Անգլիական Բրեքսիթից, Թրամփի հաղթանակից, ինչպես նաև Լը Պենի պարտությունից հետո բազմաթիվ առումներով նոր մթնոլորտ է տիրում քաղաքագիտական աշխարհում։ Հիմնական հարցադրումն է՝ արդյոք Մաքրոնին ձայն տված Ֆրանսիան է ճիշտ, թե Բրեքսիթի գնացած բրիտանացին, կամ Թռամփ ընտրած ամերիկացին։
Միանշանակ պատասխաններ դեռ չկան, որովհետև կատարվողի խորքայինը չի պարզված։
Աշխարհին պատմական պրիզմայով նայողները պնդում են, որ ներկա գլոբալացումը որևէ արտակարգ նորություն չունի իր մեջ։ Որ Հռոմեական կայսրությունն ու ներկա գերուժը նույն տրամաբանության մեջ են և ողջախոհության սահմաններում համեմատելի։ Հետևաբար Թրամփն էլ, Մակրոնն ու Մեյն էլ անցողիկ են` վաղը կգան ուրիշները, և պատմական սպիրալը կշարունակվի։
Ես պատմաբան չեմ և երևի նաև այդ պատճառով այլ տեսակետներ ունեմ գլոբալացման վերաբերյալ։ Եվ գտնում եմ, որ նախկինի հետ նմանեցումները պրիմիտիվացնում, քողարկում և նենգափոխում են ներկայում կատարվողը, որն ամենածանրագույն հետևանքները կարող է ունենալ մարդկության համար։
Իրականում, Սովետ Միության փլուզումից հետո մարդկությունը մտել է որակապես նոր աշխարհ, ուր գերակայությունները զուտ դեկլարատիվ են, իսկ խորքային ընթացող պրոցեսները բազմաթիվ առումներով՝ հակաբնական։
Մինչ ներկա գլոբալացումը ամեն պետություն գոյության իր բանաձևն ուներ։ Մեկը փող տպելով ու պատերազմ հրահրելով էր ապրում, մյուսը արտադրելով, մյուսը՝ մեծերի արանքում մանևրելով ու “յոլա գնալով”, իսկ խամաճիկ երկրներն էլ՝ իրենց մարդկանց հոշոտելով։
Բայց այժմ, գլոբուսի վրա ծավալվողին նայելով հասկանում ես, որ ինչ որ անտեսանելի կամք նպատակային ձևով իրենն է անում։ Մուսուլմանական աշխարհում և արևելյան Եվրոպայում հրահրվող պատերազմներով Եվրոպան լցվում է փախստականներով, ավելի քան կես դար եվրաչինովնիկության կողմից որպես քաղաքագիտական դոգմա հռչակված մուլտիկուլտուրալիզմը տեղերում վեր է ածվում միջկրոնական ու միջէթնիկ անհամատեղելիության, Եվրոպան էլ կառուցապատվում է մզկիթներով:
Եվ այս պրոցեսներն ընթանում են եվրոպացիների և ներգաղթողների դեմոգրաֆիական տրամագծորեն հակադիր մշակույթի պայմաններում։
Մարդու իրավունքներ կոչված դոգմայի ու իբր ցածրորակ աշխատուժի պահանջի հրամայականով խարխլվում են արևմտյան քաղաքակրթության հիմնարար սկզբունքները։
Առանց որևէ բանական հիմնավորման, խրախուսվում է ամեն գնով սպառողականությունը։ Մոլուցքի հասցված “փող սարքելու” նպատակայինով մարդուն ստիպում են շատ աշխատել ու շատ էլ սպառել։ Փող սարքելը իմ կիրառած ժարգոնը չէ, այն արևմտյան աշխարհում ընդունված արտահայտություն է, որով շեշտվում է փողի ոչ թե վաստակելու, այլ սարքելու էական պահը։
Ներկա արտադրողականության պայմաններում, երբ մեկ ֆերմերը հարյուրավոր մարդու կարող է կերակրել, իսկ մեկ բանվորն էլ տասնյակների համար սպառման ապրանքներ ապահովել, այնպիսի ներհանրային արժեքային մթնոլորտ է ձևավորված, որ մարդիկ ստիպված են 2, երբեմն էլ 3 աշխատանքի վրա լինել, որպեսզի հասցնեն փակել աճող ծախսերը։ Բանը հասել է նրան, որ օրինակ Սան Ֆրանցիսկոյում տարեկան 100 հազար դոլար վաստակող ընտանիքն արդեն համարվում է կարիքավոր և պետական որոշակի հավելումներ է ստանում։
Եվ հենց շատ վաստակելու մոլուցքի հրամայականով է, որ ամենատարբեր երկրներում ողջունվում են միգրանտները։ Իհարկե, եթե միգրանտներն ընդամենը մի քանի տոկոս են և որակ չեն կազմում արժեքայինի կերտման հարցերում, ապա նրանց ներկայությունը խրախուսելի է։ Բայց երբ բնակչության մի քանի տասնյակ տոկոսն է նորեկ, ըստ որում այլ կրոնի ու արժեքների կրող, ապա ուշ թե շուտ այդ մարդկանց ավանդույթները իրենցն են պահանջելու։ Եվ մարդիկ, ովքեր իրենց երկրներում բռնապետների ու բեսպրեդելի են սովոր եղել, աստիճանաբար եվրոպացուն են իրենց ենթարկելու ու իրենց բեսպրեդելը հաստատելու։
Հիմա արդեն այս կարգի մոտեցումներն ու տեսակետները օրակարգային են եվրոպայում և նույնիսկ կանցլերն էր բազմամշակութայնության կրախի մասին խոսում։
Եվրոպական 9 առաջավոր երկրների առաջնորդներ զավակներ չունեն։ Վիճակագրության տեսանկյունից սա բացարձակ անհնար բան է։
Բայց միարժեքորեն հնարավոր է, եթե այս մարդիկ ունեցել են գլոբալ, ամենակարող ու ստվերային հզորագույն հովանավորներ, որոնք նրանց օգնել են երկրների ղեկավարներ դառնալու հարցում։
Ընդունված է համարել, որ դավադրությունների տեսությունը սահմանափակ, կասկածամիտ, տհաս մարդկանց մտքի արգասիքն է։
Ընդունված է համարել, որ “արաբական գարունները” ժողովրդավարության տարածման նպատակով ծավալված ինքնաբուխ պրոցեսներ էին։
Ընդունված է համարել, որ սիրիական դժոխային պատերազմը, ռուս-ուկրաինական արյունալի միջսլավոնական թշնամությունը, Եվրոպայի փախստականներով լցվելը բացարձակ անսպասելի ու անկանխատեսելի գործընթացներ էին։
Եւ տասնյակ նման լոկալ ու գլոբալ արյունալի “տարօրինակությունների” վերաբերյալ ընդունված է համարել, որ դրանք օբյեկտիվ-պատահական էին։
Սակայն արդեն դժվար մերժելի է, որ գլոբալացմանը զուգահեռ իշխանությունը սկսում է կենտրոնանալ ոչ թե գերուժ պետության, այլ “գերմարդկանց”՝ մի բուռ կազմող ամենակարող համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ձեռքին։
Դարեր ի վեր փողը եղել է պետության մենաշնորհը և հենց այդ լծակի շնորհիվ է հնարավոր եղել արդյունավետ կառավարումն ի շահ պետության: Վերջին հարյուրամյակում, մասնավորի ձեռքում փողի ահռելի կենտրոնացման շնորհիվ պետությունները սկսեցին ստորադասվել մարդկանց խմբերի հանդեպ, որոնք տիրապետում են փողը։ Վերջին քսան տարիներին փաստացի դեմոկրատական ֆասադով երկրներում արդեն իսկ առկա է գաղտնի, անտեսանելի ստվերային օլիգարխիկ խորքային պետությունը, որը որպես խամաճիկի ուղղորդում-կառավարում է դեկլարատիվ, ֆասադային-ֆորմալ իշխանությունը։ Մի քանի տասնյակ մարդիկ են արդեն որոշում աշխարհի ճակատագիրը, թե որտեղ պատերազմ սկսվի, որտեղ թշնամություն սերմանվի, ով հարատևի, ով ոչ։
Մինչև այս փուլը, միջազգային քաղաքականության առանցքը էներգակիրների վրա հիմնված ռազմաքաղաքական ինտրիգներն ու խաղերն էին։ Ներկայում արդեն, ալտերնատիվ էներգիայի աղբյուրների աննախադեպ էժանացման հետ կապված, փոխվել է և ինտրիգը, և գործիքակազմը։ Հրապարակ է մտցվել նոր որակով ու էությամբ, ամենահին՝ “բաժանիր, որ տիրես” սկզբունքը։ Բայց բաժանումն արդեն ոչ այնքան ըստ պետությունների է, որքան ըստ անհատների։
“Բաժանիր”-ը տարվում է հնարավոր բոլոր առանցքներով՝ և կրոնական, և էթնիկ, և ռասսայական, ֆեմինստական հակվածության ու նույնիսկ սեքսուալ կողմնորոշման դաշտերում։ Եվ բաժանությունն էլ հրահրվում է դիդակտիկայով, մասս-մեդիայով, ցուցադրելով որևէ անոմալիա և դա դարձնելով մատի փաթաթան։ Եթե որևէ մի փոքրամասնության իրավունքներ են ոտնահարվել, ապա հարցը սրվում, բարձրացվում է քննարկման ամենաբարձր նոտաների մակարդակներ, որն էլ գեներացնում է հարցի նկատմամբ կողմ և դեմ թշնամական բանակներ։ Եվ դրանից հետո արդեն դժվար չէ անհրաժեշտ պահի այդ լարվածությանը լուցկի տալն ու պայթեցնելը։
Փաստացի հրահրված պատերազմների ու տեղահանությունների միջոցով երկրների, մարդկանց ահռելի հանրությունների ու մշակույթների վարկաբեկման ու թշնամացման, տեղերում հոգևոր ամայացման գլոբալ գործընթաց է ընթանում։
Ո՞րն է դրա նպատակը: Իմ կարծիքով, ֆինանսական օլիգարխիայի նպատակն է մինչև ալտերնատիվ էներգակիրների լայնածավալ կիրառումը ու դրա հետ կապված ֆինանսական մանիպուլյացիաների բացահայտումը, ապահովել միջէթնիկ, միջկրոնական, միջպետական այնպիսի քաոտիկ վիճակ, որի դեպքում բոլորի կախվածությունը փողից կշարունակի մնալ անբեկանելի։
Մինչ ներկա գլոբալացումը, կապիտալիզմը տիրապետում էր քաղաքական իրավիճակը արտադրության ու փողի առաջընթացի, ծավալման ու էքսպանսիայի միջոցով։ Իսկ պետությունը մարդու զարգացման, առաջընթացի, կատարելագործման ու հանրային բարօրության հարցերի տնօրինողն էր:
Ֆինանսական օլիգարխիայի ուժեղացմանը զուգահեռ, ներկայում կապիտալիզմին եկել է փոխարինելու ինֆորմացիոն դիկտատուրան՝ իր էքսպանսիվ, հեռահար դեստրուկտիվ կառավարմամբ։ Եվ փողի փոխարեն էլ այն ներդրել է պարտքը՝ որպես միջանձնային փոխհարաբերման չափ ու մեխանիզմ։
Աշխարհում արդեն 180 տրիլիոն պարտք կա, և անհնար է պարզել, թե ով ում է պարտք։ Պարզ է, որ բանկերին են պարտք, բայց թե ովքեր են բանկերի տերերը, անհայտ է։ Ավելին, տաբուի տակ է հարցը, թե որտեղից այդ մարդկանց այդքան փող։
Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ 19-րդ դարի կապիտալիզմը շահագործում էր իր հանրության մի հատվածին:
20-րդ դարի կապիտալիզմ-իմպերիալիզմը՝ հիմնականում այլ երկրների աշխատուժին (Բայց աշխատանքի ասպարեզից դուրս՝ իրավունքների դաշտում, մարդիկ քիչ թե շատ հավասար էին):
21-րդ դարի կապիտալիզմը գնում է մի նոր, դեռևս աղոտ թվացող ուղիով: Փաստորեն փողը որպես աշխատանքի ու արժեքի էկվիվալենտ, արդեն իսկ կորցրել է իր իմաստը, և փոխարենը ասպարեզ է մտել պարտքի օգնությամբ ապահովվող գլոբալ դիկտատի սխեման՝ համաձայն ֆինանսառազմական հեգեմոնիայի։
Իսկ մարդուն էլ ոչ թե շահագործում են, այլ դեռ կրթականի սկզբից դնում են այնպիսի ռելսերի վրա, որ նրա հետագան համարյա թե 100 տոկոսանոց կանխատեսելի է:
Փաստորեն մենք գլոբալ ստրկատիրության նախախաչմերուկում ենք արդեն: Խնդիրը դրա լավ կամ վատ լինելը չէ, այլ այն է, թե որտեղ ես դու՝ տերերի, թե ստրուկների մեջ:
Մինչև հիմա առաջավոր ազգերն ու հանրությունները կանխատեսելով և դրան համապատասխան գործելով էին առաջ գնում։
Միջին որակի, բայց կայուն պետականության հասածները՝ հասկանալով, ընդօրինակելով ու երբեմն էլ ինքնուրույն կերտելով:
Քարշ եկողները՝ չհասկանալով, խարխափելով, բայց ծերը ծերին հասցնելով ու մի կերպ յոլա գնալով:
Անհետացողները մեծամտության, տգիտության ու իրար հոշոտելու ռեժիմի մեջ էին, մինչև պաշտոնական կոլափսը:
Թե ինչպես կլինի սրանից հետո, պարզ կլինի մոտ ժամանակներս, երբ կյանք կմտնի վերականգնվող էներգակիրներով ապրող տեխնոկրատական աշխարհը։