Հայկական ներկա պետականությունը մի մեծ գլխացավանք ունի քաղաքական դաշտի համար՝ պետք է պարբերաբար «ժողովրդավարական» ընտրություն կոչված խաղը խաղալ:
Իշխանությունը բռնազավթած տղերքի համար թե նյութապես ու թե հոգեբանորեն դա ծանր փորձություն է՝ ամեն անգամ ծեծ ու ջարդով, կրակելով, աշխարհով մեկ խայտառակ լինելու ու իզգոյ պիտակվելու կրկնվող սցենարներով:
Եթե դրսերի ֆորմալ պահանջը չլիներ, ով էր ընտրություն ու սահմանադրություն քվեարկողը՞: Բայց չարտադրող ու ապասուբյեկտային Հայաստանի համար կարգն էդ է, պետք է խաղաս ըստ դրսի կանոնների:
Ու հայ տղերքը որոշել են մեծամաշտաբ խորամանկություն անել՝ նոր սահմանադրական կարգ սահմանել, որով ընտրություն ասածն է փաստացի վերացած: «Ընտրվում» է պառլամենտ, իսկ իրական իշխանությունն արդեն «կերտում» է պառլամենտը: Ընտրվելն ու կերտելը չակերտների մեջ եմ վերցրել, որովհետև ըստ հայկական ավանդույթի պառլամենտի ընտրությունն ընդամենը թաղային խուժանի ու տեղամասային վերադաս տականքի համատեղ արտադրանք է: Իսկ վերին իշխանությունն էլ՝ պառլամենտականի: Եվ որ ամենակարևորն է՝ ընտրություն ասածն էլ ամեն ընտրվողի խնդրո առարկան է, այլ ոչ իշխանական առաջին դեմքերի հոգսը:
Ուզում ես իշխանական ղեկին ու լափին մոտ լինե՞լ՝ խնդրեմ, ընտրվիր պառլամենտ ոնց կարող ես՝ ուզում ես կեղծիքով, ուզում ես խաբելով, ուզում ես մարդ հոշոտելով:
«Ընտրվիր», արի մտիր իշխանական վերին կոհորտա ու մեր գլխի վրա տեղ ունես: Եղած միջավայրում ու առաջադրված կանոններով ընտրվելով դու ապացուցած կլինես, որ որակյալ սրիկա ես, որակյալ հանցագործ, որակյալ հրեշ:
Նման կարգով վերին իշխանություն կազմավորելը ոչ միայն պարբերական նախագահական ընտրությունների գլխացավանքից ազատվել է նշանակում, այլև իշխանությունը մշտապես ամրագրելու մի հոյակապ ու ավտոմատ բանաձև է:
Փաստացի դեկտեմբերի 6-ին Հայաստանն անցնելու է նոր իշխանակարգի: Մի վերջին անգամ աղաղակող կեղծիքներով /1,5-2 միլիոն արտագաղթած, բայց մշտապես «քվեարկողները» վկա/ օրինականացվելու է ներկա իշխանության վերարտադրությունն ապահովող սահմանադրություն, որից հետո այն արդեն անսասան ու բետոնի ամրության է լինելու հետագա սերունդների համար:
Այս նախաբանից հետո անդրադառնանք խնդրի բուն էությանն ու գործող անձանց:
1. Բոլորին է հայտնի, որ Հայաստանում ոչ մի օրենք չի գործում: Միակ օրենքը դա օրենքի բացակայությունն է, ու վերին իշխանավորի ցուցումը: Այս դրվածքը նախկին, կամ գալիք սահմանադրությամբ չի պայմանավորված: Հայկական բոլոր սահմանադրությունների իմաստը միայն ու միայն դրսերին համապատասխան ու հաճո լինելու խնդիրն է եղել: Ուզում ես Հայաստանում ամերիկյան սահմանադրությունն ընդունիր, ուզում ես՝ ֆրանսիականը, կամ Բուրկինա-Ֆասոյինը, դրանից որևէ սկզբունքային բան Հայաստանում չի փոխվելու: Հետևաբար այս սահմանադրությունն ընդունվում է միայն մեկ նպատակով, որպեսզի վերջ տրվի դրսերի համար ներսում խաղացվող թանկ ու արյունալի խաղերին՝ ընտրություններին, ու հաստատվի ներկա իշխողների հավերժական գերիշխանությունը:
2. Հնարավոր է արդյոք սահմանադրության ընդունումը խափանել: Ըստ եղած նախանշանների՝ գործող ընդդիմադիր ուժերի պոտենցիալների, կեցվածքների ու ծրագրերի՝ ոչ:
Հիմնավորեմ այս ոչ-ը:
Այո-ի մեջ են երևի մոտ 10-15 տոկոս կազմող, իշխանություններից կախված բնակչությունը /պետական ծառայողներ, դատաիրավական համակարգը, բանկային աշխատողներ, ունեւորներ, միջին ու մասամբ նաև մանր գործարարներ, մանկլավիկներ, թիկնապահներ, տնօրեններ, թաղի ու մարդկային տականք, այլ: /Այստեղ և հետագայում բոլոր թվերը իմ մտացածինն են/:
Այո-ի մեջ են նաև 5000 դրամով քվեարկող մի ահռելի բանակ՝ երևի 5-10 տոկոս էլ դա:
Այսինքն՝ մոտ 25 տոկոս:
Այո-ի մեջ են նաև մեռյալ հոգիները /կախված իրավիճակից ու կեղծելու անհրաժեշտությունից՝ երևի 30-40 տոկոս/: Հետևաբար սահմանադրությունը կեղծելու՝ նախագահի ասած «ինչքան ուզենք էնքան կխփենք»՝ ռեսուրս, իշխանություններն իրոք ունեն՝ մինչև մոտ 65 տոկոսի չափով:
«Ոչ»-ի մեջ են մի քանի կուսակցություններ, որոնք «Ոչ»-ով վերը նշված «Այո»-ի դեմն առնելու ոչ մի շանսը չունեն, բայց և չեն էլ բացատրում, թե մասնակցել ու Ոչ-ասելու իմաստը որն է, եթե ոչ պրոցեսի լեգիտիմացումը:
Ակտիվ, կամ պասիվ բոյկոտելու կողմնակիցների բանակը դեռ հստակ չէ:
Կուսակցությունների մի խումբ էլ դեկտեմբերի 1-ից անհնազանդություն է սկսելու, սակայն որի հեռանկարն էլ հստակ չէ:
Փաստացի հանրաքվեի հետ կապված երեք հիմնական սուբյեկտ կա հրապարակում: Մի կողմից իշխանություններն են՝ իրենց «այո»ով: Խառն ու տարանջատ ընդդիմությունն է, իր «ոչ»-ով, բոյկոտով, կամ անհնազանդությամբ: Իսկ երրորդն էլ այս ամենից կողք քաշված ու շվարած մարդիկ են, որոնք չգիտեն, թե ոնց ու որտեղ են ապրելու վաղը՝ հայրենիք կոչվող, բայց արդեն քրեական կալվածք դարձած այս տարածքում, թե արտերկրում:
Այս երեքից բացի կա նաև Նիկոլ Փաշինյանի խումբը, որը չի մասնակցում պրոցեսին և զբաղվելու է ինստիտուցիոնալ ընդդիմության կազմավորմամբ, որպեսզի 2017 թվականին տեղ ունենա թաղի տականքով կերտված պառլամենտում:
Ըստ նախաշանների, մասնակիցների դիրքորոշումներն ու կեցվածքները հիմնարար են: «Այո ու Ոչ» ասողները գիտեն, որ զբաղված են սպասվելիք կեղծիքներն օրինականացնելու, սահմանադրությունը լեգիտիմացնելու ջանքերով և գիտակցված գնում են դրան:
Անհազանդության կոչողները չգիտեն, թե ինչ են անելու, եթե հանկարծ անհնազանդվողներ եղան: Բայց հնչեղ բառ է՝ անհնազանդություն, կոչում են դրան: Լավ նախաձեռնություն է, ես կողմ եմ անհնազանդվելուն, բայց նաև կողմ եմ, որ ասվի, թե անհնազանդվելու հաջորդ պահին ինչ է արվելու:
Մնում են բոյկոտն ու ակտիվ բոյկոտը:
Հենց այնպես պարզ բոյկոտ ահագին իրեն հարգող մարդ առանց որևէ մեկի ասելու էլ ինքնուրույն կանի ու շատ ճիշտ կանի՝ ես դրան լրիվ եմ կողմ:
Ակտիվ բոյկոտի որոշ տարրերն արդեն նշմարվում են՝ մասնավորապես Լեւոն Բարսեղյանի մոտեցումներում: Ինքն առաջարկում է 4000 ինքնակամ վերահսկիչներ ունենալ բոլոր տեղամասերում, որոնք կֆիքսեն կեղծիքները, բայց չի հստակեցնում, բոյկոտել, թե «ոչ» ասել:
Ես ներկա պահի խնդիրը կձևակերպեի հետևյալ կերպ՝ հնարավոր ամեն ինչն անել, որպեսզի սահմանադրությունը չանցնի: Եվ այնպիսի մարտավարությամբ դա անել, որ եթե հանդգնեն կեղծելով անցկացնել, ապա անցկացվածը «բկներին մնա, չմարսվի»:
Այդ նպատակով ես կառաջարկեի ակտիվ բոյկոտի սինթետիկ տարբերակ՝ երեք բաղադրիչներից բաղկացած:
1. Լեւոն Բասեղյանի առաջարկած 4000 /կամ ավել/ հոգին, որոնք իրենք առաջ կգան, և միացյալ մի կոորդիանացիոն մարմին նրանց կարտոնի ֆորմալ իրավունքներով՝ նրանց տալով դիտորդի, կամ կուսակցական ներկայացուցչի կարգավիճակ: Այստեղ խնդիրն այն կլինի, որպեսզի այդ 4000 հոգին իրոք ընդդիմության ու ժողովրդի մարդիկ լինեն, այլ ոչ ներդրված-քողակված իշխանականներ:
2. Փողոցում, տեղամասերի մոտ պետք է կանգնեն հազարավոր, տասնյակ հազարավոր ինքնակամ, ակտիվ մարդիկ, որոնց անելիքը տեղամաս մտնողների քանակը ֆիքսել, գրանցելը պետք է լինի, առանձնակի հատուկ զեղծարար դեմքերին նկարահանելը և փաստագրելը, որպեսզի հետագայում այդպիսիք կանգնեն դատարանի առջև: Փողոցում կանգնողները նաև պետք է ապահովեն ծաղր ու ծանակն ու «թուք ու մուրը» քվեարկությանը մասնակցողների հանդեպ:
3. Հիմնական բոյկոտը պետք է ապահովվի տանը նստած բոյկոտողների՝ մեծ հերոսություն չունեցողների ջանքերով: Երկրի հիմնական դեմքը հենց այդ մեծաքանակ մարդիկ են, որոնք ուժ ու հնարավորություն չունեն այլևս ակտիվ պայքարի, բայց արժանապատվություն ունեն չմասնակցելու քրեականնների հնարած ֆարսերին:
Ինչ կտա այս մեթոդաբանությունը:
– Ակտիվ բոյկոտը քարոզչական լավ ռեսուրս ունի իր մեջ, և ներհանրային մեծ վիհ է կերտելու քվեարկողների ու բոյկոտողների միջև: Իշխանամետներից շատերը, որ գնալու ու կողմ քվերակելով չքմեղանալու էին, որպես ՈՉ քվեարկածներ, հիմա չեն ունենա այդ հնարքը և իրոք շատ քչերը կմասնակցեն, որովհետև այդ 4000-ը և շատ այլ մարդիկ տեսնելու են նրանց տեղամաս մտնելը ու գրանցելու են, թե ով-ով է:
– Մարդիկ կիմանան, որ իրենք մերժել են այս իշխանություններին, նրանց սահմանադրությունն ու կեղծիքները, և որ դրանք ոչ միայն ինքնակոչ, այլև զեղծարար-քրեականներ են:
– Միջազգային հանրությանն ամեն առիթով կներակայացվեն իշխանությունների ով լինելու խնդիրը, և կպահանջվի ոչ լեգիտիմության վավերացում արտերկրում:
– Խորը ճեղքվածք կառաջանա հանրության ներսում: Այս անդունդից դուրս գալու այլ ուղի չի երևում, քան ներքին քաղաքացիական, կենցաղային անհանդուրժողականությունն առաջին հերթին հենց իշխանության ստորին հենարանը կազմող անսկզբունք մարդկանց հանդեպ:
Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե իշխանությունն անցնում է քրեականին, ապա դրանից ազատվելն արդեն վիրահատական ծանր խնդիր է, որովհետև քրեականը ևս հանրային մարմնի մասն է: Մեզանում դասական քրեապետություն է հաստատված, և պետք չէ հեքիաթային վերակենդանացման հույսեր փայփայել:
Այլ մարդիկ էլ իրենց մոտեցումները կունենան: Բայց դրանք հենց այսօր պետք է մեջտեղում լինեն՝ ազգային-հրապարակային քննարկման առարկա դառնան:
Իշխանություններն իրենցն են անելու, մարդիկ էլ իրենցը պետք անեն: Եթե մեծ լինի դիմադրությունը, ապա իշխանական հաղթանակը պյուռոսյան է լինելու, և նրանք չեն մարսելու այն: