Ընտրություններից հետո մի սուր ու “համով” քաղաքական անեկդոտ էր պտտվում՝ “ծախեցիր ձայնդ, դե հիմա կուլ տուր լեզուդ, որ կյանքիդ համը չզգաս”։
Զուգահեռաբար, նաև ֆենոմենալ տերմին կա մեր ժարգոնային խոսակցականում՝ “անոտուգլուխ”։ Այն մի կողմից անուղեղ, իսկ մյուս կողմից էլ բացարձակ անհասկանալի, անտրամաբանական, ոչ ֊մարդկային, անոտք, ստորակարգ կենդանուն, կամ բույսին հատուկ վարքն է։
Չնայած ծանրագույն տնտեսական ու հումանիտար վիճակին, երկրում դեռ որ կողք-կողքի գոյատևում են և արտակարգ սրամիտը, և ծայրահեղ անիմաստը՝ անոտուգլուխը։
Առեղծվածն այն է, որ սրամիտը հրապարակայնորեն ոչ հայտնի, եզակի անհատների ու ժողովրդի կերտածն է։ Իսկ անոտուգլուխը՝ բոլորին հայտնի մարդկանց՝ որոնց նպատակային ու անպատիժ անոտուգլխությունը նրանց հասցրել է իշխանության, հարստության, շարքայինների հանդեպ բեսպրեդելի, հեքիաթային անձնական բարիքների ու վայելքների։
Անոտուգլուխ վարքի տերն ինքն իր կյանքում շատ էլ լավ “գլուխով ու ոտքերով” է, բայց անոտուգլուխ է դեպի մարդն ու պետությունը ուղղված իր մնացած դրսևորումներում։
Իհարկե, սրամիտները ի վերջո տանուլ են տալու “անոտուգլխավորներին”, և դրանով ավարտվելու է մղձավանջային այս սուվերենությունը։ Բայց մինչ այդ, էական խորքայինը բացահայտելը, հայտնի բարբառով ասած, “չէր խանգարի”:
Հայկական հանրային արժեքայինը երևի դարերի խորքից եկող մի կործանարար դրվածք ունի՝ հանրային գործերում ձախողումների համար մեղադրել երևելիներին, աչքի ընկածներին, մեծահարուստներին, պաշտոնյաներին ու կառավարիչներին, փրկիչներին ու հերոսներին, բայց ոչ երբեք շարքայինին։ Այ նա կարող էր, բայց չարեց։ Էն մյուսը հաստատ էն չարեց, մյուսը թալանեց, էն մեկելը խաբեց, դավաճանեց, քցեց, փախավ։
Իհարկե, այդ ամենն այդպես է, բայց մի՞թե այլ ազգերի մեջ նմանները չկան։ Ինչու նրանց մոտ մեր բեսպրեդելը չկա, մեր պրիմիտիվիզմը, մեր անզուգական անոտուգլխությունը չկա։ Եվ որն է այն հիմնարար տարբերը, որ մեզանում չկա, նրանց մոտ կա։
Իմ համոզվածությամբ, տարբերությունը հայկական “անոտուգլուխ” արժեքային վերաբերմունքն է դեպի հայ միջին անհատը, շարքայինը, նրանից սպասվողը, ակնկալվողն ու պահանջվողը, նրա զսպող ու անխուսափելի վրեժը՝ հանդեպ անօրեն իշխանավորն ու կարգազանց պաշտոնյան:
Մենք մեր շարքայինից ոչ մի սպասելիք չունենք։ Միջին հայ երիտասարդը մաքսիմում զինվոր է, որին զոհելը օրինաչափություն է։ Իսկ տղամարդն էլ ամեն գնով տուն պահողն է՝ թեկուզ գլուխը պատին տալով, թեկուզ ստրկությամբ, թեկուզ ստորանալով ու փալասությամբ, բայց ոչ երբեք արժանապատիվ աշխատանքով և իրեն ստորացնողին պատժելով ու վրեժով զսպելով։
Հանրային կյանքն իրականում կուռ կառուցվածի բյուրեղ է։ Ինչպիսին հիմնային բյուրեղն է, այնպիսին էլ վերադաս կառույցներն են՝ ներառյալ նաև պետությունը։ Փալասությամբ ընտանիք պահող տղամարդու կերտած պետությունն էլ փալաս պետությունն է լինելու։ Որովհետև փալաս տղամարդու գլխին իսկույն հայտնվելու է մակաբույծ մեկը, որը կշահագործի սույն փալասին, բայց և ինքը որպես փալաս հանդես կգա մի վերադաս ու առավել հզոր այլ մակաբույծի համեմատ։
Բյուրեղի սկզբունքներով գնալով վեր, կհասնենք երկրի վերին կառույցներին՝ նախագահին-գլխավոր տիրոջը, որը ևս կփնտրի ու հարևան երկրների մեջ կգտնի մի այլ գերակա երկիր ու իր տիրոջը, որի մոտ կներկայանա որպես փալաս, որպեսզի խուսափի սեփական երկրում որևէ պատասխանատվություն կրելուց։
Նման ձևով կառուցված հանրային-պետական բյուրեղի օրենքը թույլ է տալիս ամեն մակարդակի փալաս տղամարդուն հայտարատրել, թե իմ ձեռն ի՞նչ կա, վերևինն է մեղավորը։ Դրանով նա ոչ միայն արդարանում է իր փալասության համար, այլև խուսափում է պատասխանատվությունից իր ու իր ընտանիքի, իր ենթակա պատասխանատվության ոլորտի որևէ խնդրից։
Մի կողմից սա ֆեոդալական պետության մոդելի նկարագիրն է, սակայն մյուս կողմից էլ սա մեր ազգային դժբախտությունների հիմքն է։ Ֆեոդալիզմը որևէ ազգի հավիտենական արժեքային չդարձավ, բայց մեր դեպքում դարձել է ու վերածվել կործանման տանող մի զարհուրելի հորձանուտի։
Երթուղայինի անոնիմ վարորդը պատմում է, որ աշխատելով 14 ժամ, օրական 15 000 դրամ տալիս է գծատիրոջը՝ տուն տանելով 3000 դրամ։ Բայց ամսական իր ունեցած 3 հանգստի օրերն էլ ծախսում է իր հաշվին մեքենան վերանորոգելու վրա։ Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, հիվանդանա, ապա միևնույն է, պետք է գծատիրոջը մուծվի 15000 դրամը, այլապես կկորցնի աշխատանքը։
Երբ կարդում էի սույն լուրը, մտածում էի, եթե նույնիսկ խիստ չափազանցված է այն, ապա միևնույն է, այս մարդն արժանապատվության լուրջ խնդիր ունի, որովհետև ամեն գնով կենդանի մնալն արդարացում չէ նման ստորացման դիմաց։
Իսկ եթե ընդհանրացնում ենք պատկերը տաքսիստների, այլ վարորդների, օրական մի փորահացով աշխատող հարյուր հազարավորների ներգրավմամբ, ապա ստացվում է, որ ներկա հայկական գաղջ իրականության հիմնական պահապանը մեր արժեքայինն է, որը գովերգում է տուն պահող փալաս տղամարդուն, բայց ոչ երբեք՝ այդ մղձավանջային շղթան ջարդող մեկին։
Որովհետև միայն արժեքային տաբուի դեպքում է հնարավոր, որ 25 տարի շարունակ միլիոնավոր շահագործվածներից ոչ մեկի համբերության բաժակը չլցվի ու վրեժ չհանի իրեն ստորացնող, շահագործող, որպես մարդ բացասող տիրոջից։ Միայն փալաս տղամարդուն գովերգող արժեքայինի պայմաններում է հնարավոր նման բեսպրեդելն ու նման անոտուգլուխ իշխանությունը, դեգեներատներով վերարտադրվող պառլամենտը, երկիրն անպատիժ թալանող իշխանավորը։
Փաստացի, մենք կերտել ենք պարտվող, անարժանապատիվ շարքային անհատի, մասնավորապես փալաս տղամարդու մի աննորմալ կերպար, որը խրախուսելի ու օրինակելի է կողքինների համար։
Ու նման կարգն ամրացված է արժեքային սարսափելի՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի, ով էշ՝ ես փալան կարգախոսներով, ամեն գնով տուն պահելու իբր սրբազան լոզունգներով ու դրանցից բխող վարքի նորմերով։
Թքած, եթե նման արժեքայինը սահմանափակվեր միայն աշխատանքային ոլորտներով։ Բայց հարցն այն է, որ այս անոտուգլուխ արժեքայինը ձևավորել ու հաստատել է նաև պետական ու քաղաքական բոլոր ոլորտների դրվածքները։ Ըստ դրանց, արժանապատվություն ասածը գոյություն չունի ոչ անհատական ու ոչ էլ հանրային կտրվածքներում։
Շահագործողի, վատություն անողի, բանդիտի ու հրեշի հանդեպ վրեժի ու համարժեք վերաբերմունքի հարցը կտրականապես է հանված նույնիսկ ադեկվատության ալտերնատիվներից։
Փաստացի սուբյեկտային իրականությունից դուրս է գրված միջին մարդը որպես ապասուբյեկտային ոչնչություն, որպես բանող՝ փաստացի կենդանի։
Հերոսը՝ այո, բայց շարքայի՞նը։ Ո՞վ է նա, ոչ մի բան։
Եթե այդ աստիճանի ստորադասված է շարքային անհատը, ապա որպես հետևանք հրապարակը լցված է տարատեսակ աճպարարներով՝ մեկը որպես փրկիչ, մյուսը որպես կուրծք ծեծող կեղծ հերոս, մյուսը՝ իբր քաղաքական գործիչ ու առաջնորդ։
Վերը նկարագրված անոմալիաների արմատը հենց հանրային տաբուներն են շարքային անհատի մասով, որոնցով ներշնչված է անարժանապատիվ փալասությունը։
Եվ քանի որ տղամարդկայինն է մերժված, դրության տեր են դարձած հանդուրժողականություն քարոզող խելք սովորեցնողները, որոնց ձեռն ազգովի կրակն ենք ընկած:
Ռուսները մի խորը միտք ունեն՝ Лес рубят, щепки летят. Ըստ այդ սկզբունքի, հետանկախական տարիներին հայ տղամարդը դիտվեց որպես տաշեղ, որին պետք էր դեն շպրտել ազգային իբր գերնպատակներին հասնելու համար։
Գերնպատակները մնացին թղթերի վրա, տնտեսությունը կործանվեց, տականքը դարձավ իշխանավոր, բայց և ամենակարևորը, հայ շարքային տղամարդը դարձավ անմռունչ, անվրեժ, անարժանապատիվ խաղալիք հենց այդ տականքի ձեռքին։
Առանց որևէ արդյունքի, բացարձակ անիմաստ, անոտուգլուխ ու անտեղի տեղը, 50 տղամարդ այսօր բանտում են, նրանց ընտանիքներն ավիրված, երկիրը չոքած, արտագաղթը արագացած, իշխանական բեսպրեդելն էլ բազմապատկված։
Ո՞վ էր կազմակերպել այդ անհեռանկար, փակուղային-աբսուրդային քայլերը։ Ո՞վ է պատասխան տալու կատարվածի համար՝ ոչ ոք։
Ավելին, չկա նույնիսկ հանրային պատասխանատվության կանչելու գիտակցման հարցը։ Փոխարենը կա արժեքային տաբուն, թե դու ո՞վ եղար, որ մեր ազգային ու քաղաքական հերոսների մասին նման բան ասես։
Որպես հանրային էակ, մարդը մարդու հետ համագործակցելով արարում է, բարիք կերտում, զարգանում ու պատմություն առաջ տանում։
Որպես հայ էակ, հայը հային գցում է, քաշում, հոշոտում ու ուղարկում գերեզմանոց։
Ու նույնիսկ գերեզմաններում թքած ունենք թե ողջերի ու թե մահացածների վրա։ Որովհետև քո հարազատի շիրիմին տանող բոլոր ճանապարհներն ինչ որ անոտուգլուխներ փակել են իրենց մեռելներով ու ուրիշ անոտուգլուխներ էլ թույլատրել են այդ հրեշայինը։
Փակ, անհաղթահարելի շրջան է կերտված՝ անհատ տղամարդը ֆեոդալական արժեքայինի ուժով նսեմացված-ստորադասված է մինչև բանող արարածի կարգավիճակի։ Այդ մասին բարձրաձայնողների դեմ ծառացած են խելք սովորեցնող պատկառելի տհասները։
Տհասների օրհնությամբ էլ մշտապես հրապարակի վրա են աճպարար նարցիսներն ու խելագարները։
Ստրուկ Սպարտակն ապստամբեց մեր թվարկությունից 70 տարի առաջ։ Մեր օրերի հայ վարորդին ինչ աստիճանի հանդուրժողականություն պետք է ներարկված լինի տիրող արժեքայինով, որ աշխատի 14 ժամ, աշխատածի 90 տոկոսը տա ստրկատիրոջը ու մնացած 10-ով էլ դեռ անմռունչ ողջ մնա։
Ներկա վիճակի պատասխանատուն անհատին ոչնչացնող, նսեմացնող, վրեժը մերժող արժեքայինն է ու դրանով կերտված հանդուրժող շարքային անհատ-տղամարդը։
Չհասկանալ-չկողմնորոշվելը որոշ դեպքերում արդարացում է, բայց մնացած դեպքերում՝ կործանարար դժբախտություն:
Մենք ամբողջ ժողովրդով չհասկանալու ռեժիմի մեջ ենք՝ անտեսելով մարդկության փորձը, մեր ողբալի անցյալն ու կործանարար ներկան։
Երևի տեղին է հիշել, որ մեծ ազգերը մեծ են իրենց շարքային մարդ – անհատներով, իսկ փոքր ազգերն էլ՝ ճղճիմ ու կործանվող են իրենց ողորմելի շարքայիններով։