Ես կարծում եմ, որ Գենոցիդի պահին արդեն հայ մարդու խեղճությունն ու անճարակությունը խիստ ընդգծված է եղել, այլապես թուրքերն այդ քայլին չէին հանդգնի գնալ։
Գենոցիդի ընթացքում ծնվեց հայկական ազգային ամենաֆենոմենալ բլեֆը՝ Լաոյի զարթնելն ու նրանով փրկվելը։ Անձնական սխրանքի անընդունակ մարդիկ հասկացել էին, որ “ռեալ” փրկիչ չի լինելու, դրա համար հույսը մնացել էր օրորոցին։
Դժվար է՝ ասել, դա ապագայի հույս էր, վիճակի բացարձակ անհուսությունից բխող երազանք, թե ինքնախաբկանք։
Ինչևէ, հետգենոցիդյան տարիները ցույց տվեցին, որ Լաոյի արթնանալու ու առնական, պայքարող տղամարդ դառնալու գործը խրոխտ ու ներքին հակասականությամբ զայրացուցիչ երգից այն կողմ չգնաց։ (Նման ձևակերպումից վրդովվածներին հիշեցնեմ, որ երգը մարտերգ է, հետևաբար, երգողը ակնհայտորեն տղամարդ պետք է լինի։ Նույնիսկ հիմա էլ այդ երգը տղամարդիկ են երգում՝ հաստատակամորեն ու խրոխտ ոտքերը գետնին դոփելով։ Ինչքանո՞վ են համատեղելի օրորոցը, նրա հույսին մնացած ու թուրքից բողոքող առնական տղամարդն ու մարտերգը)։
Ղարաբաղյան պատերազմն էլ ֆիլտրեց, հայությունից տարավ 7000՝ «լաոյի բանաձևից» դուրս հասունացած ու ձևակերպված անձնազոհ տղամարդկանց։
Եվ մենք ազգովի մնացինք դեմ-հանդիման ֆեոդալ դարձած ասֆալտի տգետ ու անգրագետ ֆիդայիներին, օլիգարխ հորջորջված քրեականներին, մարդկայինից դուրս քաղաքական գործիչ-կեղեքիչներին։
Անցած առնվազն 20 ընդդիմադիր տարիներին որևէ տեսական միտք, գաղափարախոսություն, մեթոդական ու ծրագիր չմշակվեց, թե ի՞նչ անել սրանց դեմ։
Քանի որ իրական անելիքը որևէ կերպ չձևակերպվեց, ազգովի վերհիշեցինք ու նորից կյանք մտցրինք հույսը՝ Լաոյին, Սասունցի Դավթին, Նժդեհին՝ բոլոր իրական ու անիրական փրկիչներին։
Դրանով իսկ հանրային պատվերով կյանքի կոչեցինք կուրծք ծեծող իմիտացիոն ու կեղծ փրկիչների մի նոր շարքի։
Հանրային պահանջարկով հրապարակ լցված ներկա այդ փրկիչ, հերոսն ինչ որ առումներով խեղկատակային է՝ կանացի ձեռքերով, ծտի քաղաքական ուղեղով, կյանքում որևէ չոփ չտեղաշարժած, անպայման օրենքի ու սահմանադրության տառի պահանջով, անձնական կյանքում որևէ արդյունքի չհասած, և զարմանալիորեն՝ դիմացի իշխանական քրեականից մարդկայնություն հայցող։
Մենք ենք հանրայնորեն պատվիրել ու մենք էլ ճաշակում ենք այս դառն իրականությունն իր կեղծ ընտրություններով, կեղծ վիճակագրությամբ, կեղծ պաշտոնյաներով, կեղծ կուսակցություններով, կեղծ ընդդիմադիրներով ու ծնկի եկած ամբողջական երկիրը՝ կեղծ պետականությամբ։
Ոչ մի կերպ հարցերն անմիջական, անիմաստ, անոտուգլուխ շարժումներից այն կողմ չեն գնում։ Դրսևորման ռեժիմում են միայն կեղծերը, փաստացի, կամ էլ գործի բերումով փաստացի “հաճախորդները”։
Պետականություն ենք կորցնում, սակայն զբաղված ենք աբսուրդներով։ Առանց մազաչափ իսկ արդյունքի, մեկը տասներորդ անգամ պարտվող սահմանադրական ընտրություն է խաղում, մյուսը՝ արդարադատություն ու դատարան, մյուսը՝ քաղաքացիականություն, մյուսը այլախոհ դիսիդենտություն ռուսների դեմ, մյուսն էլ՝ հակառակ դիսիդենտություն, արևմուտքի դեմ։
Ու այդ ընթացքում էլ, ամեն նոր փրկիչ մեծ աղմուկով ու հրապարակայնությամբ գալիս է «փրկելու»։ Քիչ հետո հայտնվում է իր իսկ քայլերում ու ծրագրերում ակնհայտ բացթողումների ծուղակում ու դրա հետևանքով էլ՝ բանտում։
Դրանից հետո արդեն փրկության գործընթացը վեր է ածվում փրկիչին բանտից ազատելու պատեպատ թատրոնի ու իմիտացիայի։ Եվ փորձիր իմիտացիոն պրոցեսների մեջ ընկածներին ասել, թե հարգելիս, դու ոչ միայն իմիտացիայի մեջ ես, այլև դրանով երկրի ու մարդկանց ավերմանն ես մասնակցում՝ իսկույն օստրակիզմի կենթարկվես։
Բա լավ, ի՞նչ անել, ո՞րն է ելքը, եթե դեռ կա այդպիսին։
Այս հարցերը մենք մեզ տալիս ենք արդեն դարեդար, ու պատասխանողներին ոչ միայն չենք լսում, այլ բանի տեղ չենք դնում ու չենք էլ քննարկում նրանց տված պատասխանները։
Մեզ հատկանշական է ոչ թե արդյունք հետապնդելն ու նրան հասնելը, այլ պրոցեսային թատերականությունը, լացուկոծը, կուրծք ծեծելը, բողոքը։
Սա աշխարհայացքային, արժեքային դրվածք է, որը մարդուն զրկել է սուբյեկտությունից ու նրան սարքել լալկան, հայցող, խնդրող, աղերսող ոչնչություն։
Ասում ես, թե հարգելիներս, ես կարծում եմ, որ մենք էսպիսին ենք։ Եկեք բոլորովս իրար հետ քննարկենք, տեսնենք, թե մենք իրոք ինչպիսին ենք ու փորձենք ուղղել թերությունները։ Մի գուցե ես սխալ եմ, դուք եք ճիշտը, օբյեկտիվորեն մի միջին գտնենք, թե ինչպիսին ենք մենք, ու դրանից ելնելով մեր հնարավոր անելիքը հասկանանք։
Բայց պարզվում է, որ նման հարցադրման պահից իսկ սկսած, մեզանից ամեն ոք արդեն միայնակ է։ Մեկը կասի, թե դու ով եղար, որ «ազգիս» նման բան ասես։ Մյուսը կասի՝ թարգիր, մեկ է, անիմաստ է, էն մյուսը քեզ հաստատ ազգի դավաճան կհռչակի։
Եվ այսպես, ամեն անգամ հարցը ոչ կբարձրացվի, ոչ կքննարկվի ու ոչ էլ եզրակացությունների կհանգեցնի։ Ու մշտապես կունենաք պարբերականորեն հայտնվող կուրծք ծեծող նոր «փրկիչներ», նոր իրական բանտարկյալներ, նոր դատական պրոցեսներ, նոր կեղծված ընտրություններ։ Բայց արդեն չենք ունենա Հայաստանն ու հային։
Տեղին է մեջբերել դեռ սովետական ժամանակներից հայտնի մի անեկդոտ։ Գիտնականը բանանը կախում է լուսամփոփից ու սենյակ է բերում կապիկին: Կապիկը վերցնում է աթոռը, կանգնում վրան, պոկում բանանը՝ ուտում: Հետո ներս է կանչում ռուսին: Ռուսը սկսում է վեր թռչել, որ բռնի բանանը, չի ստացվում, սրտնեղած նստում է աթոռին:
Գիտնականը կողքից հուշում է՝ думать надо, думать надо. -Да шо там думать, прыгать надо.
Գիտնականը ներս է կանչում հային: Սա մի երկու պտույտ է տալիս սենյակով, պպզում անկյունում ու մտածում. – Մի հատ կազյոլ ըլներ, գար կզեր, մի հատ հարիֆ էլ գար հելներ դրա մեջքին կայներ, բանանը քաղեր, կլպեր, տար ուտեի՝ ախպեր: Կլեպներն էլ թող իրար մեջ -մեջ անեին համբալները:
Գիտնականը կարդում է սրա մտքերն ու ասում է:
-Արի ես կռանամ, դու էլ մեջքիս, քաղիր բանանը, կեր: Սա թե՝ արա կազյոլ, ուր ես վռազում, հեսա ոնց էլ ըլի, հարիֆը կգա, համբերի:
Թե ինքանով է այն տիպական ներկա հային, ընթերցողի դատելիքն է, բայց որ մենք իրոք “կազյոլի ու հարիֆի” հույսին ենք ազգովի, դա ճշմարտությունից հեռու չէ։
Մեզ պետք է, ի վերջո, մեկընդմիշտ համոզվել, որ անելիքը ամեն մեկինս է, բայց ոչ փրկիչինը, Սասնա Ծռերինը, “կազյոլինն ու հարիֆինը”։
Թող ամեն մեկն անի իր առջև ծառացած նույնիսկ ամենաննշանը, ինքը հաղթահարի իր դիմացի փոքր տականքին, ինքը դիմադրի, ինքը պայքարի, ինքը որոշի իր անելիքը, ինքն իրեն չկեղծի, ինքը չխաբնվի՝ ինքը, ինքը, ինքը։
Միայն դրանից հետո է, որ գոյություն չունեցող փրկիչի անելիք չի մնա, և երկիր ու պետություն կծնվի այս կործանվողի տեղում։