Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ի մի բերված՝ մեր քաղաքական անցյալի ու ապագայի մասին

1 Մարտի, 2016 Արա Հարությունյան
Կիսվել

95-ի պառլամենտական և 96-ի նախագահական ընտրությունները միակն էին, ուր ընդդիմությունը չէր սպասում մեծածավալ կեղծիքների և մասնակցում էր դրանց՝ արդար պայքարում հաղթելու մտադրությամբ:

Հաջորդ բոլոր ընտրություններին արդեն, ընդդիմությունը շատ լավ գիտակցել է, որ դրանք կեղծվելու են, բայց և առանց որևէ գործուն, հակազդող մեթոդականի, պարբերաբար մասնակցել է ընտրություններին ու ծեծվել-ջարդվելով, բանտ ընկնելով, կործանվելով պարտվել է, միաժամանակ լեգիտիմացնելով ընտրությունները:

Քանի որ Հայաստանն ապրում է արևմտյան քաղաքակիրթ աշխարհի քմահաճույքով, սկզբունքայնորեն կարևոր է ընտրությունների լեգիտիմության հարցը: Եվ սկսած 96-ից, լեգիտիմության մարմաջն էր, որ այլասերեց և ըստ էության ապականեց հայկական քաղաքական միջավայրը:

Արևմտյան ժողովրդավարական դոգմատիզմի սահմաններում հանդուրժելի վերարտադրվելու համար, իշխանությունները պետք է գնային ընտրական խաբկանքների ու աճպարարությունների: Եվ հենց այդ նպատակով, 1996-ից հետո սկսեցին ներդնել հաճախորդների՝ այսինքն կեղծ ընդդիմության ինստիտուտը, որի շնորհիվ էլ իրացնում էին կեղծիքն ու լեգիտիմացնում ընտրությունններն արտաքին աշխարհի համար:

98-ի պառլամենտականն ու նախագահականն անցան ներդրված մեծամաշտաբ խաբկանքի՝ սովետական երշիկի կարոտախտի միջոցով: Այդ ընտրությունները պատմության մեջ չմնացին որպես «հաճախորդային», չնայած 100 տոկոսով այդպիսին էին:

1998-ից հետո տարանջատվեցին պառլամենտականի ու նախագահականի տրամաբանությունները՝ պառլամենտականում բացահայտ բանդիտիզմ էր, ու «հաճախորդ» կուսակցությունները ներկա էին զուտ մի քանի մանդատի գնով ընտրությունները դրսում լեգիտիմացնելու նպատակով:

Իսկ նախագահականում պարբերաբար տարբեր “ասպետներ” էին “ազնիվ” մղումներով դուրս գալիս “վիշապի” դեմ կռվի: Բայց իշխանությունները դրանց հակադրում էին իրենց հաճախորդներին, և լեգիտիմացնելով ընտրությունները, կեղծում- ջնջխում էին հիմնական հակառակորդին և շարունակում իրենցը:

Վերջին նախագահական ընտրություններին տեղի ունեցավ ամենանողկալին՝ պարզվեց, որ հիմնական ընդդիմադիր թեկնածուն ինքը հաճախորդ էր: Սկզբնապես պարզ էր, որ բոլոր մասնակիցներն էլ այս կամ այն չափով հաճախորդացուներ են:  Ելնելով նախորդ փորձից, մինչև ընտրությունները ես փորձում էի իմ ծանոթների շրջապատում բոյկոտ քարոզել:

Բայց երբ սկսվեցին հացադուլները, մտածեցի մի գուցե սխալ եմ, մի գուցե արևմուտքում մեծացած, որպես այր ձևավորված ու քաղաքական գիտելիքների տիրապետած Րաֆֆի Հովհաննիսյանն իրոք ազնիվ մղումներով է անում դա, ինքն ինչ որ բան ավել գիտի, որ ես չգիտեմ, և հասնելու է իր նպատակին:

Բայց երբ ամեն ինչ ավարտվեց աղոթքով, պարզ էր, որ հերթական անգամ բոլորս ենք խաբված:

Դրանից հետո ես «իմ ականջին օղ արեցի», որ նույնիսկ բացահայտ պարզ թվացող հանգամանքներում երբևէ չի կարելի հավատալ խոստումներին, այլ պետք է դատել իրադրությունից ելնելով՝ հաշվի առնելով մասնակիցների շահերն ու հնարավորությունները:

Վերջին նախագահական ընտրություններից հետո պարզ էր, որ 2 ժամկետի սահմանափակման պատճառով նախագահը չի կարող որևէ կերպ իր ներկա գերակա  դիրքերը պահել, եթե չի գնում սահմանադրական փոփոխությունների:

Դրա համար՝

1. Սահմանադրության փոփոխությունը որևէ այլ մոտիվով բացատրողներն առնվազն ազնիվ չեն: Եվ հիմա էլ այդ սահմանադրությամբ առաջ գնալու, ընտրություններին մասնակցելու ջատագովները շատ լավ հասկանում են, որ մասնակից են ընդամենը լեգիտիմացման ֆարսի և գնում են դրան:

2. Գալիք պառլամենտական ընտրությունների կեղծիքների դեմն առնելու ոչ մի գործուն մեխանիզմ ես չեմ տեսնում: Նախ ընտրություն կեղծելը 95-ից է կայուն ռելսերի վրա դրված և գնալով ավելի է զարգացել ու հղկվել: Բացի այդ էլ, նախորդ գործող բոլոր անձինք իրենց հնարավորություններով հանդերձ իրենց դիրքերում են և չեն զիջելու:

Ավելին, իշխանությունները կարող են գնալ մաքսիմալ զիջումների, ասենք ոչ թե 5-10 հոգի ընդդիմադիր խոստացվի պառլամենտում ներկա լինելու, այլ 20-30, որովհետև «համը հանել են» արտաքին աշխարհի մոտ:

Եվ հենց հիմա այդ հարցը ընթացքի մեջ է՝ վկա դաշնակցության հանդեպ աննախադեպ առատաձեռն զիջումները: Իհարկե, դրանք երկակի նպատակ ունեն՝ առաջինը  դաշնակցության միջոցով սփյուռքի հետ իշխանական խաթարված հարաբերություններն ու վստահությունը հարթելն է, և երկրորդը՝ ընտրությունների լեգիտիմացումը:

Բայց միայն դաշնակցությունը բավարար չէ՝ անհրաժեշտ են նաև ուրիշները: Եվ արդեն նախընտրական աշխուժացում կա բոլորի մոտ էլ:

Ես չեմ կասկածում, որ իշխանություններն այս անգամ հազար ու մի խոստում են տալու, թե չենք կեղծելու, որ եկեք, պայքարեք, մտեք պառլամենտ՝ ազգովի մեր աննման հայրենիքը շենացնենք:

Եվ այս խայծն արդեն ուժի մեջ է՝ երիտասարդության մի մեծ հատված՝ ոգևորված այս առաջարկներից, կուսակցություններ կերտելու գործին է լծված, հայրենիքի փրկության գործին:

Քանի որ գործ չանողի հույսը վերջինն է մահանում, շատերն են հավատում նման սցենարին՝ որ իրոք, ջահելները կմտնեն քրեականների պառլամենտ և այն մեջից կվերափոխեն, կարդիականցնեն ու կփրկեն հայրենիքը:

Հոյակապ միրաժ է: Միայն հիշեցնեմ, որ նորություն կամ գաղտնիք չկա սրանում: Նման ձևով գենոցիդից առաջ թուրքական պառլամենտում էինք: Նման ձևով անցյալ 25 տարիների հայկական պառլամենտներում ենք:

Իրականում իշխանություն-ժողովուրդ հակամարտությունն այլևս չունի ազնիվ ճակատամարտի որևէ դաշտ, բացի՝

Ա. իշխանությունների լեգիտիմությանը հակազդելու ասպարեզից՝ զուտ արտաքին աշխարհին նրա ինչ լինելը ցույց տալու նպատակով: Եվ

Բ. իշխանություններին անտեսելը, մերժելը, «բանի տեղ չդնելն» ու մտավոր օստրակիզմի ենթարկելը ներսում՝ որպես մարդ և հանրություն չկործանվելու համար:

Այս երկու նպատակի իրացման համար միայն մեկ մեթոդաբանություն կա՝ մեկուսացումն իշխանություններից: Այդ մեկուսացումն էլ 3 տարբեր մեթոդական տարրեր կարող է ունենալ իր մեջ:

1. Բոյկոտը ամեն տեսակ ընտրություններին:

2. Իշխանությունների և նրանց կամակատարների անտեսումը առօրյա կյանքում:

3. Իշխանական հենարանի՝ օլիգարխիայի, թաղային տականքի դեմ սեփական իրավունքների պաշտպանությունը՝ հնարավոր բոլոր անձնական միջոցներով:

Անձամբ ես այս մասին խոսում-գրում եմ արդեն երկու տասնամյակ: Բայց քանի որ մեզանում բացակայում է քաղաքակիրթ մասնագիտական քննարկումների մշակույթը, երբևէ ընդդիմադիր մեթոդաբանության խնդիրը չի դարձել հանրային քննարկման առարկա:

Հարցը, թե «ինչպե՞ս ես անելու», նույնիսկ չի տրվում նոր հրապարակ մտնող լիդերին: Դա մի տեսակ երկրորդական է թվում լիդերի թվացյալ ազնվության համեմատ:

Մեզ չեն հետաքրքրում քաղաքակիրթ աշխարհի բազում հիմնարար թեզերը, որոնք անհատական զգոնություն ու պատասխանատվություն են պահանջում ժողովրդավարական պրոցեսի բոլոր մասնակիցներից:

Րաֆֆի Հովհաննիսյանի պարտությունից հետո հրապարակային կոչեր եղան հաշիվ պահանջել նրանից իր արած ու չարածի վերաբերյալ: Բայց ինքը՝ արևմտյան ստանդարտներով աճած Րաֆֆին, գործեց զուտ հայաստանյան ավանդականով- թքած ունեցավ այդ կոչերի վրա: (Ես հատուկ եմ օգտագործում այս կոշտ լեզուն, որովհետև աճպարարությամբ 3 ընտրություն լեգիտիմացնողը արժանի է հենց նման բառապաշարի): Եվ այսօր էլ, այդ մարդը հրապարակի վրա է ու բաղձալի է այլ ընդդիմադիրներին՝ իրենց կողքին երևալու համար:

– Շանթի հեղափոխության արդյունքում 15 հոգի, առանց որևէ լուրջ արդյունքի բացարձակ անիմաստ տեղը, հայտնվեցին բանտում: Այդ «հեղափոխությամբ» ու հետագա դատականով մենք աշխարհին ներկայացանք որպես քաղաքականապես մանկամիտ հանրություն: Բայց էլի նույնը՝ չկա քննարկում ու եզրակացություն, թե ինչու սա կատարվեց և ինչու չի կարելի նման գործելաոճ ունենալ հետագայում:

– Նախախորհրդարանը, որը ստվերային կառավարության ստեղծման խոստումնալից ծրագրերով մտավ ասպարեզ, շատ շուտով շեղվեց խոստացված առանցքից և հայտնվեց իշխանությունների հետ պարտվողական՝ ֆիզիկական առճակատումների դաշտում: Եվ նորից նույն անհաղորդ վարքը: Կողքից հնչող բազմաթիվ հորդորները՝ թե տղաներ, ծեծվելը ճիշտ չէ, որ Եղեռնի հարյուրամյակը իշխանափոխության օր սարքելը ոչ միայն լուրջ չէ, այլ խոսում է ազգային սրբությունների հանդեպ մեր ոչ ադեկվատ վերաբերմունքի մասին, բանի տեղ չանցան: Պատասխանատվության ոչ մի դրվագ չեղավ այս դեպքում ևս:

– Սահմանադրությունը բոյկոտելու հարցով մարդկանց մի մեծ հատված փորձում էր բոյկոտի տրամաբանությունը ներդնել և խնդրում էր ՈՉ-ի գնացող ընդդիմադիրներին բացատրել, թե ինչպե՞ս են ապահովվելու կեղծիքներից: Հանրաքվեն ակնհայտորեն կեղծվեց, բայց և ՈՉ-ի ոչ մի կողմնակից իր պարտքը չհամարեց հաշիվ տալու՝ գոնե իր մասով:

– Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու «չափավորների» դաշտում նաև Տիգրան Ուրիխանյանն են մտել հրապարակ, թիմեր են ձևավորում և գնում են գալիք խորհրդարանական ընտրությունների՝ որն առաջին հերթին նշանակելու է եղած իշխանության լեգիտիմացում: Ու պարզ է նաև, որ իմ ու իմ նմանների բոլոր հորդորներն ու պահանջները՝ մեթոդական բացատրություններ տալու առումով՝  մնալու են օդում:

Ես իհարկե շարունակելու եմ իմ միկրոսկոպիկ մասշտաբի քարոզը՝ համարժեք մեթոդականի մասին, զուտ իմ խղճի առջև մեղավոր չզգալու համար: Առավել մեծ մաշտաբում՝ հայկական քաղաքագիտականում ու մարդկայինում, իմ արածն առավել փոքր է՝ քանզի ձայն է բարբառո հանապատի:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes