Ոստիկանները մեր այսօրվա օրն են որոշում, իսկ ուսուցիչները՝ վաղվա:
Չեմ հիշում, թե մեծերից ում միտքն է սա, բայց այն տպավորված է իմ ուղեղում որպես մեր իրականության ախտորոշիչ գույժ: Մեր դեպքում, ուսուցիչ ասելով, ես ի նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր սովորեցնում, գիտելիք են փոխանցում՝ թե երեխաներին և թե հասուն չիմացողներին: Իսկ ոստիկան ասելով էլ հասկանում եմ նրանց, ում իշխանությունը մահակ, վահան, ատրճանակ, գնդացիր, ջրցան, ռումբ ու մահաբեր այլ միջոցներ, «իրավունք», «դաբռո» ու վկայական է տվել՝ մարդկանց գլխին դրանք ճոճելու և կիրառելու:
Այո, այսօրվա մեր օրը հավաքական հայ ոստիկանն է որոշում, վաղվա օրն էլ՝ հավաքական հայ ուսուցիչը: Բայց «Սասնա ծռերի» հուլիսյան օրերից մեր ներկան ու ապագան որոշող այլ սուբյեկտներ էլ հպանցիկ հայտնվեցին հրապարակում՝
– Ծռերն իրենք,
– ոստիկանին դիմադրած Սարի թաղի ապստամբ ժողովուրդը,
– անօգնական, շիվարած, զայրացած ու վրդովվածշարքային հայը և
– վերը նշված երեք սուբյեկտների արանքում հայտնված հայ ընդդիմադիր լիդերությունը:
Ընդդիմադիր լիդերները, ինչպես և սպասվում էր, ավանդականորեն խոսեցին, երթ արեցին, բողոքեցին ու գնացին բանտ, որը հաջորդ փուլում՝ խորհրդարանական ընտրություններին, «հերոսականության» լուրջ հաղթաթուղթ է դառնալու պատգամավոր դառնալու ու նոր իշխանությունը լեգիտիմացնելու հարցերում:
Իրենց մասով հիմա այլ ասելիք չկա էլ՝ կգա ժամանակը, կտեսնենք, թե ինչն- ինչոց էր այսօրվա առումով: Բայց լուրջ ասելիք ու քննարկելիք կա ներհայկական քաղաքական տարածքի՝ ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր– Ազատության հրապարակի միտինգ – Սարի Թաղի ապստամբ ժողովուրդ, եռանկյան մասին՝ թե ով-ով էր ու ինչ էր անում:
Ազատության հրապարակն ինչ-որ առումով վեր է ածվել գանդիզմի մի փոքր մոդել-օրրանի: Ոստիկաններն առանց որևէ պատճառաբանման մարդկանց խոշտանգելով տանում են /հայերեն ասած՝ բերման են ենթարկում/, իսկ կողքիններն էլ, դիմադրել չկարողանալով, սպասում են իրենց հերթին:
Թե ինչով այս աբսուրդը կվերջանա, դժվար է ասել: Իշխանություններին թվացել է, թե դրանով իրենք կմարեն միտինգը: Բայց չեն հաշվարկել, որ տասն այդքան էլ կմեծացնեն ատելությունը իրենց ու ոստիկանության հանդեպ: Իշխանությունների համար ցուգցվանգային վիճակ է, որից լավագույն քայլերը ըստ շախմատի կանոնների չեն արվում, այլ ծուղակում հայտնված իշխանական ու ոստիկանական ոչ ադեկվատ ուղեղի:
Հետաքրքիր վիճակ է հրապարակում. եթե գանդիզմը շարունակվի, ապա իշխանությունները կանգնելու են կամ մեծ արյուն թափելու ու հավերժ որպես հայության դահիճ դիտվելու, կամ էլ անխուսափելիորեն ինքնափլուզվելու հրամայականի առջև:
Փոքր այլ էր պատկերը Սարի թաղում: Դեպքերի առաջին փուլում քիչ թե շատ ազատության ու ինքնուրույնության սովոր սարիթաղցիք քարկոծեցին չափն անցած ոստիկանին և ժամանակավոր հաղթանակ տարան: Բայց հաջորդ պատկերով, արդեն հարված ստացած ոստիկանը սթափվելով, վրեժը գողականով, բեսպրեդելով ու բանդիտիզմով լուծեց՝ թե դուք ով լինեք, որ մեզ դիմադրեք, դե հիմա կտեսնեք: Ու աշխատեց քստմնելիության ողջ արսենալը՝ ընդհուպ մինչև ընտանիքի ու մասնավոր տան պայթեցումը ռազմական հատուկ ռումբերով:
Ոստիկանին թվում է, թե ինքը հաղթեց: Իհարկե, այսօրվա կտրվածքով իբր հաղթեց: Բայց սարիթաղցիների դիմադրությունը հետանկախական պատմության մեջ հայության համար աննախադեպ մեծ օրինակ ու դաս եղավ, որը կլրացնի հայ հավաքական ուսուցչի չարածը՝ վաղը մարդկանց քաղաքական կամք դրսևորելու ու ատամ ցույց տալու հարցում:
Սասնա ծռերի նախաձեռնածը շարունակվում է որպես պրոցես և դեռ վաղ է վերջնական գնահատական տալը: Սկզբում գործում էին իրենք ու իշխանությունները, և այդ հակամարտությամբ կերտվում էր «նոր էպոսը»: Ծռերի հանձնվելուց և բանտարկվելուց հետո ամբողջ թիմով գործում են միայն իշխանությունները ու կերտում են հակաէպոսը:
Եվ նրանք դեռ ստորության ու անմարդկայնության շատ նոր էջեր են գրելու հակաէպոսում, որոնք գումարվելով հրապարակի անսպասելի միկրոմասշտաբային գանդիզմին, Սասնա ծռերի ու սարիթաղցիների հաղթական ոգուն ու կեցվածքին, իրենց կամքին հակառակ, նոր կյանք են տալու հայությանը:
Ժամանակին ռուսական մի հոյակապ անեկդոտ կար՝ մեկը գալիս է կրկեսի դիրեկտորի մոտ ու ասում, թե մի հանճարեղ համար ունեմ:
Ո՞րն է, հարցնում է դիրեկտորը:
Ասում է կեղտով լի մի մեծ տակառ եմ բերում արենայի կենտրոն, ապա թմբուկների արագացող զարկերի ներքո այն դանդաղ բարձրացվում է կրկեսի գմբեթի տակ:
Հետո-հետո՞,- հետաքրքրված հարցնում է դիրեկտորը:
Հետո հանդիսավոր լռություն է տիրում ու մեկ էլ տակառը բաց է թողնվում ներքև՝ արենան կեղտի մեջ է, հանդիսատեսը կեղտի մեջ է, իսկ ես շեփորների հզոր կանչի տակ, դուրս եմ գալիս սպիտակ կամզոլով:
Հիմա մերն է՝ հասցրել ենք աղտոտել ամեն ինչը և դեռ սպիտակ կամզոլի հավակնողներ էլ կան, որոնց թվում է, թե սպիտակ կամզոլներով ու հին ուղեղներով դեռ անելիք կա:
Հասել ենք թե համապարփակ կեղտին, և թե պետականության ու ազգայինի վերջին: Եվ դա պետք է հասկանան բոլորը՝ թե հավաքական ուսուցիչները, թե հավաքական ոստիկանները և թե կլանային ու ախպերական իշխանականները:
Նույնիսկ գլխավոր դատախազի ազատում-հրաժարականն էր խիստ հատկանշական: Որն էլ եղած լինի ֆանտաստիկ է՝ Լիսկային պաշտոնին վերականգնող նախագահը ազատել կամ համաձայնվել է Լիսկային արդարացնող դատախազի՝ այլևս դատախազ չլինելուն:
Լսած, պատկերացրած կայի՞նք նման բան:
Թվում էր թե դժոխքում էինք: Իսկ ինչպես գիտենք, դժոխքը ժամանակային կոորդինատ չունի: Ու մեկ էլ պարզվեց, որ ոչ, բացարձակ կանգ չէ՝ ինչ որ բան է փոխվում, շարժվում, առաջ գնում:
Ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկը մի ցնցող պատմություն է ներկայացրել
– Մասիվի շուկայի մոտ, կանգառ չհասած 2 ոստիկան էին կանգնած: Իրենցից մի 3-4 մետր հեռու մի տարեց կին, ծանր տոպրակներով, կարծես թե ոտքը ոլորվեց ու շատ փիս ընկավ: Ամենամոտը ոստիկաններն էին, նրանցից մեկը մոտեցավ, որ օգնի, կինը հրեց, լացակումած ասելով`- Չկպնես ինձ, սրիկա, լավ է մեռնեմ, քան քո օգնությամբ ապրեմ … Տխուր տեսարան էր:
Դաժան կարող է թվալ: Բայց ոչ, իրականությունը հազարապատիկ դաժան է՝ երբ մի փորալափով երկիրը աստիճանաբար հոշոտողը դա չի ընկալում, երբ պաշտոնյան դստերը կամ որդուն իրեն տեղակալ է նշանակում, երբ ոստիկանը երեխայի աչք է հանում:
Համատեղվել են մի շարք գործոններ՝ սարիթաղցիականությունը, գանդիզմը, ոստիկանին ատող-անիծող հայը, Սասնա ծռերի հանդեպ օբյեկտիվորեն դիրքավորվելու պահանջին դեմ առած իշխանավորը, ղարաբաղյան հարցին վերաբերմունք ու լուծում տալու հրամայականը:
Ալիեւը սպասեց, չհարձակվեց այս օրերին, որը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Բայց Պուտինի ու Ալիեվի մոտ սուբյեկտայնությունը կորցրած հայկական իշխանությունները հարձակվեցին հայի ու Հայաստանի վրա:
Մենք անդունդում էինք, բայց «Սասնա ծռերի» անսպասելի հերոսապատումով բարձրացանք սարիթաղի քաղաքացիական մակարդակ:
Թե վաղը կշարունակենք բարձրանալը, կամ նորից ետ, անդունդ կգլորվենք, կախված է հավաքական ուսուցիչների, հավաքական ոստիկանների, հավաքական իշխանավորների ու հավաքական հայի՝ ամեն մեկի, որպես անհատ՝ ինքնահաշվետվությունից, թե արդյոք մարդ է ինքը, թե սպանդի պատրաստ խոտակեր:
Խոտակերին անխուսափելիորեն գիշատիչն է հասնում ու կապ չունի, թե որտեղից կհայտնվի գիշատիչը։