Խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» արեցինք, ու գնում ենք քաղաքապետի ընտրություններին։ Կասկած չկա, որ դա էլ նույն «հորով-մորով»-ը կանենք ու կսպասենք վերևների ողորմածությանը, թե հետո ոնց ենք շարունակելու գոյատևելը։
Նախորդ հոդվածներից մեկում ես քննարկել էի “Քյոռփալու” /ներկա Արշալույս/ գյուղի անվանման պատմությունը։ Գյուղը շրջապատված է եղել ճահիճներով, և մալարիայի պատճարով մահացությունը շատ բարձր է եղել։ Արդյունքում գյուղում նկատելի մեծ է եղել երեխաների հարաբերական թիվը, որովհետև մարդիկ չեն հասցրել ծերանալ։ Նկատելով այդ շեղումը, թուրքերը գյուղը կոչել են “Քյոռփալու”։
Որպես դեմոգրաֆիական շեղում քյոռփալուն պարզունակ, բացատրելի բան է, բայց ներկա օրերում մենք ականատեսն ենք Հայաստանի քյոռփալուացմանը՝ քաղաքական, փոխաբերական առումով։
Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, այլ կերպ, քան խելահեղ մանկամտություն, չես կոչի։ Երկրում իբր 2,5 միլիոն ընտրող կար, ու “քվեարկած” 1.575.000 -ն էլ եղածների 60 տոկոսն են կազմում։
Դժվար է ասել, թե քանի խաբեություն կա ընտրությունները բնութագրող այս մի քանի թվի մեջ։
Տարիների ընթացքում թաքցվել է արտագաղթը և ՀՀ բնակչության իրական թիվը։ Դե մեռած հոգիները համ իշխանությունների վերընտրությանն են ձեռնտու, համ միջազգայնորեն իբր երեք միլիոնանոց “ծանրակշիռ” երկիր ենք, համ վարկեր, համ օգնություն, համ պարտքեր վերցնելուն է դա հարմար։ Համ բազում նախարարություններ, շատ հաստիքներ, շատ ու շատ ոստիկան է կարելի պահել իբր այս մեծ բնակչությամբ ու դրսերից նորմալ դիտվել։
Իշխանությունների համար բազմաթիվ այլ “դրականներ” էլ կան այս խաբեության-աչքակապության մեջ։ Բայց դրանում ահռելի, կործանարար բացասական կա հասարակ մարդու, հայի, Հայաստանի ու հայության համար։
Ես հասկանում եմ, որ այս մանկամտությամբ խաբում ենք ինքներս մեզ՝ հօգուտ իշխանությունների, հօգուտ նրանց կամակատար դարձած պատեհապաշտների ու պնակալեզների, հօգուտ այս կեղծիքին հեծած հազարավոր հանցագործների։ Բայց ի՞նչ գնով ու մինչև ե՞րբ։
Վաղը Գենոցիդի 102-րդ տարեդարձն է։ Բոլորս գիտենք, որ այն 1,5 միլիոն հայություն սպանեց և արևմտահայաստանյան մտավորականությունն ու մշակույթը ոչնչացրեց: Իսկ նորօրյա՝ “1991 -ներկա” սեփական ձեռքերով իրացրած Գենոցիդը սովից ու ցրտից առնվազն 2-300 հազար մարդու վաղաժամ իջեցրեց գերեզման, 1,5-2 միլիոն մարդու արտաքսեց երկրից ու հիմնովին ոչնչացրեց սթափ միտքը երկրում:
Ի տարբերություն օսմանյան Գենոցիդի, ներկա գենոցիդը նաև ծնեց հայի նոր տեսակ՝ “հայակեր” հային: Եվ “հայակեր” հայը միայն պաշտոնյան, ոստիկանը, դատավորը, քննիչը, օլիգարխն ու մեզ հայտնի տականքը չեն, այլ նաև չարացած, ապամարդկայնացած շարքայինն է, որի ուշքը-միտքը այլ հային խաբելն է, մոլորեցնելը, շիվարեցնելը, “քցելը”, իր չկայացած ուղեղի զոհը դարձնելը:
“Քցում” են ով ոնց կարող է՝ ֆինանսապես, տնտեսապես, բարոյապես, մարդկայնորեն ու ամենատարբեր ձևերով: Ու եթե շանս կա դիմացինին մազաչափ իսկ վատություն անելու, ապա կասկածել էլ պետք չէ, կանեն՝ վրիպել չկա:
Երևի ժամանակն է չափավորելու առաջին Գենոցիդի “հանդիսությունները” և սկսել նշել նորօրյա գենոցիդի ամյակները, օրինակ ներկա 26-ամյակը։ Սա շատ ավելի արդիական ու իմաստալից “նշելիք” է, եթե իհարկե լինեն այս հարցը լրջորեն առաջ քաշելու ու հետապնդելու պատրաստ մարդիկ:
1915-ին տերտերների առաջնորդությամբ լցվեցինք եկեղեցիներն ու ողջ-ողջ այրվեցինք: 91-ից էլ մեծ-մեծ բրդող ոչնչությունների առաջնորդությամբ ավերեցինք երկիրը, տականքին կարգեցինք գլխներիս որպես տեր, արտագաղթեցինք, կռացանք ու ստորադասվեցինք որպես մարդ:
Հիմա էլ, խաղաղ պայմաններում, մեր քյորփալուական տկարամտության պատճառով ընդունակ չենք տեսնելու ու ինքնախոստովանելու ամեն մեկիս մեղքը կատարվածում, ու անելիքը՝ գործնականում:
Ինքնախաբեության մեջ անվերջ երկար ապրել հանրավոր է միայն մեկ դեպքում, եթե ինքդ չես վաստակում քո ապրուստը, այլ որպես անբուժելի անմեղսունակի քեզ պահում են ուրիշները։
Մենք այսօր հենց այդ վիճակում ենք՝ չարտադրող, չարարող, ապասուբյեկտային, անհասկացող ու միայն սպառող։ Նույնիսկ լոլիկն ենք ներմուծում Թուրքիայից, որովհետև ներսում բորենիական հարաբերություններ են արտադրողների, միջնորդների ու իշխանավորների մեջև, և նույնիսկ լոլիկ արտադրելն է ոչ ձեռնտու։
Հետո՞։
Միթե իշխանականում չի գտնվելու մեկը, որ ի վերջո քաջություն ունենա ասելու՝ էս ի՞նչ գործի ենք, ինչո՞ւ ենք իրար հոշոտում։
Հատուկ եմ շեշտում իշխանականից այս քայլի իմ ակնկալիքը, որովհետև ընդդիմություն ասածը Հայաստանում այլևս գոյություն չունի՝ վերջնականապես մեռած, ոչնչացված է մեր իսկ մանկամտության պատճառով։
Տարիներ առաջ մեքենայի մեջ լսում էի ԲԲՍ-ի մի վերլուծաբանի, որը ներկայացնում էր քաղաքական համակարգի պուտինյան բնութագիրը։ Ասվեց, որ “Համակարգն այն է, ուր բոլորը գիտեն ինչն ինչոց է, ու բոլորն են գործում-խաղում ըստ այդ “ինչ-ինչոցի”, բայց ոչ մարդկային սկզբունքների ու հանրային օրենքների”։
Համակարգի մեջ են թե իշխանավորները, թե շարքայինները, թե ընդդիմադիրները և թե խաժամուժը։ Համակարգը հնարավոր է քանդել միայն ներքին պատժով, բայց ոչ երբեք համագործակցությամբ, աղաչել-պաղատելով, խորհուրդ տալով, կամ “խելք սովորեցնելով”։
Ներկա Հայաստանում հենց կատարյալ համակարգն է իշխում՝ բոլորս ամեն ինչ գիտենք և խաղում ենք թելադրվածը, բայց հակամարդկայինը։
Բոլորս գիտենք, որ.
Այ-այ-այ, ՍԱՍ-ի Արտակը պահանջել է, որ իր աշխատողները ընտրության բերեն իրենց բարեկամ, ռեալ մարդկանց։ Բայց լլկեցված է հարցը, թե ո՞վ է քվեարկեցրել կես միլիոնից ավել մեռած հոգիների, և արդյոք Արտակն “անմեղ գառ” չէ դրանց համեմատ։
Այ-այ-այ, Սամվել Ալեքսանյանը փողով պարգևատրել է իր համար շատ ձայն բերածներին։ Իսկ որ արդեն 25 տարի շարունակ իշխանությունները երկիր թալանելու պաշտոն ու քվոտա են տվել ընտրությունը հարյուր հազարներով կեղծողների՞ն:
Այ-այ-այ, ընտրություննները կեղծվել են։ Իսկ ընդդիմությունը չգիտեր, որ կեղծվելու են, ինչո՞ւ իրեն “խողովակի” տեղ դրած մասնակցեց, “ընտրություն” խաղաց ու լեգիտիմացրեց այն։
Այ-այ-այ, սփյուռքի երևելիները եկել էին որպես դիտորդ, և առանձնապես որևէ խախտում չհայտնաբերեցին։ Իսկ նրանք չգիտեին, որ 22 տարվա մեջ կեղծիքների ձևերն այնպես են կատարելագործվել, որ բանից անտեղյակ՝ իրենք որպես մանկամսուրի երեխա են լինելու կեղծողների համեմատ։
Այ-այ-այ, մարդիկ ստուգեցին ինտեռնետով, որ իրենց փոխարեն չեն քվեարկել։ Իսկ համոզվա՞ծ են, որ այնտեղ են որոնել, ուր պետք է։ Եվ արդյոք որևէ ձև ունեն պարզելու, թե կոնկրետ որտեղ են քվեարկվել։
Այ-այ-այ, չամաչեցին, փող բաժանեցին։
Այ-այ-այ, չամաչեցին, փողը վերցրին։
Այ-այ-այ, թաղի տականքն էլի աշխատեց:
Այ-այ-այ, մարդիկ մի փոր հացի համար ազգին ու պետությանը դավաճանեցին։
Ես հասկանում եմ, որ գաղջ իրականության մեջ տհաս ձևանալը ինքնապաշտպանական մեխանիզմ է, բայց չեմ հասկանում, թե ոնց կարելի է 26 տարի շարունակ ամեն հարցում ձևանալ։ Ընտրել՝ չընտրություններում, բանակցել՝ բանակցության վրա թքած ունեցող Ալիեւի հետ, ընդդիմություն համարել պատեհապաշտ անգրագետների, հերոս համարել ազատություն մուրացողների, փրկիչ համարել աճպարարների, երևելի համարել գողերի, մարդ համարել մարդակերների։
– 15 դար պետությունից բան չհասկացանք,
– մի ամբողջ դար՝ գենոցիդից,
– 26 տարի՝ քաղաքականությունից,
– առնվազն 22 տարի՝ ընտրակեղծիքից,
– 25 տարի՝ մարդասպան ու երկիր հոշոտող օլիգարխիայից։
Հիմա էլ ընտրություն ու քաղաքացի ասածները չհասկանալու պրոցեսի մեջ ենք:
Գերմանաբնակ մեր հայրենակից ֆիզիկոս-պրոֆեսոր Ավետիս Սադոյանը վերլուծել է ընտրության արդյունքները և հանգել եզրակացության, որ ընտրությունների կեղծմանը մասնակցել են քիչ թե շատ մաթեմաթիկա ու վիճակագրություն իմացող մասնագետներ, որոնց խորհրդատվությամբ տարբեր ընտրատարածքներում տարբեր չափերով են կատարվել կեղծիքները, որպեսզի վերջնական պատկերը մաթեմաթիկորեն անթերի դիտվի։ Փաստացի ընտրակեղծիքին մասնակցել են ոչ միայն դպրոցների դիրեկտորներն ու մանկապարտեզների վարիչները, այլև տասնյակ հազարավոր այլ մարդիկ։
Մենք ինքնակործան համակարգում ենք և դրանից ելքի ոչ մի ճանապարհ չի երևում, չհաշված իհարկե ընտրական խեղկատակ “ելք”-այնությունը։
Էվոլյուցիան մի չբարձրաձայնված օրենք ունի՝ կենդանական տեսակներն իրենց սերունդներին բնազդորեն “կրթում” են մինչև իրենց մակարդակը, այլապես մի քանի սերնդի ընթացքում տեսակը կդեգրադացվի ու կվերանա։
Հետանկախական Հայաստանում մենք խախտեցինք հենց այդ օրենքը՝ անտեսելով ու մերժելով մասնագետին, փորձ կուտակած տարիքավորին ու նորմալին, և որպես հաջորդ սերունդ թույլ տվեցինք հրապարակ մտնելու տականքին։ Եվ ավետարանական կանխատեսման՝ «ազատ տեղը դատարկ չի մնալու» սկզբունքով բոլոր ազատ տեղերը լցվեցին իշխանական ու ընդդիմադիր տականքով։
Մենք քյոռփալուական “երեխա” ենք, այսինքն ժառանգաբար, մեծերից, տարիքավորներից եկող գիտելիքից զուրկ ենք և այսօր էլ չենք գիտակցում.
– որ քաղաքականությունը մեկի ուզելով է, բայց և դիմացինի թույլտվությամբ է։ Անցած տարիներին ուզողը մեր մեջի տականքն էր, բայց թույլ տվողը մենք էինք.
– որ այս իշխանություններից պրծում չկա, որովհետև դրանց լեգիտիմացնող խեղկատակներից պրծում չկա.
– թե ովքեր են լեգիտիմացնողները՝ խրոխտ տոնով օդ տատանող ինքնախփնվածներ ու դրանց թիկունքին ու ֆոնին ապուշի կեցվածքով խմբված երրորդ կարգի խեղկատակներ։
Երկու գենոցիդ մեկ դարում՝ դաժան ճակատագիր էր։
P.S. Չմոռանամ բարին մաղթել քաղաքային ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր խեղկատակներին։