Մանկական մի հիշողություն ունեմ, որը հաճախ է իրեն հիշեցնել տալիս: Կրկեսում էի, լարախաղացներից հետո հայտնվեց ծաղրածուն, ահռելի գրպանից հանեց մի ճմռթած պարանի կտոր, երկարությամբ փռեց գետնին, ձգեց-ուղղեց իր աչքաչափով ու սկսեց իր անճոռնի մեծ կոշիկներով քայլ առ քայլ առաջ անցնել պարանի վրայով:
Շատ զգույշ, ծամածռվելով առաջ էր գնում: Ու ամեն փոքր քայլ անելուց հետո մի հրճվանք էր հայտնվում դեմքին, մի երանություն: Մերթ ընդ մերթ աջ ու ձախ էր թեքվում, իբր հեսա ընկնելու է, բայց միշտ էլ, ամենածանր ճողվածքներից էլ կարողանում էր ուղղվել:
Ի վերջո, ավարտեց իր «ոդիսականը», մեծ հպարտությամբ սկսվեց խոնարհվել ծափահարող հանդիսատեսի առջև ու անհայտացավ կուլիսներում:
Մեծ կոնտրաստ կար իրական լարախաղացների՝ կյանքի վտանգներով մահացու վարժությունների ու ծաղրածուի հրապարակային ճոռոմ դատարկաբանության միջև: Հակադրված էին իրարամերժ երկու աշխարհներ՝ դաժան աշխատանքով մի կտոր հաց վաստակելու աշխարհն ու աճպարարության, ֆիկտիվ արժեքների աշխարհը:
Բացարձակապես նույնն է հիմա հայոց աշխարհում: Հազար աճպարարությունից հետո, հիմա էլ մեզ սպասվում է հիմնականներից մեկը՝ հերթական նոր սահմանադրությունը: Դե ամեն նախագահ ժամանակին իր աճպարարությունն է արել ու իր սահմանադրությունն է սարքել, բա երրորդը չանի՞:
Չեմ կարծում, թե երկրում կգտնվի մի սթափ մարդ, ով չգիտի, թե ինչի համար է նոր սահմանադրությունը համառորեն կերտվում:
Նախագահը ցանկանում է հիմա էլ անժամկետ, որպես թագավոր պաշտոնովարել: Բան ասող կա՞:
Եթե հետ նայենք մեր անկախության վերջին 25 տարիների պատմությանը, ապա ֆանտասմագորիկ պատկեր կգա մեր առջև:
Անկախությունը «չոքեց» մեր դռանը որպես սովետի կործանման հետևանք: Միջազգային քաղաքական սկզբունքներն էլ իբր աշխատեցին ինչպես որ հարկն է, և չնայած փոքր ներքին գզվռտոցներին, մենք ունեցանք «սահմանադրական» կարգ ու «լեգիտիմ» իշխանություններ՝ պառլամենտ ու նախագահ: Թղթի վրա ամեն ինչ ֆիքսվեց որպես օրինական սկիզբ:
Բայց արդեն ամիսներ անց, պատվիրված սպանությունների ու թալանի միջոցով սկսվեց իրական, թղթից դուրս իշխանության ձևավորումը: Թույլերը շպրտվեցին լուսանցք, իսկ հավակնողներն էլ սկսեցին վերադասավորվել ըստ «ժանիքների», թափած արյան, սրիկայության ու «նվիրվածության»:
Սահմանադրականի նշույլ անգամ չկար կատարվողում, բայց արտաքնապես մենք իբր սահմանադրական էինք՝ Վենետիկի հանձնաժողովն էլ՝ մեր առհավատչյան:
1995-1996-ին՝ ընտրությունների նոր ցիկլին, երբ արդեն ֆորմալ ու ոչ ֆորմալ իշխանությունը հանցագործներինն էր, տղաները դրսից դրված անսպասելի արգելքի հանդիպեցին: Մինչև այդ, արյունով, թալանով ու աճպարարություններով նվաճված իշխանությունը պետք է նորից վերակերտվեր, օրինականացվեր թղթի կտորով՝ քվեաթերթիկով:
Ժողովուրդը կտրուկ մեծամասնությամբ դեմ քվեարկեց: Բայց դրա լուծումն էլ գտնվեց՝ քվեատուփը փախցվեց, հանձնաժողովներում ատրճանակը դառավ հարց լուծող, իսկ վերջում էլ թնդանոթներն ու շամպանսկու բաժակի շուրջ ծավալված զրույցները:
Ու պարզվեց, որ այլևս իշխանության համար ճակատ ջարդել ու մեծ արյուն թափել էլ պետք չէ, ոնց սկզբում էր: Թղթով է իշխանությունը՝ կեղծում ես թուղթը ու իշխանություն ես, կեղծում ես ու իշխանություն ես…
Նույնիսկ հետաքրքրություն կա սրա մեջ, որովհետև ամեն անգամ կեղծելու մի նոր ու ավելի հեշտ ձև ես գտնում ու ինքդ էլ զարմանում, թե ոնց է, որ առաջ գլխի չէիր ընկել:
Եվ արդեն 20 տարի է, մենք ապրում ենք մի քանի ստանդարտների մեջ: Մեկը դրսի համար, մեկը՝ ներսի, մեկը՝ ախպերականի, մեկը՝ աշխարհասփյուռ հայության, ու մեկն էլ անհույս լավատեսների: Բայց և բոլոր ստանդարտների հիմքը թղթի կտորն է՝ սահմանադրական, ընտրական, դատական, կամ քաղաքական կեղծ թղթի կտորը:
Զավեշտալի վիճակ է; դրսից պարտադրված ժողովրդավարական մշակույթի պայմաններում հայտնվել ենք աբսուրդների մեջ՝ իբր իրական մարդիկ ենք, բայց ապրում ենք աճպարարական անիրականի մեջ:
Ոչ միայն Վենետիկի, այլ աշխարհի բոլոր հանձնաժողովները, նախագահներն ու հավաքարարները գիտեն, որ Հայաստանում ժողովրդավարական տեսքի իշխանություն ասածը թատրոն է դրսի համար և դժոխք՝ ներսի համար: Մենք էլ գիտենք, ռուսն ու թուրքն էլ, պարսիկն ու չինացին էլ գիտեն: Մեր օլիգարխն ու օլիգարխի պահակներն էլ գիտեն դա:
Բայց իշխանության մեջ եղածներն ու նրան հենարան կազմող առնվազն 20 տոկոս հայությունը ոչ իրեն, ոչ էլ իր տերերին չի ասում, թե հարգելիներս, էս ի՞նչ եք անում: Ախր մենք մեզ ենք խաբում, մենք մեզ ենք կործանում, մենք մեզ ենք հոշոտում:
80 տոկոսն էլ ինքն իր հետ խոսելով ասում է, բայց արդյունքն ի՞նչ: Ասողին ոչ լսողը կա, ոչ հասկացողը, կամ առավել ևս անողը:
Հիմա էլ կկատարվի ոնց նախատեսված է, որովհետև ամեն ինչ արդեն իբր «խոսացված, պայմանավորված, տված-առած է»: Մի քանի պնակալեզներ կպաշտպանեն «ընտրիչների» նախագիծը, հարյուրավոր մանկլավիկներ հրապարակավ բերանները ջուր կառնեն, բայց ընկերականում կարդարանան, թե «մեր ձեռն ինչ կա», իսկ հազարավորներն էլ ճարահատյալ կողք կքաշվեն:
Ու արդունքում կունենանք նոր սահմանադրություն՝ նոր վիճակ, ուր հին նախագահը կեղծ սահմանադրությամբ, կեղծ ընտրություններով ու կեղծ ընտրիչներով հիմա էլ կինքնահռչակվի որպես նոր վարչապետ, հին վարչապետը՝ նոր խոսնակ, հին խոսնակը՝ նոր խոտոռնակ, ու ամեն ինչ կշարունակվի ոնց կար:
Միակ հարցն է, թե մինչև երբ է հայկական իշխանությունը լինելու կրկեսային ծաղրածու՝ դրսերի համար ու մահացու աճպարար՝ ներսի համար:
Եղած դրվածքների սահմաններում հարցը միարժեք պատասխան ունի՝ մինչև պետականության կործանումը: Որովհետև աննախադեպ անոմիկ վիճակ է՝ չկա սուբյեկտը, տղամարդը, արժանապատիվ մարդը:
Իրոք, եթե իշխանականում չկա մի ուժ, որը կկանգնի աճպարար նախագահի դիմաց ու կասի՝ հերիք է:
Եթե քաղաքացիականում չկա մի թիմ, որը կկտրի հանցագործ չինովնիկի ճանապարհը ու կասի՝ հերիք է:
Եթե կենցաղում չկա մեկը, որը կապտակի իր տականք բարեկամին ու կասի՝ հերիք է, ապա ընթացքը շարունակվելու է իր իներցիայով, մինչև կործանում:
93-ին, երբ ժամացույցի սլաքի աճպարարություններով հայ իշխանությունները նոր-նոր սկսել էին մեծ խարդախությունները՝ մարդկանց հոգեբանորեն նվաստացնելու և ֆիզիկապես չոքացնելու միտումով, շատերը փորձեցին «խելք հասկացնել» իշխանություներին, որ տղերք, սխալ եք, ժամացույցի սլաքը պահեք այնպես, ինչպես ողջ աշխարհն է պահում:
Բայց ո՞ւմ ես ասել: Չէ որ իրենք լսողը չէին, իրենք լսեցնողն էին:
Երբ Սևան-Հրազդան ունիկալ կասկադը ռուսներին էին նվիրում, իբր 100 միլիոն պարտքի դիմաց, այն կառուցողների որդիներից ու թոռներից ոչ մեկը չկար, որ ասեր, հարգելի տղամարդ, էս քո հոր կերտածը չի, իմ հոր ու պապու սարքածն է, ձեռ չտաս սրան:
Նույնը՝ Նաիրիտը կառուցողների թոռներն ու ներկա աշխատողները իրենց անելիքը չարեցին, նույնը ամեն մի կտոր հողի, գործարանի ու ունեցվածքի մասով՝ իրական տերերը, կառուցողները, շահագործողները, աշխատող-կերտող մարդիկ չարեցին ու հլու-հնազանդ սահմանադրական «ըմբռնումով» ձեռ քաշեցին իրենց ունեցվածքից՝ հօգուտ քրեականի:
Իրականում մեզանում հենց դա է սահմանադրական ասածը՝ թղթի կտորով թալանը, ավերումը, բռնությունն ու ստրկացումը: Կեղծ թղթերով կառավարվում ենք, կեղծ վկայություններով ու կեղծ դատավճռով բանտարկվում, կեղծ դիպլոմով բուհ ավարտում, կեղծ գիտելիքով ակադեմիկոս կարգվում:
Կեղծ, կեղծ, ամենուր ու ամեն ինչում կեղծ:
Երբևէ նորմալ, տրամաբանական, ռացիոնալ, մարդկային, դարին հարիր առաջարկ, նախաձեռնություն, Հայաստանում կյանք չմտավ: Արվեց ամեն ինչ միայն ծուռ գնալու, միայն ավերելու, միայն այլանդակելու, միայն կործանելու համար:
Դե ինչ՝ կեցցե նախագահը, որն իր իսկ գրած, իր իսկ հաստատած, իր իսկ կեղծած թղթի կտորի ուժով վաղն էլ կլինի այն, ինչ ուզում է՝ կեղծ թագավոր:
Եվ նզովյալ լինեն իշխանամետ մնացածը, որոնք ընդամենը մարդակերպ ոչնչություն են ախպերականի ու թագավորացու նախագահի առջև, միջև և հետևում:
Աթեիստ լինելով հանդերձ՝ երկար մտածում էի, թե ինչպես կարող եմ «նզովյալ» բառի հույսին լինել, երբ խոսում եմ իրականության մասին: Մտածում էի և այլ հոմանիշ, կամ փոխարինող բառ չէի գտնում: Ի վերջո հասկացա, որ չկա այլ հոմանիշ, որովհետև մեր իրականությունը մարդկային իրականություն չէ, այլ ձեռակերտ դժոխք է, ուր իմաստալից է հենց միստիկը:
Բարին ընդ մեզ և չարն առ մեր տականքը: