Պատմաբանները երևի կասեն, թե երբևէ ինչ ներքին՝ քաղաքացիականի շարքին դասվող, պատերազմներ են եղել հայոց պատմության մեջ։ Բայց իմ՝ ոչ պատմաբանի դիտարկումով, ներկա հայության մեծ մասը գաղափար չունի քաղաքացիական պատերազմ ասածի էության մասին։
Չնայած ավագ սերնդի՝ լենինյան թեզերին ծանոթ լինելուն, պահն է ինքներս մեզ հարց տալու, թե ինչ է քաղաքացիական պատերազմը։
Հարցը լիարժեք նկարագրելու և հասկանալու համար նախ պետք է հասկանալ թե ինչ է պատերազմն առհասարակ և նոր դիտարկել քաղաքացիականը մասնավորապես։
Պատերազմը՝ որպես պետություն կազմավորված մարդ արարածի ներքին մղումն ու հարձակումն է՝ հարևանին թալանելու, նրա ունեցվածքին տիրանալու, նրան ստրկացնելու և շահագործելու միտումով։
Քանի որ պետությունը վերջին հաշվով սեփականություն է, ապա պետության սեփականատերը (թագավորը, օլիգարխիան, ժողովուրդը՝ կարևոր չէ) ձգտում է հեշտ ավարի` թույլիկ հարևանից հարստության նոր պատառի տիրանալուն ու այդ նպատակով գնում է պատերազմի։ Տիրացման ֆիզիկական պրոցեսն էլ հենց պատերազմն է։
Պատերազմի գնացողը գիտի, որ նաև կորուստներ է ունենալու, բայց նրա մեջ նվաճման բնազդը հաղթում է խեղճորեն գոյատևելու բնազդին։
Հանրության կողմից պատերազմի է ուղարկվում երիտասարդ զինվորը, որին ամեն ընտանիք տրամադրում է որպես պոտենցիալ զոհ՝ հանուն առավել բարեկեցիք ապագայի։
Հայությունը հոգեբանորեն պատրաստ չէ պատերազմի նման՝ հարձակողական բնութագրմանը, որովհետև վերջին դարերում մշտապես պարտվող կողմ լինելով, միշտ խուսափել է պատերազմից և այն դիտել է որպես միայն չարիք։ Հայության համար պատերազմը միայն պաշտպանություն է, և երբեք՝ հարձակում։
Ո՞րն է քաղաքացիական պատերազմը։
Քաղաքացիական պատերազմն էլ նույն հանրության ներսում դրության տեր դարձածների և դրության օբյեկտների (շահագործվողների) բախումն է՝ փոխադարձ հարաբերությունները վերաձևակերպելու վերաբերյալ։ Ճնշվածներն այլևս չեն դիմանում ճնշմանը և վեր են կենում հանուն ստրկությունից ազատագրվելու, գնում պատերազմի՝ զոհվելու, կամ մարդավարի ապրելու։
Եթե զուգահեռներ տանենք, ապա կտեսնենք, որ խորքային առումով.
1. քաղաքացիական պատերազմը ևս սեփականության տիրապետման հարց է։
2. քաղաքացիական պատերազմը ևս, որպես պոտենցիալ զոհ, զինվոր, պայքարող, կռվող տրամադրելու-կամավորվելու և ավելի բարեկեցիկ ապագայի ակնկալիք ունենալու հարց է։
3. քաղաքացիական պատերազմը ևս թշնամու և յուրայինի հարց է։
4. քաղաքացիական պատերազմը ևս զենքով հարցերը լուծելու ասպարեզ է։
5. ի տարբերություն միջպետական պատերազմի, քաղաքացիական պատերազմը նաև մարդու արժանապատվության ու մարդու իրավունքների հարց է, արդարության և մարդկային զարգացման հարց՝ որովհետև երբևէ ստրկությունը առաջընթացի չի կարող տանել, մարդու մեջ մարդկայինը խթանել ու նորը կերտել։
Որպես կանոն, ներսում մարդկանց ստրկացման տանելու առավել հակում ունեն արտաքին հարաբերություններում թույլ, իրենցից որևէ մի բան չներայակացող իշխանություններն ու բռնապետերը։
Ստրկությունից մարդկությունը ձերբազատվել է դեռևս 2000 տարի առաջ և անցել առավել զարգացած կենսակերպերի։ Եւ մեծ առումով քաղաքացիական պայքարը դա պայքար է հենց ստրկության ու շահագործման դեմ։
Քաղաքացիական պատերազմում թշնամիներ են հանրությունն ու իշխանությունը։ Հասկանալու և կողմնորոշվելու համար քաղաքացիական պատերազմում կողմերի դիրքերի միջև, նախ պետք է պարզել, թե որն է արտաքին ու ներքին թշնամու տարբերությունը մեր դարում։
Արտաքին թշնամուց պաշտպանությունը ենթադրում է պաշտպանական ցանկացած միջոց՝ ընդհուպ մինչև ամենահզոր միջոցների ու նույնիսկ միջուկային զենքի կիրառումը։
Իսկ որն է զինված բախման թույլատրելիի սահմանը քաղաքացիականում։ Արդյոք մարդն իրավունք ունի իր իշխանությունների դեմ գնալ նույն արսենալով։
Ըստ միջազգային ներկա պայմանավորվածությունների, մերժվում է թալանի նպատակով իրացվող արտաքին պատերազմը և մերժվում է մարդու նսեմացումն ու որևէ դիտավորությամբ շահագործումը պետության ներսում։
Եթե դրժվում են այս պահանջները, ապա ճնշող, ստրկացնող կողմը դիվում է որպես ագրեսոր, և պաշտպանվողը պետք է ստանա ամեն կարգի ռազմական ու բարոյական աջակցություն՝ թե մարդկությունից և թե երկրի ներսում՝ իրենց մարդ համարողներից։
Եւ բացի այդ էլ՝ իրավունք՝ իշխանությունների դեմ օգտագործելու իրեն հասու բոլոր հնարավոր ռազմական միջոցները։
Կոնկրետ բախման մակարդակի հարցը կողմերի հայեցողության ներքո է։ Արդեն 20 տարի է հայկական իշխանությունները մարդկանց դեմ օգտագործում են ընտրական կեղծիքից, կրոնավորների ու մտավորականների աջակցությունից սկսած մինչև ծանր ռազմատեխնիկան։
Ժողովուրդը երբևէ, մինչև հիմա, ուժ կիրառած չկա։ Ավելին, քաղաքացիական պատերազմի իրավունքի տեսական հարցն է մեջտեղից հանված կեղծ թեզով՝ թե դուք եղբայրասպա՞ն եք։
Իրականում, եղբայրությունը փոխադարձ է՝ հնարավոր չէ, որ մի եղբայրը մյուսին ստրկացնի ու դիմացինի առարկության դեպքում էլ մեղադրի, թե բա դու իմ եղբայրը չե՞ս:
Քաղաքացիական պատերազմը հետևանք է, որի դեմն առնել է պետք մինչև նրա սկսելը՝ առօրյա կյանքում, ամեն քայլափոխի իշխանություններին պարտադրելով «նորմալություն», որովհետև նախահարձակ կողմը իշխանություններն են։
Բայց եթե հարցը հասել է ոսկորին, ապա զինված ապստաբությունը, քաղաքացիական պատերազմը մարդու իրավունք է, որը ոչ ոք չի կարող մերժել։ Խնդիրն է, թե ինչպիսին պետք է լինի մարդկանց վերաբերմունքը պատերազմող կողմերին։
Տեսականորեն և գործնականում, արտաքին և ներքին թշնամին նույնական են։ Ավելին, վերջին տարիների արևմտյան արտաքին միջամտությունների մեծ մասն իրացվել է հենց ներքին սրիկային, մարդկանց հալածողին պատժելու միտումով։ (Թե որքանով է դա մարդասիրական, այլ ոչ ռազմաստրատեգիական և աշխարհքաղաքական-շահային եղել, այլ հարց է, բայց գոնե ամերիկյան կոնգրեսում պատերազմի գնալու թույլտվությունը մշտապես տրվել է՝ իբր հենց հակամարդկայնության դեմ պայքարելու պատրվակով)։
Այսինքն ներկա մարդկությունն ընդունում է բռնակալի, շահագործողի դեմ զենքով ու հնարավոր ամեն միջոցով գնալու իրավունքը։
Երկու երկրների միջև ընթացող պատերազմի դեպքում հնարավոր է ամեն տեսակի արտաքին միջնորդություն, որը պայմանավորված է ռեգիոնալ այլ խաղացողների և գերուժերի շահերով։ Ըստ որում, միջնորդը միջամտում է իր շահերից ելնելով և կողմերին ներկայացնում է իր տեսակետները, որը հաշվի չառնելու դեպքում սպառնում է իր հետևանքներով։
Իսկ բարի կամքի միջնորդները, որպես կանոն, բուտաֆորիաներ են, որի վրա ուշադրություն դարձնող չկա։
Արտաքին պետական սուբյեկտների միջնորդությունն իմաստալից է նաև քաղաքացիական պատերազմի դեպքում՝ նորից նույն, սեփական շահերի սպասարկման միտումով։
Բայց աբսուրդային է ներհանրային, անձնական միջնորդությունը, երբ ինչ որ մարդիկ փորձում են միջնորդություն անել իշխողների ու ստրկացածների միջև։
Միջնորդը կամ հեղինակություն պետք է ունենա, կամ ուժ՝ սաստելու համար երկու կոնֆլիկտող կողմերին էլ։
Ի՞նչ հեղինակության կամ ուժի մասին կարող է խոսք լինել ներքին հարցերում, ուր առաջնայինը սկզբունքայնությունն է ու քաղաքացիականությունը։ Ով կարող է լինել այն միջնորդը, որը ուժ կամ հեղինակություն ունի իշխանությունների հանդեպ։ Եթե այդպիսիք եղած լինեին, իշխանությունը նախապես ազդված կլիներ և գործը հասցրած չէր լինի ստրկության այն աստիճանի, երբ մարդը գնում է ինքնազոհության։
Իսկ արդեն սկսված բախման դեպքում առավել ևս չկան այդպիսի մարդիկ, ու չեն էլ կարող լինել։ Որովհետև հեղինակություն ունեցող մարդը պետք է նաև սկզբունքայնություն ունենա իր մեջ և դիրքավորվի կամ իշխանականում, կամ էլ հակառակ ճամբարում։
Ասվածի լույսի ներքո եզրափակեմ հետևյալով՝ ներկա պահին միջնորդություն անելու իրավունք ոչ մեկը չունի։ Ուզու՞մ եք հանգուցալուծում, մի կողմ դրեք ինքնախաբեությունը, հետին մտքերը, կամ որևէ կողմին հաճոյանալու քստմնելիությունը և պարզ երեսով գործեք։ Գտնում եք, որ իշխանություններն են ճիշտ՝ մտեք իշխանական ճամբար։ Գտնում եք որ ապստամբներն են ճիշտ, իրենց սատարեք։
Բայց հանդես գալ դատավորի կամ Աստծո դերում, այն էլ նման որակների դեպքում, վայել չէ՝ ըստ որում ոչ միայն մտավորականներին, կամ կրոնավորներին, այլև կուրծք ծեծող կուսակցականներին: