1995-ի՝ առաջին մասսայականորեն կեղծված խորհրդարանական ընտրություններից հետո հայկական ընդդիմությունը մշտապես որպես միակ խնդիր է տեսել անպայման ընտրություններին մասնակցելը: Ամեն անգամ մարդկանց համոզել, տարել է տեղամասեր, ծեծվել, պարտվել, սպանվել, բանտարկվել, բայց երբևէ կատարվածից հետևություններ չի արել: Ու հաջորդ անգամ նորից, համառորեն, նույն ճակատով խփել է նույն բետոնյա պատին:
Պարբերաբար նույնը կրկնվողից պետք է արվի առնվազն 3 եզրակացություն.
1. Ընդդիմությունը միջընտրական ժամանակահատվածում իշխանության հանդեպ չի ունեցել (չի էլ մտածել ունենալ) գոնե մինիմալ լծակներ՝ որևէ հարց լուծելու համար: Հույսը մշտապես դրել է արտաքին միջնորդությամբ անցկացվող ու իբր վերահսկվող ընտրությունների վրա՝ մտածելով, որ գերուժերից վախենալով՝ իշխանությունները այս անգամ կզիջեն: Կամ գերուժերը այս անգամ կմիջամտեն, կամ էլ իբր ինչ որ հրաշքով ընդդիմությունն այս անգամ կհաղթի:
2. Ի տարբերություն ամեն անգամ մեթոդապես կատարելագործվող իշխանությունների, ընդդիմությունն ընտրություններին երբևէ նորամուծություն չի առաջարկել: Եղել է ռեակտիվ, ընդունել է թելադրված խաղի բոլոր կանոնները և ֆիզիկական մեծ կորուստներով պարտվել:
3. Ընդդիմության կողմից ընտրություններին մասնակցելը և մի քանի պառլամենտական մանդատ ստանալն ըստ էության եղել է հայ պետականության ու ազգայինի դեմ ծանր հետևանքներով դավաճանություն, որովհետև հենց ընդդիմության մասնակցությամբ են լեգիտիմացվել այս իշխանությունները, և ներսում անպատիժ բեսպրեդելի մանդատ է տրվել նրանց:
Քաղաքականությամբ քիչ թե շատ հետաքրքրվողները գիտեն, որ կախված փոքր, թույլիկ ու խղճուկ երկների ռազմաստատեգիական դիրքից ու արժեքից, գերուժերի և հարևանների վերաբերմունքը դեպի տեղական իշխանությունները խիստ շահային է ու ոչ օբյեկտիվ:
Լավ տեղյակ լինելով այս նրբությանը, հայկական իշխանությունները զրոյացրել են Հայաստանի արտաքին սուբյեկտությունը՝ այն նվիրաբերելով Ռուսաստանին և մանևրելով, փոխարենը ստացել են ներսում բեսպրեդելի անսահմանափակ թույլտվություն՝ թե ռուսների, և թե Արևմուտքի կողմից:
Այո, թույլտվությունը և ռուսների, և Արևմուտքի կողմից է: Որովհետև Հայաստանը ռուսների համար զուտ ժամանակավոր ռազմակայան է և որևէ կերպ նրանց վեջը չէ: Իսկ Արևմուտքն էլ ռեգիոնալ անորոշ պրոբլեմների ու զարգացումների ֆոնին չի գնա սկզբունքային պահանջների, քանի որ ամեն պահի հնարավոր են նոր, անսպասելի զարգացումներ, և ավելի ձեռնտու է տեղական հանցագործների իշխանության հետ գործ ունենալը, որին կարելի կլինի և շանտաժել, և հրամայել, և կաշառել՝ ըստ նպատակահարմարության:
Ի՞նչ է ստացվում՝ որ այս տարիներին, իրենց քայլերը նախաձեռնելիս, հայկական ընդդիմությունները նույնիսկ ռեգիոնալ ռազմաքաղաքական տարրական տրամաբանություններից են անտեղյակ եղել՝ հուսադրվելով անհնարինի կամ էլ նույնիսկ հակադիրի վրա:
Ինչպե՞ս բացատրել, մեկնաբանել, հասկանալ ու որակել այս դավաճանությունը, թե տհասությունը, թե մանկամտությունը, թե սրիկայությունը:
Ընդդիմադիր կեցվածքի իշխանական սատելիտ կուսակցությունների դավաճանական վարքը հասկանալի է՝ մարդիկ իշխանամետ բիզնեսի մեջ են: Իսկ ինչպե՞ս բացատրել իրոք ծեծվողներին, իրոք բանտարկվողներին, իրոք հացադուլվողներին:
Իմ կարծիքով, սա հոգեբանների ու հոգեբույժների ոլորտի հարց է, և ես չեմ կարող այդ ուղղությամբ դատողություններ անել: Բայց ես կարող եմ ասել, որ ժողովրդի մոտ առկա է հանրային ծայրահեղ ոչ ադեկվատություն, հյուծվածություն, մահամերձ թուլություն, որը միացյալ տանդեմով շահագործել են թե իշխանությունները և թե ընդդիմությունները:
Իշխանություններին ասելիք չկա, որովհետև քրեականին չեն ասում, կռվում են նրա դեմ, և կամ հաղթում, կամ զոհվում: Ըստ եղած արդյունքների՝ ազգովի զոհվում ենք: Բայց մտածել, թե հայ իշխանությունները մի օր խելքի կգան, կամ ստիպված կլինեն, կամ կզիջեն, կամ կդադարեցնեն բեսպրեդելն ու տեռորը սեփական ժողովրդի հանդեպ՝ նույնն է, թե հույս ունենալ, որ հավն ինքնակամ կհեռանա կերակրատաշտից, քանի այնտեղ կեր կա ու քշողն էլ չկա:
Ակնհայտ է, որ և հավի, և իշխանությունների դեպքում խնդրի լուծումը նույն է՝ կամ կերը դիմացներից վերցնելն է, կամ էլ «քշա» անելն է: Բայց ցավոք և դժբախտաբար, մեր լալկան արժեքայինով ու զոհվելու պատրաստակամությամբ մենք դրան էլ ընդունակ չենք:
Այն, որ իշխանություններին արդեն ասելիք չկա, հասկացել էի դեռ 5-6 տարի առաջ: Արդեն 2-3 տարի է, հասկացել եմ, որ ընդդիմությանն էլ առանձնապես ասելիք չունեմ, և եթե քննարկում էլ եմ, ապա դա մեծապես իներցիայի արդյունք է:
Գիտակցված, կամ անգիտակից համագործակցող իշխանություն-ընդդիմություն տանդեմը քննարկելու կարիքը դեռ կա, որովհետև շատերը դրա մասին դեռ տարակարծիք են և հույս ունեն հրաշքի ու անհնարինի:
Բայց շարքայիններս, մենք բոլորս, իրար ունենք ասելիք: Ասելիք առ այն, որ եթե չենք ուզում վերջնականապես կործանվել, օր առաջ պետք է ձեռք քաշենք փրկիչներից, զբաղվենք մեր շրջապատը մաքրելով, բարեկարգելով, մեզ վատություն անող պաշտոնյաների ականջները քաշելով, մեր գործերն ինքնուրույն անելով:
Հայաստանում այլևս որևէ ընտրություն չպետք է լեգիտիմացվի քաղաքացիների մասնակցությամբ, մանավանդ ընդդիմադիրների պահանջով ու առաջնորդությամբ:
25 տարվա ընթացքում խորհրդարանում միշտ եղել են մի քանի ընդդիմադիրներ: Կարո՞ղ ենք հիշել գոնե մեկ օրինակ, երբ ընդդիմադիրը կարողացել է գոնե երրորդական մի հարցում հաղթել, իր ասածին հասնել: Եվ ի՞նչ գնով է ապահովվել այդ մի քանիսի անիմաստ մուտքը խորհրդարան՝ մարդկանց համատարած բարոյալքմամբ, համազգային ավերածություններով, քրեականի ու իշխանականի բանդիտիզմով:
25 տարի խուսափել ենք ինքնախոստովանանքի կարևորագույն հարցերից՝ ի՞նչ գնով, հանուն ինչի՞ և ո՞ւմ համար:
Շուտով ընտրություներ են: Եվ արդեն առկա է կուսակցական մեծ ակտիվություն, թե այս անգամ ուրիշ է լինելու, այս անգամ կտեսնեք, թե ինչ է լինելու:
Եթե մասնակցենք ընտրություններին, լինելու է այն, ինչ եղել է նախորդ 20 տարիներին՝ կաշառք, բանդիտիզմ, տեռոր, կեղծիք, ծեծ, բանտարկություն, մարդասպանություն ու թշնամանք է լինելու:
Իսկ եթե դրանք բոյկոտվեն, անտեսվեն, ու իշխանություններին ամեն քայլափոխի ցույց տրվի, որ հայությունն այլևս թքած ունի իրենց վրա, որ արդեն հիմնովին այլ է մեր վերաբերմունքը, ապա իսկույն նոր իրականություն է կերտվելու, որում բանդիտը չի ունենալու իրեն լեգիտիմացնողին և հայտնվելու է գոնե անհարմար վիճակում:
Մինչև հիմա իշխանության հենարանը եղել է քրեական տականքը և իբր ժողովրդավար-դիմադրող ընդդիմությունը, որի հաշվին էլ հաշվետվություն է ներկայացվել աշխարհին, թե կամաց-կամաց առաջադիմում ենք՝ էս ենք, ավել չենք, մի քիչ էլ համբերեք:
Սա է եղել հայկական իշխանական ու ընդդիմադիր խաղի իմաստը, այն խաղի, որը կիսով չափ դատարկեց երկիրն ու հիմնովին ավերեց այն:
Ժամանակն է, որ մենք հաշվի նստենք փաստի հետ, որ հայությունն այսօր չունի երևելիներ՝ բոլորս փոքր ենք, աննշմարելի ու ունակ ենք միայն մեզ տիրապետելու: Եվ մեր առաջնահերթ անելիքն առանց միջնորդների գոնե ինքներս մեզ տեր կանգնելն է: