Առերևույթ, իշխանափոխությունների խոփը Սիրայում դեմ առավ արևմուտքում կրթված Ասադին և անշարժացավ: Եվ ներկայում Սիրիան դարձել է այն կենտրոնական ռազմադաշտը, ուր խաչաձևված են աշխարհի ուժեղների շահերը:
Փորձենք ներգրավվածներին քննարկել ըստ նպատակների և համատեքստում դիտարկել Հայաստանին սպասվելիքը:
1. Տեսնելով այլ երկրներում կատարվածի հետևանքները, Ասադը և Սսադին հարող ուժերը պայքարում են իրենց ֆիզիկական գոյության համար:
2. Սիրիայի տարածքում եղած կրոնական տարբեր հոսանքների հարող արաբների վարքը արտաքին դիտորդի համար դժվար քննարկելի է: Բայց և, ըստ եղած ինֆորմացիայի, նրանք չունեն ինքնուրույն ձևակերպված, կոնցեպտուալ, ծրագրային վարք: Նրանք դեռ պայքարում են Ասադի դեմ, իսկ թե ինչ կստացվի դրանից, արդեն օրակարգից դուրս է:
3. Իսլամական պետությունը Պանիսլամիզմի դրոշի տակ հրահրում է միջկրոնական անհանդուրժողականություն ու քաղաքակրթականի բացասում: Նրանց գործելաոճը գրավիչ է ամբողջ աշխարհից կրոնական ծայրահեղականների ներգրավման համար: Իսկ իրենց կատարածի արդյունքները դիտարկելիս աչքի է զարնում անսպասելի մասշտաբայնությունը և հեռահար էֆեկտները: Տեղերում վայրագ գլխատումներն ու բնակավայրերի աղետալի ավերումները առաջ են բերել միլիոնավոր փախստականների հոսք դեպի Եվրոպա:
Նրանց գործելաոճում զուգորդված են 21-րդ դարի տեխնոլոգիաները՝ ամենանուրբ մասս-լրատվությունը, համացանցն ու ռեկլամը, իսկ մեթոդականում վայրագ, ընդգծված նախնադար է: Մտածել, որ սա պատահականություն է, պարզամտություն կլինի: Իսկ թե իրականում ովքեր են կանգնած Իսլամական պետության հետևում, փաստացի միգուցե չպարզվի էլ, բայց տրամաբանորեն, դա պետք է որ միջազգային ֆինանսական օլիգարխիան լինի:
4. Սիրիային հարևան արաբական պետությունների կեցվածքը խիստ տարբեր է՝ կախված նրանց աշխարհքաղաքական դիրքորոշումներից և հեռակա էքսպանսիվ նպատակներից: Սաուդյան Արաբիան և Կատարը ֆինանսավորում են Ասադի դեմ ներքին և նույնիսկ արտաքին պատերազմը: Հորդանանը փորձում է կորուստներ չունենալ ընթացողից: Իսկ Իրաքը ներքուստ անկայուն լինելով և մեծապես կախված լինելով գերուժերից, փաստացի զուրկ է ինքնուրույն կեցվածք որդեգրելու հնարավորությունից:
5. Իրանը ներգրավված է իբր կրոնական համերաշխության մոտիվներով, բայց իրականում լավ գիտակցում է, որ Ասադի անկումից հետո թուրանական ագրեսիայի հաջորդ զոհերից մեկն էլ ինքն է լինելու: Թուրքալեզու Ատրպատականի կողմնորոշման հարցը մահացու վտանգ է Իրանի համար, և Իրանը ամենածանր քայլերին իսկ կգնա՝ այդ պրոցեսի դեմն առնելու համար:
6. Իսրայելն, ըստ թույլ նշմարելի հայտանիշերի, ստվերային ամենահզոր խաղացողն է ընթացողում, բայց առերես, իբր իր նպատակները Գոլանի բարձունքներից այն կողմ չեն անցնում:
7. Եվրամիությունը երկակի-եռակի աքցանների մեջ է հայտնվել կատարվողից: Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, նրանց մեծամասնությունը ենթակա է ԱՄՆ ռազմավարությանն այս հարցում: Բայց փախստականների ահռելի հոսքի, աճող դեմոգրաֆիական ճգնաժամի, կրոնական ահաբեկչության պայմաններում, ինչպես նաև Թուրքիայի մանիպուլյատիվ վարքի հետևանքով շվարած են: Համաձայն հռչակված մարդասիրական ու ժողովրդավարական արժեքների, նրանք առերես պարտավոր են ընդունել փախստականներին, բայց գիտակցելով դրա մոտակա հետևանքները, փորձում են վերանայել իրենց ներքին դրվածքները՝ առաջնությունը տալով ազգային, կոնսերվատիվ գործիչների առաջխաղացմանը ու դեմոգրաֆիական ինքնապաշտպանական քայլերի մշակմանը:
Վերջին օրերին եվրոպացիք մասնակից են դարձել ՆԱՏՕ-ի նախաձեռնած՝ սիրիական երկնքում ռուսական օդուժին «գործից հեռացնելու» քայլերին: Բայց կոնցեպտուալ առումով, ոչ փախստականների ու ոչ էլ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի հարցերում, առաջընթաց չի նկատվում: Թուրքիային խոստացվել է 3 միլիարդի օգնություն և Եվրամիությանն անդամակցություն՝ փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու, «տնավորելու» դիմաց: Բայց ակնհայտ է, որ նման մասշտաբի հարցը ոչ 3 ու ոչ էլ 30 միլիարդով լուծելի հարց չէ:
Եվրամիության դերը սիրիական ռազմադաշտում կրավորական է, չնայած որ հետևանքները նրա վրա արդեն կրիտիկական են:
8. Թուրքիան ներկայացված է առնվազն 4 առանցքային նպատակներով.
Ա. Իրաքյան ու սիրիական պրոցեսների հետևանքով, Օսմանյան կայսրության նախկին, «անտերացած» տարածքների վերադարձն իր տնօրինության տակ:
Բ. Իր սահմաններից դուրս քրդական ուժերի դեմ ագրեսիան ավելացնելու հաշվին, ներսում քրդական հարցի մեկընդմիշտ ճնշումը, կամ էլ առնվազն քրդական ինքնավարության զետեղումը Իրաքում և Սիրայում, բայց ոչ Թուրքիայում:
Գ. Որպես գերուժ հաստատվելու շնորհիվ թուրանական նկրտումների արթնացումը միջինասիական թուրքալեզու ժողովուրդների մոտ:
Դ. Քողարկված ձևով Ռուսաստանի հանդեպ ազդեցության գոտիների վերանայման պահանջի առաջ քաշումը՝ ի դեմս Ղրիմի թուրքապատկան լինելու հարցի, ներռուսական թուրքալեզու ավտոնոմիաների վրա լծակներ ունենալու, ինչպես նաև Կասպից ծովի կարգավիճակի ու նրանում ռուսական ռազմական մանևրների սահմանափակման պահանջների:
Թուրքիան այս պահը դիտարկում է որպես պատմական՝ իր ռազմավարական, ռազմաքաղաքական հավակնությունների բավարարման և կարգավիճակի կտրուկ բարձրացման առումով:
9. Սիրիական պրոցեսը Ռուսաստանին առնչվում էր նախ և առաջ Սիրիայում տեղադրված ռազմածովային բազայի կապակցությամբ: Նրա կորուստը Ռուսաստանի համար համարժեք էր լինելու միջազգային ռազմաքաղաքական կարգավիճակի կտրուկ անկմանը՝ ընդհուպ մինչև ստորադասումը Թուրքային: Որի արդյունքում էլ նշմարելի էր երկրի անխուսափելի մասնատումը, եթե ոչ ամբողջական կործանումը:
Հետևաբար, Ռուսաստանը Սիրիայում ոչ միայն իր կարգավիճակի, այլև գոյության հարցերն է լուծում: Եվ պատահական չէ, որ արդեն ցուցադրվել են ռուսական գրեթե բոլոր նորագույն զինատեսակները, սկսած ծովային բազավորման թևավոր հրթիռներից, վերջացրած Մոզդոկից թռչող հեռավոր ստրատեգիական գերձայնային ավիացիան:
Թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումն ու օդաչուի գնդակահարումը Էրդողանի կողմից հաշվարկված լրջագույն ու հանդուգն քայլեր էին, որոնք հաջողությամբ մարսվեցին: Եվ հիմա ռուսները հայտնվել են ծանր վիճակում, մանավանդ որ արդեն սիրիական երկնքում է նաև ՆԱՏՕ-ի ավիացիան: Պարզ է, որ ցանկացած, նույնիսկ թեթևագույն սխալը ռուսների կողմից հանգեցնելու է ռուսների համար աղետալի հետևանքների:
10. Միացյալ Նահանգները նախապես, Սիրայում որպես անելիք տեսնում էին Ասադին գահընկեց անելը: Ամերիկյան արտաքին քաղաքականությունը կոնկրետ է և անմիջական: Այն հիմնված է սցենարային-խաղային մոդելների վրա: Ըստ դրանց, արվում է քայլը, իսկ հետագա պատասխանները մշակվում են ըստ ստացված կոնկրետ արդյունքների:
Նպատակ կար Ասադին գահընկեց անել, փորձում էին դա անել: Եթե չի ստացվում, ձգձգվում է, ապա արվում է այն, ինչ հիմա է հնարավոր: Հիմա էլ պետք է ռուսներին սահմանափակել, ուրեմն մշակվում է հանդիպակաց սցենար՝ սիրիական օդը լցվում է իրենց ինքնաթիռներով, որ ռուսները չկարողանան նույնիսկ թռչել:
11. Արդեն նկատելի է, որ ձևակերպված է թուրանական տանդեմը ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի (Կիրգիզիան դեռ որ իրեն որևէ կերպ չի ցուցադրել): Թուրքմենստանը և Ղազախստանը, թուրքմենական նախագահի խոսքերով, իբր անհնագստացած են Կասպից ծովի վրայով թռչող քաղաքացիական օդանավերի անվտանգության հարցերով՝ կապված հրթիռների արձակման հետ:
Այս տանդեմը մեծ պոտենցիալի է տիրապետում: Ղազախստանն ահռելի տարածքի և ռազմաստրատեգիական կարևոր դիրքերի տեր է: Թուրքմենստանը գազի և նավթի մեծ պաշարների, տարածքի և Կասպից ծովի հինգ ափամերձ երկրներից մեկն է՝ այսինքն միջազգայնորեն կարևոր իրավուքների տեր է: Ադրբեջանը բացի դիրքային ու ռեսուրսային պոտենցիալներից, նաև ռազմաքաղաքական, քաղաքակրթական կարևորագույն խաչմերուկում է՝ Ռուսատան-Իրան, Թուրքիա-Թուրան:
Ադրբեջանը ձգտում է գերտերունական կարգավիճակի, իսկ պանթուրանական պրոցեսում էլ՝ առանցքային խաղացողի դերի:
Թուրքերի հետ իրենց եղբայրությունը բազմիցս է շեշտվել: Իսկ թուրանական միացյալ տարածքի ապահովման մեջ՝ Ղարաբաղի և Ատրպատականի վրա հավակնությունների տարածմամբ Ադրբեջանը թուրանիզմի հիմնական ֆիգուրն է:
Սիրիական պրոցեսի հետագա սրման դեպքում, մանավանդ երբ Ռուսաստանը հայտարարել է ընդհուպ մինչև գերզենքի օգտագործման մասին, Ադրբեջանի ներքաշումը պրոցեսների մեջ՝ որպես թուրքական դաշնակցի և շահագրգիռ սուբյեկտի, ակնթարթային է լինելու, և հնարավոր է, որ ռազմադաշտը տեղափոխվի արևելք:
Պարզ է, որ ներկայում Հայաստանը հայտնվել է ծանր թշնամական շրջապատում: Եզակի հանգամանքներում Իրանը կարող է դաշնակցել Հայաստանին: Բայց սցենարների գերակշռող մասում, որպես թույլիկ երկիր, Հայաստանն ընկալվելու է որպես հանգուցալուծման պատառ կողմերի համար:
Մինչև թուրքերի կողմից ինքնաթիռի կործանումը ռուսները հույսեր էին կապում թուրքերի լոյալության հետ: Այդ նույն մտայնության արտահայտությունն էր Ադրբեջանին զենքի վաճառքը և հայկական սուբյեկտայնության անտեսումը նույնիսկ ամենատարրական հարցերում: Բայց ներկայում էլ ռուսական կողմնորոշումներում բան չի փոխվել: Նրանք կարող են դեմոնստրատիվ նպատակներով մի քանի ինքնաթիռ ունենալ Հայաստանի հետամնաց օդակայաններում: Սակայն եղած ուժերը բավարար չեն նույնիսկ մինիմալ պաշտպանական պատերազմի համար:
Մինչև վերջերս թուրքերի դեմ մեր հիմնական վահանը Ցեղասպանությունն էր: Բայց ներկայում, հայկական իշխանական աննախադեպ ինքնավարկաբեկման ու անթույլատրելի ցածր դիվանագիտական մակարդակի պատճառով, փաստացի, ինչպես 100 տարի առաջ, Հայաստանը նորից կանգնած է «լինել-չլինելու» խնդրի առջև:
Բացի սեփական ուժերի վրա հենվելուց, այլ լուծումներ չեն երևում: Հայաստանը պարտավոր է նախ և առաջ դուրս գալ ռուսական ֆորպոստի կարգավիճակից, որն այսօր չի ենթադրում կապերի խզումը Ռուսաստանի հետ, բայց ենթադրում է կատեգորիկ սուբյեկտություն ամեն հարցում՝ սկսած ռազմաբազայի գործողությունների լիակատատար վերահսկումից, վերջացրած արտակարգ արտոնությունների տրամադրումը այլ հարցերում:
Անելիքը վերը նշվածն է, բայց որ դա կարվի՝ անհավատալի է: Հետևաբար, մեր՝ ժողովրդի անելիքը մնում է նույնը՝ իշխանության հանդեպ գերակա սուբյեկտության ձեռքբերումը: Այսինքն՝ երբևէ պատմականորեն չլուծված խնդիրը:
Բարին ընդ մեզ: