Այն, որ ռուսները մեծ խնդիրներ ունեն իրենց ներքին թուրքական ինքնավարությունների հետ, կասկած չի հարուցում։ Դրա բազմաթիվ ապացույցները կան՝ սկսած Թաթարստանի նախագահի՝ իրեն նախագահ հռչակելու դեմ ռուսների անճարակությունից, Ղրիմի թաթարների բացահայտ թշնամությունից՝ հանդեպ Ռուսաստանը և մինչև Խաղաղ օվկիանոսը ձգվող թուրքալեզու ցեղերի ազգային տարածքների գոյությունը։ Նմանապես Ռուսաստանի համար խնդրահարույց է սահմանակից թուրքալեզու Ղազախստանի, Ադրբեջանի ու Թուրքմենիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու հարցը։
Թուրքմենիայի հետ հարաբերություններում ռուսական սահմանը Կասպից ծովով է, որում հավասար իրավունքներ ունենալը Ռուսաստանին ստորացուցիչ է թվում։ Ռուսաստանը նաև որոշակի խանդ ունի թուրքմենական գազի տարանցման հետ կապված։
Ղազախստանը Չինաստանին գազի հիմնական մատակարարներից է, Բայկոնուր կայանն ունի, ահռելի տարածք, բավական մեծ թվով ռուս բնակչություն ունի, մի քանի հազար կիլոմետր անվերահսկելի սահման Ռուսաստանի հետ։ Ռուսները ստիպված են համակերպվել Ղազախստանի՝ որպես հանգուցային հզոր տարածքային և ռեսուրսային պետության գերակա դիրքերի հետ։
Ղազախստանի և Թուրքմենիայի վրա Ռուսաստանը փաստացի ոչ մի իրական լծակ չունի։ Ավելին, Ղազախստանի ԵՏՄ-ում լինելը ռուսների համար նման է մահացու գրկախառնմանը։ Ինչպես Լուկաշենկոն, այնպես էլ Նազարբաեվը ԵՏՄ-ն օգտագործում են Ռուսաստանին շանտաժելու և զիջումներ կորզելու համար, և Ռուսաստանը ստիպված է բացահայտորեն համակերպվել դրանց քմահաճույքներին։
Խնդիրն առավել բարդ է Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Ադրբեջանը և էներգակիրներ արտահանող է, և Կասպից ծովի ավազանի երկիր է, և Անդրկովկասյան կարևորագույն ռազմաստրատեգիական հանգույցում սկզբունքային դերակատար է։ Թուրքիայի հետ դաշնակից լինելով, նաև ցամաքային սահման ունի նրա հետ և իրանական հյուսիս-արևմուտքի թուրքալեզու “ադրբեջանական” ահռելի հատվածի հետ կապված շահեկան դիրքեր ունի Իրանի հանդեպ։
Եթե անաչառ մոտենանք անդրկովկասյան առավել լայն ռեգիոնալ ուժային պատկերին, ապա պետք է ընդունենք, որ Ադրբեջանն է հանդիսանում հիմնական, առանցքային երկիրը։
Թուրքիայի հետ ռուսական հարաբերություններն էլ կարևոր են 3 այլ ասպեկտներով՝ Սև ծովում հարևանության ու նեղուցներից օգտվելու հարցի հետ կապված, ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունների շրջանակներում, և երրորդը՝ Թուրանի գաղափարի ծավալման հետ կապված, որը կամրջվում է արդեն վերը թվարկված հարցերի խմբի հետ։
Ռուսաստանի որդեգրած եվրասիականությունը գլոբալ առումով ոչ այլ ինչ է, եթե ոչ արհեստականորեն քարոզվող “ռուս-թուրքականություն”՝ ռուս-թուրքական եղբայրություն։
Մենք՝ հայերս, արդեն առնվազն մեկ ու կես դար է, միշտ շեշտում ենք ռուսական ու մեր շահերի զուգահեռությունը թուրքերի հետ հարաբերություններում և զարմանում, թե ինչու է Ռուսաստանը մեր դեմ հանդես գալիս։
Թողնենք մի կողմ պատմականի դաժան մշուշը և փորձենք հասկանալ հետսովետական, ռուսական ներկա հակահայկականությունը։
Ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է “չնեղացնել”, բարեկամական լինել Թուրքիայի հետ և դրանով մեկուսի պահել նրան Թուրանի գաղափարից և Ադրբեջանից։
Բայց Սիրիայում ինքնաթիռի խոցվելուց ու բացահայտ հակառուսական տրամադրութունների դրսևորումներից հետո ռուսներն ուղղակի շոկի մեջ են, ապշած՝ նույնիսկ չհասկանալով կատարվողը։
Եթե գումարենք տարբեր տեղադրության բոլոր թուրքական պետությունների հետ ռուսական հարաբերությունների բալանսի հարցը, ապա նկատելի կդառնա հետևյալը։
Թուրքերի հետ ռուսներն ուզում են լավ լինել հիմնականում Հայաստանից կորզվելիք զիջումների հաշվին (այլ քավության նոխազ ուղղակի անհնար է տեսնել քարտեզի վրա)։
Ադրբեջանի հետ հարաբերությունների առանցքն էլ նույն ձևով՝ Հայաստանի հաշվին է պատկերացվում։
Ասվածից բխում է, որ ռուսները հույս ունեն Թուրանի դեմ իրենց հարցերը լուծել միայն ու միայն Հայաստանի հաշվին։ Իրոք որ՝ հայկական բոլոր մեծ ենթակառուցվածքներն արդեն ռուսական սեփականություն են, իշխանությունն էլ ոչ սուբյկետային խամաճիկ է, որը Ռուսաստանի պահանջով պատրաստ է ցանկացած զիջման։
Սցենարը հաջողությամբ իրացնելու համար պակասող օղակը արևելյան՝ Ադրբեջանին հարող ղարաբաղյան հատվածում ռազմական ներկայություն ունենալն է, որպեսզի հնարավոր լինի ադրբեջանական ամեն ագրեսիայի ժամանակ մի կտոր հայկական հող զիջել Ադրբեջանին։
Շատերին նման ծրագիրը ստրատեգիան խելագարություն կարող է թվալ, բայց եղած փաստերն այլ բան չեն վկայում։ Իհարկե, սա իրավիճակային, շատ վատ, թվացյալ լուծում է, և Ռուսաստանին չի փրկում Թուրանի վտանգից։ Բայց և «ռուսներն» ավելի լավ լուծում չեն գտել թուրքերի հետ ապագայի սցենարներում և փորձում են մեր հաշվին գոնե հետաձգել հարցերը։
Միակ զարմանալին այն է, որ ռուսներին թվում էր, և շարունակում է թվալ, թե այս սցենարը պետք է որ հրապուրիչ լիներ նաև թուրքերին, դրա համար էին ապշած, երբ խոցվեց ինքնաթիռը։
Իսկ ինչու այն հրապուրիչ ու ձեռնտու չէ թուրքերին ու ադրբեջանցիներին։ Շատ պարզ պատճառով, որովհետև սցենարին ապավինող ռուսներն անտեսել են պահի դինամիկան, դեմոգրաֆիական տենդենցները, Ռուսաստանի դեմ միջազգային թշնամության աճը, Թուրքական ծավալապաշտական մարմաջը, իսլամական էքստրեմիզմի մեջտեղ գալը, Ադրբեջանի շատ մեծ ամբիցիաները և Հայաստանի դատարկվելն ու խամաճիկ քրեապետություն լինելը։
Ռուսների համար խիստ նեգատիվ այս ֆոնին թուրքական տանդեմին պետք չեն Հայաստանի հանդեպ մշտական պատերազմներով գեներացվող ռուսական մանր-մունր նվերները։ Հայաստանն ինքնին դատարկվում է, և եթե բան չփոխվի, ապա մի քանի տարուց առանց պատերազմի, ավտոմատ է դառնալու թուրքերի կողմից լրիվ վերահսկելի տարածք։ Հետևաբար, ռուսական “միջնորդություններն ու զոհողությունները” թուրքերին արդեն չեն հետաքրքրում։
Եթե այսքան նեգատիվը ես հաշվարկում եմ, ապա ռուսական ստրատեգները՝ Ռոգոզին, Մարկով, ու Պուտինն էլ կհաշվարկեն այս պարզ բանը։ Եվ այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ ռուսները շարունակում են իրենց հին գիծը։
Բացատրությունները ֆանտաստիկայի ոլորտից են, քանի որ ռացիոնալ-տրամաբանականներն ուղղակի գոյություն չունեն։
Ա. Ռուսաստանի հանդեպ արևմտյան թշնամանքի սրումը շարունակվում է, և դրա դեմ Պուտինը որևէ բան անել չի կարող։ Ինքը չի կարող նույնիսկ ռուսական բանկի կառավարիչին՝ բաշկիր Նաբիուլինային պաշտոնանկ անել, որն Արևմուտքի հետ համաձայնեցված ֆիգուր է։ Ինքը քաջություն չունի դադարեցնելու ամերիկյան փոխառությունների շարունակական գնումը, և դրանով գոնե ռուբլու վիճակը բարելավել։ Եթե գնալու լինենք հակապետական այս փաստերի տրամաբանությամբ, ապա պետք է ասենք, որ Պուտինն ազդու դեմքով ու “լուրջ” թվացող խոսքով անկարող նախագահ է, որը սխալը սխալի հետևից է գործում։
Բայց և հնարավոր է այլ սցենար՝
Բ. որ Պուտինից սկսած, ռուսական իշխանությունն ամբողջությամբ լրացված է օլիգարխներով, գործակալներով ու ապազգային մարդկանցով, որոնց վեջը չէ Ռուսաստանի ապագան, կամ էլ նույնիսկ նպատակը հենց Ռուսաստանը կազմաքանդելն է։
Մի գուցե այլ բացատրություններ էլ կան, բայց ցավոք իմ ուղեղն այլ ֆանտազիաների գեներացման ընդունակ չէ։
Ստացվում է, որ
1. Թուրքերը Սիրիայում ռազմական ինքնաթիռը խոցելով Ռուսաստանին հարկադրեցին ցուցգցվանգային քայլերի, որոնց հետևանքով ռուսական խրոխտ դիրքերն այնտեղ զիջվեցին, և մի գուցե նաև խթանվեց զորքերի հեռացումը։
2. Ադրբեջանն էլ ներկա ագրեսիայով Հայաստանի դեմ մտադիր էր նմանատիպ սցենարով ռուսներին պարտադրել կամ դուրս մղվել Հայաստանից ու հետևաբար՝ Անդրկովկասից, կամ էլ մասնակցել Հայաստանի դեմ ագրեսիային, որպես խամաճիկ։
3. Հայկական հակահարվածը ի չիք դարձրեց Ադրբեջանի /քողարկված նաև Թուրքիայի/ գլխավոր սցենարն այս պահին, բայց և ակտիվացրեց երկրորդ սցենարը՝ Ռուսաստանի ներքաշումը պրոցեսի մեջ որպես խամաճիկ դաշնակցի։
Սա է իմ պատկերացմամբ վիճակը ապրիլյան ագրեսիայի հետ կապված։ Ռուսներն իհարկե հասկանում են իրենց քաղաքականության աբսուրդը, բայց ռեալ պոլիտիկի շրջանակներում իրենց գաճաճ տնտեսական ու գեոքաղաքական քաշով առավել ձեռնտու սցենար մշակելու քաջությունն ու ազնվությունը չունեն։