Ապրիլյան արյունալի 2-ին խորհրդարանական ընտրություններ են: Համաձայն նոր սահմանադրության, այս եզակի ընտրություններով կազմվելու է հայկական ամբողջ իշխանությունը՝ խորհրդարանն ու կառավարությունը, ձևավորվելու է հայկական պետության բոլոր հարցերն ու մարդկանց ճակատագրերը լուծողների նոր կոհորտան:
Ի նկատի ունենալով, որ նոր սահմանադրությունը ձևվել է հատուկ նախագահ Սարգսյանի թելադրանքով ու քմահաճույքով, ինչպես նաև իմանալով, որ Հայաստանում ընտրությունները անխնա կեղծվում են գողականի, ախպերականի ու օլիգարխիայի կամքով, դժվար չէ գուշակել, թե ինչ արդյունքի են հանգեցնելու ապրիլյան ընտրությունները՝ մանավանդ որ կուսակցական լիդերներին է տրված ցուցակները կազմելու միանձնյա իրավունքը:
Այն, որ սեփական ցուցակներով ու կեղծվող ընտրություններով խամաճիկների իշխանություն կազմելը բռնատիրության էությունն է, ոնց որ թե բոլորը գիտեն:
Այն, որ նախագահ Սարգսյանը միանձնյա է կազմելու իր կուսակցության ցուցակը, դա էլ գիտենք:
Այն, որ ինքը բացարձակապես վերահսկելու է ՀՀԿ-ի սատելիտ, իբր ընդդիմադիր կուսակցությունների կազմվելիք ցուցակները, դա էլ գաղտնիք չէ:
Բայց այսքանն իմանալով հանդերձ, հայկական խրոխտ ընդդիմությունը գլխապատառ վազում է դեպի ընտրությունները:
Միամիտները կարող են մտածել՝ դե ջահել են, տաքարյուն են, հույսեր ունեն, թե այս անգամ կեղծիք ու կաշառք չի լինելու, կամ էլ նույնիսկ, մեղա-մեղա՝ այս ամենը չգիտեն:
Բայց ողջախոհ մարդիկ հո գիտեն, որ դա այդպես չէ, որ արտաքին լեգիտիմություն ունենալու համար իշխանություններին ծայրահեղ անհրաժեշտ է ընդդիմության մասնակցությունը ընտրություններին ու խորհրդարանում գոնե մինիմալ մասնաբաժին ունենալը:
Հասկացողները գիտեն, որ իշխանությունները պատրաստ են ամենամեծ զիջումների, որովհետև իշխանություն են հենց արտաքին լեգիտիմության հաշվին:
Սա շատ լավ գիտեն նաև հիմար ձևացող ապագա ընդդիմադիր պառլամենտականները: Նրանք բոլորն էլ մտքերում հաշվել են, թե քանի մանդատի հույսով է իրենց կուսակցությունը գնում ազգային, քաղաքացիական ու պետական այս դավաճանությանը:
Ես, օրինակ, կարծում եմ, որ եթե դրսերից նախագահին շատ նեղեն, ապա կարող է ընդդիմությանը նույնիսկ 30 տոկոս ողորմելի, ձևական, որևէ հարց չլուծող տեղ էլ տալ պառլամենտում: Ավելին, ինչպես հայտնի է ոչ հեռավոր անցյալից, իշխանությունը խոստացել ու չեզոքացրել է ընդդիմության ցանկացած տոկոս, ընդհուպ մինչև 100 տոկոսը, «խփելով» 80, 70, կամ ամենաքիչը 60 տոկոս ձայներ, ոնց պաշտոնապես հայտարարել էր նախագահը:
Հիշենք, որ անկախանալիս ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ ազգովի դառնալու ենք քրեականի զոհը, որ երկրի կեսն արտագաղթելու է, որ «տղաներն» ավերելու են երկրի ողջ տնտեսությունը, որ հանցագործն է դառնալու երկրի իշխանավորը, որ թաղային տականքով ընտրություներ են վերահսկվելու, որ ուսուցիչներով ու մանկապարտեզի դայակներով ընտրություններ են կեղծվելու, որ տգետներով նախարարություններ ու կառավարություններ են կազմվելու, որ երկրի ողջ ունեցվածքը նվիրվելու է ուրիշներին:
Ոչ մեկիս մտքով սա չէր անցնում, բայց կատարվեց հենց անհնարին ու աներևակայական թվացողը:
Այս ընտրություններից, Հայաստանն ու հային հերթական անգամ ստորացնող այս կործանարար թատրոնից առաջ հրապարակում հայտնվել է մի այլ, հակադիր թատրոն՝ «Քաղաքացիական Ակտիվ Քայլ»-ը: (Էսթետներին չբորբոքելու համար այդ կուսակցության համար այսուհետ ես կօգտագործեմ իմ նախընտրած՝ «Քայլ» բարեհունչ բառը, իհարկե չմոռանալով հապավման ողջ մասշտաբը):
Սկզբնապես «Քայլ»-ն ընդամենը էկզոտիկ էր թվում, բայց շատերը հասկանում էին, որ սա ծայրահեղ լուրջ է հանրային արժեքայինի վերակերտման առումով և կարող է ռեժիմի համար մահացու էլ լինել իր քաղաքական հետևանքներով:
Հետո արդեն, երբ սկսեցին խոսել կուսակցության գրանցման և իրոք, իբր լրջորեն ընտրություններին մասնակցելու մասին, վիճակը «լրջացավ»: Այն դարձավ անեկդոտային, երբ Սերգեյ Դանիելյանի հետ հարցարույցի պատճառով աշխատանքից հեռացվեց, կամ «առկախվեց» Պետրոս Ղազարյանը:
Հիմա Սերգեյ Դանիելյանը փորձում է մի օր գրանցման մասին խոսելով, հաջորդ օրը մերժելով, ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել մարդկանց մոտ՝ հանդեպ «Քայլ»-ը:
Պարզից էլ պարզ է, որ իր ասելիքը իշխանական, ընդդիմադիր, շարքային ու ոչ շարքային ապամարդկայնացած անհատին է ուղղված: Ինքը նույնիսկ բառացի էր ասել իր յութուբյան կարճ կլիպերից մեկում՝ «Հո անասուն չեք, արա, չեք հասկանո՞ւմ»:
Իմ ընկալմամբ, կամաց-կամաց ավելի ու ավելի շատերն են սկսում հասկանալ հասկանալիքը՝ որ անլուրջ իշխանության դեմ լրջով գնալը խելագարություն է։
Անցած 26 անկախական տարիների փորձը ամեն մեկիս հարյուրավոր օրինակներով նկարագրել ու բացատրել է վիճակը, նշել դրա բոլոր մեծ ու փոքր պատասխանատուներին: Բայց և այդ փորձը երբևէ չի ընդհանրացվել ու դարձել շարքային մարդկանց անելիքի մեթոդական հիմք:
«Քայլը» հենց այդ անելիքն է հուշում՝ աբսուրդի վերհանմամբ, աբսուրդի գովերգմամբ ու աբսուրդ քայլերով իշխանականից մեկուսանալով նրան անլրջացնելն ու ներքնապես ապալեգիտիմացնելը:
Սովետ միությունը կործանվեց խոհանոցային անեկդոտի, իշխանությանն անլուրջ վերաբերվելու ու իրականությունից մարդկանց մեկուսացման արդյունքում. Հայկական խամաճիկային այս անլուրջ իշխանությունն ինչ է, որ դիմանա հանրային նմանատիպ համատարած վերաբերմունքի:
Այլ ազգերը, հետևելով արևմտյան ցուցումներին, գունավոր հեղափոխություններ էին անում: Մենք էլ, հետևելով մեր իսկ պատմական փորձին՝ հումորի, խեղկատակության ու աբսուրդի բացարձականացմամբ, միգուցե մեր ներքին հեղափոխությունն անենք ու վերջապես սանձենք իշխանություն դարձած մեր իսկ տականքին:
Թուրքերի հայտնի ասածվածքը՝ «Եթե չես կարող թշնամուդ ձեռքը կտրել, համբուրիր այն ու դիր գլխիդ», չբարձրաձայնած վերջաբան ունի՝ մինչև ուժ հավաքես ու կտրես այն:
