Շատերիս մոտ այն կարծիքն է, որ այս անգամ էլ՝ ահռելի արյան ու հայ զինվորի արյան ու խելացի անձնազոհության շնորհիվ «պլստացինք»: Բայց մինչև ե՞րբ, և ո՞րն է ելքը։
Մեր ձեռքից բոլոր իրավունքները խլած ու իշխանավոր դարձածներն անընկալունակ են, և ամեն հաշիվ պահանջողի ու մինիմալ պահանջատիրություն բարձրաձայնողի հասկացնում են, թե ձայնդ կտրիր՝ բակլան իմն է՝ խաշած կցանեմ։
Իրոք որ, սա փաստ է, որի հետ համակերպվել ենք բոլորս և արտագաղթում, փախչում ենք այս իրականությունից։
Բայց, մյուս կողմից էլ ներքին ստրկությունը սեփական ստահակին մի բան է, և բոլորովին այլ է, որ այդ ստահակը դրսերում, աշխարհի առջև է մերկացնում մեր ողբալի վիճակը և հարցականի տակ դնում ամեն մեկիս ազգային ու պետական գոյությունը որպես արխայիկ ողորմելիների։
Քիչ ավելի հանագամանալից քննարկենք եղածը։
Բոլոր քիչ թե շատ շահագռգռված երկրների արտգործնախարարներն իրենց կարծիքները հայտնեցին, իսկ հայկականը բերանը ջուր է առած։
Ես հասկանում, եմ, որ օլիգարխի, իշխանավորի ու բեսպրեդել անող յուրաքանչյուր ցմփորավորի ու հաստավզի դեմ ասելիք չունենք, որովհետև գոնե դրանցից ամեն մեկը մեր իրավունքները յուրացրել է իր ձեռքերով ու իր ջանքներով։
Իսկ այս պարոնի դեմ ինչո՞ւ ենք ազգովի կրակն ընկած։ Այս մեկն ինչ է անձնապես ներդրել մեզ այսպես անարգելու ու երկար տարիներ ջրի երեսին մնալու համար։
Բա մարդն էլ մատը մատին չտալով, ու իր պատասխանատվության ոլորտում ծանրագույն պարտություններից հետո էլ, անսասան արտգործնախարար մնա՞։
Դիմում եմ ախպերականին՝ ինքներդ ձեզ հարց տվեք, բա ձեզ պե՞տք է նման մեկը։ Ձեր շահերին էլ դա չի կպչո՞ւմ։ Մենք, շարքայիններս ձայնազուրկ ենք, բայց դուք է՞լ եք այդ կարգավիճակում։ Ձայն հանեք, գոնե ներքին կարգով վերևներին “խելք հասկացրեք”։
Հաջորդը։
21-րդ դարում պատերազմը թվանքով զինված զինվորով չէ, այլ ճշգրիտ զենքով է, մեխանիկական հեռահար “զինվորով” է, որին ուղղորդում է թիկունքում ապահով նստած ուղեղակիր գրագետ զինվորը, սպան ու գեներալը։
Լավ, տնտեսությունն ավերել ենք ու ռազմականի համար փող չունենք։ Արտգործնախարարի ու վերին պատասխանատուների տգիտության պատճառով զենք ձերք բերելու ու զինվելու հարցերն էլ ձախողել եք։ Բայց Հայաստանի ներսում ինֆորմացիոն տեխնոլոգիաներին տիրապետող ու դրա հիմքով զենքեր մշակելու ու արտադրելու ունակ խմբեր կային, դրանց ինչու եք անտեսել:
Ադրբեջանը միլիարդների զենք էր գնում Ռուսաստանից ու Իսրայելի հետ նույնիսկ մեկ ու կես միլիարդի գործարք էր ստորագրել անօդաչու սարքերի արտադրության համար։ Կույր էիք, խուլ էիք, ուղեղ չունեի՞ք, որ տեսնեիք, լսեիք ու հասկանայիք, որ այդ ամենը վաղը մեր գլխին է պայթելու, ու ֆինանսավորեիք այդ խմբերը։
Հիմա պայթեց։ Ոչ մեկդ պատասխան չի տալու, չի պատժվելո՞ւ։ Ոչ թե մեր՝ շարքայինների, այլ գոնե կողքինների, թիմակիցների պահանջով։
Այս ինչ ներքին կուրություն ունեք դուք բոլորդ, որ ամոթն ու արժանապատվությունը մի կողմ դրած ամբողջ թիմով “ջայլամություն” եք անում:
Հաջորդը։ Զինվորներին, մանավանդ թվանքով ուղղաթիռ խփող խելացի ու հերոս զինվորներին տեսանք։ Իսկ ուր էին գեներալները՝ իրենց ֆեոդալական կալվածքներում ազգին որպես ճորտեր պահող երևելի գեներալները։
Այդ մարդիկ բացահայտ քրեական օլիգարխատի ներկայացուցիչներ են դարձած՝ մինչև երբ են մնալու ասպարեզում որպես ռազմականի ներկայացուցիչներ։ Մի գուցե այս պատերազմի արդյունքում դրանք կարգալույծ արվեն ու դո՞ւրս գրվեն բանակից: Բա հնացած, ջարդված ու անպիտան տեխնիկան դուրս գրում եք, իսկ այդ բրածոներն ինչո՞ւ են դեռ ավանգարդում:
Հաջորդը։ Կամավոր գնացած ու հյուրանոցները լցրած ցմփոր երևելիներից որը հասցրեց մարտի դաշտ մտնել՝ ոչ մեկը։ Բայց փոխարենը, շարքային մարդկանց ավտոբուսը դարձավ անօդաչու կամիկաձեի թիրախ և վեց զոհ եղավ։ Ո՞վ է պատասխան տալու այս անփույթ հանցագործության համար։
Հաջորդը֊ Հանրապետության նախագահի հետ կապված: Հարգելի Սերժ Սարգսյան, ձեր ստորագրությամբ Հայաստանը տնտեսաքաղաքական և ռազմական դաշինքի մեջ է Ռուսաստանի, Բելոռուսի ու Ղազախստանի հետ։ Ինչու ոչ մեկից հաշիվ չպահանջեցիք Ադրբեջանին միակողմանի սատարելու հետ կապված։ Խնդիրը Ղարաբաղի՝ Հայաստանից անկախ լինելը չէր։ Ադրբեջանը բացահայտ ու միանշանակ Հայաստանի դեմ էր գնացել ագրեսիայի։ Դուք կարող էիք նրանց հիշեցնել, որ սա Ղարաբաղի հարցը չի, այլ ագրեսիան Հայաստանի դեմ է։ Ասել, որ առայժմ այն ռազմական չէ, բայց քաղաքական է։ Ինչ է, դուք ձեր ստորագրությո՞ւնն եք մերժում։ Եթե այո, ապա այդ դեպքում մենք էլ մերը կհանենք թղթի տակից՝ ի վերջո ինչքան կարող է աչքակապությունը շարունակվել։
Ինչու հաշիվ չեք պահանջել Պուտինից որևէ պահով՝ սկսած զենքի մատակարարումներից, վերջացրած այս անգամ էլ նրա կողմից հօգուտ Ադրբեջանի հրադադար պարտադրելը։
Մենք հասկանում ենք, որ Դուք իրավունք եք վերապահում մեզ սահմանադրություն պարտադրելու, իշխելու ինչքան կուզեք, բայց մենք էլ մեզ իրավունք ենք վերապահում Ձեզանից հրապարակավ հաշիվ պահանջելու՝ քանի դեռ մինչև վերջին հայը գնդակի ու ռմբակոծության տակ չեք դրել։
Ինչի՞ց եք վախենում։ Հայաստանում Դուք այլընտրանք չունեք։ Պուտինը չի կարող Ձեզ գահընկեց անել, ամերիկացիք առավել ևս չեն կարող։ Դուք ի վերջո Հայաստանի նախագահն եք, այլ ոչ դրսի ուժերի անձայն ենթական։
Ես կոչ եմ անում Ձեզ սթափվել և դուրս գալ վախի ճիրաններից:
Նաև կարևոր եմ համարում այստեղ նշել որոշ հակահայկական աղաղակող փաստերի մասին, որոնց ֆոնին պարզ է դառնում միջազգային քամահրանքը մեր հանդեպ, և մեր ոչ ադեկվատությունը վիճակին։
1. Ադրբեջանը նախահարձակ էր եղել և դրսերից ոչ մի միջնորդ ու հայտնի դեմք չի շեշտում այս փաստը որպես սկզբունքային՝ հարցերի քննարկման համար։ Եվ դա տեղի է ունենում ներկա՝ փախստականների, Թուրքիայի այլանդակ դերի ու ISIS-ի հետ կաված ռեգիոնալ ծանրագույն պայմաններում, որը հղի է մեծ պատերազմի բռնկմամբ։
2. Ադրբեջանցիք զառամյալ ամուսինների մարմիններն էին մասնատել, զինվորի գլուխը կտրել, և դա ISIS-ը չէր արել, այլ ադրբեջանի պետական բանակն էր արել։ Ամերիկացիք Իրաքում բանտում մի քանիսին էին տկլորացրել, աշխարհով մեկ այդ հարցը մի քանի տարի քննարկվեց։
3. Ադրբեջանցիք խաղաղ բնակչության դեմ մասսայական ոչնչացման զենք են օգտագործել՝ սմերչ ու սոլնցեպյոկ։ Դրանք մասսայական ոչնչացման զենքի կատեգորիայի մեջ մտնող զենքեր են։ Այդ մասին ևս միջազգային ձայն չկա։
4. Թուրքիան, Թուրքմենստանը, Պակիստանը բացահայտ Ադրբեջանի կողմն էին, և այդ մասին երրորդ երկները բացատրություն չպահանջեցին, թե անունն ինչ եք դնում, որ աներկբա նման բաներ եք խոսում։ Մանավանդ որ իրենք Ղարաբաղի մասին չեն խոսում, այլ հենց Հայաստանի։
5. Լուկաշենկոն, Պուտինը, Նազարբաեւն ու ըստ էության բոլորը՝ Ալիեվին մի “թթու խոսք” չասացին, թե էս ինչ ես անում, ինչու ես բացահայտ ագրեսիայի գնում, չէ որ դուք եք հրադադար խնդրել:
6. «Մեծագույն շեղում» ամերիկացիք ցուցադրեցին, նշելով ազգերի ինքնորոշման պահը հարցի լուծման մեջ, բայց դա ձևական ֆրազից այն կողմ չանցավ։
Իմի բերելով կատարվածը, պետք է փաստել, որ եղած այլանդակությունները բավարար են, որպեսզի հայկական դիվանագիտականն ու պատասխանատուները միջազգային ատյաններում Ադրբջանին ներկայացնեն որպես իսլամիստներից էլ առավել վայրենիների և արևմտյան երկրներից պատիվ պահանջեն։ Բայց պարզ է, որ հայկական կողմում նման քայլ անելու քաջությունն ու մասնագիտական որակներն ունեցողը չկա։
Բոլորը հասկանում են, որ սույն ագրեսիայով Ղարաբաղի անկախ լինելու մոդելը հետին պլան է մղված, և այն ներկայում թույլ է տալիս միջնորդներին և արտաքին աշխարհին մեզ անլուրջ մոտենալու։ Ինչքան շարունակվի այս աչքակապությունը, այնքան մեր հանդեպ քամահրանքը ավելանալու է։
Պատասխանտվության առումով վիճակի վերլուծությունը շատ ավելի ծավալուն է։ Բայց սահմանափակվենք ներկայացվածով։
Շեշտեմ նորից, որ ըստ եղած պոտենցիալների ու քաղաքական դասավորությունների, իշխանություններն ու նրա դեմքերը հիմա անսասան են։ Ոստիկանապետության պայմաններում հանրությունը որևէ լծակ չունի այդ մարդկանց կարգի հրավիրելու, առավել ևս պաշտոնանկ անելու համար։ Այս պայմաններում միակ անելիքը հրապարակայնությունն է, ամեն քայլափոխի ու պահի ներսում բացեբաց քննարկումը, որը մի գուցե կենցաղայինի մակարդակում այդ մարդկանց սթափեցնի։