Սովետի անկմամբ նվեր ստացված անկախ պետականությունը մենք մսխեցինք առաջին իսկ տարիներին, զիջելով այն մեր մեջի տգետին, լկտիին, անպատկառին ու տականքին:
Եղածն արդեն որևէ հատկանիշով պետություն չէ, այլ բուտաֆորիա է՝ իշխանականի, ռազմականի, դիվանագիտականի, տնտեսականի, ֆինանսականի, քաղաքացիականի, իրավականի, հանրայինի ու ազգայինի:
Եվ անկման հիմնական լծակն էլ ղարաբաղյան հարցն ու պատերազմը եղան, որոնց շահարկմամբ հայ իշխանությունները ծնկի բերեցին հայ մարդուն:
Հրադադարից հետո, Ադրբեջանի ու Թուրքիայի հեռատես դիվանագիտականով ու հայ տականքի ջանքերով հրահրված արտագաղթը երկիրն արդեն կիսով չափ դատարկել է: Եվ արտագաղթը կատաստրոֆիկ եղավ մի քանի դրսևորումներով:
Նախ գոյացան մեռյալ հոգիների մոտ 1,5 միլիոն ընտրաձայները, որոնք 20 տարի շարունակ «ընտրեցին» ու ապահովեցին կրիմիալի վերարտադրումը որպես իշխանություն: Արտագաղթով երկրից անհետացավ համարձակ, արժանապատիվ, ձեռներեց մարդը, և դրության տեր դարձավ ոչնչությունը: Արտագաղթով կյանք մտավ կեղծիքների մի ահռելի կծիկ, որի ոչ վերջը, ու ոչ էլ սկիզբը տեսանելի չէ, և որը հրեշային է իր մաշտաբներով ու լծակներով:
Միգուցե մի քանի տարի էլ այս խեղկատակությունը շարունակվեր, բայց հիմա աշխարհի գործերը խառն են և մեզանով շահագռգիռ հարևանները մեծ տեղաշարժերի մեջ են:
Հայաստանը որպես գեոքաղաքական մանրադրամ պահող Ռուսաստանը շանսեր է տեսել ամրանալու Ղարաբաղում ևս և չի միջամտում ադրբեջանական խաղերին:
Թեզը, իբր Ռուսաստանն ինքն է հրահրում և կարգադրում Ադրբեջանին՝ ռմբակոծելու Հայաստանը, չափազանցված է, որովհետև Ալիևն ինքը Պուտինից շատ ավելի հեռատես քաղաքական գործիչ է և լավ գիտի իր անելիքը: Չհաշված, որ նրա մեջքին է նաև թուրքական դիվանագիտությունը, որը լավագույններից մեկն է աշխարհում:
Թուրքիան կանգնած է քրդական պետության կամ ինքնավարության ստեղծման վտանգի առջև և նրան ձեռնտու է իր հարևանությամբ մի նոր, իբր իրենից մեկուսի տեղային պատերազմն այնպիսի թույլիկի դեմ, ինչպիսին Հայաստանն է: Նման պատերազմը կշեղի համաշխարհային ուշադրությունը Թուրքիայից և կազատի նրա ձեռքերը՝ քրդերի դեմ հաշվեհարդարի հարցում:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանին ձեռնտու չի դատարկվող Հայաստանի դեմ պատերազմը, որովհետև մեկ է, ժամանակն իր օգտին է աշխատում, և ինչքան ուշ, այնքան հեշտ կլինի հաղթական պատերազմը: Բայց և, ելնելով նոր իրավիճակից ու հաշվի առնելով թուրքական նպատակները, ինչպես նաև ներքին հարցերից դրդված, անցել է սրացման:
Ըստ որում, ագրեսիան սկսել է ոչ թե Ղարաբաղում, այլ հենց Հայաստանի դեմ, դրանով խփելով մի քանի նպատակների՝
ա. Աշխարհի առջև բացահայտում է Ռուսաստանի գերակայությամբ ստեղծված ռազմաքաղաքական միությունների ու դաշինքների կեղծ ու խաղալիքային լինելը:
բ. Ցուցադրում է Հայաստանի ոչ սուբյեկտային ու խամաճիկային լինելը:
գ. Բացահայտ ցույց է տալիս իր նկրտումները ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի դեմ, դրանով շոշափելով միջազգային տրամադրություններն այս ճակատում:
դ. Ներքին կոնսոլիդացիայի է տանում, դիմագրավելով նավթի գների անկման հետ կապված տնտեսական դժվարությունները:
ե. Լրացուցիչ իմպուլս է տալիս աշնանը Ռուսաստանից «խոպան» գնացած հայերին ոչ թե վերադառնալու, այլ հակառակը՝ ընտանիքներն էլ մեկընդմիշտ արտագաղթեցնելու:
Այսինքն, Ադրբեջանի քայլերը նրբագույն հաշվարկված նպատակային խաղեր են, և սա չտեսնելը առնվազն տհասություն է:
Եվ քանի որ Հայաստանն իրեն չի դրսևորում որպես տարրական պետական-ռազմաքաղական սուբյեկտ, այլ հանդես է գալիս ընդամենը որպես դաշտային անպաշտպան թիրախ, այս պահին դժվար է կանխատեսել, թե հետագա ինչ քայլերի կգնա Ադրբեջանը:
Կախված հեռահար հաշվարկներից ու տարբեր գերտերությունների հետ «բազառներից», Ադրբեջանը կարող է անցնել առավել լայնամասշտաբ հարձակման, հետ քաշվել, կամ մնալ լոկալ խրոնիկ սրացման ռեժիմի մեջ՝ ինչպես որ կար մինչև այժմ:
Հայաստանից փաստացի ոչ մի բան կախված չէ, քանի որ այն քարտեզի վրա իբր կա, բայց իրականում չկա: Կառավարություն իբր կա, բայց այն ընդամենը ներքին հարցերի «ռազբիռատանոց» է: Նախարարներ իբր կան, բայց դրանք ընդամենը օբշակի պասիվ անդամներ են: Գեներալներ իբր կան, բայց դրանք բացի ոչ ադեկվատ ռազմականներ լինելուց, հիմնականում իրենց փողի ու ունեցվածքի բեջարման գործին են:
Շատերին կարող է հետաքրքրել, թե ինչո՞ւ հայկական կողմը չի դրսևորում իրեն որպես սուբյեկտ, որպես պետականություն:
Չի դրսևորում, որովհետև 2013 սեպտեմբերի 3-ին հայկական նախագահը մեծահոժար /ես կասեի գերագույն ձգտումով/, անկլավ, ցամաքային երկիրը զրկեց սուբյեկտությունից, ենթակայեցնելով այն մի երկրի ու կառույցի, որին սահմանակից չէ:
Սա աշխարհի քաղաքական պատմության մեջ չլսված մի աբսուրդ էր, որը կայացվեց միայն ու միայն մեկ նպատակով՝ որպեսզի ներսում ֆեոդալական իշխանությունը ազատվի որևէ արտաքին հոգսից ու դրսի «պատրոնի» վրա դնի երկրում կատարվողի պատասխանատվությունը: Սեպտեմբերի 3-ի պայմանագիրը կարող է թվալ, թե Պուտինի թելադրածն է, բայց իրականում այն մեր նախագահի երազածն է:
Հիմա էլ նույն մարդը ցանկանում է հավերժացնել իր գերակայությունն այս ոչ սուբյեկտային բդեշխությունում, որպես միայն ներքին օբշակի հարցերով պատասխանատու:
Բացի այն, որ նոր սահմանադրությամբ հավերժացվում է ներկա նախագահի գերիշխանությունը որպես վարչապետ /այլ թեկնածու ու լծակավոր ուղղակի գոյություն չունի, անկախ հնչած կեղծ խոստումներից/, փաստացի չի լինելու երկրի պատասխանատու՝ արհավիրքներին դիմակայող գործադիր իշխանություն: Լղոզված պարտականություններ են, լղոզված ենթակայություններ ու գերագույն որոշումների կայացման մարմնի կատարյալ բացակայություն:
Ֆենոմենալ վիճակում ենք հայտնվել՝ մի բուռ մարդիկ կործանում են 2000 տարեկան ազգն ու երկիրը, ու ոչ մի հնարավորություն չկա այս չար գործի դեմն առնելու:
Իրոք, ի՞նչ կարող ես անել: Նրանք 1,5 միլիոն մեռած հոգիներ ունեն, մոտ 20 տոկոս կազմող պնակալեզ զեղծարարների ահռելի բանակ ունեն ու չունեն ոչ արժանապատվություն, ոչ մարդուն հարիր որևէ դրսևորում: Զենքն իրենցն է, քրեական ոհմակները՝ իրենցը, բանակը՝ իրենցը, ոստիկանությունը՝ իրենցը, ժողովուրդն էլ՝ ծնկի եկած:
Ցանկացած պետություն երկու դեմք ունի՝ ներքին և արտաքին: Ներքին դեմքով նա ներկայանում է իր քաղաքացուն, իսկ արտաքին դեմքով էլ՝ աշխարհին: Երկու տարի առաջ նախագահը ջնջխեց մեր արտաքին դեմքը և հայտարարեց աշխարհով մեկ, որ Հայաստան երկիր այլևս գոյություն չունի:
Իսկ ներքին դեմքն էլ մենք դեռ 1995-1996-ին էինք կորցրել՝ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կեղծիքներից հետո:
Ինչ ունենք հիմա՞: Ֆորմալ իբր ամեն ինչ էլ ունենք՝ նախարարներ, նախագահ, դատարաններ, պառլամենտ, գեներալներ, գիտությունների նույնիսկ ակադեմիա: Բայց իրականում ոչ մի պատասխանատու չունենք: Նախագահը «թքած ունի» երկրի ու իր ֆորմալ պարտականությունների վրա: Իր շեֆը-տանիքը այլ երկրի նախագահն է՝ թող նա էլ մտածի:
Նմանապես, մյուսներն էլ ոչ մի պատասխանատվություն չունեն:
Մեզանում քաղաքականն ու քաղաքացիականը, ազգային ու հանրայինը, մարդկայինն ու տրամաբանականը չեն գործում և չեն կարող գործել, որովհետև չկա այդ ամենի սուբստրատը՝ անհատը:
Չկա խիզախ մարդը, որը «կթքի» օրվա հացի խնդիրների վրա ու առաջ կգա որպես հայ քրեական տականքի վրիժառու: Չկա արժանապատիվ մարդը, որը «կթքի» հայկական գեշ դրվածքների վրա՝ ծուռը կնստի ու շիտակը կխոսի: Չկա մասնագետ մարդը, որ «կթքի» իրեն կաշկանդող անձնական կապանքների վրա ու հայ ակադեմիկոսների, դոկտորների, պրոֆեսորների ու մասնագետների նզովյալ վարքը անուն առ անուն կբացահայտի:
Չկա առաքինի ու ազդեցիկ հայ կինը, որը վեր կկանգնի գավառական նեղ անձնականից, հայ տղամարդուն իր ներկա ստորացուցիչ վիճակը ցույց կտա և կարգելի այդպես շարունակելը: Եղածը ծեծվող միտինգն է՝ անատամ, անգլուխ, անլուրջ ու խեղկատակային:
Քսան տարի շարունակ մարդու կամքն ու արժանապատվությունը բռնաբարելը պետք է արդյունքի բերեր: Ու բերեց՝ հայը արտաքսվեց, երկիրն ամայացավ, պետականությունը մսխվեց, մարդը ոչնչացավ, տականքն էլ առավել հղփացավ ու ստորացավ: