Այսօր ամերիկյան նոր նախագահի՝ Թրամփի պաշտոնամուտի օրն է: Ըստ նախնական հաշվարկների, պաշտոնական արարողությունների ու համընթաց հանդիսությունների ծախսերը կազմելու են մոտ 90 միլիոն դոլար, որը 3 անգամ ավել է նախագահ Օբամայի և մոտ 2 անգամ էլ Բուշի դեպքում կատարված ծախսերից:
Ամերիկյան իշխանության ղեկն անցնում է մեկի, ում օգտին մոտ 2 միլիոն ավելի քիչ ձայն է տրվել, քան հակառակորդն է ստացել:
Ում օգտին քվեարկել է միջին ամերիկացին, և որին դեմ է քվեարկել ամերիկյան վերնախավը:
Ով որպես բիզնեսմեն բազմիցս դիմել է սնանկության օգնությամբ վիճակը փրկելուն, բայց այսօր ամերիկյան մեծահարուստներից մեկն է:
Ով առաջինն է ամերիկյան նախագահների մեջ, որ չի հրապարակել իր հարկերի վճարման մանրամասները, բայց շահել է այդ հարցում բացառիկ խստապահանջ ամերիկացու ձայները:
Ով բազմաթիվ գործարքներ ունի Ամերիկայից դուրս, չի բացահայտում իր որևէ գործարքի մասին, բայց խոստանում է ետ, դեպի Ամերիկա բերել ամերիկյան գարծարարների փողերը և ներդնել ամերիկյան տնտեսության մեջ:
Ով բազմաթիվ սեքս սկանդալների մեջ է նկատվել, բայց հաղթահարել է իր հասցեին ուղղված մեղադրանքների այդ հեղեղը և շահել ընտրողների համակրանքը:
Ով խոստանում է մի բան, հաջորդ պահին մի այլ բան, բայց և, ամերիկացին ավելի է հավատացել հենց իրեն, այլ ոչ իբր արժանահավատ Հիլարի Քլինթոնին, ով տարիներ առաջ, ապագա նախագահ Օբամայի հետ ներկուսակցական մրցակցության փուլում, նրան կոչեց միամիտ (you are naive), ապա որպես ոչ «միամիտ» աշխատեց որպես պետքարտուղար: Եղավ աշխարհի 112 երկրներում, մասնակցեց արաբական աշխարհի «վերակերտմանը» և «ոչ նաիվ» էլ գնում էր հաղթելու նախագահությունը՝ սաուդյան շեյխերի ու բազմաթիվ այլ կասկածյալ դոնորների փողերով:
Թրամփի ընտրության հետ կապված անսպասելի առեղծվածները բազմաթիվ են: Բայց նրանք առանձնանում են մեկ հիմնական սկզբունքային գծով՝ Թրամփը ձեռնոց էր նետել ամերիկյան վերնախավին պարզագույն մի բանաձևով՝ ես իմ փողերով եմ ընտրվելու և կոտրելու եմ ամերիկյան ընտրարշավները որպես թատրոն բեմադրող և ապագա նախագահին էլ ընտրող, ընտրեցնող ու որպես խամաճիկ շահագործող մեծահարուստների խաղը:
Այս անգամ ամերիկյան կոնգրեսի և նախագահի ընտրությունների վրա արված ծախսերը գնահատվում են համապատասխանաբար 4,3 և 2,6 միլիարդ դոլար:
Թրամփը չի բարձրաձայնել, բայց հասկացրել է ամերիկյան ընտրողին, որ եթե Կոխ եղբայրներն ու այլ մեծ փողատերերն իրենց փողի չնչին մասը ծախսելով ընտրեցում են իրենց խամաճիկին որպես նապագահ, ապա ես իմ փողերով եմ ինձ ընտրել տալու: Եթե համաձայն եք՝ ինձ ձայն տվեք: Եվ աշխատել է հենց այս փաստարկը, քանի որ ամերիկացիք իրոք հոգնել էին հենց նույն փողատերերի ծառայության տակ գտնվող նախագահներից, Կոնգրեսից ու մասս մեդիայով տարածվող թե ներքին ու թե արտաքին քաղաքական վայրիվերումներից:
Մարդիկ հիշում են, թե ինչպես պետքարտուղար Պաուելը փոքր սրվակը ՄԱԿ-ում թափահարելով լեգիտիմացրեց Իրաքի վրա հարձակումը: Հիշում են նախորդ ադմինիստրացիաների շարունակաբար դրժվող խոստումները և հասկանում, որ խաբեության շղթան պետք է ի վերջո կտրվի:
Մարդիկ, ովքեր ապրում են իրական, ֆերմերային, արտադրող խորքային Ամերիկայում, գիտեն, որ տեր են հրաշք մի երկրի, իր մասնագետ և աշխատանքի մոլագար մարդկանցով: Նրանք որևէ կերպ չեն ընկալում ամերիկյան ագրեսիվ վարքը դրսում, և բժշկական ապահովության ու դեղերի գների՝ որևէ չափ չունեցող աճը երկրում:
Նրանք տեսնում են, որ կարող են սնել ու ապահովել իրենց հարուստ երկիրը բացառապես ամեն ինչով, առանց մեծ ճիգի: Բայց և տեսնում են, որ ֆինանսական ու ռազմաքաղաքական օլիգարխիան անում էր իր ուզածը՝ խորացնում է դեպի Ամերիկան աշխարհի մարդկանց հակամարտությունը՝ կրոնական, հումանիտար ու դիմացինին արհամարհելու որևէ կերպ չհիմնավորված դեստրուկտիվ քաղաքականությամբ:
Հենց իրականությունից իշխանական վերնախավի այս մեկուսացումն է պատճառը, որ ամերիկյան քաղաքականում արդեն լուրջ ու պատկառելի դեմքերի կատաստրոֆիկ պակաս կա: Հանրապետական կուսակցական նախնական ընտրարշավում 17 մրցակիցներ էին, իսկ դեմոկրատականում՝ ընդամենը 2-ը:
Ես աշխատել եմ երկու ամերիկյան համալսարաններում և շփվել եմ ամերիկյան պրոֆեսուրայի հետ: Կարող եմ վկայել, որ ցանկացած միջին կարգի համալսարանում կգտնվեն առնվազն մեկ տասնյակ «նախագահացուներ», որոնք իրենց որակներով անհասանելի բարձր կլինեն ներկայացված թեկնածուներից: Իսկ Ամերիկայում մոտ 1900 համալսարան կա և դրանցից գոնե 500-ը միջին կամ բարձր որակի կրթական հաստատություններ են:
Ակնհայտ է, որ լուրջ, մասնագետ մարդիկ խուսափում են քաղաքականությունից: Բայց և անհնար է առանց քաղաքականության մեջ լինելու կանգնեցնել այն սրընթաց վայրընթացը, որը գրանցվում է երկբևեռ աշխարհից հետո՝ երբ ամերիկացիք մնացել են որպես ուժի միակ բևեռ:
Ինչևէ, Թրամփի հաղթանակն իր մեջ խորքային բազմաթիվ շերտեր ունի, բայց դրանցից մեկը կարևորագույնն է, որի շուրջը կուզենայի կենտրոնանալ:
70-ամյա Թրամփն անձնապես գրառումներ է անում թվիթերում: Թվիթերը շատ դինամիկ սոցիալական ցանց է, ուր մասնակիցներն իրենց ասելիքը ձևակերպում են ոչ ավել, քան 140 նիշանոց տեքստերով:
Շատերի կարծիքով, Թրամփի հաղթանակի մեջ սկզբունքային նշանակություն ունեցավ հենց թվիթերի միջոցով անմիջականորեն ընտրողին հաղորդակցվելու մեթոդաբանությունը: Դրանով Թրամփը շրջանցեց իր դեմ մասսայականորեն, օր ու գիշեր աշխատող և փողատերերի կողմից ֆինանսավորովող մասս մեդիան:
Զարմանալին այն է, որ ոչ միայն Հիլարին, այլև ամբողջ ամերիկյան վերնախավը ընդունակ չեղան հասկանալու և գնահատելու Թրամփի այս նորամուծությունը և հույսը դրել էին դեմոկրատների հետ գործնականում «շղթայված» սևերին, այլազգիներին, սեռական ու տարատեսակ այլ փոքրամասնություններին սնող դեմագոգիկ՝ իբր մարդուն ավելի մոտ լինելու հեքիաթի վրա:
Այսօր, երբ կատարվածը փաստ է, և Թրամփի պաշտոնամուտն է արդեն, Քլինթոնի հետնորդներից շատերը հրաժարվում են հասկանալ կատարվածը: Կատարյալ հիստերիա է տիրում կորպորատիվ մասս մեդիայում և երկու կողմերի կուսակցական վերնախավերում:
Դասական քաղաքագիտությունը իշխանությունը պատկերացնում է 4 ճյուղերի ձևով, որոնցից 3-ը՝ գործադիրը, դատականն ու օրենսդիրը ընտրովի – նշանակովի են, իսկ 4-րդը՝ լրատվությունը մարդկանցն է: Այն է, որը կոչված է անաչառ լրատվություն տալ մարդկանց իշխանականում կատարվողի մասին և հենց դրանով ապահովել իշխանության ենթակայությունը մարդկանց՝ միջընտրական ժամանակահատվածներում:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և մանավանդ սովետի ինքնափլուզումից հետո ԱՄՆ-ը որպես միակ գերուժ, և արևմտյան աշխարհն էլ որպես այդ գերուժի սատելիտներ, ավելի ու ավելի են հեռացել հանրային վերահսկողությունից, և դա կատարվել է մի բուռ փողատերերի կողմից հենց մասս մեդիայի կենտրոնացման և կատարյալ վերահսկման շնորհիվ:
Դրան մեծ մասնակցություն է ունեցել նաև նախագահ Քլինթոնը, որի 1996 թվականի տելեկոմունիկացիաների մասին ակտով վերացվեցին այդ ոլորտում կարգավորումները, և հնարավորություն տրվեց մի բուռ մարդկանց փաստացի մոնոպոլացնել մրցակից բոլոր ՏՎ ալիքները: 1983 թվականին եղած մոտ 50 կայաններից 2004-ին մնացել էին միայն 5-ը: Ըստ որում, այդ հինգն էլ պատկանում են իրար հետ համահունչ գործող նույն խմբի անդամ ֆինանսական օլիգարխիայի անդամներին:
Այ այսպիսի, իր դեմ կոնսոլիդացված գործող մասս մեդիայի դեմ Թրամփը գտավ «հանճարեղ» մեթոդականը՝ թվիթերը, որով նա սկսեց քննարկել իր դեմ բերված կոմպրոմատները: Հենց այդ մերձեցումն էր շարքային մարդուն, որը հավատ ներշնչեց Թրամփի հանդեպ և հարթեց նրա ճանապարհը դեպի նախագահություն:
Այսօր էլ, բոլորի մոտ, համար մեկ հարցն այն է, թե արդյոք Թրամփը կշարունակի թվիթերի օգնությամբ, շրջանցելով մասս մեդիան, հաղորդակցվել մարդկանց հետ: Պատասխանը դեռ որ դրական է:
Մարդիկ մեծ սպասումների մեջ են: Բայց և, տեղյակ լինելով Թռամփի՝ խոսքի տեր չլինելու նախափորձին, այնքան էլ վստահ չեն, որ Թրամփը տեր կկանգնի իր որևէ խոստմանը: Սրան էլ կա իր բացատրություն-պատասխանը: Քլինթոնի դեպքում իրենք հաստատ էին համոզված, որ նա իր որևէ խոստումը չի կատարելու: Իսկ Թրամփի դեպքում դեռ անորոշ է, և պրոցեսը մի տեսակ խաղի է վերածված:
Փաստացի, մարդիկ ոնց խաղատանը, գրավադրել են մի բանի վրա, որի վրա հույսն ընդամենը զրո չէ:
Բայց ամեն դեպքում, աշխարհի համար է կատարվել շատ մեծ բան՝ ծախված, փողով աղախին դարձած մասս-մեդիան ջախջախիչ հարված է կրել և դժվար է սպասել, թե այն կվերականգնվի Թրամփի այս հուժկու հարվածից:
Թրամփն արդեն իսկ փոխել է շատ ու շատ պայմանականություններ և նման է, որ շարունակելու է իր ընթացքը, որը և ավերիչ, և կառուցողական կարող է լինել:
Շատ բան արդեն ոչ միայն փողատերերից, այլև շարքային մարդկանցից է կախված:
Մեծ մտքի տեր մեկն ասել է՝ հույսն ու լավատեսությունը տարբեր, համարյա թե բևեռային բաներ են: Հուսանք, որ Թրամփով առաջնորդվող ԱՄՆ-ում և դրա հետ կապված, նաև մնացած աշխարհում, դրանք առնվազն կմոտենան իրար: