Թե իշխանականում և թե «ընդդիմադիր» դաշտում ակնհայտ իրարանցում է՝ կուսակցություններից են փախչում, երեկվա իշխանականները միավորումներ են կազմում, ընդդիմադիր ու ազգամետ են խաղում, իրենց քաղաքական կշռից ու մարդկային «քաշից» անտեղյակ, մեծագոռգոռ հայտարարություններ են անում: Իսկ կողքից էլ շարքային մարդիկ փորձում են զատել կեղծը շիտակից, բեմադրվող թատրոնը՝ իրական ընթացողից ու հասկանալ կատարվողը:
Շատերը սա բնութագրում են որպես հերթական առնետավազք: Իհարկե, առնետավազք է, բայց հարցն է, թե որտեղի՞ց և ո՞ւր: Իսկ գերագույն հարցն էլ այն է, թե որն է այլևս ապահովը և որը՝ վտանգավորը:
Իրականում սա ցուգցվանգային խուճապ է, ուր ցանկացած քայլը տանում է վիճակի էլ ավելի վատթարացման:
Հետանկախական հայկական «մտավորական» վերնախավի ու «ախպերականի» քաղաքական կամքը հերիքեց միայն ագահորեն «տուն պահելուն», մի փոր հացի համար երկիրն ավերելուն, տգիտությամբ մարդկանց արտաքսելուն ու գազանաբար էլ՝ մարդուց մարդկայինն արմատախիլ անելուն:
Այս ինքնակործան խրախճանքն անպայման ավարտ էր ունենալու, և այսօր ավարտի գիտակցումն է «լուսավորել» իշխանականներին:
Անփառունակ վերջը սկսվեց նոր սահմանադրության ներդրմամբ: Սերժ Սարգսյանին թվացել էր, թե ինքն անգերազանցելի կոմբինատոր է, որ իր ենթակայության տակ եղած համակարգն այնքան խամաճիկային է, որ կարելի է անվերջ ճկել, ծալել, ձգել, ավերել, ամայացնել, բայց միևնույն է, այն ողջ կմնա, կշնչի, կապրի, կվերարտադրվի, որովհետև «տեղ չունի փախչելու»: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին առաջին նախագահ էր կարծում, որ նախագահները կգան ու կգնան, իսկ Հայաստանը կա ու կմնա: Բայց փորձը ցույց տվեց, որ նախագահները եկան ու չգնացին, իսկ Հայաստանն արդեն «այնքան» էլ չկա:
Ինչպե՞ս ստացվեց, որ նույնիսկ Պուտինի դռան պահակի մակարդակում «դաբռոներ» ստացած ու «ապահովագրված» հայկական տանիքային համակարգն այսօր փլուզման եզրին է: Որն էր այն «անզգույշ» սխալը, որը հաշվի չէր առնված:
Իմ կարծիքով, սխալը մեկը չէր, դրանք բազում էին: Նոր սահմանադրության հեղինակն ու այն գրավոր տեսքի բերածները հաշվի չէին առել.
1. որ համակարգը կազմող առնետներն իրենք էլ իրենց շահային խելքն ունեն, որը ոչնչով չի զիջում մեծ կոմբինատորի ախորժակներին:
2. որ ընտրական գեշ խաղերով կարելի է բավական երկար երկիրը թալանել ու մարդկանց էլ կեղեքել, բայց գալու է պահը, երբ այլևս թալանելիքը չկա, պետությունը չկա, իսկ մարդիկ էլ կեղեքվելու տեղ էլ չունեն:
3. որ այդ պահին իշխանությունն արդեն գրավիչ չի լինելու որպես կյանք, «բիզնես» ու անվտանգության երաշխիք, այլ հակառակը, սպառնալիք է դառնալու, ոնց դամոկլեսյան սուր:
Ու ամենից զատ, հաշվի չէր առնվել հիմնական տարրականը՝ թե նոր սահմանադրությամբ ո՞վ է լինելու պոտենցիալ քավության նոխազ-հերթական վարչապետը, մանավանդ մի երկրում, ուր ամեն հաջորդ օրը նախորդից ավելի վատն է, և մշտապես զոհաբերելու նոխազներ են պետք լինելու:
Սահմանադրությունն աճպարարություններով ու պարտադրանքով քվեարկեցնելիս, «նաղդ» մտքի ու վարքի տեր «ախպերականը» չէր մտածում հետևանքների մասին, հույսը դնելով «շեֆի»՝ «որ անում է, մի բան գիտի»-ի վրա: Բայց հիմա, երբ մոտեցել է նորովի վերարտադրվելու պահը, պարզվել է, որ շեֆը ոչ մի բան էլ չգիտեր, պարզագույն բլեֆ էր արել ու հայերեն ասած՝ բոլորին «քաշել»:
Իրոք, մանրամասնենք ասվածը:
Ա. Եթե նոր սահմանադրությամբ վարչապետը Սերժ Սարգսյանն է, ապա ինքն է պատասխան տալու ու քավության նոխազ լինելու մեկ-երկու տարի հետո: Բայց դա հաստատ իր ցանկալի տարբերակը չէ:
Բ. Եթե վարչապետը Սարգսյանը չէ, ապա ով է, ինչ գաղափարների տեր է, ինչ լծակներ է իր ձեռքում կենտրոնացնելու ու ինչպես է «նայելու» ախպերականին ու հենց Սերժ Սարգսյանին: Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ այդ անհայտ մեկը կկարողանա շարունակել հինը ու իրենց էլ կերակրամանին մոտ կպահի:
Գ. Եթե Սարգսյանը վարչապետ ու խրտվիլակ նախագահ նշանակող ամենակարող պառլամենտի խոսնակն է, ու այդ լծակներով է դրության տերը մնալու, ապա որն է երաշխիքը, որ նա կարողանալու է մշտապես իր ձեռքում պահել այս չարտադրող ու չարարող երկրի և պառլամենտը, և վարչապետին, և նախագահին, և արտաքին ու ներքին ահագնացող քաղաքականը, և կանխել կամ սպասարկել գալիք պատերազմը:
Դ. Բացի այդ, զուտ հոգեբանորեն, որո՞նք են այն խթանները, որոնք կիմաստավորեն Սարգսյան անձի լիդեր մնալու հավակնությունները: 2008-ի մարտի մեկին համակարգը լիահույս էր, որ ունի այդ հավակնոտ ու գործունյա, իրենց «տիրություն անող» լիդերին, իսկ հիմա, այս պետական ու իշխանական վայրընթացից հետո, ո՞վ այլևս խաղադրույք կդնի վիճակը կործանման հասցրած մեկի վրա:
Նշված և ոչ մի կետի համար չկա պարզություն: Հետևաբար, նոր սահմանադրությամբ, Սերժ Սարգսյանը որևէ տարբերակով չունի օբյեկտիվորեն կայուն ու գերակա դիրքեր: Այ այս ակնհայտորեն անհույս հեռանկարն է, որ սթափեցրել է ախպերականին, ու այն չգիտի, թե ինչ անի:
Ոչ ոք չգիտի, թե ինչն է փոխարինելու տանիքների ու երաշխիքների մշակված նախկին դրվածքներին: Ով է տալու դաբռոն հարց լուծող թաղային լակոտին, քվոտան՝ օբշչակին ու անձեռնմխելիությունը՝ ֆեոդալական թիկնազորով սրիկայություն անող օլիգարխին:
Կարելի է պնդել, որ Սարգսյանն ինքն էլ է անորոշությունների, ետքայլի կամ փախուստի տարբերակների մտմտանքների մեջ:
Բազմաթիվ նախանշաններ կան, որ ախպերականը հասկացել է, որ «Աքիլլան վրիպել» է նոր սահմանադրությամբ, ու այսօր վտանգի տակ է հայտնվել ողջ համակարգ- ոհմակը:
Հետևաբար, կատարվողն արտաքնապես մի գուցե առնետավազք է, բայց իրականում փախուստ է կատաստրոֆիկ «համը հանված» իրականությունից:
Փախչողներն իհարկե հասկանում են, որ խաղերն ավարտված են, որ անելիքը ոչ թե իրականությունից, այլ Հայաստանից փախչելն է: Որոշ հեռատեսներն արդեն փախած են: Որոշները կփախնեն մոտ օրերս, աննկատ ու իբր անսպասելի:
Միգուցե ախպերականն այնքան խելոք գտնվի, որ ձեռքերը լվանա ու անձեռնմխելիության որոշ պայմանավորվածություններով ամբողջությամբ ընդդիմությանը զիջի իշխանությունը: Այսինքն կրկնվի 1991 թվականի անկախացման սցենարը, երբ իշխանությունն անցավ տգետներին, մինչ այդ որևէ կերպ իրենց չդրսևորածներին, բայց բիրդան աղայի մեծ ախորժակավորներին:
Չեմ կարծում, թե օլիգարխիան որևէ միացյալ որոշման կգա, քանի որ նա որոշում կայացնելու ոչ ֆորմատը, ոչ ռեսուրսները, ոչ լծակներն ու մեխանիզմները չունի: Հակառակը, գնալով ավելի է մասնատվելու, քայքայվելու, ատոմացվելու ու անհետանալու:
Իսկ ընդդիմության մասին ես որևէ ասելիք չունեմ, քանի որ որակական առումով այն եղածներից բեթար է: Նրանցից որևէ մեկը կյանքում որևէ գործնական արդյունքի հասած չկա, գոնե 5 հոգի ղեկավարած չկա, լոզունգներից բացի որևէ հարցում իր մշակած տրամաբանական կարծիքն ունեցած չկա, ամբոխավարությունից այն կողմ քաղաքականի ու պետության մասին գաղափար չունի: Ու նույնիսկ հիմա, ընտրության շեմին, իշխանավորից առավել անականջ է, առավել դեմագոգ, առավել ոհմակային, անհիմն ինքնավստահ ու անլուրջ:
Ճակատագրական օրեր ենք ապրում՝ ականատեսն ենք ազգային ու պետական կործանման, ու նույնիսկ հույսը չկա, թե կարթնանա գոնե տեսական-ավանդական Լաոն: