Անցյալ տարիների փորձը հուշում էր, որ այս ընտրությունները պետք է բոյկոտվեին։ Որովհետև նորմալ ուղեղի համար անտրամաբանական է շարունակաբար գնալ ընտրության, ստանալ անխուսափելի կեղծիքը, բայց նորից շարունակել նույն փոցխի վրա կանգնելը։
Երևի ինչ որ բան հիմնովին խաթարված է մեր “քաղաքական” ուղեղում, և մեզ հասու չէ նորմալ մարդկայինը։ Այս մասին բազմիցս է գրվել ու քննարկվել, և հիմա այդ մասին չէ խոսքը։ Բայց պետության ու մարդկանց ապագայի հետ կապված մի սկզբունքային հարց կար, որը պետք է ընտրարշավի օրակարգում լիներ անկախ մեր քաղաքական ուղեղի անթույլատրելի ցածր որակից:
Այդ հարցը ընտրապայքարի ելած ուժերի ու անձերի՝ “ինչ ու ոնց անելու” ապագայի տեսլականն էր։ Եթե ձայն ես հայցում, ապա բարի եղիր ձայնի տիրոջը բացատրել, թե “ինչ” ու “ոնց” ես անելու։
Եթե իշխանական ողորմածությամբ խորհրդարան սողոսկելու հույսին եղած մանր կուսակցությունների համար այս հարցով ասելիք չունենալն օրինաչափ էր, ապա գոնե ՀՀԿ ի համար լիարժեք պատասխան չունենալը լուրջ չէր։ Մանավանդ որ, նոր վարչապետի հետագայի ու պետության ապագայի հեռանկարներն էին առջևում։
Փաստացի հարցը հանգում էր վարչապետի ծրագրերին, որոնք հենց հիմա պետք է հնչեին, այլ ոչ ընտրություններից հետո։
Մարդիկ պետք է ձայն տային հենց վարչապետի ծրագրերին, այլ ոչ վարչական ռեսուրսին, որը կկիրառվի, ինչպես միշտ։
Իսկ ի՞նչ պետք է խոստանար վարչապետը, եթե մենք նորմալ երկիր լինեինք, այլ ոչ անորակ օլիգարխիայի բոստան, հետամնաց Ռուսաստանի կցորդ ու անբարյացակամ հարևանների ծաղրի ու ագրեսիայի առարկա։
Վարչապետը պետք է իր դիտակետից նկարագրեր երկրի ու հասարակության վիճակը։ Իր պատկերացումները ներկայացներ եղածի խորքային պատճառների ու շարունակվող գործոնների վերաբերյալ և առաջարկեր իր լուծումները, որոնք համապատասխան կլինեին բացահայտվածին։
Չեղավ ոչ մի նման փորձ, և հարցը հանգեցվեց միլիարդավոր դոլարների ներդրումների մասին անլուրջ խոստումների անլուրջ մրցավազքի։
Ինչպե՞ս են ակնկալվում ներդրումներ մի երկրում, որից մարդիկ փախչում են նույնիսկ Սիբիր։ Ներդրում անողն առաջին հերթին հարցնելու է վարչապետին, իսկ ինչո՞ւ է երկիրը դատարկվում։ Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ վարչապետ դառնալուց հետո։ Պարզե՞լ եք արդյոք արտագաղթի հիմնական պատճառները։
Եղե՞լ է նման խոսակցություն։ Իհարկե եղած կլինի։ Իսկ ո՞րն է եղել պատասխանը, թե հայ ես, արի հայրենիքդ շենացրու՞։
Բայց հո երեխաներ չեն պոտենցիալ ներդրողն ու վարչապետը։ Նույնիսկ իմ՝ իշխանական ու օլիգարխական ներքին մանրամասներին անտեղյակի այս մի քանի տողում բացահայտվում են անխուսափելի այս հարցերի աղետալի կողմերը։
Հետևաբար, ընտրության գնացող ու միլիարդներից խոսողների համար նման անլրջությունն ինչ որ տեղ ավելի շատ անամոթություն է, քան անլրջություն։
Ինչևէ, խաբում ենք, խաբվում ու կշարունակենք նույնն անել, բայց գալու է այն օրը, երբ վարչապետը, կամ մի այլ պատասխանատու պետք է կանգնի ու հրապարակավ ասի, որ՝
– Սիրելի ժողովուրդ, մենք մշտապես խաբել ենք իրար, բայց այդպես շարունակելն այևս անհնար է։ Հասել ենք կործանման և պետք է իրար հետ երկիրը հանենք այս փոսից։ Ես ինքս մեղավորներին պատժել չեմ կարող, դրա մանդատն ու ուժը չունեմ, բայց կարող եմ խոստանալ, որ ես և դուք, մենք բոլորս, ոչ թե ներդրումներով, այլ նախ և առաջ թևքներս քշտած պետք է ֆիզիկապես բարեկարգենք մեր շրջապատը, ազատվենք աղբից, այլանդակից, սրիկայից, հրեշներից ու վայրենիներից։ Այլևս թույլ չտանք, որ տականքը մեզ ու երկիրը կործանի։
– Ես իջնելու եմ մեքենայից ու ոտքով ու տրանսպորտով եմ աշխատանքի գնալու։ Ինձանից փողոցում ոչ մի բան չուզեք, չեմ կարող տալ։ Բայց ապացուցելու եմ, որ ես էլ ձեզանից մեկն եմ, այլ ոչ պադավատի ու թիկնապահի ետևում ծվարած պնակալեզ։
– Այսօրվանից սկսած, ամեն շաբաթ օր ու ազատ երեկո, ոչ մի պաշտոնյա ու քաղաքացի, ուսանող ու ոստիկան, ուսուցիչ ու վաճառական, իրավունք չունի ձեռքերը ծալած նստելու։ Պետք է դուրս գա ու իր բակը, փողոցը, շրջապատը ֆիզիկական կեղտից ավելով ու բահով մաքրի, ներկի, վերանորոգի, կարգի գցի այն ամենը, ինչ հնարավոր է։
– Այսօրվանից սկսած ամեն մասնագետ կարող է իմ կայքում հրապարակել իր գործնական առաջարկները ցանկացած հարցով։ Եվ եթե որևէ առաջարկը հանրային աջակցություն կստանա, ես խոստանում եմ այն դնել հրապարակային մասնագիտական քննարկման ու ըստ գնահատականի էլ՝ անձնական խրախուսման ու պետական ֆինանսավորման։
– Ես խոստանում եմ անձնապես ընթացք տալ ցանկացած կաշառակերության, շորթման ու անօրինականության դեպքի, եթե կա երեք իրավաբանի ստորագրությամբ հիմնավորված դիմում որևէ հարցով։
– Ես խոստանում եմ ազատ եթեր ապահովել մասնագետներին, մշակութաբաններին, քաղաքագետներին ու հանրային կարևորության հարցերի գիտակներին, որոնք նոր, ժամանակակից քաղաքակրթականը կմատուցեն ու մեր հանրությունը կհանեն ցածր ու հակամշակութային այս փոսից։
Միտքս երևի պարզ է՝ վարչապետը պետք է հանդես գար որպես մեր ներկա հոգսերի գիտակ, պատասխանատու և հանգուցալուծող։ Բայց չեղավ դա, ու չի էլ լինելու, որովհետև ոչ ընդդիմությունը և ոչ էլ հանրությունը նման խնդիր չձևակերպեց, չառաջարկեց ու չհետապնդեց։ Բոլորը խաղացին պլինտուսին դրված նշաձողի մակարդակում ու չամաչեցին դա ներկայացնել որպես քաղաքական գործչի դիրքորոշում։
Ինչևէ, ընտրությունները կկայանան, կլեգիտիմացվեն ու կանցնեն պատմություն։ Սակայն չի կայանա Հայաստանը, չի լուծվի որևէ հարց ու չի դադարի արտագաղթը, քանզի չի գիտակցվել անելիքը ու կյանքի չի կոչվել պաշտոնյայի ինքնապատասխանատվությունը՝ որ մարդ եմ, քաղաքացի եմ, պաշտոնյա եմ, իրավունք չունեմ անմարդկայինը շարունակելու:
Ճապոնացիների արժեքայինում արմատացած խարակիրին ինքնակամ ինքնասպանություն չէ։ Այն անտեսանելի հանրային պարտադրանք է կարգազանցին՝ հանցանք ես գործել, ինքդ լուծիր քեզ պատժելու հարցը։
Մեզանում չկա ոչ խարակիրին, ոչ օրենքը, և ոչ էլ գիտակցությունը, որ առանց համարժեք պատժի չի կարող պետություն գոյություն ունենալ։
Վերջին փորձերն են այս պարզ հարցերը գիտակցելու։ Բայց նման է, որ պատմության գիրկը կանցնենք առանց գիտակցելու։