Անգլերենում աշխարհայացքային մի կարևորագույն ասացվածք կա՝ «մտածիր արկղից դուրս»: Այսինքն մտածիր եղած շրջանակներից դուրս, լուծումներ գտիր եղած ստանդարտներից անդին, գործիր նորովի, անսպասելի:
Իմ կարծիքով, արևմտյան բարեկեցիկ կյանքի հիմնական լոզունգը հենց այս միտքն է: Այն հուշում ու պարտադրում է անհատին մշտապես նորովի նայել հարցերին, նոր լուծումներ գտնել, զարգացնել այլընտրանքները, չենթարկվել դոգմային ու դրվածքներին:
Մի այլ միտք էլ կա արևմուտքում՝ «եթե այլընտրանք չունես՝ կհոշոտվես»: Ռուսական զեկերի մոտ էլ նույնիմաստ պատկերավոր մի միտք կա՝ «ականջներդ կկախես՝ ուղեղդ կկտցեն»: Մենք՝ հայերս այլ մտքեր ունենք՝ «ով էշ, ես փալան», «եղունգ ունես- գլուխդ քորի»-ն ունենք:
Տրամագծորեն տարբեր է մեր աշխարհընկալումը մյուսներից: Զարգացող աշխարհը պարտադրում է ակտիվություն՝ սեփական ջանքերի ներդրմամբ, իսկ հայկական «իմաստնությունը» ենթադրում է իրադրությունից օգտվելու լկտի ու անամոթ «շուստրիություն»՝ դիմացինի հաշվին:
Ու մշակութային-արժեքայինի բարձրացված այդ լկտիությամբ ու անամոթությամբ կերտել ենք հայկական էթնոքաղաքական-պետական «շուստրի» համակարգ, որն ինքնահոշոտմամբ է զբաղված:
Իշխանության կազմում եղածները գործում են թե արկղից դուրս մտածելու շրջանակներում, և թե «ով էշ, ես փալան» արժեքայինում: Իրոք, նայենք ջրի երեսին եղած անպատիժ կաշառակեր պաշտոնյաներին, անորակ պետական գործիչներին, փողատեր ու դիրքատեր հանցագործներին, և կհամոզվենք, որ դրանք համ «արկղից դուրս» քայլերով են առաջ գնացել, և համ էլ «գլուխ քորելու» շուստրիությամբ:
«Արկղից դուրս» հնարամտորեն կեղծել են, թալանել, սպանել, չքմեղացել, իսկ արկղի ներսում էլ եկեղեցի կառուցել, իբր «սահմանադրորեն ու օրենքով շարժվել» ու հիմար ձևացել:
Պատկերն այլ է ընդդիմադիր դաշտում՝ եղածները արկղից դուրս ոչ միայն մտածել, այլ պատկերացնել չեն կարող: Ինչպե՞ս կարելի է՝ բա արևմտյան ժողովրդավարությու՞նը /որի մասին իրականում գաղափար իսկ չունեն, թե ինչ է դա/, բա մեր ազգային արժեքները /որը ֆետիշացրել են մինչև մարդկանց ստրկություն պարտադրելու աստիճան/, բա մեր սուրբ հողերը /որը հիպնոտիկ զանգուլակ են սարքել արկղից դուրս մտածող ցանկացած մեկին ազգի դավաճան որակելու համար/:
Հենց ընդդիմության ուղեղում է արմատացած արկղից դուրս չմտածելու մշակույթը, որը հանցագործից նրա իսկ դեմ բողոքը սարքել է գործ, ընկել դատարանների դռները, լցվել բանտերն ու արդեն 20 տարի շարունակ երկիր է դատարկում:
Հիմա էլ հասել ենք գինեսյան մի անկրկնելի ռեկորդի՝ Այո-ն ու Ոչ-ը համատեղ շրջում են երկրով մեկ ու մարդկանց քարոզում իրենց տեսակետները: Դա նույնն է, որ կատուն ու մուկը, գայլն ու ոչխարը, աղվեսն ու նապաստակը իրար ձեռք-ձեռքի շրջեն դռնեդուռ ու մկներին, ոչխարներին ու նապաստակներին համոզեն ստորագրել իրենց հետագա սպանդի որոշման տակ:
Սահմանադրությունի՞ց է, որ ունենք մարդակեր մարզպետներ, գլխակեր օլիգարխներ, պնակալեզ պաշտոնյաներ, փալաս դատարաններ, երկիր կործանող նախագահներ ու վարչապետներ: Դրանցից որ մեկն է երբևէ եղած սահմանադրության որևէ նորմով շարժվել՞: 25 տարվա անկախության մեջ որ մեկս կարող է մի պահ, մի դրվագ, մի հարց հիշել, երբ իրոք աշխատել է սահմանադրությունը, այլ ոչ թե ախպերականի ու տանիքի մուննաթը:
Մարդիկ ու այս պետությունը սահմանադրության լավ կամ վատ լինելու հարց չունեն: Այլ ունեն օրինական լինելու և սահմանադրորեն ապրելու խնդիր, որը հնարավոր է միայն ու միայն արկղից դուրս մտածողների հանրության մեջ, այլ ոչ կամակատարների ու արկղի մեջ պարփակվածների:
Բազմաթիվ մարդիկ գրում են այս թեմայով: Բայց հարցերը չեն քննարկվում ելքեր գտնելու, վերակերտվելու, նորովի մոտենալու ու լուծումներ գտնելու տեսանկյունից: Արձագանքը միայն ու միայն արկղի ներսի տրամաբանությամբ է՝ որ հեղինակները չուզողներ են, կամ էլ իրենք ով են որ, եթե էդքան տղամարդ են, թող գան իրենք անեն:
Սույն մտածելակերպով մերժվում է Homo Sapiens կոչվածի՝ գիտակից մարդու գոյության հիմքն իսկ, աշխատանքի մասնագիտացումն ու բաժանումը:
Ժամանակակից մարդը նրանով է տարբեր կենդանուց, որ մասնագիտացման ու մասնագիտացված աշխատանքի է ընդունակ: Մեկը բժիշկ է, մյուսը էլեկտրիկ, մյուսը չոբան: Բայց միայն չոբանների երկիրը չի կարող ժամանակակից լինել: Ինչպես որ միայն բժիշկների կամ միայն օլիգարխների, կամ միայն ուսուցիչների, կամ միայն ինժեներների երկիր առհասարակ չի կարող գոյություն ունենալ:
Պետության ներսում ու կյանքի բոլոր ասպարեզներում էլ մեկը մի ասպարեզ լավ գիտի, մի բան է լավ ու որակով անում, մյուսը մի այլ բան: Եվ միայն նրանց համատեղ- հանրօգուտ աշխատանքով է, որը նորմալ կյանք է ապահովվում:
Այս պահանջի պարտադրանքից բխում է նաև, որ ոչ ոք իրավունք չունի մյուսին ասելու, թե անող ես՝ արի, դու արա, իսկ եթե չես անում՝ ձենդ կտրիր: Հրապարակում պետք է լինեն և ասողը, և լսողը, և հիմարը, և խելոքը, և անողն ու չանողը: Եվ այդ բոլորի համատեղ ջանքերով, եթե կա գիտակից մարդ ասածը, արկղից դուրս մտածելու մշակույթը, կգիտակցվի ու կարվի անելիքը՝ ամեն մեկն իր ներդրումով՝ ըստ իր կարողության ու ունակությունների: Մեկը կասի իր իմացած «ինչ անելը», մյուսը կապացուցի, որ ոչ թե դա է ճիշտը, այլ մի այլ բան: Մի երրորդն էլ կլսի այդ երկուսին, կբարձրանա գիտակցական մի նոր մակարդակի ու իր գլխու կանի իր իմացածը, ինչպես Լեոնիդ Ազգալդյանն արեց:
Այս ուղով է զարգացել աշխարհը: Իսկ ովքեր էլ գնացել են գլուխ քորելու ուղիով, փրկիչ ձևանալու, արարող անհատին մերժելու ու միայն համախմբան կոչելու ուղիով, բանի չեն հասել, որովհետև գլուխ քորելով չեն կերտում, այլ միայն խաբում են ու թալանում:
Եվ այս ճանապարհով է, որ մեկը որպես տեսաբան կստանա իր համեստ օրահացը, իսկ գործ արածն էլ որպես գործնական մարդ վաղը կդառնա նախագահ, վարչապետ, մի նոր Լի Կվան Յու ու կմեծարվի ժողովրդի կողմից:
Ամեն մարդ ըստ իր ունակությունների պետք է իր անելիքներն ունենա պետականում, ազգայինում, հանրայինում, ու համապատասխան էլ գնահատվի: Իսկ այն, ինչ կա այսօր մեզնում, դա անոտուգլուխ, տգետ, ոչ-մասնագիտական, անխոհեմ, նախամարդու մակարդակի, արկղի ներսի գղվռտոց է:
Իհարկե, սույն հոդվածն էլ կգնա հների ճանապարհով՝ «խի ես ով եմ, որ հերոս, անձանզոհ, բանտարկվելու ու ծեծվելու պատրաստ տղերքին խորհուրդներ տամ: Իմ ու իմ նմանների ասածները բանի տեղ դնել պետք չէ, արկղից դուրս գալ պետք չէ, մասնագիտականով մոտենալ պետք չէ՝ «բակլան իմն է՝ կուզեմ խաշած կցանեմ»:
Գալով պահի խնդիրներին, շեշտեմ.
– Ակնհայտ է, որ ներկա պահին մարդկանց 10-20 տոկոսն իշխանամետ է, մնացածը՝ ոչ:
– Ակնհայտ է, որ իշխանություններն ամեն գնով կեղծելու են հանրաքվեն:
– Ակնհայտ է, որ Ոչ-ի մասնակցությամբ լեգիտիմացվելու է հանրաքվեն:
– Ակնհայտ է, որ եղած 20-80 տոկոս հավասարակշռությամբ հայկական ներկա քաղաքական արկղն իր ներսում լուծումներ չունի: /Այդ հավասարակշռությամբ արդեն 20 տարի շարունակ կեղծվում են բոլոր ընտրությունները: Եվ երբևէ ոչ մի ավանդական մեթոդականությամբ դիմադրություն չի կարողացել հաղթահարել կեղծիքները/:
– Ակնհայտ է, որ լուծումները միայն արկղից դուրս կարող են լինել:
Իսկ որն է այսօրվա արկղից դուր տեսնելու ու մտածելու տարրականը: Դա արկղի ներսի խաղերին գոնե չմասնակցելն է, հանրաքվեն դեֆակտո չլեգիտիմացնելը, իշխանությունների ոչ մի խաղը չխաղալը-բոյկոտելը:
Հասկացողները տեսնում ու հասկանում են, որ իշխանությունները բավական ծանր վիճակում են՝ դատարկ երկրում կեղծելն արդեն շատ է դժվարացել: Տեսնում են, որ նրանք գնում են դռնեդուռ Այո-Ոչ միացյալ ֆարսին, որ մարդկանց ցույց տան ընդդիմության սնանկությունն ու համոզեն, թե «շնից մազ պոկելու» սկզբունքով, ավելի լավ է քո 5000-ը վերցնես ու Այո ասես, քան այս մարդկանց հետ հույսեր կապես:
Դե ինչ, Այո-Ոչ-ով գրկախառնված գնացեք դեպի կառափնարան, եթե ունակ չեք աչք բացելու, ուղեղ միացնելու ու արկղից դուրս մտածելու: Անհաջողություն՝ տարբեր կալիբրի ֆանատիկոսներին ու անհասկացողներին: