջ նեգատիվը և հաղթել կողքիններին փողի, սրիկայության, կեղծիքի ու բանդիտիզմի կիրառմամբ։ Հաղթողը մտնում է խորհրդարան և թալանի, բեսպրեդելի ու անվերապահ հովանավորչության իր քվոտան ստանում՝ որովհետև նա է համակարգի հիմքը և վերարտադրման հիմնային բյուրեղը։
Խորհրդարանում, չնայած մեր քամահրանքին նրա անդամների հանդեպ, ոչ մի պատահական մարդ չկա, բոլորը անձ առ անձ ջոկած-հաշվարկված անհատներ են, որոնք հենց իշխանությունն են։
Խորհրդարանից դուրս իշխանություն են ոստիկանապետը, անվտանգության մարմիններն ու ուժայինները, որոնք ևս կախյալ լինելով խանից, գերակա են խորհրդարանականներից իրենց անձնական առավել մեծ ունակությունների ու պաշտոնեական դիրքի շնորհիվ։
Իշխանությունից դուրս իրավիճակի վրա ազդելու ունակ որևէ սուբյեկտ գոյություն չունի, ոչ միայն այն պատճառով, որ բոլորը վերահսկելի են, այլ որովհետև իշխանությանը մեթոդապես ու տեսականորեն ադեկվատ հակադրվելու ունակ որևէ սուբյեկտ ուղղակի չկա։
Իշխանությունն ամայացրել է ոչ միայն երկիրը, այլև մարել մարդկանց միտքն ու հույսը և մնացել միայնակ իր ոճիրներին ու հեռանկարին դեմ հանդիման։
Մի բան պարզ է նույնիսկ պատմականորեն՝ երբեք տականքը կանգ չի առել իր հաղթանակի կես ճանապարհին, եթե չի հանդիպել դիմադրության: Այսօր էլ նման վիճակի առջև ենք կանգնած ազգովի։
Որոնք են ռեսուրսները և որոնք են տեսական այլընտրանքները։
1. Իշխանությանն ադեկվատ դիմադրող ռեսուրսը երկրում գոյություն չունի։ Ոչ թե պայքարի պատրաստ մարդը չկա, այլ պայքարի բանաձևը չկա, ես կասեի նույնիսկ այն տաբուապատ է։ Թույլատրվող անելիքի դիապազոնը ազգային փրկիչ-սահմանադրական ճանապարհ՝ կեղծ առանցքի վրա է, որը քննարկել- սասանելն անհնար է։ Կեղծ անելիքն ուղղակի ներարկած-նստեցրած է մարդկանց ուղեղներում։ Եվ դա էր պատճառը, որ Սասունցի Դավիթը “չեկավ”, բայց Սասնա Ծռերը եկան ու առանց դրական արդյունքի գնացին ուղիղ բանտ։
2. Կուսակցականությունը ջնջխված է կուսակցություն կոչվածի աննախադեպ խեղաթյուրմամբ։ Կուսակցապետն է կազմում կուսակցության ընտրական ցուցակները։ Պատմիր նման բան արևմուտքցի որևէ մեկին, և նա գլուխը կբռնի։ Կուսակցություն ասածն առաջին հերթին հենց ներքին իրավահավասարությունն է ու գաղափարների ու տեսակետների ներքին ազնիվ մրցապայքարը առաջնորդության համար։ Եթե ցուցակը կազմվում է ինչ որ մեկի կողմից, ապա դա ոչ թե կուսակցություն է, այլ քրեական բանդա։
3. Քանի որ ներքին դիմադրություն գոյություն չունի, իշխանությունները կվերարտադրվեն ու կիշխեն այնքան, ինչքան թույլ կտան հարևանները։
Ըստ վերը քննարկվածի կարելի է ամփոփել, որ մենք գտնվում ենք վայրընթացով սլացող անկառավարելի մի վագոնի մեջ, որի ընթացքը հասցնելու է պետականության կորստի։
Իհարկե հոռետեսական է այս նկարագիրը, իհարկե “սիրուն չէ” այն։ Բայց և իրականը սա է, որովհետև երկրում ջնջխված են թե սուբյեկտները, թե քաղաքացիները և թե մարդը։
Շատերը կասեն, թե խանը եթե ուզենա, կարող է կանգնեցնել վագոնը։ Ես այն կարծիքին եմ, որ իր մտքով նման բան չի էլ անցնում, որովհետև իր ուղեղն անկարող է նման բան նույնիսկ մտածելու։
Վիրուսների և առհասարակ մակաբույծների մասին գիտելիքն ասում է, որ ոչ մի մակաբույծ ընդունակ չէ գիտակցելու, որ սպանում է իրեն կերակրող “տիրոջը”, որ այդ սպանությամբ ինքն էլ կարող է կործանվել։ Մակաբույծն անում է իրենը ինչքան կարող է, քանի որ այլը նրան տրված չէ։
Նույն վիճակում է հայկական պետականությունը. մենք գերված ենք մեր իսկ մակաբույծ տականքի կողմից և ցավոք, դրա դեմ պայքարի ներքին ռեսուրսները սպառված են։
Երևի սա Էլ գենոցիդի հեռավոր արձագանքն ու ուղղակի հետևանքն էր, որը որևէ մեկս չէր կանխատեսել։