Մի քանի օր առաջ համացանցում հանդիպեցի դաղստանյան թուրքացեղ կումիկական գյուղում վառված տան փոխարեն ամբողջ գյուղով նոր տուն կառուցելու տեսանյութին: Նրանում ներկայացված էր մեր՝ «Գյուղ կանգնի-գերան կկոտրի» հայտնի ասացվածքի դիդակտիկան՝ իրական կյանքում:
Մեզանում ես նման օրինակի հանդիպած չկամ, բայց բազմիցս հանդիպել եմ «Գյուղ նստի, կթու կովից քելեխը կուտի ու հանգուցյալի ընտանիքը չքավորության կմատնի» իրականությանը:
Խրոխտ հայրենասերն իր մտքում անպայման հակառակ օրինակն ունի, և իմ այս համեմատության մեջ ազգայինի չարակամ սևացում կտեսնի, շատերը կմտածեն, թե չարժի նման համեմատություններ անել, իսկ ես էլ ստորև կներկայացնեմ իմ տեսակետը, թե ինչու արժե, և ինչու առանց դրա երբևէ մենք քայլ առաջ չենք գնա:
Խնդիրը բազմաչափ է: Մի կողմից այն անհատ-հանրություն հարաբերություններին է վերաբերում, մի այլ կողմից՝ ներհանրային դրվածքներին ու արժեքայինին: Իսկ ընդհանուր առմամբ, այն Homo Sapiens կոչված՝ մարդ-հանրային էակի գոյության առանցքի հարցն է, թե ինչ հանգամանքներում «գյուղը» պետք է կանգնի, երբ՝ անհատը, ու երբ՝ պետությունը:
Մենք միշտ թերագնահատել ենք շարքային անհատին, կարծելով, թե կամ փրկիչը պետք է լինի գործ անողը, կամ էլ՝ ամբողջ գյուղը: Փրկիչը երբևէ չի հայտնվել: Ամբողջ գյուղն էլ, որպես կանոն, չի «կանգնել», ու արդյունքում մեր անհատը դարձել է լալկան՝ ձեռքը մեկնած այլոց ու դրսերին:
Բա էլ ինչ անի շարքայինը, եթե երևելիներն ասում են, թե դա քո ուժի բանը չէ, դու ձեռք չտաս, դու չմտածես, ինքնագործունեություն չանես, չգործես: Դու միայն արի կողքս կանգնի, միլիոն դառնանք, ու կտեսնես, թե ես ինչ կանեմ:
Ու շարքային հայը հեզորեն, 20 տարի շարունակ, եկել, անմռունչ կանգնել է միտինգի` սպասել մյուսներին, սառել, անարգվել, պատեպատ տվել իրեն, ծեծվել, գնացել տուն, հուսալքվել, արտագաղթել:
Այսօր արդեն ֆանտասմագորիկ, անբնական վիճակ է, որը հանգեցրել է ազգային աղետի՝ իշխանական բեսպրեդելի, գողականի խրախճանքի, կործանարար արտագաղթի ու պետականության ավերման:
Ասպարեզը գրաված թե իշխանական ու թե ընդդիմադիր դեմքերն արդեն մանկական թոթովանքի մակարդակում ամբողջ աշխարհում անքննելի սկզբունքներն են հարցականի տակ դնում:
Ու չգիտես՝ լաս, խնդաս, թե մեկընդմիշտ խաչ քաշես որևէ հարցին լուրջ մոտենալու մտքի վրա:
Ընդդիմությունն ասում է՝ քանի որ ոստիկանությունը մեզ «ծեծի է ենթարկում», ապա մենք իրավունք ունենք զինված ինքնապաշտպանության դիմելու:
Ի պատասխան, հանրապետական «գիտակն» էլ ասում է, որ նման միտք արտահայտողին պետք է պատժել, մեկուսացնել, բանտարկել-բանտում փտեցնել:
Ընդդիմության հազարավոր համակիրներն էլ ասում են՝ ո՞նց թե, բա գիտակը չգիտի՞, որ դրա համար մարդուն չի կարելի բանտում փտեցնել՝ այ-այ-այ:
Ու ընդդիմադիրն էլ գոհունակությամբ ասում է՝ տեսնում եք, մենք «ճիշտ ենք», մենք իրավունք ունենք՝ ուռա~, ունենք և վերջ:
Իսկ թե իրավունքից մինչև իրավունքի գիտակցում և իրացում դեռ քանի դար կա, դա ոչ մեկի վեջը չէ: Բանը հասել է նրան, որ ծեծել-ծեծվել նորմալ բառերն էլ են կորցրել իրենց կիրառումը՝ զիջելով «ծեծի ենթարկել-ծեծի ենթարկվել» սադոմազոխիստականին:
Հասկանալի է, որ ոստիկանը կուզենար մահապատժի էլ ենթարկել, բայց եվրոքեռիներից վախենալով, բավարարվում է ծեծի ենթարկելով: Ի վերջո, լավ է հնչում՝ բառի մեջ համ ծեծը կա, համ ենթարկելը:
Ու էսպես, դեռ սովետից սկսած ու շարունակվող խրոնիկական, պարբերաբար կրկնվող գործառույթ է՝ ոստիկանությունը «ծեծի ենթարկողն» է, մնացած բոլորն էլ ծեծը «քննարկողներն» են՝ բացարձակապես բոլորը՝ երևելիներից սկսած մինչև շարքայիններն ու հետին շարքերը: Եվ քննարկման առարկան էլ իշխանությունների «սխալ», ընդդիմության «ճիշտ» լինելու հարցն է:
Նախ տեսնենք, թե ինչումն է իշխանության «սխալը»:
Քաղաքակիրթ աշխարհի կարծիքով, եթե երկիրդ բոբոների ցուցակում չէ, ապա իշխանությունը մեծ սխալ չունի: Ցանկացած երկրում իշխանությունը բռնության գործիք է և այն բռնանում է իր ժողովրդի վրա այնքանով, որքանով որ դա թույլ է տալիս ժողովուրդը:
Սահմանադրությունը, օրենքները, եվրոդատարաններն ու արտաքին վտանգները՝ բոլորը երրորդական են ցանկացած իրեն «հարգող» ազգի, կամ հանրության պետությունում:
Օրինակ Ֆրանսիայում, երբ իշխանությունը «սխալ» է գործում, ապա ընդդիմությունը չի քննարկում «սխալը», այլ ի դեմս դեմքները կապած, անճանաչելի ու անորսալի երիտասարդների, ջարդ ու փշուր է անում ճանապարհին եղած ամեն հնարավորը: Ու դրանից հետո, երբ փոխադարձ վայրագության հաշիվը հավասարեցվում է, նոր ընդդիմությունն ու իշխանությունները նստում են իրար դեմ ու սիրալիր, իրար հասկանալի մայրենի ֆրանսերենով ասում, խոսում, քննարկում են ու իրար «հասկանում»:
Իսկ մինչև հաշիվների հավասարեցումը նրանք իրար հետ խոսել-հասկանալ չեն կարող: Իրոք, ոնց հասկանաս ծեծելերենն առանց հանդիպակաց ջարդելերենի:
Եվ ոչ մի ժողովրդավարություն, սահմանադրություն, հայություն, ֆրանսացիություն ու մարդկություն չի կարող թարգման լինել այդ երկու «լեզուների» արանքում: Նրանք հաղորդակցվում են միայն մեկը մյուսին, առանց միջնորդի:
Ավելի մանրամասնելու որևէ իմաստը չկա, որովհետև խրոնիկական անհասկացողության դեմ միակ միջոցը նրա անտեսումն է՝ քաղաքական կարևորագույն լեզվին չտիրապետող ընդդիմադիրի անտեսումը:
Վերադառնալով մեր ու կումիկների «գեղական» ավանդույթներին, տեղին է զուգորդել դրանք մի այլ տեսանյութով, որում Լեհաստանում ծնված ու ԱՄՆ տեղափոխված երիտասարդը ներկայացնում է իր ստեղծագործ մոտեցումները կյանքին: Պատմում է, թե ինչպես իր կերտած գործիքներով փոխում է իր ու շրջապատի կյանքը: Ինչպես մեկ օրում 100 ծառ է տնկում, կամ 5000 աղյուս արտադրում, կամ 6 օրում տրակտոր սարքում: https://www.youtube.com/watch?v=RE_uWScdAs8
Կումիկական գյուղի և այս երիտասարդի վարքերը նորմալ մարդ արարածի երկու տարբեր դրսևորումներն են: Մի դեպքում հանրային մարդու, մյուս դեպքում էլ անհատ մարդու անսպառ հնարավորությունների ու տեղծագործականության դրսևորումները:
Երիտասարդը չի վիճում որևէ մեկի հետ, կերտում է և պատմում իր արդյունքի, արդեն իսկ կերտածի մասին: Կումիկներն էլ չեն վիճում, թե որն ինչ անի կամ չանի՝ վառված տունն են գյուղով սարքում:
Միայն մենք ենք, որ վիճում ենք՝ թե ով ծեծի, ով ծեծի ենթարկվի, ով խոսի, ով լսի ու լլկվի, ով միտինգի կանչի ու ով միտինգվի, ով իշխի, ով թալանի, ով գնա սահման ու զոհվի, և ով արտագաղթի:
Հիմա էլ, սահմանադրությունը «հորով-մորով» անելուց հետո, հինը «նորովի» խոսողների նոր կոհորտաներ են հայտնվել, որոնք այսօրվանից խոսելով, սկսել են ապահովել 2017-ի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմացման հարցը:
Եվ արդեն լիքը «ոգևորված» լսողներ էլ կան, ու կասկած չկա, որ լսելուց այն կողմ չանցնող մեր արժեքայինով, առոք փառոք նոր, լեգիտիմ, քաղաքացիական ու լուսավոր պառլամենտ էլ ենք ունենալու:
Խնդիրը սակայն ոչ միայն խոսել-լսեցնելն է, այլ մինչ այդ պետություն մնալը: Մանավանդ որ, մեր աշխարհքաղաքական խաչմերուկում արդեն բոլոր կողմերից ու բոլոր լույսերը՝ թե կանաչ, թե կարմիր ու դեղին՝ վառ են:
Տեսությունն ասում է, որ մարդիկ խմբերով ուրախանում են, միտինգվում, ենթարկվում, ստրկացվում, պարտվում, հիմարություն կամ պոռնկություն անում, բայց խմբերով չեն մտածում:
Փորձենք ամենքս ինքնուրույն մտածել ու գործել, և հենց այն լեզվով ու մեթոդաբանությամբ, որը հասու է իշխանություններին: Խմբովի գործելու մշակույթը մենք չունենք, որովհետև խմբովի դեռ որ քելեխ ուտող, սեփական տունը «պահող» ու ուրիշի տունը քանդողն ենք:
Մի ազնիվ ոստիկան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ոստիկան եմ, զինված եմ ու թե կարող եք, եկեք իմ տան վրա:
Հազարավոր ընդդիմադիրներ 20 տարի շարունակ անընդունակ եղան այս պարզ հայերենը հասկանալու: Բայց կարողացան Եղեռն տեսած մի ամբողջ ազգի հարյուր անգամ տանել ծովն ու ծարավ հետ բերել՝ առանց գոնե մի անգամ ներողություն խնդրելու: