Ստրկացման բանաձեւ, ու հայ-ռուսական ստրատեգիական խաղերը
1. Թաղի տականքը, դուխով հարևանը, գողը, քրեականը քշում են վրադ ու ստիպում են ենթարկվել մի որևէ փոքր հարցում: Որպես կանոն զիջում ես, որովհետև մտածում ես դե փոքր հարց է, արժի՞ հետը գլուխ դնել:
Բացի այդ էլ, փոքր հարցով չես կարող համախոհներ ունենալ, միավորվել և դիմադրել: Առավել ևս չես կարող հրապարակայնացնել՝ կասեն «բա չես ամաչում, ինքդ քեզ պաշտպանիր»:
Բոլորն այդպես մտածում են, ու մեծամասնությունն այս փուլում զիջում է: Իհարկե, մի քանի ըմբոստներ իրենց իրավունքները կարողանում են պաշտպանել, բայց դա արդեն երկրորդական է:
Ժամանակի ընթացքում մի քանի այլ մանր հարցրերով էլ զիջումներ են կորզվում և արդյունքում թաղի տականքն արդեն դառնում է թաղ նայող՝ հիմնական մասսայի վրա: Իսկ մի քանիսի չենթարկվելը որակ չի կազմում:
2. Թաղ նայողն արդեն «լուրջ» կարգավիճակ է: Քո զիջման հաշվին քո հանդեպ գերակա դիրքեր գրաված թաղի տականքն արդեն դիրքեր է ձեռք բերում թե քո, և թե շրջապատի այլ մարդկանց հանդեպ:
Աստիճանաբար նա սկսում է հարաբերվել այլ թաղերի իր կարգի թաղ նայողների հետ: Գոյանում է ընդհանուր շահերով միավորված անօրենների խումբ, կաստա, որն արդեն իր շահերի մեջ հակադրված է մնացածին:
Սա արդեն ներքաղաքական, քաղաքացիական կոնֆլիկտ է, որը սակայն շղարշված է և չի բարձրաձայնվում:
Թույլ հանրություններն իմունիտետ չունեն նման խմբերի դեմ: Համակերպումը, զիջումը նրանց մոտ արժեքայինի տարր են կազմում, և վիճակն իբր հատուկ լուծում չի պահանջում:
3. Միավորված խումբը սկսում է մակաբուծել բոլոր ստորադասվածների վրա, համաձայնեցնելով քայլերը խմբի ներսում և գործելով ընդհանուր ճակատով, այլևայլ հարցերում: Իր ծառայություններն առաջարկելով իշխանական դեմքերին, աստիճանաբար այն սկսում է սողոսկել իշխանական ստորին կառավարման օղակներ և ստանում է իշխանական հովանավորությունն իր անօրենությունների համար:
Միացյալ որոշումներով խումբը սկսում է տիրանալ այլևալ ֆորմալ ու ոչ ֆորմալ լծակների և դառնում «հարց լուծող»:
4. Աստիճանաբար ոչ ֆորմալ հարց լուծողները ծնկի են բերում պետական լծակներին եղած ֆորմալ դեմքերին, և իրենք են վերցնում ողջ իշխանությունը:
5. Քանի որ այդ ճանապարհով որոշումների կայացման մեխանիզմներին տիրացած մարդիկ բացարձակապես մասնագետ չեն որևէ ոլորտում, նրանք սկսում են անցնել պետական հարցերը մի կերպ քարշ տալու ռեժիմին, միայն թե ապահովվի իրենց անձնական թալանը:
6. Ոչ կոմպետենտության պայմաններում արտաքին հարցերում պահանջվող սուբյեկտայնությունը դառնում է ծանր բեռ այդպիսիների համար, և նրանք գերադասում են սուբյեկությունը զիջել որևէ գերուժի, որն իրենց «տիրություն կանի» և չի խանգարի ներքին թալանին ու «բեսպրեդելին»:
Արտաքին զիջողականությունն էլ իր հերթին հանգեցնում է նոր բարդությունների: Արդեն պետականորեն դրսի նայողն է սկսում բեսպրեդելը, տիրանալով երկրի ռեսուրսներին, հարստությանն ու պոտենցիալներին:
Դրսի նայողն ու ներսում իշխանության տիրացածը երկուսը միասին, բեսպրեդելով թալանում են երկիրը՝ մեջ-մեջ անելով եղածը:
7. Նորից, մասնագիտական բացարձակ անգրագիտության ու անհամապատասխանության պատճառով, երկրի ամենաշահավետ կառուցվածքներն ու արտադրությունները չնչին գներով անցնում են արտաքին «նայողներին», իսկ տեղական մանր կալիբրի գողերին էլ անցնում է «թուլափայը»:
8. Գնալով երկիրն ու մարդիկ սնանկանում են, որովհետև ողջ իշխող համակարգը լրացված է ներքին ու արտաքին անգրագետներով ու հանցագործներով:
9. Ի վերջո, համակարգը կոլապսի է ենթարկվում՝ թե ներքին բեսպրեդել աբսուրդի և թե արտաքին ավելի խոշոր բանդիտների ճնշման ներքո:
1-8 կետերում նկարագրածով մենք արդեն անցել ենք: Ներկայում մոտեցել ենք 9-րդ՝ հանգուցալուծման փուլին:
Փողոցում մարդիկ են, որոնք լուծում են ուզում գտնել՝ հենց 9-րդ կետի արհավիրքների տակ չընկնելու համար:
Հայաստանում հոսանքի սպառումը մոտ 6 մլրդ կիլովատ ժամ է (Սովետի օրոք այն 15 մլրդ էր): Հետևաբար, 7 դրամով թանկացումն ընդհանուր մոտ 90 միլիոն դոլարի մասին է, որից պետական բյուջե պետք է փոխանցվի երևի 18 միլիոնը: 18 միլիոնի համար հայկական իշխանությունները նման սրացման չէին գնա: Հետևաբար, հոսանքի թանկացման հետևում կամ ավելի մեծ գեոքաղաքական շահեր են, կամ էլ մասնավոր, թայֆայի անդամի շահերի խնդիր է:
Իմ կարծիքով, երկուսն էլ առկա են, և մեկը մյուսի հետևանքն է:
Ըստ եղած նախանշանների, Ռուսաստանի համար անկլավ ու ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանն այլևս բեռ է դարձած: Ի՞նչ ունի աշխարհի կողմից անկյուն մղված Ռուսաստանը Հայաստանում՝ ռազմավարական և տնտեսական առումներով:
Չին-ամերիկյան ռազմական համագործակցության վերջերս կնքված պայմանագրով արդեն ուրվագծվեց, որ գնալով Ռուսաստանը ենթարկվելու է առավել ծավալուն գրոհի: Չինաստանը խաղաղ մեթոդներով դեմոգրաֆիական և տնտեսական էքսպանսիայով, ոչ ֆորմալ առումով գրավելու է Սիբիրը: Իսկ Արևմուտքն էլ դրա հաշվին նոր ռեսուրս է ստանալու՝ շարունակելու իր գերիշխանությունը ֆինանսական գլոբալ տիրույթներում:
Այդ պայմաններում Հայաստանում ռազմաքաղաքական ներկայություն ունենալու ռուսական ամբիցիաներն արդեն անհաշվենկատ են դառնում և Ռուսաստանը պետք է դիմի Հայաստանից ամբողջապես հեռանալու քայլերին: Դա են պահանջում նաև ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական և ռուս-ներռուսական թուրքալեզու ժողովուրդներ հարաբերությունները:
Ժամանակին ես մի քանի հոդվածով անդրադարձել էի այս խնդրին:
Ի միջի այլոց, Հայաստանին համառորեն ԵՏՄ հիմնադիր անդամի կարգավիճակ չտրամադրելը հենց այս հեռանկարի հետ էր կապված: Եվ առհասարակ, Հայաստանի քարշ տալը մաքսային միություն զուտ օպերատիվ մանևր էր՝ Ուկրաինային ներքաշելու համար, բայց ոչ հեռահար ռազմավարություն Ռուսաստանի կողմից:
Կարծում եմ, որ այսօր մենք գործ ունենք հենց Հայաստանից Ռուսաստանի հեռանալու դրսևորումների հետ: Ռուսները դեռ վաղուց ռուսաստանաբնակ մեր հայրենակցին առաջարկել էին գնել ցանցերը, խփելով երկու նշանակետի՝ նրանից հետ ստանալ ռուսական տիրույթների ունեցվածքը՝ միաժամանակ ազատվելով հայկական ծանրացած բեռից:
Իսկ սակագնի հարցն արդեն զուտ շուկայական առևտուր էր կողմերի միջև, որը այս կամ այն լուծումն ի վերջո կստանա:
Կատարվածի ու կատարվողի առթիվ կա երկու եզրակացություն:
1. Ներքին հարցերով: Հայկական իշխանությունները ծնունդ են սույն հոդվածի առաջին կետում նշված՝ թաղի տականքից մեր ամեն մեկիս պարտությանը: Հիմա էլ, ներհայկական քաղաքացիական կոնֆլիկտը ոչ թե իշխանության վերին օղակների դեմ պետք է լինի, այլ կոնկրետ տեղերում ու ստորին օղակներում ամեն մի սրիկայի ու հարց լուծողի հանդեպ:
Իշխանությունը ոչինչ է առանց այդ հիմնական հենարանի: Այն ուղղաձիգ ենթակայություն է, որի հիմքը մեր բոլորի մեջ է, կամ առնվազն՝ կողքին:
2. Արտաքին ապահովության առումով: Ռուսաստանի հետքաշումը համաշխարհային մաշտաբի պրոցես է և պետք է ձգտել դրանից մեծապես չվնասվել կամ նույնիսկ օգուտով դուրս գալ:
Իշխանությունները դրան ոչ միայն ընդունակ չեն, այլև հենց հիմա ամեն գնով դիմադրում են ռուսների ռազմաքաղաքական հետքաշմանը մեր տարածքից:
Ռուսները հայկական իշխանության «նայողներն էին» և այդ հովանավորի կորուստը կատաստրոֆիկ կարող է լինել հենց հայ իշխանությունների համար:
Այն կատաստրոֆիկ կարող է լինել նաև Հայաստանի համար, եթե մենք չկարողանանք ինքնիշխանություն կերտել մինչև ռուսների բացահայտ «գունափոխումը» մեր հանդեպ՝ երբ նրանք արդեն բացահայտորեն կհամգործակցեն Ադրբեջանի հետ մեր դեմ:
Այդ սցենարից խուսափելու միակ միջոցը հայկական պետական սուբյեկտությունը վերականգնելն է, որը հնարավորություն կտա միջազգային ապահովության ռեսուրսներ ձեռք բերելու: