Ընտրությամբ իշխանություն ձևավորելու պայմաններում քաղաքական ու քաղաքացիական վիճակի պատասխանատուն ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմությունը։ Որովհետև կեղծում են, խաբում են, թալանում են, հոշոտում են՝ երբ դիմացինը թույլիկ է, անարժանապատիվ է, փալաս է՝ անկախ հրապարակում եղած ճշմարտությունից։
Անցյալ 25 անկախ տարիների կենսափորձն ու իշխանական վարքը բացարձակ ճշգրտությամբ ցույց են տալիս, որ իշխանություններն ընտրություններին «ինչքան ուզում՝ էնքան խփում են»: Միջընտրական ընթացիկ կյանքում էլ ինչքան բեսպրեդել ու թալան ուզում՝ էնքան անում են:
Չեմ կարծում, թե Հայաստանում կա ողջախոհ մեկը, որը հակառակը կպնդի: Բայց արի ու տես, որ հենց ընդդիմությունն է, որը հակառակ կարծիքի է, քանի որ անտեսելով ակնհայտ վախճանը, պարբերաբար մասնակցում է նախապես բացարձակորեն «խփվող» ընտրություններին, պարտվում, լեգիտիմացնում իշխանություններին ու հաջորդ ընտրական շրջանին առավել «հերոսացած» մտնում նորից «խփվելու»:
Հիմա նորից «խփվելու» փուլ է, և խփվել ցանկացողների պակաս չկա: Այս եղկելի թատրոնը մարդկանց վեջը չէր լինի, եթե ամեն խփվելուց հետո հայոց պետականությունը առավել չգլորվեր դեպի չգոյության անդունդը:
Իշխանության վրա ուժներս չի պատում, իսկ ընդդիմության հետ էլ խոսելու հնարավորությունը չկա՝ մարդիկ անականջ են՝ անաչք ու անքիթ: Որովհետև աչք ու ականջ չունեցողը գոնե քթածակը կաշխատեցներ:
Դեռ 15-20 տարի առաջ ընդդիմադիր կեցվածքի մարդիկ հասկացան, որ իշխանությունների հետ որևէ հույս կապել պետք չէ՝ նրանք իրենց շահի համար պատրաստ են երկիրը տանելու կործանման: Հիմա էլ շատերը հասկացել են, որ ընդդիմության հետ հույսեր կապել պետք չէ՝ նրանք էլ են նույն գործին, բայց շատ ավելի փոքր ախորժակի պահանջով:
Իսկ ո՞րն է ելքը նրանց համար, ովքեր դեռ հույս ունեն պետականությունը փրկելու: «Փրկել» բառը մեծ ամբիցիոզություն ունի իր մեջ, և ես միշտ խուսափել եմ այդ բառի օգտագործումից: Բայց այս պահին այլ հոմանիշ ուղղակի չեմ գտնում:
Նախ գնահատենք եղածը:
1. Անցյալի փորձը ցույց տվեց, որ մենք որպես քաղաքացիներ կազմակերպված չենք՝ որոշել ու միասնականորեն մի բան անելը մեզանում համարյա թե անհնար է: Շատ էինք խոսում գանդիզմից: Բայց պարզվեց, որ մեր բանը չէ՝ համ ընդունակ չենք դրան, համ էլ մեր դեպքում հակառակորդը ոչ թե քաղաքակիրթ անգլիացին է, այլ սեփական իշխանավորն է՝ մեկիս բարեկամը, մյուսիս՝ ընկերը, էն մեկիս՝ խնամին: Նման հակառակորդի դեմ ի՞նչ գանդիզմ՝ խաթրով կհոշոտվես, բայց չես հակառակվի:
2. 25 տարվա ընթացքում ընդդիմադիր որևէ պառլամենտական կուսակցություն ունակ չեղավ գոնե մեկ հարցում հակազդելու իշխանություններին և իր կարծիքն ու լուծումն առաջ տանելու: Իշխանությունները որդեգրել են ոչ մի քայլ զիջմամբ մարդուն ու երկիրը հոշոտելու մարտավարությունը: Սկզբնապես այդ դաժան մեթոդաբանությունը արդյունք էր իբր խորհրդայինը արմատապես տապալելու պահանջի: Բայց աստիճանաբար, զուգորդվելով իշխանականի ու իշխանամերձերի քրեական բեսպրեդելի ու թալանի հետ, այն դարձավ անխուսափելի գործելաոճ:
Իրոք, ինչպես զիջի իշխանությունը, եթե ցանկացած զիջման հետևանքով կքչանա թալանը, հնարավոր է զոհաբերվի մի հանցագործ էլ, և դրանով իսկ կվտանգվի իշխանական շարքերի կուռությունը: Եվ քանի գնա, այնքան իշխանական դաժանությունն ու բեսպրեդելն ավելանալու է, որովհետև դա է պահանջում ներիշխանական քրեական փոխկապակցվածությունը:
3. Մի քանի տարի առաջ հրապարակ եկած հույսը, թե ստվերային կառավարություն է հնարավոր ստեղծել և դրանով խարխլել իշխանական հիմքերը, պարզվեց որ սին է, որովհետև մեզանում լուրջ դեմքերի խիստ պակաս կա: Անոմիկ վիճակ է, «գաճաճ» ենք բոլորս: Հավակնոտ, կամային, խարիզմատիկ մասշտաբային մարդ մեզանում ուղղակի գոյություն չունի:
4. Նոր սահմանդրությամբ ընտրությունները վեր են ածվելու տեղային պրոցեսի, որում հիմնական ինտրիգը ծանոթին մերժել-չմերժելու հարցն է լինելու: Իրոք, տեղերում ո՞վ կհամարձակվի թաղ նայող կամ հարց լուծող ճիվաղին մերժել՝ գործից կհեռացնի, տունը ձեռից կառնի, հնարավոր ու անհնար ամեն սրիկայություն կանի: Ներկա հայ ճիվաղը աննկարագրելի ստորությունների է ընդունակ, և մարդիկ դա գիտեն:
Ելնելով այս 4 կետերի տրամաբանությունից, ընդդիմությունը հասկանում է, որ ինքը իշխանությունների դեմ հաղթանակի շանս չունի, բայց և ակնկալում է իշխանությունների կողմից ընդդիմությանը տրվող լեգիտիմացման փրկագնին՝ մի քանի պառլամենտական տեղերին:
Այսինքն, հաջորդ փուլում, առանց նախորդ պարտությունների սցենարի տառի իսկ փոփոխության, ընդդիմադիրները նախապես պառլամենտական հերոսության թատրոններ կբեմադրեն, կուսակցական երթեր ու այցեր կանեն, մարդկանց կհամոզեն, թե «էս անգամ ուրիշ է լինելու», քարշ կտան ընտրատեղամասեր ու գլուխ կբերեն հաջորդ իշխանական լեգիտիմությունը ևս:
Ինչևէ, ո՞րն է այն անելիքը, որը դեռ որ տրամաբանություն ու ինչ որ շանս ունի իր մեջ:
Իմ կարծիքով, միակ ճանապարհը դա մարդկանց կողմից իշխանության ու պառլամենտական ընդդիմության դելեգիտիմացիան է, որը պետք է սկսվի ընտրությունների բոյկոտով ու շարունակվի հետագա մեկուսացմամբ իշխանություններից:
Մարդիկ, ովքեր կարող են, ունեն բավարար կամք, ֆիզիկական ու ֆինանսական ազատություն, պետք է իրենց նեղ շրջապատում այսօրվանից սկսեն համոզել իրենց ծանոթներին՝ բոյկոտելու առաջիկա ընտրությունները: Համազգային քննարկման հիմնական առարկա պետք է դառնա ընդդիմադիրների ոչ ադեկվատությունը և նրանց ընտրությունների մասնակցության դեպքում որպես հետևանք՝ երկրի կործանումը:
Պրոցեսում, շատ շուտով, կուտակվող հասարակական կարծիքի ուժով, կուսակցական շարքերը լիդերներից կսկսեն հաշիվ պահանջել, թե ի՞նչ ակնկալիքով ու իրավունքով են նրանք այս անգամ ևս, սպասվելիք պարտության պարագայում, նորից իրենց ու մարդկանց մղում ընտրությունների:
Ինչի՞ կհանգեցնի նման մարտավարությունը: Եթե խոսակցությունը քիչ թե շատ մասշտաբային ծավալվի, չզիջվի քաղքենիական կարծիքին, թե «մեկ է, իրենց ուզածն են անելու», ապա մոտակա մի քանի ամսվա ընթացքում կուսակցական լիդերները ևս կհրաժարվեն մասնակցությունից: Կգոյանա բավական մեծ բոյկոտող հանրային հատված, որին շանտաժելն այլևս իշխանամետ ճիվաղին հեշտ չի լինելու:
Եվ եթե բարեկամական-ընկերական տականքի շանտաժը չլինի ասպարեզում, ապա ընտրություններին 10-20 տոկոսանոց իշխանամետ հատվածի, բանակի ու ոստիկանության քվեարկությունը բավարար չի լինելու հրապարակային լեգիտիմացման համար: Իհարկե, այս անգամ ևս իշխանությունները կքվեարկեն բացակա մեկ միլիոն հայության անունից: Բայց եթե իրոք կայանա բոյկոտը, մանավանդ ակտիվ բոյկոտը, երբ մարդիկ ընտրատեղամասերի առջև գրանցեն ներս մտնող մարդկանց քանակը, ապա պարզ կդառնա բոլորին, որ ընտրությունները իրոք կեղծված են:
Իսկ որպես հիմնական արդյունքը կլինի այն, որ շարքային քաղաքացին առաջին անգամ ցույց կտա իշխանություններին, որ ինքն այլևս սուբյեկտ է, «թքած ունի» ընտրություն կոչված կեղծիքի վրա, ինքն է իր տերը, և ինքն է այլևս հոգալու իր ապագան:
Կարճամիտ մարդիկ կասեն, թե իշխանությունների ուզածն էլ հենց դա է, որ մարդիկ չմասնակցեն, և ինքը կեղծի-խփի ոնց կուզի:
Ոչ, այդպես չէ: Իշխանությունները գոյություն ունեն միջազգային լեգիտիմության ու դրա միջոցով մարդկանց վրա իշխանություն ունենալու՝ արգելելու, Ոչ ասելու շնորհիվ: Եթե բոյկոտի արդյունքում միջազգայնորեն նրանք այլևս լեգիտիմ չեն, իսկ քաղաքացին էլ մեկուսացած է իշխանությունից, նրա Ոչ-ի օբյեկտը չէ, ու հասկանում է, որ նրանցից այլևս խնդրելիք չունի, ապա վերանում է նաև իշխանական ուժն ու ազդեցությունը կյանքի վրա:
Իհարկե, ներսում որոշ ժամանակ դեռ կշարունակեն տուգանելը, թալանելն ու բանտարկելը: Բայց արտաքին ու ներքին մեկուսացման պայմաններում իշխանավորների մոտ ապագայի հույսերը կսկեն մարել, ու իշխանությունը կսկսի ներքուստ փլուզվել՝ թալանի աղբյուրների նվազման ու ոչ գրավիչ լինելու պատճառով:
Թե ովքեր կգան հաջորդ փուլում այդ փլուզված իշխանությունը վերցնելու, դա արդեն բոյկոտը կազմակերպած ընդդիմության խնդիրն է: Կուսակցություններում բոյկոտով խթանված ներքին նոր կարգ ու կանոնի ներդրման շնորհիվ թե լիդերների մոտեցումներն այլ կլինեն, և թե աճած կլինեն արժանավոր նոր, երկրորդ սերնդի առաջնորդներ:
Ամեն դեպքում, իշխանություններից մեկուսացած և ինքնուրույն, արդեն քաղաքացի դարձած մարդը քաղաքագիտական այլ մակարդակ ու վարքի որակներ կունենա, որոնք պետականամետ են և մարդամետ:
Մենք մշտապես պարտվել ենք մեր տականքին, որովհետև փորձել ենք ճակատային մարտում հաղթել նրան: Կյանքը ցույց տվեց, որ ի տարբերություն շատ այլ ազգերի, մենք ճակատային պայքարի անընդունակ ենք: Հետևաբար, պետք է վերջ տալ այդ կործանարար վարքին և սեփական տականքի հետ հարաբերվել այլ հարթություններում՝ այնտեղ, ուր տականքն անզոր է: Գանդիզմը հաղթեց աշխարհակալ գերտերությանը երկու պատճառով:
1. Եվ լիդերները, և շարքային մարդիկ հասկացան, որ ճակատային պայքարում նրանք մշտապես պարտվելու են, և հաղթելու համար պետք է սկզբունքորեն փոխել պայքարի մեթոդաբանությունը:
2. Եվ լիդերները, և շարքային մարդիկ հավատացին առաջարկվող նոր պայքարի մեթոդական հզորությանը և ներգրավվեցին այդ գործին:
Մենք այսօր կանգնած ենք նույնանման խնդրի առջև՝ հասկանալ եղածը, Ճակատային պայքարի փոխարեն մտածել ասիմետրիկ պայքարի նոր ձևեր, հավատալ դրանց, և հնարավոր մեծ ներգրավմամբ անցնել պայքարի այդ ձևին/ձևերին:
Ի վերջո, նայենք մեր դեմ կանգնած իշխանական խեղկատակներին՝ մենք իրոք արժանի չենք այդ «որակին»:
Մի քանի տարի անց Հայաստանը կլինի այնքան ու այնպիսին, ինչպիսին կուզենա ու կողքինին կպարտադրի այսօրվա շարքային հայը։ Եվ Հայաստանը կարող է չլինել էլ, եթե ընդդիմադիր լիդերներն իրենց մի քանի մանդատի համար հաղթեն շարքային հային:
Իմիտացիաների ժամանակները վաղուց անցած են: Անելիքը բոլորինս է՝ ըստ որում միայն ասիմետրիկ պայքարում: