Կաշառատու, կաշառակեր, կոռուպցիա
Շատերը կասեն, թե իրենք գիտեն այս երեքին էլ՝ կաշառատուն կաշառք տվողն է, կաշառակերը վերցնողն է, իսկ կոռուպցիան էլ երևույթն է։
Իրականում, կախված հանգամանքներից, կաշառատուն և կաշառակերը կարող են հանգամանքների “գերին” լինել, իսկ կոռուպցիան էլ՝ ընդամենը համակարգային արժեքային դրվածք։
Անկախությունից հետո Հայաստանը բազմաթիվ անգամներ հատուկ գրանտներ ու գումարներ է ստացել կոռուպցիան վերացնելու համար, բայց ըստ իրական պատկերի, կոռուպցիան փոքրանալու փոխարեն դեռ մի բան էլ աճել է։
Ինչու՞մն է բանը, ինչո՞ւ ենք մենք դոփում տեղում։
Իհարկե, բազմաթիվ պատճառաբանություններ կան այս հարցով՝ սկսած սովետական մարդ-մնացորդ լինելուց, վերջացրած “շուստրի” լինելը։ Բայց կարծում եմ, որ հարցը խորը քննարկման կարիքն ունի։
Փորձենք վերլուծել կոռուպցիան ու նրան մասնակից սուբյեկտներին՝ մեր պայմաններում:
1. Մասնագիտականով թերի զարգացած, պրիմիտիվ հանրություններում, որպես կանոն, աշխատատեղերի խիստ պակաս է, և հետևաբար՝ նաև մեծ գործազրկություն։ Գործազրկության պայմաններում չկա միջին դաս, բայց կան սահմանափակ թվով գործատուներ՝ ի դեմս իշխանական չինովնիկների ու ֆունկցիոներների և ավելի քիչ՝ ձեռնարկատերերի, ի դեմս մոնոպոլիստ օլիգարխների։
Նման վիճակում, հանրային մակարդակում, մարդկանց մոտ չկա որևէ ապահովություն վաղվա օրվա մասով։ Փախեփախի ու մի կերպ գոյատևելու ռեժիմ է, որում արագորեն ընթանում է մարդկային դեգրադացիան։
Իսկ աշխատող մարդն էլ պարտավոր է ուշադիր լինել, որպեսզի իր մինիմալ կյանքի պայմաններն ու աշխատանքը չկորցնի։ Նա “Չարի վերջը” հեքիաթի կկվի նմանակով, “աղվեսներից” խուսափելու համար պատրաստ է մեծ զիջումների ու կաշառատվության ամեն մի սրիկայի, քանի որ որևէ այլ ելք չունի վիճակից։
Հետևաբար, կաշառատուն, եթե պաշտոն գրավելու նպատակով չի գնացել կաշառելուն, այլ իր կյանքը չկորցնելու, մեծ մեղք չունի կոռուպցիայի մեջ:
2. Բոլորովին այլ է կաշառակերը։ Նա համակարգի մարդն է՝ նրա հիմնական շարժիչ օղակը։ Կաշառակերն իր եկամուտից մի մեծ բաժին կարող է ուղարկել վերև, իր տերերին էլ, բայց դրանից նրա հանցագործ էությունը չի փոխվում․ Կաշառակերը և համակարգն է, և համակարգ ստեղծողը, և այն սնողը։
Այս տեսակետից նայելով հարցին, պետք է շեշտել, որ փոքր ու մեծ կաշառակերներն իրականում նույն որակի սրիկաներ են, որովհետև նրանք երկուսն էլ նույն ակնկալիքներով են մտել համակարգի մեջ՝ իմանալով թե ինչ են անելու և ինչպես են անելու։ Այլ հարց, որ մեծ “ձկները” համակարգի առավել կարևոր, հզոր սյուներն են և դրանք չեն կարող հեշտությամբ զիջվել։ Դրա համար կոռուպցիայի դեմ պայքարը, որպես կանոն, սահմանափակվում է “փոքր ձկների” ձևական, ցուցադրական որսով։
3. Եթե ես ու իմ պես հասարակ մահկանացուները քաջատեղյակ ենք այս տարրական բանաձևերին, ապա կոռուպցիայի վերացման համար գրանտ ու փող տվողները շատ ավելի լավ գիտեն այս ամենը։
Ավելին, նրանք գիտեն, որ հատկացված փողը մսխվելու է հենց կաշառակերների կողմից, բայց և շարունակում են նույնն անել, արդեն տասնամյակներ։
Բանն այն է, որ իրենք էլ իրենց հերթին ավելի բարձր կոռուպցիոն օղակների ներկայացուցիչներ են, որոնց գործն էլ հենց այս աչքակապությունն է, կաշառակերության դեմ պայքարի միջազգային իմիտացիան, որով խամաճիկային ու կործանված վիճակում են պահվում թիրախային երկրները։
Հետևաբար, եթե Հայաստանում մարդիկ ցանկություն ունեն կաշառակերության դեմն առնելու, պետք է մտածեն բոլորովին այլ ոլորտներում փոփոխությունների հասնելու մասին, քան կոնկրետ կոռուպցիան է։
Ինչպես նշվեց վերը, կոռուպցիայի հիմքը աշխատանքը, կյանքը, դիրքը կորցնելու մարդկանց վախն է, որը դրդում է նրան կաշառելու՝ որ չտուգանվի, չդատվի, չխեղվի, չխոշտանգվի, սոված չմնա։
Կաշառակերի խնդիրն էլ մարդուն սարսափեցնել, խեղել, խոշտանգելն է, որ նա հեշտությամբ գնա կաշառատվության։
Փողով անհնար է կաշառակերին հետ պահել կոռուպցիայից։ Եթե նա կարող է մարդուն շանտաժելով նրանից շատ ավելին կորզել, քան գրանտից ստացվողն է, ապա անիմաստ է նրան համոզելը։
Իհարկե, շարքայինը կարող է հաշվեհարդարի գնալ իրեն կաշառքի պարտադրողի հանդեպ, բայց համակարգն էնպիսին է արդեն, որ որևէ վրիժառու քայլ մերժված է հանրային արժեքայինի կողմից որպես վայրենություն։
Հետևաբար, եթե կաշառատուն ստիպված է կաշառել, իսկ կաշառակերին էլ սաստելն է անհնար, մնում են խորքային ելքերը, որն է՝ աշխատատեղերի ստեղծումը։
Իշխանություններն ամեն ձևով դեմ են աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ այդ դեպքում կկտրվի կոռուպցիոն օղակը՝ կաշառատուն կվերանա։ Հասարակ, ոչ մասնագետ մարդն էլ, որը դեռ սովետների ժամանակներից սովոր էր միայն վարձու աշխատանքի, ունակ չէ ձեռներեցության։
Ուրեմն որո՞նք կարող են լինել կոռուպցիայից դուրս գալու հայկական ռեսուրսները։
– Արտաքին ներդրումները խիստ պակասած են, և գնալով առհասարակ կվերանան, որովհետև ոչ մի խելամիտ ձեռներեց չի ներդնի ամբողջովին կոռումպացված միջավայրում։
– Ներսի օլիգարխներն իրենց աշխարհայացքով հետամնաց քրեականներ են։ Նրանք բացի հանքերի թալանից, Սեվանում կամ Սեվանի ջրով ձուկ աճեցնելուց կամ ուտելիք ներկրելուց ու անորակ երշիկ արտադրելուց, այլ, առավել տեխնոլոգիական, ժամանակակից արտադրության ունակ չեն։
Այսինքն, ներդրումային թե արտաքին և թե ներքին մեծ ռեսուրսային միջոցներ չկան։ Հետևաբար զուտ տեսականորեն, միակ ելքը արժեքային համակարգի վերանայումն է՝ պրիմիտիվ կրկնությունից, էքստենսիվ մոտեցումներից դեպի ինտենսիվ մոտեցումները, ինովացիոն անցումը, նոր փոքր արտադրամասերի ստեղծումն ու թեկուզ փոքրաքանակ, նոր որակի արտադրությունների հիմնումը:
Այդ առումով, փոքր տեղաշարժ կա ինֆորմացիան տեխնոլոգիաների զարգացման հետ կապված։ Ու հարակից ոլորտներում էլ, ովքեր փոքր ներդրումների պոտենցիալ ունեն, պետք է մտածեն փոքրածավալ բարձր տեխնոլոգիական արտադրություններ, կամ միջազգային ծառայություններ ստեղծելու մասին։
Ձկնաբուծությունն ու հանքերը կործանարար են երկրի ապագայի համար, իսկ գյուղատնտեսական ոչ պահածոյացված արտադրանքն էլ առաքման մեծ վտանգների հետ է կապված և արդարացնող չէ։
Վերը շարադրվածից հետևում է, որ Հայաստանում գոյատևման շատ փոքրիկ արահետներ են թողնված միայն։ Քաղաքական դաշտը ջախջախված է, ընդդիմադիր կուսակացությունները պատեհապաշտների ու պառլամենտական թոշակի հույսին մնացած մի քանիսի փոքր կալվածքներն են դարձել։
Օլիգարխներն ու չինովնիկները թքած ունեն երկրի ապագայի ու մարդկանց վրա։
Միակ սուբյեկտները, որոնք կարող են ճեղքել այս կործանարար, կոռումպացված, ինքնակործանման տանող շղթան, փոքր ռեսուրսներ ունեցող տեխնոկրատ անհատները կարող են լինել, որոնք ամենատարբեր արտադրություններով ու միջազգային ծառայությունների մատուցմամբ կարող են վերակենդանացնող շունչ տալ երկրին ու մարդկանց։
Դրան հասնելու համար հավաքվել ու ժողով անել պետք չէ։ Ով ինչպես կարող է, թող մտածի իր անելիքը ու սկսի։ Եվ սկսի ամենափոքր քայլերով, որպեսզի չհոշոտվի կոռուպցիոն գայլերի կողմից:
Տեսականորեն հնարավոր, բայց գործնականում շատ ծանր, տիտանական գործ է։