Ներկայում մենք իշխանության ձեռքը համբուրողի դերում ենք, բայց հույսով, որ կտրելու ենք այն, միայն թե ոտքի կանգնենք:
Ի տարբերություն ընդդիմության և ժողովրդի, հայկական իշխանությունները միշտ էլ հետևողական ու բծախնդիր են եղել ժողովրդից իրենց շահերն ու դիրքերը պաշտպանելու հարցում:
Հիմա, երբ արդեն քաղաքական դաշտը ջնջխված, ավերված ու ըստ էության ամայացված է հենց բեսպրեդել զեղծարարության ու տգետ կառավարման արդյունքում, իշխանությունների նպատակն է մի վերջին անգամ ձևավորել արտաքին աշխարհի համար իբր լեգիտիմ իշխանություն: Դա իհարկե իրացվելու է ապրիլի 2-ին: Իշխանությունն ու անինքնասեր ընդդիմությունը ձեռք-ձեռքի տված խաղալու են այդ լկտի ու ազգակործան թատրոնը:
Բայց մեր խնդիրն է չտալ իշխանությանը ներքին լեգիտիմությունը՝ չմասնակցել, մերժել, բոյկոտել, ձեռք առնել, անլրջացնել այն: Որովհետև իշխանությունը ամուր է իր թվացյալ լրջությամբ:
Որևէ կասկած չկա, որ ընտրությունները կկեղծվեն, կկաշառվեն, կխաղացվեն ոնց եղել է միշտ: Բայց իմ հույսն է, որ «Քայլը» մարդկանց մեջ կյանքն ու հույսը կենդանի կպահի, մինչև «ազգային փրկիչներին» փոխարինելու կգան գիտակցական մի նոր մակարդակի հասած համեստ, շարքային քաղաքացիները: Նրանք, ովքեր իրենց իրավունքները կպաշտպանեն որպես տղամարդ ու սկզբունքային քաղաքացի, բայց ոչ որպես կուրծք ծեծող ֆիդային ու կեղծ ազգայնական:
25 տարի շարունակ մարդիկ դիմել, աղաչել, խնդրել են ախպերական-գողական սիստեմից, բարեհունչ ասած՝ իշխանություններից՝ հաշվի նստել վիճակի հետ, խղճալ ազգին, ժողովրդին, հային ու պետությունը:
Փաստացի մարդիկ սիստեմից պահանջել են անհնարինը՝ ինքնավերացումը: Բայց չեն հասկացել, որ իշխանությանը չեն խնդրում, այլ հասկացնում են՝ ամեն քայլափոխի դիմադրելով, սեփական շահը պաշտպանելով և կարգազանց իշխանավորին պատժելով:
Դեռ որ, «Քայլը» հենց դրան է տանում: Մեր խնդիրն է ժողովրդով հասկանալ անելիքը և գոնե ձեռք առնել այս խեղկատակ իշխանությանը: Իսկ թե ինչ կստացվի դրանից, հույս ունեմ մեծ դրականով իրագործված տեսնել մոտ ապագայում:
Հիշենք, որ անհատը կրթվում է, զարգանում, մասնագիտանում ու փոխվում: Իսկ ամբոխը մնում է նույն տգետն ու հիմարը դարեդար: Դրա համար, գիտակցաբար, ամբոխից դառնանք ինքնակամ անհատներ:
Հիշենք, որ մեր պրոբլեմը ներքին կոնֆլիկտից փախչելն է եղել դարեդար: Եվ որ հենց ներքին հակառակորդին զիջելով ենք հասել այս օրվան: Ազգովի ընդունենք կոնֆլիկտ-մարտահրավերը, բայց պայքարը վարենք ասիմետրիկ, այն տեղափոխելով մեզ հարմար ասպարեզներ՝ հումորի, անլրջացնելու, ձեռք առնելով, սատիրայով ու հումորով հակառակորդին զինաթափելու ասպարեզները:
Հիշենք, որ երբեք ուշ չէ հրեշի դեմն առնելը, ուղղակի ասիմետրիկորեն համապատասխան է պետք լինել հրեշի մեթոդականին և նախահարձակ:
Բարին ընդ երկիրը, պետությունն ու ազգը, և չարը՝ տականքին, սրիկային, «անասունին», կարգազանցին ու հրեշին: