Երկուս և կես շաբաթ է անցել ապրիլյան ագրեսիայից, և դեռ պարզ չէ, թե ինչու այն տեղի ունեցավ, որն էր դրա նպատակը, ով կամ ինչը կանգնեցրեց պատերազմը, որքանով հաջողվեց այն ըստ մտահղացման, և ի վերջո, ով հաղթեց։
Ու եղած ռազմաքաղաքական տեղեկատվության պայմաններում լիարժեք վերլուծություններ անելն իրականում հնարավոր էլ չէ։
Ապրիլի 3-ով թվագրված հոդվածով ես քննարկել էի ագրեսիայի մոտիվների հարցը։ Զարմանալիորեն, մոտիվների հարցում էլ մինչև հիմա պարզություն չկա՝ լղոզված վիճակ է։
Ինչպես այս ագրեսիայի մոտիվներն էին շղարշված, այնպես էլ ավարտը, կամ հրադադարն է առաջին հայացքից անհասկանալի։
Փորձենք ի մի բերել եղած սուղ տվյալները, կատարվածի տրամաբանությունը և գոնե մոտավոր պատասխաներ գտնել բարձրացված հարցերին։
Նախ փաստենք տվյալները։
Ըստ Նյույորքաբնակ մեր հայրենակից Արա Խաչատրյանի ֆեյսբուքյան տվյալների (ով գերազանցապես տիրապետում է նաև թուրքերենին, անգլերենին, ռուսերենին և օգտվում է սկզբնաղբյուրներից), Ադրբեջանն ունի առնվազն 107 անուն-ազգանունով փաստագրված զոհ:
Մեր զոհերի թիվը 93 է։ Այսինքն, մարդկային կորուստները կողմերի մոտ մոտավորապես նույն կարգի են։
Ըստ նախագահ Սարգսյանի խոստովանության և այլ փաստերի, հայկական զինատեսակները 1980-ական թվականների հնության են, սակավ զինապահուստով, որոշ տեղերում՝ նույնիսկ անփամփուշտ, իսկ երբեմն էլ՝ բահերով։
Ադրբեջանական անակնկալ հարձակումը հայկական զորքերի սկզբնական փոքր նահանջից հետո ետ է մղվել, և գրավյալ են մնացել մի քանի բարձունքներ միայն։
Ըստ եղած փաստերի, ադրբեջանական բանակը զինված է եղել բազմակի առավել ավանդական զինամիջոցներով (տանկեր, զրահամեքենաներ, ինքնաթիռներ) և միահեծան գերակայություն է ունեցել օդում՝ ավիացիայի և դրոնների ձևով։ Հայտնի է նաև, որ Ադրբեջանն ունի սեփական հետախուզական արբանյակ/ներ, և Ադրբեջանի օգտին է հետախուզում Թուրքիան, որն ակնհայտորեն կարող էր օգտվել նաև ՆԱՏO-ի հետախուզական խողովակներից։
Ըստ զինվորական ու սպայական թվակազմի, ադրբեջանական կողմը բազմակի առավելություն է ունեցել հայկականի համեմատ՝ ճակատային մասում։
Սրանք են հրապարակայնորեն հայտնի, քիչ թե շատ հավաստի փաստացի տվյալները։
Ի՞նչ է ցույց տալիս պատերազմի ընթացքի և կանգի վերլուծությունը այս փաստերի լույսի ներքո։
Ա. Հետախուզական դրոնների և արբանյակային մոնիտորինգի պայմաններում ադրբեջանացիք պետք է որ իմանային հայկական կողմի դիրքավորման բոլոր մանրամասները՝ ներառյալ, թե որ կոնկրետ աշխարհագրական կետում ինչ հենակետեր կան, քանի հոգիանոց են, ինչ զինվածության, ինչ հեռավորության վրա են սպասարկող թիկունքային զինանոցներն ու մարդկային ռեսուրսները և այլ։
Բ. Այս հետախուզական տվյալներն ունենալու, ինչպես նաև հեռահար, բարձր ճշգրտության զենքերի առկայության դեպքում, ռազմական արվեստի դասական սկզբունքերն առ այն, թե հարձակվող կողմը առնվազն եռակի առավելություն պետք է ունենա պաշտպանությունը ճեղքելու համար, հօդս են ցնդում։
Եթե ադրբեջանական մարդկային ռազմական ռեսուրսը տարրական գրագիտութուն ունեցած լիներ ռազմատեխնիկան օգտագործելու հարցում, ապա այն իր ունեցած առավել ճշգրիտ զենքով առաջին իսկ ժամերին պետք է հեռահար կրակով դեռ թիկունքից ճնշած լիներ հայկական դիմադրությունն ամբողջ ճակատի երկայնքով ու արագորեն, բլից կրիգով գրաված լիներ Ղարաբաղի առնվազն կեսը։
Նման բան չի եղել, ու տպավորությունն է, որ ոչ թե չեն ուզեցել, այլ չեն կարողացել։
Գ. Առաջին սրընթաց հաջողությունից մեկ օր հետո ադրբեջանցիք աստիճանաբար ետ են շպրտվել ճակատի մեծ մասում։
Դ. Բանավոր հրադադարը հայկական կամ ռուսական կողմի պահանջով չէր կարող եղած լինել, որովհետև Ադրբեջանը հաղթական նախաձեռնությունը չէր կարող զիջել որևէ գնով։ Դա կհակասեր թե ռազմական, և թե թուրք-ադրբեջանական-թուրանական տանդեմի բոլոր նպատակներին ու սկզբունքներին:
Հետևաբար, հրադադարը խնդրել է Ադրբեջանը, իսկ մեզ էլ դա պարտադրել է «միջնորդ» Ռուսաստանը։
Կայծակնային պատերազմի նման ընթացքի ու դադարի դեպքում, առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե խոսվի ուժերի բալանսի ու արդյունքերի մասին, ապա պետք է ասվի, որ հայկական բանակը ցուցադրել է մեծ տուկունություն, ճկունություն, քաջարի ինքնազոհություն, խափանել է ադրբեջանական գրոհը, որն ուժերի մեծ անհավասարության պայմաններում հաղթանակի է համարժեք։
Ես հերթական բարոյական հաղթանակի մասին չեմ խոսում, այլ իրական, արյամբ ու կամքով պարտադրված հաղթանակի։
Ե. Մի կողմ թողնենք դրան հետևած հայկական դիվանագիտական և իշխանական մեղմ ասած ոչ ադեկվատությունը և փաստենք գլխավոր եզրակացությունը։
Ադրբեջանական բանակ կոչվածն ընդամենը անգլուխ թանկ զենքակույտ է, որը մոտ ժամանակներս պետք է որ անընդունակ լինի որևէ մեծ առաջխաղացման։
Իհարկե, մենք պետք է ի նկատի ունենանք թուրքական խորամանկությունն ու հեռահար դիվանագիտական մեծ հմտությունը և շանս տալ վարկածին, որ առջևում մեր դեմ հնարավոր են նոր հարձակումներ, նոր ագրեսիաներ, նոր խաբկանքներ ու թակարդներ։
Բայց փաստն այն է, որ կատարվածը ոչ մի այլ տրամաբանության մեջ չի մտնում, քան վերը նշվածը՝ որ ադրբեջանական բանակն իր անձնակազմային մասով իրականում թույլ է։
Այս պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ մաշտաբային պատերազմ նախաձեռնելուն, բայց և ցույց տվեց, որ հայկական իշխանական բոլոր օղակներն են անթույլատրելի անորակ ու քրեորեն պատժելի ոչ ադեկվատ։
Եթե 92-94-ին մենք հաղթանակն ապահովեցինք արտակարգ վերին օղակի ռազմահրամանատարների ու անձնազոհ, մեծով մասամբ կամավոր բանակի օգնությամբ, ապա այս պահին մեզ յաթաղանից իր արյամբ ետ է պահել հայ պատանին, փաստացի անզեն զինվորն ու կրտսեր սպայակազմը։
Թե երբ կլինի հաջորդ հարձակումը, դժվար է գուշակել։ Եթե Ադրբեջանն անտեսի հարյուրավոր զոհերին, ապա նման հարձակումներ կարող է իրականացնել ամեն շաբաթ էլ՝ մանավանդ որ եվրոչինովնիկությունը մերժեց ադրբեջանական ապամարդկային, ISIS-ական ձեռագրով իրացված վայրագությունների հարցը քննարկելը։
Ո՞րն է մեր անելիքը այս պայմաններում։
Անտեսել իշխանություններին ու փորձել օգնել բանակին՝ ինչով որ հնարավոր է՝ սկսած փամփուշտ-զինամթերքից, վերջացրած գիշերային օպտիկայի ու հետախուզական սարքերի տրամադրումը՝ նաև սփյուռքի դրամական օգնությամբ։
Կարելի է հետամուտ լինել իշխանական հրաժարականների էլ, սակայն անիմաստ է դրա վրա հրապարակային մեծ ջանքեր գործադրելը, մանավանդ որ իշխանական ընկալման լեզուն ոչ հայերենն է ու ոչ էլ արժանապատիվ մարդկայինը՝ այլ ինքնագովեստն է, անպատիժ թալանը։
Պետք է անողոք քննարկել և անարգանքի սյունին գամել Ռուսաստանի քստմնելի վարքը։ Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Պուտինի “թիկունքից հարված ստանալն” ու “թուրքազգայուն” հարցերում մեծ զիջումների գնալը, միարժեքորեն մեր հետ էր կապված։ Ու հերթական անգամներ մեզ դավաճանելու գնով նրանք շարունակելու են մեր հաշվին թուրքերի հետ եղբայրանալու գարշելի քաղաքականությունը։
Իրենց գործն է, թող գնան այդ ստորացմանն էլ։ Իսկ մեր գործն էլ այդ կապակցությամբ նրանց հենց երեսին կոնկրետ վերաբերմունքը ցույց տալն է:
Տպավորությունն է, որ ինչպես հայկական իշխանություններն են պետության նպատակներին հակամետ, նմանապես նաև ռուսական իշխանություններն են իրենց հարցերին ոչ ադեկվատ։ Որովհետև միայն խելահեղը կդաշնակցի իր ստրատեգիական թշնամու հետ, առավել ևս՝ կզինի նրան։ Ու միայն խեղկատակը, ինքնաթիռի խոցվելուց հետո, իր հակահայկական եռանդուն կեցվածքով ու գործերով կարժանանա թուրքական գովասանքին։