Եթե թերանում ես անձնապես ղեկավարել, ապա կղեկավարվես անարժանի կողմից: Պլատոն:
Հոսանքի գնի թանկացման հետ կապված հայաստանյան հայությունը նորից ալեկոծման մեջ է: Եթերում մանրամասն բացատրվում են այդ քայլի պատճառներն ու քողարկված էությունը: Հիմնավորվում է, որ թանկացումը կապը կտրած մոնոպոլիզմի, իշխանական բեսպրեդելի, կառավարման բացակայության ու մարդկանց հանդուրժողականության արդյունք է:
Իմ ուշադրությունը գրավեց մի քննարկում, ուր կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն ու ընդդիմադիր քաղաքական գործիչ Արամ Մանուկյանն էին քննարկում հարցը: Ի տարբերություն այլ նմանատիպ հաղորդումների, այստեղ երկու բանախոսն էլ պատրաստված, մասնագիտորեն լուրջ հիմնավորված էին ներկայացնում հարցերը: Բայց երբ խոսք գնաց կոռուպցիոն շղթայի ու պաշտոնեական պատասխանատվության մասին, Արամ Մանուկյանը նորից խոսեց իշխանավորների վերտիկալ կախվածության մասին և հարցը հանգեցրեց իշխանական բուրգի ամենավերևի մարդու՝ նախագահի միայնակ անձնական պատասխանատվությանը:
Պարոն Մանուկյանը հայկական քաղաքական դաշտում եղած եզակի գործիչներից է, ում որևէ բացասական քայլի մեջ մեղադրել ես չեմ կարող: Իմ ընկալմամբ ինքը շիտակ է իր հրապարակային ելույթներում:
Բայց և 24 տարի անընդմեջ գտնվելով քաղաքական օլիմպում, դեռ կարծում է, քանի որ «ձուկը գլխից է հոտած», ապա գլխի հարցերը լուծելով էլ պետք է շտկել վիճակը: Սա նշան է, որ քաղաքագիտականը մեզանում առավել չէ, քան տնտեսության վիճակն է, հոսանքի հարցը, կամ իշխանական բեսպրեդելը:
Որ ողբերգական վիճակում ենք, դա փաստ է: Որ պետական արագացող վայրընթացի այս պայմաններում որևէ կտրուկ բարելավում անհնար է, դա էլ մի այլ փաստ է: Բայց և ռեալ ելքերը չեն առաջարկվում: Միակ առաջարկը փողոց դուրս գալն է:
Հորդորվում է, որ ինչպես տրանսպորտի թանկացման դեպքում, հիմա ևս, թե շարքային քաղաքացիները, և թե հոսանքի մեծ ու փոքր սպառողները՝ բոլորը պետք է դուրս գան փողոց և ստիպեն իշխանություններին ետ կանգնել այդ քայլից:
Ճիշտ առաջարկ է:
Իհարկե պետք է դուրս գալ փողոց, չենթարկվել, դիմադրելու ձևեր գտնել: Բայց այդ «պետք է»-ն շատ ավելի կարևոր, կոնցեպտուալ բաղադրիչ ունի իր մեջ, քան ռեակտիվ արձագանքն է իշխանական որևէ հակահանրային նախաձեռնությանը, որը կամ կհաջողվի, կամ ոչ:
Այդ երբևէ չբարձրաձայնվող բաղադրիչը ամենօրյա ժողովրդավարությունն ու քաղաքացիականությունն է, որը մեզանում առհասարակ չկա: Նույնիսկ գիտակցումը չկա, որ իշխանությունն առաջին հերթին ենթակա է ժողովրդին ոչ թե գրված, այլ չգրված օրենքների ուժով: Այն օրենքների, որոնք գործում են մարդկային ամենօրյա հարաբերություններում, անկախ իշխանությունից ու անկախ կողմնակի դիտորդների առկայությունից:
Օրինակ այդպիսի օրենքի հաշվին է, որ խանութում մեկնում ես փողը ու փոխարենը ստանում ապրանքը- ասենք հացը: Թվում է թե վաճառողը կարող է վերցնել փողը և ասել, որ փող չի ստացել: Մեկ անգամ իհարկե կարող է, բայց երկրորդ անգամ դա անհնար է, որովհետև ոչ ոք չի մտնի այդ խանութը: Սա չգրված ներհանրային հարաբերման օրենք է: ԵՎ այն ապահովվում է ներհանրային տարածվող ինֆորմացիայի շնորհիվ: Մարդիկ մեկը մյուսին զգուշացնում են աննորմալի մասին և դրանով զսպում նրա տարածումը:
ԵՎ հարյուրավոր նման օրենքներ կան, որոնց մենք ենթարկվում ենք ավտոմատ կարգով, բայց որոնք առաջին հայացքից տեսանելի էլ չեն:
Հայաստանում արդեն խախտված են չգրված օրենքները և արտագաղթի հիմանական պատճառը հենց դա է՝ նորմալ մարդը չի կարող համակերպվել չգրված օրենքների ոտնահարմանը:
Շարունակելով միտքը, ասեմ, որ իհարկե, հնարավոր է, որ մարդիկ դուրս գան, բողոքեն, ու հոսանքը մի քանի դրամ պակաս թանկանա: Եթե շատ հզոր բողոքվի, մի գուցե վաղը 3 միլիոն դրամանոց սեղանի փոխարեն հերթական մի գլադունչիկ՝ 2,5 միլիոնանոց սեղանի հետևում նստի, 10 տեղակալի փոխարեն 9–ը պահի:
Բայց դրանից հայաստանյան իշխանության ու մարդկանց կյանքի որևէ հարցը չի լուծվելու: Երկիրը գահավիժում է իշխանական բեսպրեդել անպատասխանատվության, մարդկանց ստորադաս մտածելակերպի ու քաղաքականից ինքնամեկուսացման պատճառով:
Նախկինում, երբ տնետսական ու քաղաքական մոնոպոլիզացիան հիմնականում ներհայկական էր, աղոտ հույսեր կային, որ ժամանակի ընթացքում, առաջին միլիոնը գողանալուն զուգընթաց, «տղերքն» ի վերջո կկշտանան և կապիտալիզմն ինքնաբերաբար կաշխատի:
Բայց ողջ էներգետիկան ու ենթակառուցվածքները Ռուսաստանին նվիրելուց հետո այդ հույսն էլ չկա: Հիմա ռուս «տղերքն» են գալիս մեզ մոտ որպես խոպան: Ու միլիոնները կուտակելով ետ են գնում, իրենց փոխարեն ուղարկելով հաջորդին:
Ակնհայտ է, որ այս սխեմայով Հայաստանը ոչ միայն կապիտալիզմի չի հասնի, այլև մոտ ապագայում կկործանվի: ԵՎ խնդիրն էլ ոչ թե կողմնորոշման, տնտեսագիտական –քաղաքական, կամ կառավարման է, այլ ազգային ու մարդկային արժանապատվության, սկզբունքի, թալանի հանդուրժման ու ընդհանրապես լինել- չլինելու: Կամ մենք ինքներս կհաղթահարենք մեր ներքին թուլությունները՝ կսանձենք մեր իշխանություններին, կամ հայկական պետականությունը մեկընդմիշտ կանհետանա:
Այս տխուր եզրահանգման ֆոնին, փորձենք ի վերջո հասկանալ վիճակի էությունը: Ակնհայտ է, որ իշխանության բոլոր օղակներն ու անձինք շարժվում են նախագահի ցուցումով /դաբռոյով/: Բայց ի տարբերություն բռնապետական ռեժիմների, հայկականը ոչ թե առաջին մարդու անվերապահ դիկտատի ներքո է, այլ ներքևները գողական օբշչակի օրենքներով իրենք կամավոր են ընտրել իրենց հարմար մարդուն՝ որպես բոլորի տանիք ու չնայած գռմռալով իրար դեմ՝ բայց և ենթարկվում են շեֆին ու համակարգին:
Դա ձեռնտու է բոլորին, որովհետև կայունություն, կանխատեսելիություն, ու նույնիսկ իշխանական ժառանգականություն է ապահովում մասնակիցներին: Նախագահին պարտադրված է արտաքին հարցերում ամեն ինչ անել՝ ներքին թալանն ու անդորն ապահովելու համար: ԵՎ նախագահն էլ ինքը շարքային լինելով, իր անձնական տանիքն ապահովեց՝ մտնելով եվրասիական միություն:
Այսինքն իշխանական շղթան կուռ փակված է: Իշխանականների համար Հայաստանը մեջտեղից ջնջված է որպես հոգածության առարկա և սպասարկվում են միայն օբշչակի շահերը: Օբշչակի նպատակն էլ միայն փողն է՝ կուտակիր միլիոնները-ամեն գնով վերարտադրվիր-կուտակիր:
Այսինքն առկա է խորը թշնամություն իշխանության և ժողովրդի, ու իշխանության և պետականության միջև: Դրսում իշխանությունն ունի իր քաղաքական տանիք- հենարանն ի դեմս Ռուսաստանի, իսկ ներսում էլ ունի բանակ, ոստիկանություն ու մոտ 20 տոկոս կազմող իշխանամետ շերտ, որը ներքին, ԽԾԲ- մեխանիզմներով կանխարգելում է իր շրջապատում որևէ բողոք ու ալիք իշխանությունների և մասնավորապես՝ իրենց դեմ:
Մարդիկ դուրս չեն գալիս փողոց ոչ թե այն պատճառով, որ իրոք անհույս է, այլ որովհետև իշխանամետ ու իշխանության մաս կազմող իր ծանոթը ներշնչել է, որ անիմաստ է՝ «մեկ է, սրանց դեմ խաղ չկա»: ԵՎ մեր ազգային թույլ, ենթարկվող, համակերպվող արժեքայինն էլ աներկբա ընդունում է այս խաբկանքը:
Տեսականորեն այս վիճակը միայն մեկ լուծում ունի՝ մարդկանց հակառակվելը ծանոթին և պահանջատեր դառնալը իշխանամետ 20 տոկոսանոց շերտից: Սա նշանակում է ամենօրյա զգոնություն ու ամենօրյա սկզբունքային քաղաքացիական պայքար ամեն քայլափոխին ու ամեն հարցով:
Տեսականորեն նման բան հնարավոր է, բայց գործնականում- ոչ: Որովհետև եթե Արամ Մանուկյանը այս մասին չգիտի, կամ գիտենալով հանդերձ, սրան չի հավատում, ապա իրոք վիճակը փակուղային է:
Բացի այդ, նման քայլն իրենից խորը արժեքային վերակերտում է ներկայացնում, որին մենք որևէ կերպ պատրաստ չենք:
Հաջորդը «հնարավորը» ֆանտասմագորիկ հեքիաթի ոլորտից է, որ վաղը «տղերքն» արթնանան քնից, նայեն հայելու մեջ և տեսնեն իրենց որպես հրեշների, որոնք կործանում են երկիրն ու ժողովրդին:
Ես կարծում եմ, որ իրենք դա ամեն օր են տեսնում: Ուղղակի խաղի ազարտը և նախկինում գործած ոճիրներն այնքան շատ են և վարկաբեկիչ նյութերն էլ նախագահի դարակում այնքան սպառնալից, որ բոլորն են համակարգի «գերին»: Իշխանությունը ներքուստ շաղկապված է համատեղ հանցագործությունների բեռով և պատրաստ է ցանկացած նոր քայլի:
Անելիքը Պլատոնյան խորհրդի մեջ է՝ ղեկավարիր ինքդ՝ քո բոլոր հարցերում և աստիճանաբար մեջտեղից կվերանա անարժանը:
Ի վերջո, կա նաև հայտնի ժողովրդական առածը` Ձուկը գլխից է հոտում, բայց այն պոչից են մաքրում:
Նորից շեշտեմ` պետք է դուրս գալ փողոց, բողոքել, հակառակվել, դիմադրել, անջատել հոսանքն ու լարերը, գազն ու ջեռուցումը, եթե հնարավոր է, ուղղակի ալյուրի հում խմորով սնվել: Բայց այդ ամենը ոչ մի հետևանք չի ունենա, եթե քո բարեկամ սրիկան առանց ապտակ ստանալու ու «թուք ու մուր ուտելու», շարունակի հին «լույսի մարդը» մնալ ու թալանել քեզ: