Ապրիլյան պատերազմն ու նրան հաջորդող ներքին ու արտաքին իրադարձությունները թե հայության և թե աշխարհի առջև մերկացրեցին մեր պետականության սնանկությունը:
Ակնհայտորեն հասել ենք սահմանագծի, որից այն կողմ պետականության կորուստն է, բայց և «կոնցեպտուալ», մեծամիտ լռություն է չորս բոլորը: Զախարովան նույնիսկ Նժդեհին որակեց որպես ֆաշիզմի գործակալ, և ոչ մի արժանապատիվ պաշտոնական արձագանք չեղավ:
Հրապարակավ, միջպետական արարողակարգով բացատրության պահանջ չեղավ այն մասին, թե հարգելիս, Նժդեհն այն հայ պետական-քաղաքական- ռազմական գործիչն է, որն ապահովել է ներկա Հայաստանի գոյությունը, և դու ոչ իրավունքն ունես և ոչ էլ այն մարդն ես, որ մեր ազգային հերոսին նման կերպ որակես:
Իրականում սույն մեկնաբանությունը Նժդեհի հիշատակին կամ հայկական իշխանություններին չէր ուղղված, այլ հայությանը՝ առ այն, որ Ռուսաստանի համար դուք և ձեր պետականությունը բուտաֆորիա է, գոյություն չունի:
Եվ Զախարովան հեռու չէ իրականությունից:
Իրոք, ինչ լուրջ պետականության մասին կարող է խոսք լինել, եթե հայկական որևէ պաշտոնյա ինքնուրույն որևէ որոշում ընդունելու քաջությունը չունի, սեփական տարածքում նույնիսկ գազի խողավակ քաշելու տղամարդկությունը չունի, էլ չասած զենք գնելու, տարրական հակաօդային պաշտպանություն ունենալու, իր արժանապատվությունն անարգող երկրների դեմ ծպտուն հանելու հանդգնությունը չունի:
Ռուսների կեցվածքը մեղադրելի չէ՝ ի դեմս իր ստորաքարշ ու ողորմելի իշխանության, Հայաստանը որպես թույլիկի, անողնաշարավորի են տեսնում և փորձում են առավելագույնը կորզել:
Բայց ոչ միայն մեղադրելի, այլև նողկալի է հայ բազում իշխանավորների, նրանց հազարավոր «պադավատային» սպասավորների, դրանց շուրջը ժողովված պնակալեզների քստմնելի հակապետական վարքը:
25 տարվա մեջ մենք չկարողացանք մեր տականքին կարգի հրավիրել, մեր գողի ձեռքը բռնել, մեր պնակալեզի ախորժակը սաստել:
25 տարվա մեջ չկարողացանք ընդդիմադիր տգետին հասկացնել, որ հարգելիս, հերիք է անարդյունք միտինգվես, հերիք է իշխանությունների պալատական խաղերը օրինականացնես, հերիք է քեզ հիմարի տեղ դրած՝ մարդկանց նորից ու նորից ընտրատեղամաս քարշ տաս ու մի փորահացի հույսով երկիր կործանես:
25 տարվա մեջ չկարողացանք նախամարդ գեներալներին, շարքային կրկնահանցագործներին, աճպարար սրիկաներին, տարատեսակ գողական տականքին իրենց պաշտոնեական «պատվանդաններից» ցած իջեցնել:
Հակառակը, գնալով մեզանում մարդը զիջեց հակամարդուն, և այսօր ունենք սկզբից անհնար թվացողը՝ գողի ու պնակալեզի իշխանություն: Իսկ նման իշխանությամբ երկիր չի կարող գոյություն ունենալ նույնիսկ տեսականորեն:
Պատերազմներից հյուծված ու ապամարդկայնացած Սոմալին էր մի կարճ ժամանակ ոչ թե գողերի, այլ ավազակների տիրապետության ներքո, բայց այնտեղ էլ ավազակության ռեսուրսները սպառվեցին, և հիմա գործը գնում է ինքնամաքրման:
Եվ միայն Հայաստանում է քարացած վիճակը, ուր ռուսներին հաճոյանալու, երկրի ունեցվածքը նրանց զիջելու ու նրանց վասալը դառնալու մարմաջի շնորհիվ դեռ ծաղկում է իշխանական-գողական հրեշային բեսպրեդելը:
25 տարի առաջ, հետսովետական սկզբում, հույս ունեինք, թե անկախ, ժողովրդավար, հայրենասեր ու մարդասեր երկիր ենք կառուցելու: Բայց կերտվածը ընդամենը ֆեոդալական վասալություն է՝ Ռուսաստանին ստրկացած իբր վասալապետով ու տեղական մանր բդեշխներով։
Քաղաքագիտությանը հայտնի է, որ հանրությունները ռեֆորմացվում են ներքևից, իսկ իշխանությունները՝ վերևից:
Հայկական իշխանականի ռեֆորմացման հավանականությունը զրոյի կարգի է, որովհետև պատմությանը հայտնի չէ մի դեպք, երբ գողը, պնակալեզը ինքնակամ վերակերտվի ու դառնա օրինավոր, արժանապատիվ ու մարդասեր:
Հետևաբար հայկական հույսը՝ թե «բա լավ, էս մարդիկ չեն տեսնում, չեն հասկանում, չեն գիտակցում, որ երկիրը տանում են կործանման»՝ սին է:
Ոչ, այդ մարդիկ չեն տեսնում, չեն գիտակցում ու չեն հասկանում, որովհետև դա իրենց տրված չէ կենսաբանորեն: Իրենց նորմալը գողանալն ու ստորաքարշություն անելն է: Դա է այդ մարդկանց էությունն ու տարերքը:
Գողը գողանում է յուրայինից, կողքինից, իր շրջապատից: Օրվա հաց գողացողն էլի ինչ որ կերպ ընկալելի է՝ մարդկային ոչնչություն է, քարշ է տալիս իր կյանքը: Բայց պետական գող լինելու համար մարդկայինից է պետք դուրս լինել, հրեշ է պետք լինել: Որովհետև օրահաց չի գողացվածը, այլ յուրայինի, ազգակցի, բարեկամի այսօրվա ու վաղվա օրը, ներկան ու ապագան, կյանքն ու նպատակը:
Քիչ այլ է ավազակը՝ նա հափշտակում է գոնե անծանոթից՝ դիմելով ռիսկի և վտանգելով իր կյանքը: Մենք չբարձրացանք նույնիսկ ավազակ իշխանություն ունենալու «ճոխությանը», որովհետև ես չգիտեմ մի հայ «անվանի» ավազակի, որը ոչ թե կողքի հայից լկտի, առերես գողանա, այլ անծանոթի վրա վտանգների գնալով՝ ավազակություն անի:
Պնակալեզի մասին խոսելն էլ ավելորդ է՝ մարդկային ամենաստոր տեսակն է, որը կենսունակ է միայն լիզելու հաշվին:
Նորմալ երկրներում գողը բանտում է լինում, իսկ մեզանում, մեր հանրային թուլության պատճառով, իշխանություն է: Նման իշխանության քաղաքագիտական անվանումը կլեպտոկրատիա է։
Մերը դա էլ չէ՝ դեռևս չգրանցված, չլսված մի նոր տարատեսակ է, որն իր մարդաբանական ու քաղաքագիտական ուսումնասիրմանն ու բացահայտմանն է սպասում։
Կարծում եմ, որ նկարագրվածի ներքո դժվար չէ եզրակացնել, որ իշխանությունը վերևից, առանց կյանքին վտանգող պարտադրանքի, երբեք, ոչ մի պայմանով չի ռեֆորմացվելու: Իսկ ինչպես ցույց տվեց անցած 22 տարիների փորձը, մենք որպես ազգ, ժողովուրդ, հանրություն, իշխանություններին որևէ բան պարտադրելու ունակությունը չունենք:
Հետևաբար, տեսականորեն մնում է միայն մեկ ուղի՝ այդ իշխանություններին սնող միջավայրի՝ ողջ հանրության արժեքայինի ռեֆորմացիայի ուղին, որի շնորհիվ իշխանությունը չի ունենա իր որակին համապատասխան գողերի ու պնակալեզների հենարանը և աստիճանաբար իր տեղը կզիջի նորմալին:
Ըստ Մասլոուի՝ մարդ արարածի հակումների ու մոտիվացիաների դասակարգման բուրգի, սովահար և վտանգի մեջ գտնվող մարդուն անհնար է կոչել առավել բարձր մղումների, քան ֆիզիոլոգիականի բավարարումն է: Անցած 25 տարիներին հայկական իշխանությունները հասան նրան, որ հայաստանցուն իջեցրին Մասլոուի բուրգի ամենաստորին հարթություն և պարտադրեցին ոչ թե օրահացի, այլ զուտ դրա տեսլականի համար համակերպվել թալանին, գողին, ոստիկանական բանդիտիզմին ու բեսպրեդելին, երկրի ավերմանն ու 5000-ական ընտրակաշառքով իշխանական վերարտադրությանը:
Փաստացի, այսպիսի ստորացման հասցված հանրության ռեֆորմացիայի խնդիրն է դրված այսօր հայության առջև:
Ես իհարկե կհավատայի այս փոքր, միկրոսկոպիկ շանսին, եթե այսօր հրապարակի վրա չտեսնեի նորից ընտրության կոչող ընդդիմադիր «երևելիներին»:
Եթե քիչ թե շատ գրագետ բարալիկ այդ շերտն է պատրաստ հայրենիքի ոսկորների վրա դեպուտատության, եթե այդ մարդիկ են խուլ ու անհաղորդ քաղաքագիտականին, պետականին ու մարդկայինին, ապա ինչ սպասել օրվա հացի խնդիրների մեջ հայտնված հայ մարդուց: Ով կարող է նրան մատնացույց անել այս դժոխքից դուրս գալու ճանապարհը, եթե ոչ ազգի ընտրանին ու ընդդիմադիրը:
Իսկ այս ընդդիմության և այս քաղաքական ու ազգային ընտրանիի առկայության պայմաններում անելիք պարզապես չկա՝ այդ շերտում գիտակից, սկզբունքային ու արժանապատիվ սուբստրատի բացակայության պատճառով: