Պրոբլեմի ճիշտ ձևակերպումը սկզբունքային կարևոր է լուծումը գտնելու համար։
Ալբերտ Այնշթայն
Մահը բոլոր պրոբլեմների հանգուցալուծումն է՝ չկա մարդը, չկա պրոբլեմը։
Ստալին
Իրականում ներկա Հայաստանը կանգնած է հենց այս երկու տարբերակներից մեկի քաղաքագիտական ընտրության առջև։ Դեռ որ պրոցեսներն ընթացել են համաձայն ստալինյան մոտեցան, բայց ինձ հետաքրքրում է, թե արդյոք կա լուծում Այնշթայնյան տրամաբանության շրջանակներում։
Պատասխանը ստանալու համար պետք է շարժվել հենց Այնշթայնյան տրամաբանությամբ՝ նախ պետք է փորձել հնարավորինս պարզ և համակողմանի ձևակերպել-տեսնել պրոբլեմը։
Իրոք, ո՞րն է մեր համար մեկ պրոբլեմը, երկրորդը, երրորդը, և այսպես շարունակ։
Նախ թվարկենք ակնհայտ պրոբլեմները, ապա փորձենք սիստեմատիզացնել դրանք՝ շարելով ըստ պատճառահետևանքային տրամաբանության և դրանից բխող լուծումային առաջնահերթության։
Որպես համար մեկ պրոբլեմ շատերը կնշեն ադրբեջանցիներին ու թուրքերին հարևան ունենալու մեր դժբախտությունը։
Հաջորդը՝ երևի գոնոցիդը, երկրաշարժը, դաժան պատմական-պետական պարտություններն են։
Մյուսը՝ երևի արտագաղթը։
4-րդը՝ ավերված տնտեսությունը։
5-ը՝ հեռանկարի բացակայությունը։
6-ը՝ մեզ հասած «անհաջող» քրեաօլիգարխիկ իշխանությունը։
7-ը՝ անկլավ վիճակին ոչ համապատասխան հանրային արժեքայինը։
8-ը՝ ժամանակակից աշխարհին ոչ համապատասխան հանրային պատկերացումներն իրականության մասին։
9-ը՝ քրեաօլիգարխիկ իշխանությունը վերահսկելու հանրային լծակների բացակայությունը։
10-ը՝ երկրի մասշտաբային և շուկայի փոքրությունը, որը յուրահատուկ պահանջներ է դնում երկրի զարգացման մեթոդաբանության վրա։
11-ը՝ մասնագետ կադրերի բացակայությունը։
12-ը՝ ռուսական գերազդեցությամբ պայմանավորված սուբյեկտային գաճաճությունը։
12-100՝ այլ։
Ակնհայտ է, որ թվարկված թուլությունների մեջ կան առաջնայինները և ածանցյալները։ Իսկ ինչպե՞ս որոշել գործոնի առաջնայնությունը։ Այ աստեղ է, որ հանրային ու անհատական կարծիքները տարամետվում են մինչև բացարձակ փոխադարձ մերժումը։
Ստորև ես կներկայացնեմ իմ դասակարգումը՝ հիմնված քաղաքակրթական պատմական փորձի վրա։ Համաձայն այդ մոտեցուների, բազիսային բյուրեղը, որը պետականության հիմքն է՝ հանրային արժեքայինն է։ Հենց արժեքայինն է, որ չգրված օրենքների համակարգով պարտադրում է ինչպես գրված օրենքների ինստիտուտը, այնպես էլ ըստ դրա՝ կառուցում է իշխանական ուղղահայացը, որն արդեն տեր է կանգնում և կառավարում պետության և ազգի առջև կանգնած մարտահրավերները։
Ցանկացած պետություն գոյություն ունի իրեն շրջապատող աշխարհքաղաքական միջավայրում, շնորհիվ միայն մեկ պայմանի՝ տվյալ պետությունը պետք է բավարար հավաքական գումարային ուժ և պոտենցիալներ ունենա հարևաններից պաշտպանվելու և նրանց խաղաղ գոյակցություն պարտադրելու։
Ես հատուկ շեշտել եմ պարտադրման պահը, որովհետև խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են և պարտադրում։
Ըստ որում, ոչ մի գերուժ չի կարող հարևանությանը սաստել նկրտումներից ձեռնպահ մնալու։ Եթե պետությունը թույլ է ինքնուրույն դիմակայելու, ապա նա կվերանա հարևանների հարվածներից՝ անկախ ռեգիոնալ մեծ տիրոջ կամքից։
Հայկական քաղաքագիտականում թյուր կարծիք կա, թե միայն ռուսական, կամ էլ հակառակը՝ արևմտյան բարեհաճությամբ Հայաստանը կարող է գոյություն ունենալ եղած հարևանության մեջ։ Ըստ որում, այդ թեզի ջատագովներ են եղել նաև բոլոր երեք նախագահները, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ պաշտոնեական անհամապատասխանություն-պատեհապաշտություն։ Նրանցից որևէ մեկը չէր հանդգնի նման տեսակետները որպես պետության գոյության ձև որդեգրել, կամ քարոզել, եթե մենք ազգովի քաղաքագիտական տարրականին ծանոթ լինեինք և համապատասխանաբար վարվեինք իշխանության կերտման գործերում։
Քանի որ, ըստ այս մոտեցման, մեր համար մեկ պրոբլեմը մեր թույլ հանրային արժեքայինն է, ապա պրոբլեմների հետագա դասակարգումը դառնում է անիմաստ։ Ես կարող եմ փորձել պրոբլեմներն իրար ետևից շարել, բայց դա անտրամաբանական կլինի, որովհետև եթե չկա իշխանություն կերտելու սուվերենության պահը, ապա մնացած ցանկացած խոսակցություն անիմաստ է։
Ավելի խորանալով հենց այդ հարցի մեջ, կարելի է վստահորեն պնդել, որ մենք համազգային բազմակողանի ու բազմաշերտ տետանուսի մեջ ենք հենց այդ պատճառով։
Ներկա քաղաքական մշակույթի սահմաններում մարդիկ որևէ ազդեցություն չունեն իշխանության վրա և նրա կազմման պրոցեսի վրա։
Իշխանություններն էլ, թքած ունենալով մարդկանց վրա, լծակներ չունեն պետության դեմ ծառացած պրոբլեմների լուծման համար։ Որովհետև ցանկացած պետության հիմնահարցերի լուծումն իրացվում է նրա քաղաքացիների միջոցով։ Եթե մեր իշխանությունները մեկուսացած են մարդկանցից և պատասխանտու չեն նրանց, ապա և լծակ չունեն մարդկանց միջոցով պետական որևէ հարց լուծելու։
Այս տետանուսն էլ բերում է սուբյեկտայնության կատաստրոֆիկ թուլության, որը նրանք փորձում են լրացնել արտաքին հովանավորության՝ մասնավորապես Ռուսաստանին վասալանալու և նրան սուբյեկտությունը զիջելու միջոցով։
Ռուսաստանն էլ, նման պայմաններում, Հայաստանը դիտում է որպես ռեգիոնալ հարցերի լուծման մանրադրամ և անհրաժեշտ պահին հայկական շահերը հեշտությամբ զիջելու է այլոց։
Այս վիճակից բխող հաջորդ տետանուսը ուժերի ներիշխանական բաշխման աբսուրդներն են։ Դրանցում բացարձակ քրեականներն ունեն ներկայացուցչական իրենց չափաբաժինները, քանի որ նրանց շնորհիվ է իրացվում հայկական ողջ խամաճիկային իրականությունը։ Այսինքն, ամբողջ իշխանական համակարգը խցանված, տետանուսային, քարկապ ընկած վիճակում է։ Վերևներում ոչ մեկը չի կարող այն կազմաքանդել, քանի որ դա կհանգեցնի ողջ համակարգի անկմանը։
Համաձայն կուտակված քաղաքագիտական-պատմական փորձի, ժամանակակից էֆեկտիվ ներհանրային ժողովրդավարության կառավարման կարևորագույն երկու նշանաբան- լծակներն են՝
1. անհատի կողմից իր իրավունքների գիտակցումը և գործնական անձնական ֆիզիկական պաշտպանությունը, և
2. անհատի ազատության գիտակցումը, համաձայն որի, նա պետք է ազատ և նույնիսկ պարտավորված զգա որպես քաղաքացի իրեն ոտնահարողին անձնապես պատժելու՝ հնարավոր բոլոր մեթոդներով։
Համաձայն հայաստանյան քաղաքական մշակույթի, սույն թեզերը կհամարվեն առնվազն վայրենություն, քանի որ տգետ մեծամեծերի կողմից ջահելությանը ներարկվել է, որ ժամանակակից ժողովրդավարական աշխարհը հիմնված է ինստիտուցիոնալ ժողովրդավարական օրենքների և իշխանական հակակշիռների վրա։ Ըստ այդ մոտեցումների, քաղաքացին ոչ թե պետք է անհատապես գործի, այլ դիմի իշխանություններին։ Մասնավորապես, անկախ արդարադատության որակից, պետք է դիմի իրավական համակարգին և աստիճանաբար հասնի իր իրավունքների իրագործանը՝ զուգահեռաբար կերտելով պակասող ժողովրդավարական ինստիտուտները։
Ցավոք սրտի, սույն դոգման է հենց ազգակործան հիմնարար մոլորությունը։
Թե պատմական և թե ժամանակակից պետությունը հիմնված է ոչ թե օրենքների, այլ պատժի անխուսափելիության վրա։ Եթե չի գործում պետական դատարանը, ապա անհատը պարտավոր է իր հարցերը, իր վրեժը լուծել անձնապես՝ պատժելով։
Այս մտքից սարսափած տեսաբաններին ու շարքայիններին հուշեմ, որ Արևմուտքում օրինականության ետևում կանգնած դատարանը առկա է զուտ մեկ պատճառով՝ նրա ետևում կանգնած է զինված անհատը, որը կպատժի անօրեն դատավորին։
Հարցրեք շվեյցարացուն, թե ինչ է ժողովրդավարությունը։ Նա նախ կզարմանա, ապա անհոգ կպատասխանի՝ ընտրությունները։ Իսկ եթե պնդեք, բա որ ընտրությունները կեղծվեն ու դատավորն էլ դա չտեսնելու տա՞։ Նա անվրդով կասի՝ բա իմ զենքն ինչի համար է։ Ես ինքս կգնդակահարեմ նման մեկին էլ, դատավորին էլ, որովհետև իմ ընտրական ձայնից գերագույն իրավունք ես չունեմ: Հենց իմ ձայնի շնորհիվ է, որ իմ ներկայացուցիչը իմ շահերն է պաշտպանում պետական որոշման ընդունման ատյաններում։
Ինչևէ, սա մի հարց է, որին հայ մարդն ունակ չէ տրամաբանորեն մոտենալու ու լուծելու։ Եվ դրա ապացույցները հազարավոր են ու ամեն քայլափոխի։
Դրա ապացույցը մեր լկտի ու քրեական կուսակցություններն են՝ ներառյալ նաև ընդդիմադիրները։ Դրա ապացույցը լկտի պաշտոնյաներն են, լկտի օլիգարխներն են ու իրենց սափրագլուխները, թաղային տականքը, մարդ ծեծող ոստիկանը, մեդալներ ու ատրճանակներ բաժանող նախագահներն ու վարչապետները, երկրից փախչող մարդիկ ու կործանվող երկրում իրենց հիմարի տեղ դրած ամեն կարգի իշխանավորները։
Այսինքն, ներկա պահին ես որևէ լուծում չեմ տեսնում հայկական որևէ հարցին՝ տնտեսության զարգացմանը, Ալիեւի հարձակումների դեմն առնելուն, ընտրություն չկեղծելուն, ընդդիմադիր «ազգափրկիչին» խելք հասկացնելուն։
Մենք ազգակործան դաժան տետանուսի մեջ ենք, և տեսանելի չէ այն օղակը, որը ջարդելով հնարավոր է որևէ բան փոխել մեր ճակատագրում։
Մարդիկ լծակներ չունեն ոչ միայն նախագահի, վարչապետի, կամ նրանց երրոդական օգնականների վրա, այլ նույնիսկ իրենց հարևան՝ տասներորդական կարգի մի սրիկայի վրա։ Ամբողջ համակարգն անձեռնմխելի է։ Եվ դա վերին իշխանական, գործակալական շանտաժի վրա հիմնված դրվածք-պահանջ է, որն առկա է բոլոր օղակներում։
Շատերը մեր կառավարումը բնորոշում են որպես բռնապետություն, կամ օլիգարխիա, կամ ոստիկանապետություն։ Հիմա ես այն կբնորոշեի որպես ունիվերսալ, բազմաչափ քաջնազարանոց, ուր ամեն մեկն իր շրջապատի քաջ նազարն է՝ իր ուստիանով, իր ճանճերով, իր «գյադեքով», իր տրեխներով ու իր թվացյալ վագրով։
Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական պրոցեսին, որի հետ կապված ես նախաձեռնել էի սույն հոդվածը, այն ամբողջովին Ալիեւի և Էրդողանի ձեռքում է։ Նրանք հետևողականորեն իրացնում են Հայաստանը հայից դատարկելու իրենց քաղաքականություն-խոստումը, որը չեն էլ քողարկում։ Դա հենց վերը նշված ռեգիոնալ այն քաղաքականությունն է, որը ոչ մի գերուժ չի կարող կանգնեցնել։
Եվ դա քողարկելն էլ իմաստ չունի։ Մի կողմից այն ազդակ է արտագաղթը խթանելու, իսկ մյուս կողմից էլ դա դիդակտիկա է՝ հայկական պետության չկայացածությունն ու իշխանական այրերի՝ իրարով քարկապ ընկած տետանուսը միջազգայնորեն հրապարակայնացնելու համար։
Գործը նույնիսկ հասավ նրան, որ Քաղաքացիական Ակտիվ Քայլը հայտնվեց քաղաքական հրապարակում: Ու հետո էլ, հանրային քաղաքագիտական տգիտությանն ընդառաջելով, Սերգեյ Դանիելյանը ստիպված եղավ հրապարակավ հայտնելու, որ լսեք, այ հումորազուրկներ, ես իմն արել եմ՝ ցույց եմ տվել թագավորի մերկությունը, ինձանից էլ ինչ եք ուզում։ Անող եք, սրանից հետո ինքներդ ձեր իմացած-հասկացածով արեք:
Սա մի չլսված, չտեսնված տրագիկոմեդիկ վերջաբան էր, որով փակվեց հայկական քաղաքական թատրոնի ամբողջ գարշելի բեմը։
Մեր քարշ գալու համար պարբերաբար զոհվող պատանիներն են մեղք։ Թող լույս իջնի նրանց շիրիմներին։