Դեկտեմբերի 17-ին, թղթակիցների հետ նախագահ Պուտինի 3 ժամանոց հարցազրույցում, Թուրքիայի վարքի հետ կապված ահռելի ինֆորմացիա մնաց փակագծերի ներսում: Մասնավորապես, դրանք նաև Հայաստանին վերաբերող հարցեր էին՝ առնվազն երկու ուղղակի պահով:
1. Ռուս լրագրողի ակնհայտորեն նախապես պատրաստված հարցին՝ թե մի գուցե բազան պե՞տք է պահել Լաթաքիայում, եղավ համակողմանի ռազմաքաղաքական պատասխան՝ ուղղված գերուժերին:
Իմաստն այն էր, որ ժամանակները փոխված են՝ առաջներում մենք չունեինք միջին հեռահարության հրթիռներ, ինչպիսին ամերիկյան թոմոհավքերն են: Իսկ հիմա համ ծովային 1500 կմ, ու համ էլ ինքնաթիռից արձակվող՝ 4500 կմ շառավղի հրթիռներ ունենք, էլ բազան մեր ինչին է պետք՞: Որ ավանդական բազա ասածն արդեն հնաոճ է: Առավելագույնը, այն մեզ կարող է պետք լինել որպես թեթև հենակետ, որի եղած-չեղածը կարող ես արագ լցնել Անտեյի մեջ ու «սուլոցով» /ինչպես ինքը իրոք սուլեց/, թռչել-հեռանալ:
Լաթաքիայի և Գյումրու բազաների միջև եղած զուգահեռները պահենք մտքներումս և անցնենք մյուս պահին:
2. Թուրք լրագրողի ակնարկին, թե մի գուցե ինքնաթիռի հարցում երրորդ կո՞ղմ կար, որ դուք ու մենք չգիտենք՝ եղավ երկար պատասխան, որի ենթատեքստում առկա էր շատ բան:
Եվ էմոցիան էր՝ հանդեպ թուրքերի անսպասելի «դավաճանությունը», և անթաքույց զարմանքն էր՝ թե ախր ինչու՞, և թուրքերի վարքը չհասկանալու իրական վրդովմունքն էր, և նախկին, իրենց առաջարկած ու նույնիսկ միջազգային նորմերին դեմ, և թուրքերի համար զգայուն հարցում զիջումների գնալու «խելահեղ» մերժման վերաբերյալ տարակուսանքն էր:
Նախորդ հարցազրույցներում էլ, այս խնդրի հետ կապված համարյա նույն տոնայնությամբ խոսքեր են եղել՝ մեջքից հարվածելու, թուրքերի անհասկանալի վարքի մասին:
Նման է նրան, որ Պուտինն այնքան խոցված է, որ չի կարողանում թաքցնել իր զարմանքն ու պարտության վիրավորվածությունը:
Միայն նախապես անթերի թվացող իր ծրագրերում խաբված մարդը կարող է նման հոգեբանական վիճակում հայտնվել: Նրա խոսքում բազմիցս եղավ «չեմ հասկանում» արտահայտությունը: Քաղաքական գործիչի, դիվանագետի համար չհասկանալս ո՞րն է:
Եթե չհասկանալը հատուկ թատրոն է, կեղծիք, ներկայացում, ապա չի նշանակում, որ թուրքն էլ դա հալած յուղի տեղ կդնի:
Հետևաբար Պուտինն իրոք չի հասկանում:
Իսկ ի՞նչը չի հասկանում:
Ակնհայտ է, որ չի հասկանում թուրքերին իսկ ձեռնտու, զգայուն հարցում իրեն մերժելու մոտիվը, իմաստը, տրամաբանությունը:
Այսինքն մի այնպիսի պատառ է եղել քննարկման առարկան, որում թուրքերն իրենք են շահագրգիռ եղել, չպիտի մերժեին, բայց մերժել են: Այ սա է Պուտինի չվերացող զարմանքի արմատը:
Պուտինը չի խոսում դրժման մասին, այլ խոսում է խաբվելու, դավաճանության մասին: Եվ դա նրան սկսել է պարզ դառնալ միայն ինքնաթիռի խփվելուց հետո՝ այսինքն շատ մեծ՝ բացահայտ թշնամական, որևէ կերպ չարդարացվող, անսպասելի քայլից հետո:
Ըստ որում, սկզբում, ինքնաթիռի խփվելու և հաջորդող մի քանի օրերին, Պուտինը համայա թե մուրում էր թուրքերից խոսք, թե ասեք, որ սխալվել եք, ասեք, որ սա պատահականություն է: Եվ ի զարմանս իրեն, դա էլ չեղավ:
Նույնիսկ այս հացազրույցի մեջ նորից հիշեց, որ ոչ թե իրեն են զանգել ասելու, թե սխալվել են, այլ ՆԱՏՕ են վազել: Մարդն ինչ աֆեկտների մեջ պետք է լինի, որ չհավատա իրականությանը և համառորեն հակառակը տեսնելու փորձեր անի:
Նախ փորձենք հասկանալ, թե ինչու՞մ կարող էր վստահ լինել, որում խաբվել է Պուտինը: Դա փոքր հարց, մանրուք չէր կարող լինել՝ մանրուքի վրա մեծ հույսեր կապել հնարավոր չէ: Բացի այդ, առաջարկը նախապես թուրքերից է եկել: Հետևաբար վստահությունը եղել է կոնցեպտուալ, սկզբունքային, իր ասածով «միջազգային նորմերին էլ դեմ» մի առաջարկի հետ կապված, որը նրան համոզվածություն է ներշնչել, թե դա չմերժվող տարբերակ է:
Վերջին առնվազն 100 տարիներին ռուս-թուրքական շփումներում, որպես կանոն, մանրադրամը հենց մենք՝ հայերս ենք եղել: Ու եթե այս անգամ էլ ռուսների զիջելիքը հենց մենք ենք, ապա ձեռքներս ծալած նստելը հավասարազոր է կործանման:
Բացի հայկական շահերի ոտնահարումից, էլ ինչ մեծ, միջազգայնորեն անթույլատրելի զիջում է հնարավոր ռուս-թուրքական ռազմաքաղաքական բեմում:
Եթե Ղրիմն էին խոստացել, ապա դա անհնար է: Երեկ են Ղրիմը մտցրել Ռուսաստանի կազմ, այսօր հո չեն զիջելու Թուրքիային: Եվ բացի այդ էլ, Ղրիմը միջազգային նորմերի հետ կապ չունի:
Խոստացել էին մուտք ԵՏՄ՞: Դա զիջում չի, այլ ընդամենը առաջարկ է և զգայուն չէ: Ըստ որում, թուրքերը ոչ թե ԵՏՄ, այլ Եվրամիություն են ուզում մտնել: ԵՏՄ մտնելն էլ միջազգայինին չի առնչվում:
Ատոմակայանն էին ձրի կառուցո՞ւմ: Դա ոչ զգայուն է, ոչ էլ միջազգային նորմերի հարց է:
Էլ ի՞նչը կարող էր թուրքերի առաջարկած և ռուսների էլ զիջածը լինել, որը միջազգային նորմերին դեմ է: Բացի Ղարաբաղից կամ էլ միացյալ Ղարաբաղ-Հայաստանից, ռուսները թուրքերին այլ «զիջելիք» չունեն:
Ըստ որում, հենց այստեղ է, որ իմաստալից է դառնում «միջազգային նորմերին դեմ» միտքը: Հենց այս ֆոնին է, որ իմաստալից է դառնում Ադրբեջանին մի քանի միլիարդի զենքի վաճառքը:
Պուտինը հենց սրանից է ապշած, որ ես զենքը վաճառեմ, խոստանամ, որ տարածքները կզիջեմ, ու հանկարծ, էսքանից հետո, իմ ինքնաթիռը խփե՞ն:
Այս մասշտաբի մեջ է, որ բացատրություն է ստանում Պուտինի զարմանքը:
Ինքը փաստացի գործնականում թուրքերին զիջած է եղել պատրաստի Թուրան: Եվ այս անհավատալի հեռանկարի ֆոնն է, որ նրան անբացատրելի է դարձնում թուրքերի արածը: Եվ հենց այդ պատճառով, նրա ուղեղում սա ընկալվում է որպես դավաճանություն, խելահեղություն, անբացատրելի, անհասկանալի վարք:
Նաև հենց այս սցենարի շրջանակներում, երեկվա ամսաթվով, իմաստալից է դառնում ռուսական ունեցվածքի՝ «զաստավիտով» շուտափույթ «սաղացնելը» Ռուսաստանում հարստացած հայազգի փողատերերի վրա: Իսկ ինքնաթիռի խփվելուց հետո, այսօրվա ամսաթվով էլ, հակառակ պրոցեսը՝ 180 աստիճանով շրջադարձը՝ հայտարարությունը, թե ցանցերը լրիվ չեն վաճառված, այլ միայն քառորդ մասով:
Հենց այս դեպքում է, որ գոնե մինիմալ բացատրություն են ստանում Ավետիսյանների ընտանիքի գենոցիդի առեղծվածը և ռուսական վերաբերմունքը դրան:
Այս դեպքում է, որ հասկանալի է դառնում, թե ինչու հնամաշ ռազմաջարդոն է կուտակված Գյումրու բազայում, որն իբր հայապաշտպան ու թուրքազուսպ ֆորպոստ է հարավներում:
Ծանր է հավատալը, որ մենք, մեր պետությունը նորից վաճառքի առարկա ու մանրադրամ ենք դարձել թուրքի ու ռուսի մեջ: Բայց առավել ծանր է գիտակցելը, որ մեր պետությունն անլուրջ է ներկայանում այլոց աչքերին: Որ այն ապասուբյեկտային է միջազգային խաղահրապարակներում:
Մի երկու տարի առաջ հայոց նախագահը խոստովանել էր, թե «գիտեք հե՞շտ է Պուտինի հետ խոսելը»:
Գիտենք, հեշտ չէ, բայց ցավն էն է, որ դժվար է նման բան նույնիսկ պատկերացնելը:
Եթե պետականությանը հարիր իշխանությունն ու արժանապատվությունն ունենայինք, մի որակյալ հայ թղթակից էլ կունենայինք մոսկովյան դահլիճում, որը կկանգներ ու կհարցներ՝ հարգելի պրն Պուտին, կարո՞ղ է Հայաստանն էիք թուրքերին խոստացել, որը չստացվեց, որովհետև չէիք հաշվարկել, որ թուրքերի ախորժակը շատ ավելին է, ու դրանով չեք պրծնելու:
Կամ էլ թաթար թղթակցուհու՝ Թաթարստանի նախագահի պաշտոնի հարցին զուգահեռ էլ հարցներ, թե պրն նախագահ, իսկ Հայաստանը թուրքերին նվիրաբերելուց հետո հաշվարկե՞լ էիք, որ թաթարներն այլևս իրոք անկախ պրեզիդենտ ու երկիր են ունենալու:
Պուտինի հետ խոսելու համարձակություն ունեցող նախագահը չունենք: Պուտինին հարց տալու մակարդակն ու որակն ունեցող լրագրողը չունենք. իսկ ի՞նչ ունենք:
Ունենք միայն գողական-ախպերական-կեղծիքային-թալանային-արտագաղթային ու դժոխային միջավայր ու իրականություն:
Վերը շարադրվածի ֆոնին հայտածվում է նաև Պուտինին անհասկանալի թվացող առեղծվածի՝ նախապես համաձայնեցված առաջարկը մերժելու տրամաբանությունը:
Թուրքերն իրոք խաբել են Պուտինին, ինչպես 100 տարի առաջ Աթաթուրքն էր խաբել Լենինին՝ բարեկամ լինելու մասին:
Զենքը վերցրել են, ռազմաքաղական օգնությունները ստացել են, իրենց երկիրը շենացրել են: Ռուսներին աղախին ու հարճ են սարքել, հայերին էլ՝ մխացող, հյուծող պատերազմով, խաբկանքներով ու շրջափակմամբ պարտադրել են ներքին բեսպրեդել, թալան, անօրենություն, արտագաղթ ու երկրի ինքնաոչնչացում:
Ես չգիտեմ, թե նրանք փոխարենն ինչ են խոստացած եղել ռուսներին: Բայց գիտեմ, որ նրանք հաղթել են և ռուսներին, և մեզ՝ փաստացի, իրական, դիվանագիտական ու գործնական պայքարում: Եվ տրամաբանական էր, որ իրենց այլևս պետք չէր ռուսների ֆորմալ՝ Ղարաբաղի ու Հայաստանի փաստաթղթային զիջումը՝ մանավանդ միջազգային նորմերից դուրս: Հայաստանն իրենց պետք է առանց հայերի ու ռուսների բազայի՝ դատարկ, անձայն, առանց մի փամփուշտի ու ավելորդ խոսակցությունների: Եվ այդ պրոցեսն ակտիվորեն, ու արագացած, արդեն գնում է առանց ռուսների:
Նաև այս հունի մեջ է վերջին օրերի ամերիկյան անհանգստությունն ու վերաբերմունքների շրջադարձը՝ թե մեր և թե ռուսների հանդեպ:
Թուրքերը բոլորին են խաբել:
Բարին ընդ մեզ: