Ադրբեջանական ագրեսիան սպասելի էր: Փորձենք մտովի իմի բերել այն նախադրյալները, որոնք դրդեցին Ալիեւին գնալ լայնամասշտաբ սրման։
1. Պուտինին «մեջքից խփելուց» հետո պարզ էր, որ միացյալ թուրքերը չեն սպասելու իրենց ու ռուսների միջոցով Հայաստանը լիակատար դատարկելու ավարտին։ Որովհետև, եթե Ռուսաստանը վերահաշվարկում է իր նախնական դիրքերը Սև ծովում և Հարավային Կովկասում՝ մասնավորապես նաև թուրքերի հանդեպ վերաբերմունքի առումով, ապա Հայաստանի հանդեպ ոտնձգությունը մի խաղաքարտ է, որով հնարավոր է ռուսներին ներքաշել զիջումների դաշտ, կամ վերականգնել հին «բարեկամությունը»։
Այս առումով թուրքերին ձեռնտու է Հայաստանի հանդեպ ագրեսիան, և շատ հնարավոր է, որ հենց նրանք դրդած լինեն Ալիեւին գնալու այդ քայլին։
2. էրդողանը սկսել էր ոչ ադեկվատ քայլեր անել և դուրս էր եկել ոչ միայն միջազգային տրամաբանականից, այլև յուրայինների վերահսկողությունից։ Նրա ոչ ադեկվատությունն ու ավանտյուրիզմն անզեն աչքերով է նկատելի։ Ու շատ հնարավոր է, որ լինելով գիտակ, հավասարակշռված ու հեռատես թուրքական գործիչ, Ալիեւն ինքն է որոշել Հայաստանի դեմ ագրեսիայիով շեղել միջազգային ուշադրությունը Էրդողանից։
Ղարաբաղյան կոնֆլիկտը նրա համար հոյակապ խաղաքարտ է՝ թե հարևանների հետ հարաբերություններում, և թե միջազգային հարթակներում, և ագրեսիայի սկիզբի, նրա պատասխանատվության հարցը ոչ մեկին չի հետաքրքրում։
3. Վերջերս Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատով քայլեր են ձեռնարկվում նավթի և գազի՝ դեպի Եվրոպա համաձայնեցված ուղիների հաստատման առումով, և հնարավոր է, որ մինչև վերջնական համաձայնությունների գալը, սույն հարձակմամբ Ալիեւը շոշափում է ռուս-հայկական հարաբերությունների կարծրությունը, որով կարողանալու է զիջումներ կորզել Ռուսաստանից։
4. Հնարավոր է, որ հարցը շատ ավելի մասշտաբային է, և ներքաշված են նաև մահմեդական աշխարհի պատասխանատուներն ու ֆունդամենտալիստները, շեղելու համար համաշխարհային ուշադրությունը Սիրիայում ընթացողից։ Իսլամական Պետությունը ներկայում ոչ միայն ռազմական, այլև քաղաքական գոյատևման ու ճգնաժամային խնդիրներ ունի, և ուշադրության գոնե ժամանակավոր շեղումն այլ կոնֆլիկրի ուղղությամբ թույլ կտա նրանց հովանավորներին՝ մասնավորապես նաև Թուրքիային, կարգավորել իսլամիստներին ոտքի բերելու հարցերը։
5. Ադրբեջանն աստիճանական քայլերով աշխարհքաղաքական, ռազմական և էներգակիրների հետ կապված շոշափելի դիրքերի է հասել միջազգային թատերաբեմերում, և իր՝ «հարց լուծող լինելու իրավունքների» մասին արդեն բացեիբաց է ներկայացնում հայտերը աշխարհին։
Դեռ դեկտեմբերին Օբաման հրավեր էր ուղարկել Ալիեվին՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով տեղի ունեցած համաժողովին։
Չնայած Օբաման չընդունեց Էրդողանին, այնուհանդերձ միջազգայնագետները քաջատեղյակ են, որ Ադրբեջանն ու Թուրքիան անքակտելի եղբայրական երկրներ են և համերաշխ են գործում միջազգային հարթակներում։ Այդ առումով սրումը Ղարաբաղյան հատվածում իր մեջ որոշակի նախաձեռնություն ունի նաև ԱՄՆ-ին ներքաշելու առումով։
Ալիեւն ու Էրդողանը մի գուցե հույս ունեն սույն քայլով և ռուսներին, և ամերիկացիներին ստիպել նախապես կողմնորոշվելու և վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտության առջև, որն այնքան էլ հեշտ ու պարզ խնդիր չէ՝ ներկա ռեգիոնալ և գլոբալ ռուս-ամերիկյան հակամարտության ու անորոշությունների հետ կապված։
6. Հնարավոր է, որ Էրդողնանն ու Ալիեւը Վաշինգտոնում ավելի մաշտաբային՝ Թուրանի հարցն այս պահին առաջ տանելուն են հանգել, և կատարվողը հենց այդ պրոցեսի սկիզբն է։
Շեշտեմ նաև, որ հարցը, թե ով է սկսել ագրեսիան, քննարկելու խնդիր չէ ներկա պայմաններում։ Ադրբեջանցիները կարողացել են թմրեցնել աշխարհին։ Ու եթե վաղը նրանք սկսեն բացահայտ լիամասշտաբ պատերազմ էլ, ոչ մեկին չի հետաքրքրելու, թե ով սկսեց այն։ Ում է հետաքրքիր, թե 25 տարի պատերազմի մեջ գտնվողներից որն այս անգամ խախտեց հրադադարը՝ միամիտներ չկան։
Մի գուցե այլ, մեզ անհայտ գործոններ էլ կան, որոնք հաշվարկվել և դեր են ունեցել ադրեբեջանական ներկա ագրեսիան նախաձեռնելու հարցում։
Իհարկե, լավ կլիներ, եթե պարզ լիներ, թե որն է եղել ագրեսիայի առանցքային մոտիվը։ Դա սկզբունքային է հայկական պատասխանի ձևերն ընտրելու հարցում։ Բայց մեծ հաշվով՝ չիմանալը կործանարար չէ, որովհետև ստեղծված վիճակում, եթե ոչ այսօր, ապա վաղը խաղաքարտերն արդեն դեն են նետվելու, և մենք կանգնելու ենք բաց պատերազմին դեմ-հանդիման։ Սահմանափակվենք նրանով, որ սա թուրանի ստեղծման նախերգանք չէ, որովհետև այդ դեպքում կանխատեսումներն անելն անհնար է։
Առաջին հինգ մոտիվների դեպքում որոնք են հայկական կողմի առավելությունները։
Ակնհայտ է, որ ներքին ու արտաքին բեսպրեդելի պատճառով մենք ազգովի հասել ենք այն վիճակին, որ մեծ արժեք չենք տեսնում ոչ միայն այս քրեական պետական-իշխանականում, այլ նաև անձնականն այս ձևով շարունակելու մեջ։ Նման մարդը շատ ավելի խիզախ ու անձնուրաց է թշնամու դեմ պայքարում։
Չնայած ադրբեջանական առավել սպառազինմանը, հայկական կողմն էլ իր ձեռքին ունի Ադրբեջանը հիմնահատակ ավերելու միջոցներ և եթե տեսնի, որ որևէ ելք չկա այս գեհենի դեմն առնելու՝ գնալու է հակահարձակման ամեն հնարավոր զենքերի կիրառմամբ։
Դա կլինի մի գուցե փոխադարձ ոչնչացում, բայց արդյունքում կավերվեն փոքր Հայաստանն ու շատ ավելի ծավալուն Ադրբեջանը՝ Թուրքիայի որոշ հատվածների հետ միասին։ Իրենց հաշվարկելիքն է՝ եթե կարծում են, որ դրանով կգնան մահմեդական դրախտ, թող գնան։
Ու թող իմանան նաև, որ դրանից հետո երկրորդ հայկական գենոցիդի հարց է մտնելու համաշխարհային ասպարեզ, և Թուրքիան է որպես պատասխանատու մասնատվելու ու վերանալու որպես հանցագործ ու գոյատևման ոչ արժանի գոյացություն։
Մեր մյուս առավելությունը դա ներկա համաշխարհային հակակրանքն է թուրքերի ու իսլամի հանդեպ։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի դեպքում, անկասկած, համաշխարհային քաղաքական ու մարդասիրական համակրանքը հայերի կողմն է լինելու։
Հաջորդ դրականը դա ռուս-ամերիկյան-եվրոպական խրվածությունն է մուսուլմանական ոտնձգությունների մեջ, և նրանք չեն կարող ինչպես երեկ էր, բացարձակ սրիկայական քայլերի գնալ մեր դեմ։
Բացասականը դա ռուսների՝ մեր դաշնակից լինելն է։ Ռուսաստանը չի ցանկանա որևէ կերպ ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի դեմ հոգուտ Հայաստանի և ամեն ինչ կանի՝ մեր հաշվին մեծ զիջումներով հարցը լուծելու համար։
Բայց և, մեր ամենահիմնական բացասականը մեր իշխանականն է, որը բացարձակ ոչ ադեկվատ է թե իրականությանը և թե հայկական պետական ու ազգային խնդիրներին։ Նա առաջինը տեղի կտա հակահայկական ռուսական միջամտություններին։ Հենց հայկական իշխանությունները չեն կարողանալու հարցը անհրաժեշտ մակարդակով ու շեշտադրումներով միջազգայնացնել և գործուն աջակցություն ստանալ գերուժերի կողմից։
Եվ ողբալին այն է, որ ես չեմ տեսնում իշխանությունից դուրս մասնագետների ու որակյալ դիվանագետների, որոնք կկարողանան դա անել։
1988-1994- ին էլ պետական մակարդակով հայկական իշխանությունները անկարող եղան որևէ սուբյեկտայնության, և կոնֆլիկտի սպասարկման ողջ բեռն ընկավ կամավորների ու անձնազոհ հայրենասերների վրա։
Հիմա էլ նույն վիճակն է՝ որպես իշխանություն մենք ունենք քրեականների, որոնցից ադեկվատություն ու կոմպետենտ կառավարում սպասելը մանկամտություն է։
Իմ հույսն այն է, որ ցածր ու միջին օղակի սպաների մեջ կան գիտելիքների տեր մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն պաշտպանության հարցերը, իսկ միջազգային շահագրգռություններն էլ կօգնեն հայ տգետ դիվանագիտականին՝ լուրջ ատյաններում բարբաջելու ինչ որ պետք է։
Մենք իրավունք չունենք պասիվ պաշտպանության։ Որոշ նախահարձակություն է պետք զուտ այն պատճառով, որպեսզի թույլ չտրվի Ալիեւին իրագործելու իր սցենարները։ Նա չպետք է լիովին վերահսկի կոնֆլիկտը՝ երբ ուզենա սկսի, ինչ ուժգնությամբ ու տեղադրությամբ ուզենա, իրացնի այն։
Կոնֆլիկտի ձևի, պարամետրերի ու նախաձեռնության հարցը մենք պարտավոր ենք վերցնել իրենից։ Այլապես պատերազմի պայմաններում, ոչ սուբյեկտային վարքը կործանարար կլինի։
Ղարաբաղյան պատերազմում կային գործիչներ, որոնք ենթակա չէին ավանդական վարքին, և իրենք իրենցն էին անում անկախ թուրքի ու հայ իշխանավորի կամքից։
Հիմա էլ մեզ պետք են նման գործիչներ, որոնք չեն ենթարկվի վերևի զիջողականին, և կանեն այն, ինչ իրենց սիրտը, գիտելիքն ու կամքն են պահանջում։
Ի զեն:
Հ․Գ․ Իսկ եթե մոտիվը 6–րդ կետում նշված Թուրանի կերտման սցենարի շրջանակներում է, ապա մեծ գործ ունեն անելու մեր դիվանագիտական օղակները, որոնք պարտավոր են նախահարձակ լինել և աշխարհին ահազանգել այդ մասին։