Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Արտակարգ բան է կատարվել. Ապտակին մյուս այտը դեմ չարվեց

25 Օգոստոսի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Արտակարգ բան է կատարվել Հայաստան երկրում: «Սիլլա կերած» պարսկահայ Հակոբ Դեխնավին ոստիկանին չի հրամցրել քրիստոնեական իր մյուս այտը: Հակառակը՝ հենց տեղում, մի քանի տասնյակ ոստիկանների  ներկայությամբ ծանր հայհոյանքների հեղեղ է ուղղել ապտակողի հասցեին: Իսկ ներկա ոստիկաններից էլ որևէ մեկը չի փորձել դրա դեմն առնել:

Հաջորդ օրը հոլովակներով երևաց Հակոբը, որը հրապարակավ սպառնաց, որ եթե ներողություն չխնդրվի, սպանելու է իրեն ապտակողին և ավելացրեց նաև,  որ իրեն մեքենա ուղեկցող ոստիկանին էլ զգուշացրել է, որ իրեն «խելոք պահի»: Իսկ հարցին, թե արդյոք հայհոյել է ոստիկանին, պատասխանեց, որ ապտակից հետո իհարկե հայհոյել է:

Հարցազրույցում մի այլ կարևոր պահ էլ կար՝ Հակոբը երկու անգամ կրկնեց,  որ ինքը երևանցի չէ՝ շեշտելով արժեքայինով երեվանցուց իր տարբեր լինելը:

Ներկայացվածը, բացառությամբ Հակոբի կերպարի, հայկական հին ավանդական սցենարներով էր՝ բողոք, ցույց, ոստիկանի հրմշտոց, ծեծ, քաղմաս, մի խոսքով՝ քաղաքական «վույ–աման»:

Վույ ամանին զուգահեռ իշխանական մեքենան գործի դրեց թեզը, թե Հակոբը հայ էլ չէ, կարող է նույնիսկ ադրբեջանական լրտես է, ով գիտի:

Այսօր համացանցում ուշացումով հայտնվեց նաև հետապտակային պրոցեսի հոլովակը, ուր Հակոբը միայնակ, հրապարակավ ամենածանր հայհոյանքներով նախշում է իրեն ապտակողին և ոստիկաններից որևէ մեկը չի էլ փորձում հակառակվել Հակոբին:

Ես հետևել եմ ֆեյսբուքյան շատ գրառումների: Կարծիքները կիսված են երկու բանակի՝ մեծ մասը Հակոբի կողմն է, իսկ հիմականում տրանսլիտով գրող փոքր կողմը խիստ վրդովված է Հակոբի հայհոյանքներից, ու ամենալկտի հայհոյանքներով են արձագանքում:

Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ոստիկաննները երևի ապշել էին Հակոբի համարձակությունից և չէին կարողացել իրենց ավանդական «տարերքով» պատասխանել նրան: Իսկ Հակոբն էլ իրեն հասու հայհոյանքն է օգտագործել անարգողի դեմ՝ առանց հաշվի առնելու հետագա ակնհայտ հետևանքները: Չէ որ շարքային հայաստանցին շատ լավ տեղյակ է, որ մինչև հիմա ոստիկանի «թանին թթու» ասած ցանկացած մեկը կամ ճաղերի հետևում է, կամ էլ ոստիկանական պատուհանից ցած ընկած ու «ինքնասպան եղած»:

Բայց և, գիտակցելով հետևանքները, «ոչ երևանցի» Հակոբն արել է իր ուզածը:

Իրականում շրջադարձային բան է կատարվել Հայաստանում: Ծեծվող մարդը հակադարձել է ոստիկանին ասիմետրիկ մեթոդաբանությամբ՝ հայհոյանքով:

Հակոբի արածը էպոխալ տարբերություն ունի մինչև այժմ ավանդականորեն, հեզորեն ծեծվող, խոշտանգվող, դատվող, բանտարկվող ընդդիմության վարքից:

Իհարկե, ոստիկանությունը կփորձի առավելագույնն անել Հակոբին պատժելու համար: Մեր աչքի առջև է բանտում պահված Վարդան Պետրոսյանը: Իսկ Հակոբն ով է, որ մի տաս բան էլ կողքից չմոգոնեն ու իրենցը չանեն: Ուղղակի սկզբից պետք է շոշափել հանրային կարծիքը, ուղղորդել այն սեփական մանկլավիկներով դեպի իրենց ուզած հունը՝ դեպի Հակոբի ոչ հայ, կամ էլ գոնե ոչ հայեցի լինելը, ու հարցերը առանց գլխացավանքի «լուծվեն»:

Իրականում կապ էլ չունի, թե ինչ ազգի է Հակոբը: Իր վարքով Հակոբը ամենալուրջ հայն է, իր արժանապատվությանը տեր կանգնած միակ մարդը, ով համարձակվել է միայնակ ձեռնոց նետել համակարգին, հաբռգածին, սրիկային, եղած կեղծին ու աննամուսին:

Մինչև Հակոբն էլ մեկ այլ հայորդի էր իրեն արժանապատիվ պահել՝ Հայկ Կյուրեղյանը, ով մանկական ատրճանակով էր դուրս եկել համակարգի դեմ, փորձելով ցույց տալ նրա սնանկությունը:

Ու հետագայում էլ՝ ի հակադրություն մինչև այդ արդարացող, «ճեղքեր» փնտրող երևելի ընդդիմադիրների, դատարանում իրեն բացարձակ արժանապատիվ  էր պահել՝ հրաժարվելով թե պաշտպանությունից ու թե ոտքի կանգնելով  խամաճիկային դատարանը հարգելուց:

Փաստացի, հայկական քաղաքական դաշտում արդեն առկա է հնարավոր կերպարների համալիրը՝ ի դեմս երկրորդ այտը դեմ չանող մի ահելի,  ասիմետրիկ պայքարի գնացող մի ջահելի, և ավանդականով գնացող  հարյուրավոր «ողջախոհների», որոնց համար աշխարհը կանգ է առած նախնադարում, միտինգի ներսում ու միլիոնով իբր հարց լուծող ամբոխի բռունցքի մեջ:

Երևի անհրաժեշտ է  պարզաբանումներ  բերել Հակոբի հայհոյանքների վրա կենտրոնացած շեղվածներին ու այն չարաշահողներին:

Հայհոյանքը կոնֆլիկի սպասարկման օրինական գործիքներից մեկն է: Նույնիսկ պետություններն են մեկը մյուսի հասցեին անցնում ոչ ստանդարտ բառապաշարի, երբ հարաբերությունները լարվում են:

Առավել ևս, անհատ մարդու դեպքում է հայհոյանքը կիրառելի՝ մանավանդ մեթոդաբանորեն ստորադաս վիճակում եղած մարդու դեպքում:

Շատերը կհիշեն գեներալ Սարոյի պառլամենտական պարզաբանումները՝ հայհոյանքների օրինաչափության մասին: Հայկական օլիգարխիայի «ճշտի» շրջանակներում հայհոյանքն ամենահարգված գործիքն է, և նրանք շատ էլ լավ հասկանում ու հաշվի են առնում դրա ուժը:

Երբ երկրում չկա իրական դատ-դատաստան, իրեն հարգող ոստիկանություն, անկախ դատարան, հասարակական պատժիչ սկզբունքներ ու որևէ արգելակիչ մեխանիզմ, ապա մարդիկ պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն թեկուզ անապատին, թեկուզ քարանձավին: Եվ դա պետք է արվի եղած հնարավորով՝ հայհոյանքով, անեծքով, ցանկացած բառապաշարով, վայնասունով, թեկուզ «բաբա» չափելով, եթե անկարող են ավելիին: Չի կարելի հեզորեն ենթարկվել անարգանքին, պետք է ձայնը հանվի, սուբյեկտությունը լսելի դարձվի հակառակ կողմին:

Այսօր մենք ազգովի ոչ թե քաղաքական  բարդ պրոբլեմի, այլ պարզունակ մարդկային երկընտրանքի առջև ենք կանգնած՝ արձագանքել կատարվողին որպես արժանապատիվ մարդի՞կ, թե անինքնասեր, անհաղորդ ֆիզիկական գոյեր:

Անծանոթ մարդուն ոստիկանը ֆիզիկապես անարգել է ամենալկտի, ցինիկ, նենգ ձևով: Մինչ այդ ոստիկանները մարդկանց ծեծել ու խեղանդամ են դարձրել հիմնականում նկարահանումից ու մարդկանց աչքից հեռու՝  բաժանմունքներում ու բանտում: Իսկ այս դրվագում հրապարակավ, ոստիկանի հագուստով մեկը գողական ռազբորկայի ոճով հաշիվ է մաքրել ընդդիմադիրից:

Նորմալ երկրներում այդ ոստիկանն իհարկե կպատժվեր, իսկ այս դեպքում պարզ է, որ համակարգը հակառակն է փորձելու անել:

Իրենք կանեն իրենցը, բայց գոնե մենք, կողքիններս, ականատեսներս, պետք է արժանին մատուցենք Հակոբին, նրա քայլին, որ տղամարդկություն է հանդես բերել ազգակործան, երկիրը թալանող ու դատարկող՝  իշխանություն կոչված այս պատուհասի դեմ:

Հակոբը «պապիկ» չէ, Հակոբը նորմալ տղամարդ է և չի էլ թաքցնում իր տղամարդ լինելը, ներկայանում է հենց որպես այդպիսին:

Պետք չէ նենգափոխել կատարվողը՝ Հակոբը պաշտպանել է իր արժանապատվությունը, հրապարակավ գործածություն է մտցրել այն, ինչը բացակայում էր երկրում ու որի պատճառով էլ երկիրն էր կործանվում:

Կվերցվի Հակոբի նախադեպը ընդդիմության ու ժողովրդի զինանոց՝ լավ: Չի վերցվի՝ այդ դեպքում թող ոստիկանությունից հետագա ծեծ ուտողները հաշիվ տան իրենց, որ անատամ հանդիսություններն այլևս դիտվող չեն ու մարդիկ թքած ունեն հնամաշ, ոչ տղամարդկային մեթոդականի վրա:

Սրանից հետո Հակոբի օրինակը թող ստանդարտ նախադեպ դառնա ցանկացած ծեծվողի համար: Եթե ընդունակ չես գոնե հակադարձ հայհոյանքի,  ապա դու ոչնչություն ես ներկա հայկական քաղաքական դաշտում:

Տեսնողի համար հասկանալը դժվար չէ՝ խնդիրը ինքնազնիվ լինելն է:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes