ԱՄՆ-ն նոր նախագահ ունի, որն իշխանության է եկել նախընտրական աննախադեպ ծրագրերով: Քաղաքական երևելի դեմքերի մի չնչին տոկոսն էլ չէր հավատում, որ հաղթելու է Դոնալդ Թրամփը: Բայց նրա հաղթանակը իրողություն է, և այդ մարդուց մեծապես կախված է լինելու աշխարհի հետագան: Դա է պատճառը, որ բոլորը ժամ առաջ փորձում են հասկանալ Թրամփի ֆենոմենը և կանխագուշակել այն սկզբունքները, որոնցով նա կգործի մոտ ապագայում:
Նախագահական մրցակցության մեջ Թրամփը միակն էր, ով քաղաքական վերնախավի մարդը չէր, բայց բարգավաճ ամերիկյան ընտրողը գերադասեց հենց նրան:
Տարբեր վերլուծաբաններ տարբեր տեսակետներ ունեն ձայների բաշխման վերաբերյալ, բայց հիմնական պնդումն այն է, որ շարքային ամերիկացիները մեկուսացած էին զգում իրենց իշխանությունից և փաստացի բոյկոտեցին հաստատված իշխանական վերնախավին՝ ի դեմս ժպիտը դեմքին փաստացի պատերազմի կոչեր անող Հիլարի Քլինթոնին։
Ինչո՞ւ: Այդ ինչ թաքնված տագնապ, կամ գործոն էր, որը տեսանելի էր շարքային ամերիկացուն, բայց աննկատ էր մնացել վերնախավի համար:
Իհարկե, ամերիկյան կյանքում առկա են Թրամփի շեշտադրած որոշ խնդիրները, օրինակ թաքնված գործազրկությունը, կամ էլ ենթակառուցվածքների բարձիթողությունն ու արդեն նկատելի հետամնացությունը արևելյան զարգացող կամ արաբական նավթային երկրներից:
Բայց այս գործոնները բավարար չէին, որպեսզի Թրամփը հեշտությամբ հաղթեր իր 16 հանրապետական մրցակիցներին ու վերջում էլ՝Քլինթոնին:
Իմ կարծիքով, այդ գործոնները նույն առանցքի վրա եղած մի շարք են:
Ա. Վերնախավին, փողատերերին, ինչպես նաև վաշինգտոնյան իշխանական ահռելի կառույցին ու մնացյալ ամերիկացիներին բաժանող ունեցվածքային և աշխարհայացքային վիհը:
Բ. Ամերիկյան հիմնական երազանքի՝ զուտ անձնական աշխատանքով, ազնվորեն հարստանալու, արդեն գործնականորեն անիրականալի լինելը:
Գ. Սոցիալական շերտավորման խորացումը, մասնավորապես մի բուռ հարուստների ձեռքում հարստության ահագնացող կուտակումը, միջին շերտի նոսրացումը և պարտքերի կուտակումը մնացածի մոտ:
Դ. Բանկային համակարգի աշխատանքի սկզբունքների գնալով խորացող անորոշությունը:
Բրետոն- Վուդսյան համաձայնագրով դոլարի միջազգայնացումից ու այնուհետ 1971 թ նախագահ Նիքսոնի հրամանագրով դոլարի՝ ոսկու հիմքից հրաժարվելուց հետո, գեոքաղաքական ու ֆինանսատնտեսական գլոբալացող աշխարհում տեղի են ունեցել խորքային սկզբունքային պրոցեսներ, որոնք ամբողջովին փոխել են փողի ու նրա վաստակման հիմքերը մարդկանց տարբեր խմբերի մոտ:
Սկզբնապես ոսկով ապահովվող դոլարին եկավ փոխարինելու պետրոդոլարը: Այնուհետ այդ դոլարը սկսեց ապահովվել ոչ միայն նավթով, այլև ռազմական լծակներով: Միջազգային ասպարեզում պետրո և «ռազմադոլարին» զուգահեռ ներքին սպառման մեջ սկսեց առաջնային դառնալ քոնսյումերիզմը՝ սպառողականությունը: Սպառողական գաղափարախոսությունը ստիպեց մարդուն շատ աշխատել և ամբողջ վաստակածը ծախսել: Շատ փող վաստակելու մոլուցքով մարդիկ սկսեցին երկու աշխատատեղում աշխատել: Գովազդի լծակներով բանը հասավ նրան, որ մարդուն սկսեցին գայթակղել վաստակածին զուգահեռ պարտքով փող վերցնել և տեղի ու անտեղի գնել-գնել-գնել:
Պարտքով փողը կերտեց բանկային կարտելը՝ մի ահռելի մակաբույծի, որը շուտով տիրացավ ամերիկացիների ողջ ունեցվածքին, մասնավորապես ամերիկյան տների առնվազն 70 տոկոսին (ներկայում տնատերերի միայն 30 տոկոսն ունեն մարած- վճարված տուն):
Ըստ վիճակագրության, միջին ամերիկյան տունը վաճառվում է 7 տարին մեկ, բայց հաշվի առնելով, որ լրիվ վճարած տնատերերը հիմնականում թոշակառուներ են, արդեն նստակյաց են և չեն վաճառում իրենց տները, ապա իրական տնափոխանակությունը կատարվում է 5 տարում: Հայտնի է, որ տան վճարների մեջ բանկային տոկոսներն ամենամեծն են հենց առաջին 5 տարիներին: Հետևաբար ստացվում է, որ տնատեր համարվող ամերիկացիների 70 տոկոսն իրականում վարձակալում է տունը և ամսական իր եկամուտների մոտ 25-30 տոկոսը տալիս է բանկերին որպես տան վարձ: Ավելին, տունը, որը պատկանում է բանկին, հարկվում և ոչ թե բանկից, այլ տնատիրոջից: Այն ապահովագրվում, սպասարկվում, վերանորոգվում, կարգի է պահվում այնտեղ բնակվող «տիրոջ» ծախսերով ու հոգատարությամբ:
Փաստացի ֆանտաստիկ բիզնես է ձևավորված՝ գնային վայրիվերումներից ապահովագրվելու նպատակով բանկերը մարդուց վերցնում են կանխավճար, ներշնչում, որ տնատեր է, նրա խնամքին ու ապահովագրականի պարտադրմամբ իրենց ունեցվածքն են վարձով տրամադրում և 5 տարին մեկ էլ այլևայլ լծակներով ստիպում վաճառել: «Տնատերն» իր գրպանից վճարում է միջնորդներին, իսկ բանկը ետ է ստանում տունը խնամված, վերանորոգված, վերականգնված վիճակում ու իսկույն տրամադրում մեկ ուրիշին:
Այս եղանակով հարատև աշխատեցվում է այս յուրահատուկ վաշխառուական սխեման: 2008 թվականի բանկային անկումը հենց տների հետ կապված մեքենայությունների արդյունք էր:
Ընդհանուր առմամբ, միջին ամերիկյան ընտանիքը ներկայում բացի $16000 բարձր տոկոսային քրեդիտ քարտայինից, նաև մոտ $115000 ընդհանուր պարտք ունի, որի սպասարկումը խլում է նրա եկամուտների մի ահռելի մասը:
Տարին տարվա վրա մարդկանց պարտքերն աճում են, և վիհը հարուստների ու աղքատների միջև աճում է:
Ե. Բացի վերը նկարագրվածից, վերջին տարիներին բանկերը անցել են ոչ միայն զրոյամերձ, անտոկոս, այլև բացասական տոկոսներով (տարբեր պատրվակներով ՝ ավանդատուից գանձվող վճարով) ավանդներ վերցնելու գործառույթներին: 400 անգամի է հասել միջին վարձու աշխատողի և գործատու մասնագետի՝ CEO-ի վարձատրությունների տարբերությունը:
Փաստացի, փողատերերի համար փողը ոչ միայն ձրի է հոսում գրպանը, այլև նույն այդ անվճար փողով իրենք պարտքի ու կապանքների մեջ են պահում աշխատող մարդուն:
Դրա համար էլ վերջին տարիներին Ամերիկայում ստեղծվել է այսպես կոչված 99 %-ի շարժումը: Այն միավորում է վերնախավային 1 տոկոսից իրենց տարանջատ համարող ամերիկացիներին: Շարժումը սկզբնապես հիմնականում դեմոկրատական էր, բայց գնալով նրանում սկսեցին ընգրկվել նաև հանրապետական աշխարհայացքի մարդիկ:
Զ. Ավանդական, նույնիսկ ֆիզիկական թղթային ֆիատ փողն է արդեն դուրս մղվում շրջանառությունից, և տեղը գալիս է էլեկտրոնային-փոխանցումային փողը: Այն փաստացի անվերահսկելի է, և անհնար է հետևել փողային ահռելի հոսքերին: Անհատ մարդիկ, ինքնակամ, բանկային համակարգից դուրս, շրջանառություն են մտցրել և սպասարկում են Բիտկոինը՝ իրական վիրտուալ փողը, որն արդեն մեծ հեղինակություն ունի աշխարհում և լիարժեք վճարամիջոց է շատ երկրներում: Բայց նրա ծավալները չնչին են դոլարային բանկային համակարգի տրիլիոնների համեմատ և որակ չեն կազմում:
Է. Շարքային ամերիկացին արդեն բացարձակ զզված է աշխարհում կատարվողի մասին մասս մեդիայով հորդող ապատեղեկատվությունից, մշտական պատերազմներից, 35000 լոբբիստներով ուղորդվող, փողատերերի խամաճիկ ու 30-40 տարի շարունակ նույն ծերունական, կոնգրեսական դեմքերից:
Ամերիկյան կոնգրեսն արդեն շատ կողմերով հիշեցնում է սովետական ծերակույտ պոլիտբյուրոն: Ըստ որում, կոնգրեսականը զբաղված է ոչ թե օրինաստեղծությամբ, այլ մշտապես հոգում է իր վերընտրման ծախսերը՝ 2012-ի տվյալներով օրական $ 2315, իսկ ընդհանուր, վերընտրման համար՝ $ 1,689,580:
Փաստացի, Թրամփի ընտրությունները արդյունք էին վերնախավի կայսերապետական կուրության ու շարքայինների սթափության:
Ըստ Առնոլդ Թոյնբիի, քաղաքակրթությունները մահանում են ինքնասպանությունից: Այդ ճանապարհով կործանվեց Սովետ միությունը: Իհարկե, ամերիկյան տնտեսական դրվածքներն այնպիսին են, որ անհնար է սովետակերպ անկման նույնիսկ հեռավոր նմանություն: Բայց շարքային ամերիկացին տեսել, զգացել է թեկուզ և ոչ կործանարար անկման վտանգը և մերժել է ավանդական, իրենից բացարձակ մեկուսացած իշխանավորին:
Իսկ թե ինչ կանի իրենց ընտրած այլընտրանքը՝ Դոնալդ Թրամփը, դա արդեն լրիվ այլ հարթության հարց է: Թրամփը երբեմն ասում է բաներ, որոնք հեռու են իրականությունից։ Թրամփի փոխնախագահը նույնիսկ էվոլյուցիան մերժող ծայրահեղ կրոնապաշտ, հիպեր-ավանդական հանրապետական է, կաբինետը հիմնականում մեծահարուստներ, բանկիրներ ու նավթա ու ռազմադոլարի մարդիկ են:
Միգուցե Թրամփը որևէ կերպ չարդարացնի մարդկանց հույսերը, և «ունքն ուղղելու փոխարեն աչքը հանի», բայց մի քանի բան անդառնալի է կատարվել.
1. Ամերիկյան երկկուսակցական համակարգը կործանարար հարված է ստացել: Իսկ դեմոկրատական կուսակցությունը եթե չռեֆորմացվի, ապա կկանգնի ինքնալուծարման եզրին:
2. Վեր են հանվել ներկա ֆինանսա-ռազմաքաղաքական աշխարհի ներքին հակասությունները, որոնք կոնցեպտուալ, սկզբունքային, գաղափարաբանական լուծում են պահանջում: Աշխատանքից ու փողից կտրված պարտքային ֆինանսական աշխարհն այլևս փակուղու առջև է կանգնած:
3. Բարձրացվել են սուվերեն պետություն – գլոբալացող հոմոգեն աշխարհ, փողատեր և աստիճանաբար ավելի ու ավելի ստրուկի նմանվող վարձու աշխատող, բևեռային հակադրության, պետությունների ներքին մշակութային ու դավանական համասեռության ու դրա արդյունքում ապահովվող ներհանրային ներդաշնակության հարցերը:
Թրամփի նախագահությունը սկիզբ է, որը կարող է շատերի համար կործանարար էլ լինել, բայց այն անխուսափելի էր, քանի որ ամերիկացուն այլ ելք չէր թողնված: