Փաստենք, որ Հայաստանը որպես «պետականություն» դեմ է առել բազմաթիվ կոնցեպտուալ փակուղիների, որոնց հաղթահարումը նախ պահանջում է խորը տեսական գիտելիքներ, և ապա, գիտելիքի հիման վրա՝ նոր խիստ որոշակի գործնական քայլեր:
Ես հատուկ շեշտել եմ ոչ թե պետությունը, այլ պետականությունը, որովհետև պետությունն արդեն իսկ ենթադրում է պետականության սկզբունքների և հիմքերի առկայություն: Իսկ մեզանում բացակայում են պետականության հիմքերն ու դրվածքները, առանց որոնց պետություն չի կարող կայանալ:
Քաղաքագիտությունը պնդում է, որ պետականության առաջնային հիմքը սուբյեկտային անհատն է: Նույնիսկ բռնապետության պայմաններում առկա է գոնե մեկ գերագույն սուբյեկտ՝ բռնապետը: «Ժողովրդավար» երկրներում բոլոր քաղաքացիներն են սուբյեկտային՝ գոնե իշխանությունը ձևավորելու հարցում:
Նրանք ընտրում են, և ըստ ձայների իշխանություն ուղարկում իրենց ներկայացուցչին: Ես ժողովրդավարը հատուկ եմ վերցրել չակերտների մեջ, որովհետև կախված ընտրությունների իրացման սկզբունքներից, նրանց մաքրությունից ու որակից, պրոցեսը կարող է լինել իրոք քաղաքացիների կամարտահայտման պրոցես, և կարող է լինել բացարձակ խեղկատակություն, ինչպիսին մեզ մոտ է արդեն 22 տարի:
Նոր խոսակցություններ կան, որ միջազգային հանրության հետ համատեղ կառավարությունը նախապատրաստել է ընտրությունների ժամանակ հանրային վերահսկողության մեխանիզմների առաջարկներ և պատրաստ է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել այդ հարցով: Լավ, ենթադրենք, թե այս անգամ իշխանություններն իրոք «նեղն են» և պատրաստ են ամենաանհավանական զիջումների:
Ասենք պատրաստ են ընտրացուցակները մաքրել, դրանք նախապես հրապարակել, թաղի լակոտներին զսպաշապիկներ հագցնել, ոստիկաններին դուբինկաների փոխարեն վարդեր տալ ու ուղարկել ընտրատեղամասեր՝ մարդկանց նվիրելու:
Ենթադրեցի՞նք: Դե հիմա եկեք տեսնենք, թե մեզանից քանիսը կհավատա այս երանելի աբսուրդին: Իմ կարծիքով, մի քանի հիվանդագին լավատես, ոչ ավել: Որովհետև մենք ունենք 22 տարիների ամենալկտի կեղծիքներն անելու փորձը, դրանք վավերացնելու սահմանադրական դատարանի հետևողական «համառությունը», կրկնահանցագործին նորից նույն պաշտոնին նշանակելու՝ մարդկության պատմության մեջ աննախադեպ «քաջությունը», բացարձակ տգետներին «գեներալ» կարգելու աննման ավանդույթը:
Մենք բոլորս էլ անցել ենք և հրով, և ջրով, և սիրենաների միջով, և եթե նորից պետք է խաբվենք, կամ ձևացնենք, թե չենք խաբվում, ապա այս անգամ իրոք ամոթ է ոչ թե խաբողին, այլ մեզ:
Հայաստանում առկա է սինթետիկ իշխանական կառույց: Ինչ որ առումներով այն ոստիկանապետություն է, ինչ որ առումներով օխլոկրատիա է (խուժանապետություն), ինչ որ առումներով բռնապետություն է, ինչ որ առումներով` անարխիա, բայց բոլոր առումներով այն կակիստոկրատիա է (անարժանների իշխանություն):
Այ այսպիսի ոչ կուռ, բայց անվերջ էլաստիկ ու լպրծուն կառույցի վերարտադրությունն ընտրություններով կասեցնելու մասին է խոսքը: Հաշիվ տանք մեզ, որ մեր խնդիրը ոչ թե ընտրությունների պահին կեղծիքի դեմն առնելու մեջ է, այլ ընտրություններից շատ առաջ, հանրային կյանքում կեղծիքը բացառելու մեջ է:
Եթե հանրությունը պատրաստ չէ ընտրազեղծարարին իր ձեռքերով լինչի դատաստանի ենթարկելու (իսկ դա իրոք այդպես է), ապա ամենամաքուր ընտրություններն էլ ինչ որ մի ատյանում կկեղծվեն: Ընտրատեղամասում չի լինի դա, կոմպյուտերի մեջ կլինի: Կոմպյուտերի մեջ չլինի, ճանապարհին կլինի: Ճանապարհին չի լինի՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կլինի: Կենտրոնականում չլինի՝ սահմանադրական դատարանում կլինի: Սահմանադրականում չլինի՝ մի կարևոր մեկի առանձնատան բակում՝ «թուր ու թվանքով» կլինի:
Խնդիրն այդ բոլոր հարթակներում իր կամքը թելադրող մարդ-քաղաքացու բացակայությունն է: Նույնիսկ ավելի խորքային է՝ իրականում ոչ թե քաղաքացու, այլ նման քաղաքացի ունենալու արժեքայինի բացակայությունն է:
Եթե նման արժեքայինը լինի, ապա նախ զեղծարարը կիմանա, որ իր ձեռքը բռնող այդպիսի մարդն իրոք կա, և հազար անգամ կմտածի մինչև հրեշության գնալը: Ու նաև քաղաքացին կիմանա, որ ինքը միայնակ չէ, որ իր hետևում են հազավորներն ու հարյուր հազարավորները, և ինքը ոչ թե կոչված է զեղծարարի դեմն առնելու, այլ ուղղակի պարտավոր է դա անել որպես շարքային մարդ: Այդ մարդը չկա, բայց զեղծարարները մեզանում հազարներով են:
Կուսակցականները խոսում են, թե 6000 հոգի կտանեն պահակ կկանգնեցնեն զեղծարարի դեմ: 6000 պետք չէ, դուք 6 հոգի կին ու երեխա ծեծող ոստիկանի դեմ կանգնեցրեք, 60 հոգի անմեղին դատող դատավորի դեմ կանգնեցրեք, 600 հոգի՝ մարդակեր գեներալների դեմ կանգնեցրեք:
Ես կասեի, որ նույնիսկ այդ 6-ը, 60-ն ու 600-ն էլ պետք չեն, ինքներդ միայնակ ամեն մեկդ քաջություն ունեցեք ձեր բարեկամ որևէ պաշտոնյային, թաղային կամ փողոցային «հեղինակությանը» տեղում, որևէ սրիկայության համար ապտակել:
Հլա մի հաշվեք, ասենք հազար ընդդիմադիր կուսակցական ու հազար ապտակ ստացած պնակալեզ: Հեքիաթային է, անիրական է, չէ՞: Բա եթե դուք ի վիճակի չեք նույնիսկ մեկ ապտակի, ինչու է ձեզ թվում, թե 6000-ը ի վիճակի են իշխանությունների ողորմածությամբ ձեզ նետվող մի քանի պատգամավորական մանդատի «խաթեր» խելահեղ հերոսության:
Իշխանությունը նյութական է, այն ոչ միայն հարստություն-ունեցվածք է, այլև կապեր են, դրվածքներ, պարտավորություններ հանդեպ հին փոխադարձ «լավությունները»։ Նման իշխանության կազմաքանդումը մեկ՝ նույնիսկ ամենամաքուր ընտրություններով անհնար է իրագործել:
Հայկական իշխանությունն ունի անցած 25 տարիների ինքնագենոցիդային, ազգակործան բեսպրեդելի մեծ ավանդույթներ: Այն ներքուստ շղթայված է ոչ միայն համատեղ քրեական անցյալով, այլ նաև ներկա՝ քավոր-սանիկական ցանցային ամրօղակներով: Խեղկատակային լինելով հանդերձ, այն արյունալի լուրջ է իր վերարտադրման հարցերում: Հիշենք մարտի մեկը, հիմնովին ավերված տնտեսությունն ու կիսով չափ դատարկված երկիրը:
Վենետիկի հանձնաժողովը չլինի, Հռոմի Պապն ու աշխարհի բոլոր մեծամեծները լինեն, հայկական իշխանություններն իրենց դիրքերը մազաչափ անգամ չեն զիջի համաձայն որևէ հորդորի կամ բարոյական պահանջի: Բայց կզիջեն ցանկացած մեկին, ով կհանդգնի ձեռնոց նետել իրենց մեթոդականի՝ ուժի շրջանակներում:
Հայաստանում, իր ժողովրդի հանդեպ «գել ու գազան կտրած» այս իշխանությունը ողորմելի «մուկ» է դրսերում:
Համաշխարհային գերակայության հասած Ամերիկան իր սահմանադրության մեջ իրականում միայն մեկ սկզբունքային հոդված ունի՝ երկրորդ փոփոխությունը՝ սեփական իրավունքներն ու արժանապատվությունը զենքով պաշտպանելու իրավունքը։ Մնացածն այս իրավունքից բխող և ածանցյալ հետևանքներ են։
Հայկական մենթալիտետում բացակայում է հենց այդ մեկ հոդվածը:
Հետանկախական գյադաների ժամանակներին եկել է փոխարինելու ողորմելիների ժամանակը: Գյադան որոշակի սկզբունք է գոնե, ողորմելին ոչնչությունն է: Ողորմելի-ոչնչությունն անզգա է, անսկզբունքային, անկանխատեսելի, անմարդկային ու անորակ է: Ողորմելու հետ չեն երկխոսում, նրան մերժում-բոյկոտում են ամեն քայլափոխի ու ամեն հնարավոր մեթոդներով։
Ժողովուրդը պետք է մերժի ընտրություն կոչված ֆարսը, բոյկոտի այն և դրանով զրկի իշխանություններին թե կեղծելու և թե իբր արդար ընտրապայքարում հաղթած զգալու բլեֆից։
Հայաստանը մշտապես կրավորական է եղել ու գնացել է դիմացինի պարտադրած խաղերին արձագանքելով միայն՝ լինի դա Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունները, թե Ռուսաստանի հետ սուբյեկտայնությունը քայլ առ քայլ զիջելու ամեն մի դրվագը։
Նույն կրավորականությունն առկա է նաև ժողովրդի մոտ, որը երբևէ նախաձեռնող չի եղել, և մշտապես գնացել է իշխանական նախաձեռնություններն ի վերջո իր մասնակցությամբ օրինականցնելու ճանապարհով։
Նախորդ, սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ սեղանին էին ակնհայտորեն պարտության տանող ՈՉ-մասնակցությունն ու դրան հակառակ՝ մերժողական բոյկոտը։ ՈՉ-ի կողմնակիցները տարատեսակ բրավադայով մարդկանց քարշ տվեցին ընտրատեղամասեր և պարտությամբ օրինականացրեցին այդ խայտառակ թուղթը։ Եվ դրանից հետո ՈՉ քարոզող որևէ մեկը ոչ իրեն ու ոչ էլ ժողովրդին հաշիվ չի տվել իր անհաշվենկատ, քաղաքականապես տգետ քայլի համար։
Ցավոք, դա է կրկնվող պատկերն արդեն 22 տարի՝ իշխանությունները պատասխանատու չեն իրենց կեղծիքների համար, ընդդիմություն էլ պատասխանատու չէ պարտության տանող իր փալաս վարքի համար։
Հիշողությունից, արժանապատվությունից ու կամքից զուրկ քաղաքական այրերի և տիկնանց աշխարհ է մեզանում։ Կեղծված սահմանադրությամբ պարտադրվող խորհրդարանական ֆարսն է հորիզոնում, և հայ ընդդիմությունը գլխապատառ վազում է մասնակցելու և օրինականցնելու այս խեղկատակությունն էլ։
Ժողովուրդը պետք է մեկուսանա իշխանություններից, բոյկոտի նրա ցանկացած նախաձեռնությունը՝ մղելով նրան խաղից դուրս ու դարձնելով դե ֆակտո ոչ լեգիտիմ։
Բեսպրեդել իշխանությունն ամենազոր է, երբ կա թեթև, ֆիկտիվ դիմադրություն։ Եվ անզոր է, երբ դիմացը ոչ թե հանրային ճակատային անատամ դիմադրություն է, այլ անտեսում, ամեն քայլի անարգանք ու քամահրանք։
Ես իհարկե որևէ կասկած չունեմ, որ հայ իշխանական ու ընդդիմադիր բոմոնդը «գլուխ է բերելու» այս ընտրություններն էլ: Բայց նաև հույս ունեմ, որ իմ պես մտածողների բանակն էլ է ստվարանալու և հակադարձելու է դրանց իր իմացածով ու իր արժեքայինով: