Չուկչաների մասին անեկդոտների շարքում մի հոյակապը կար: Երկու չուկչա գալիս են ռուս օդերևութաբանի մոտ, թե դու էդքան խելոք գործիքներ ունես, ուզում ենք որսի գնանք, չես ասի, թե էս շաբաթ ինչ եղանակ է լինելու: Սա էլ թե՝ մարդա մի շիշ օղի բերեք, ասեմ: Օղին բերում են, ասում է՝ արխային, լավ է լինելու, հանգիստ գնացեք որսի:
Հաջորդ օրը ռուսի խիղճը չի տանում, մտածում է՝ մարդկանց ասացի, բա որ գնան ու կործանվե՞ն: Գնում է շամանի մոտ, թե խնդրում եմ, դու կիմանաս, ասա էլի, էս շաբաթ ինչ եղանակ է լինելու: Շամանն էլ թե՝ լավ է լինելու:
Որտեղի՞ց գիտես, պնդում է ռուսը:
Բա հենա չուկչաները գնացին որսի:
Հիմա հայկական քաղաքական այրերինն է: Ինչ կազմով ասես հավաքվում ու քննարկում, գլուխ-գլխի են տալիս ու նույն՝ 20 տարվա վաղեմության եզրակացությանն են գալիս, թե ժողովուրդն էլ էսպես դիմանալ չի կարող, ապստամբելու է, ու մենք էլ կոորդինացնելու ենք էդ «խաղաղ» ապստամբությունը:
Հարգելիներս, որտեղից գիտեք, որ էլ չի դիմանալու, առավել ևս ապստամբելու է: Օդերևութաբանին գոնե հարցրե՞լ եք: Մարդկանց հարցրե՞լ եք, թե իրենք իրենցով ով ինչ ապստամբության է պատրաստ:
Հաստատ չեք հարցրել, բա որտեղի՞ց գիտեք՝ շամանի՞ն եք հարցրել:
Էս քանի օրը վերջը մի խելամիտ բան լսեցինք, թե իրենք չեն անողը, այլ ժողովուրդն է: Շնորհակալ ենք, որ վերջապես էդքան տարրականը հասկացել եք, որ դուք չեք մեր «Աստվածն ու տիրակալը», այլ մենք ենք՝ ժողովուրդն է: Մնում է հասկանաք, թե «որն» է անելիքը ու «ինչպեսը» ու մարդկանց դա բացատրեք:
Իրար գլխի խմբվելը, իրար վրա մուննաթներ ու մուղամներ «ջոկելը» ու հերթական, անիմաստ հայտարարության տեքստի մեջ համաձայնեցված ստորակետերի տեղեր որոշելը դեռ գործ չէ: Գործն իշխանափոխության տանող ուղին, մեթոդաբանությունն ու անելիքը գտնելն է: Այն ուղին ու անելիքը, որին դեռ ընդունակ են վիճակին չհամակերպված մի բուռ մարդիկ, ու մի կերպ գոյություն քարշ տվող առավել ստվար ժողովուրդը:
Խաղաղ քաղաքացիական անհնազանդության մասին եք խոսում: Ո՞րն է դա, ասեք, որ մարդիկ իմանան: Հայաստանում մեծաքանակ աշխատուժով գործարաններ չկան, քաղաքացիական կյանքի ոչ մի լուրջ սկզբունք ու կարգ չկա, պետական պատասխանատվություն ու մտահոգություն չկա: Եթե երրորդական իշխանական լակոտ-լուկուտների շարասյուները կարող են ժամերով փողոցները փակել, խաղաղ անհնազանդությամբ եղածի ինչն եք խաթարելու: Ասենք երեք օրով էլ դուք մի փողոց փակեցիք, հետո ինչ: Փակել էիք, Բաղրամյանն էիք փակել, ինչի հասաք:
Ասենք թե նորից փակեցիք, նորից ու նորից: Հետո, վե՞րջը: Չաշխատող ու միջազգայնորեն զերո համբավ ունեցող երկրում դա ինչ էֆեկտ է ունենալու:
Համ էլ ինչպես եք պատկերացնում իշխանափոխությունը զուտ ֆիզիկապես: Ինչպես եք աշխարհի միջինից տասն անգամ շատ ոստիկանություն ունեցող երկրում իշխանափոխությունն անում: Ինչպե՞ս եք հաստամռութ գեներալներին ու դրանց զինված խամաճիկներին տեղից շարժելու:
Այս հարցերը միայն ես չէ, որ ունեմ իմ մտքում: Հայաստանում ապրող ամենատգետ ու հետամնաց մեկն էլ ունի իր ուղեղում: Արդեն քսան տարի շարունակվող ընդդիմադիր հիվանդագին բռավադան բոլորին է հիասթափեցրել ապագայի հույսերից: Տարիներ շարունակ նույն հիմարությունները դուրս տալով ու նույնը կրկնելով իշխանությունների հետ մեդալի հակադիր կողմն էլ դուք եք:
Երկու նախագահ եկել ավերել գնացել էին իրենց ժամկետներով, էս մեկն էլ տեսնելով, որ ներքին ու արտաքին բացարձակ տխմարների հետ գործ ունի, որոշել է անմահանալ որպես նորօրյա վարչապետ:
Իսկ ինչու ոչ, եթե Վենետիկի հանձնաժողով ասածը օրինականության ֆիկցիա է, եթե հայկական ընդդիմություն ասածն իրար վրա մուննաթից վեր չբարձրացող նարցիսանոց է, եթե ժողովուրդն էլ էս բոլորի ձեռը կրակն ընկած, շփոթված, 5000 դրամով ճակատագիր մսխող, խեղճ ու կրակ մասսա է:
Հազար անգամ ընդդիմությանն ասվել է նույնը՝ որ հարգելիներս, ցույց տվեք անելիքը հենց այսօրվա ու վաղվա համար: Որ միտինգի գնալ-գալով հարց չի լուծվել ու չի լուծվելու: Որ ձեր ցանկացած ճակատային քայլին իշխանությունը հակադրելու է իր զինված ու կուռ կամքը:
Ձեզ ասվել է, որ ձեր քայլերը հաղթական կարող են լինել միայն այն դեպքում, երբ մշակված են որպես ցուգցվանգային՝ իշխանությունների համար, ու բաց են բոլորի առջև: Բաց են թե իշխանավորի, թե ծերունի, կին ու երեխա ծեծող ոստիկանի, թե սափրագլխի ու թե ապստամբող ժողովրդի առջև:
Անելիքը գաղտնի պահելով ո՞ւմ եք ուզում խաբել, կրակող իշխանությունների՞ն, թե խեղճ ժողովրդին:
Գանդիզմի մասին եք երազում, բայց այն բաց ու բացահայտ էր, բոլորը գիտեին իրենց անելիքը: Ու նաև մտածե՞լ եք, թե ինչու էր այն Հնդկաստանում և ինչու հենց անգլիացիների դեմ, այլ ոչ ասենք Սոմալիում ու տեղացի բանդիտների դեմ: Ու մտքներովդ անցած կա՞, որ գանդիզմը, կամ ձեր պատկերացրած տեսական խաղաղ անհնազանդությունը աբսուրդ են սոմալիակերպ երկրներում:
Եվրոպան էլ միարժեքորեն ժողովրդավար ու մարդասեր էր, մինչև մուսուլմանական դեմոգրաֆիական աղետների դեմ չոքելը:
Դեռ մեկ տարի առաջ ոչ մեկը չէր կարող եվրոպական այդ «դեմոկրատ-մարդասերին» ասել, որ հարգելիս, դու սխալ ես, դու դեմագոգ ես, դու քեզ ես խաբում, դու չես կարող Եվրոպան լցնել այլ մշակույթի տեր մարդկանցով ու շարունակել նույն հին, մարդասեր Եվրոպան մնալ:
Իսկ այսօր արդեն ձայներ են հնչում, թե մի գուցե սխալ էինք, մի գուցե չարժեր, որ եվրոպացին կրոնամոլ խավարամիտին հավասար համարեր ու ձեռը կրակն ընկներ:
Նույնն էլ ներհայկականում է՝ տարիներ շարունակ տգետ ու անհեթեթ դոգմաներ են եղել հրապարակի վրա՝ ինչպիսիք էին «սահմանադրականը», «խաղաղը», «ժողովրդավարականը», «քաղաքակիրթը», «մեր ոչ վայրենի» լինելը: Մի գուցե ժամանակն է, որ մեզ հաշիվ տանք, որ ոչ վայրենի լինելով հասանք վայրենիների լիակատար իշխանությանը, սահմանադրական լինելով հասանք սահմանադրության բացարձակ բռնաբարմանը, ժողովրդավար լինելով հասանք բանդիտիզմի ծաղկմանը:
Դե ինչ, շարունակենք ոչ վայրենի լինել իրական վայրենու դեմ, ժողովրդավար լինել՝ հանցագործի դեմ, սահմանադրական լինել՝ քրեականի դեմ:
Այսօր իմ այս մտքերով որպես «սպիտակ ագռավ» եմ ներկայանում, բայց հաշվի առեք, որ վաղն էլ դուք, ընդդիմադիր ղեկավարներդ եք եվրոպական նախկին դեմագոգների պես կանգնելու պատմության առջև՝ որպես երկրի ավերման մեջ մեծ լումա ունեցածների:
Կանգնած ենք մեծ արհավիրքի, պետականություն կորցնելու ու նոր եղեռնի ենթարկվելու դժբախտության առջև: Մի կողմում իշխանական քրեականն է, մյուսում դուք եք: Այլք չկան:
Հանրաքվեն սկզբունքային որևէ հարց չլուծող, ընդամենը միջանկյալ օղակ է: Այն ներկա իշխանության մի ձևի փոխարկումն է մի այլ ձևի: Եթե իշխանություն եք ուզում փոխել, կարևոր չի, թե նրա որ ձևը կփոխեք: Կարևոր է, որ այն հիմնովին փոխվի:
Այս անգամ էլ, իհարկե, նորից կկեղծեն, իհարկե կանեն իրենց ուզածը՝ որովհետև անպատիժ են եղել ու անպատիժ էլ կմնան, քանի դեռ հրապարակում չկա մեկը, ով տոտալ վրեժի կկոչի:
Դուք եք գրավել հրապարակը, դուք եք մարդկանց աչքին որպես փրկիչներ ձեզ ներկայացնում, հուսադրում ու ամեն անգամ տուն ուղարկելով խաբում: Հետևապես և դուք եք, որ պարտավոր եք մարդկանց ասելու ճշմարտություն-անելիքը: Որ ժողովուրդ, քաղաքացիական անհնազանդությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, ճակատային չէ, մի օրվա գործ չէ, փողոցում չէ, բարիկադների հետևում չէ, իշխանության վերին օղակների դեմ չէ, այլ նրանց հենարանի դեմ է, կենցաղում է, մեր մեջ ու մեր միջև է, ու որ ամենակարևորն է՝ ամեն օր է, սկսված այսօրվանից:
Նորից եմ կրկնում, հայկական իշխանություն կոչվածը ծերունի, կին ու երեխա ծեծող ոստիկանն է, մարդ հոշոտող քննիչն ու դատավորն են, ամեն հարցում «չէ» ասող ու կաշառք կորզող պաշտոնյաներն են, թալանչի օլիգարխն է ու նրա մանկլավիկ դարձած թաղի տականքն է, քո բարեկամ, ընկեր, խնամի սրիկան է:
Եթե անհանզանդության եք կոչում, ապա բարի եղեք ասելու, որ կոչ եք անում չհնազանդվել ձեր իսկ բարեկամ սրիկային, ստահակին, պնակալեզին, դիմադրել հենց նրան, պայքարել նրա դեմ, նրա ձեռքը բռնել, որ չկեղծի, չթալանի, չավերի:
Իսկ եթե ձեր բարեկամին թողած նորից Բաղրամյան եք փակելու, աղոթելու, կամ էլ աղբարկղ «նվագելու», ապա բարին ընդ ձեզ, ոչ հարգելի ընդդիմադիրներ: