Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

«Տուն պահելու» արժեքային ճահիճը

17 Մայիսի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Կառավարման տեսությունն ասում է` եթե չգիտես ինչ անել, ապա ճիշտ ելքը ոչինչ չանելն է: Իսկ քանի որ մեզ թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք, ապա մշտապես «քայլեր» անելու տեղապտույտի մեջ ենք:

Այդ քայլերն արդեն ճահճում մինչև գոտկատեղը թաղվածի ջղաձգումներ են, և  ամեն նոր քայլն ավելի է արագացնում ընկղմվելը:

Ընդդիմադիր երևելիներից ու իշխանական պատասխանատուներից ոչ ոք ունակ չէ սթափ նայել իրականությանը, հաշվի նստել դրա հետ ու վերջին ճիգերով որևէ ելք գտնել:

Ելք գտնելն իհարկե գիտելիքի, կամքի և ամենակարևորը՝ կոնկրետ շահերի հետ է կապված: Իսկ մեր իրականությունը ոչ միայն թքած ունի գիտելիքի վրա, այլև ոգեշնչում է մասնակիցներին ծայրագույն ստորացումների՝ նույնիսկ մի փոր հացի համար:

Հայկազն Ղահրիյանը մի ծավալուն հոդվածով անդրադարձել էր հայկական՝ «տուն ու ընտանիք պահելու» անձեռնմխելի ավանդույթին՝ ցույց տալով, որ  այդ անձեռնմխելին էլ մեծապես խաբկանք է և հանրային անկարողությունը քողարկող շղարշ:

Մարդկությունն ընտանիքից դուրս և վեր բազմաթիվ կառույցներ ունի և առաջնորդվում է դրանց անհապաղ սպասարկման հարցերով: Մեր և զարգացած աշխարհի միջև եղած վիհերը տեսնելու և հասկանալու համար առաջին հերթին պետք է կարողանանաք տարբերակել միայն «տուն ու ընտանիք պահող», գոյատևող հայ մարդու և 21 դարի՝ ոչ միայն տուն ու ընտանիք պահող, նորմալ ապրող միջին մարդու արժեքայինների տարբերությունները:

Նոր չէ այս խնդիրը: Դարերի խորքից է գալիս այն, իսկ այսօր էլ պարուրել է մեզ, կապկպել ձեռքերը, մթնեցրել միտքն ու բռնաբարել կամքը:

Ժամանակակից աշխարհում հասուն մարդը հանրայնորեն և քաղաքականապես կազմակերպված է որպես ընտանիքի պատասխանատու, որպես հանրության շահագրգիռ անդամ-սուբյեկտ, որպես ընտրող, կամ  ընտրվող, որպես կուսակցական, կամ անկուսակցական, որպես իշխանավոր, կամ ընդդիմադիր, որպես գործատու, կամ վարձու աշխատող, որպես պետական ծառայող, կամ իշխանավոր, որպես իրավականի պատասխանատու, կամ քրեական:

Մնացած այլ կատեգորիաներն այս կամ այն կերպ թվարկածների շարքում են: Վերը նշված բոլոր խմբերում մարդն առնվազն երկակի դրսևորում ունի: Մի կողմից իր անձնական շահի կրողն է, մյուս կողմից էլ՝ ինչ որ խմբի անդամ է ու  խմբային շահերի կրող:

Հայկական իրականության մեջ այդ տարբերակումները ոտնահարված, խլացված են և ներգափոխված են «հայ եմ, հայ ես, հայ ենք» «հայրենասիրականով», որը հենց մեծագույն կեղծիքն է: Մենք բոլորս «հայ» ենք, բայց իշխանականում բոլորը նաև «ախպեր են», իսկ դրանից դուրս եղածները՝ իրենց խոսքերով ասած՝ «համբալներ»:

Իշխանականի ներսում միավորված շահային խմբերն ու համքարությունները՝ իրավականն իր ողջ կառույցներով, նախարարություններն իրենց վերահսկիչներով ու կատարածուներով, օլիգարխիան՝ իր բանդաներով ու թաղային տականքով՝ շատ էլ մանրակրկիտ կազմակերպված են: Նրանք միայն ընտանիք չեն պահում, այլ իրար են պահում, համակարգն են պահում, հենց ճահիճն են պահում: Բայց իրար ու կողքինների հետ շփվելիս-արտահայտվելիս, իրենք էլ իբր նույն՝ «ընտանիք պահողն ու հայն են»:

Նմանատիպ պատկեր է նաև ընդդիմադիր հատվածում: Եղած դեմքերն աննշան դրսևորումներով  իբր կուսակցական են, կամ քաղաքացիական են, կամ «մտահոգ են», բայց և անխտիր բոլորը «հայ» են:

«Հայությունը» դարձել է մեր պետականության կոկորդի փուշը, որը ոչ հեռացնել և ոչ էլ կուլ տալ չենք կարողանում: Եթե որևէ հարցում պետական, միջազգային, մարդկային կամ ամենատարրական տրամաբանություն ես պահանջում, ապա դեմ ես առնում «բա դու հայ չե՞ս» սպանիչ հարցին: Շրջանցել այն տիրող արժեքայինի սահմաններում՝ հնարավոր չէ: Իսկ փաստարկված էլ պատասխանել, որ թքած ունես այդ «հայության» վրա, ոչ առողջությունդ ու ոչ էլ կամքդ չի հերիքի:

Խնդիրն այն է, որ այլ ազգերի դեպքում խնդիրը պարզ ու ազնիվ ձևակերպում ունի: Օրինակ, ֆրանսիացին, անգլիացին, գերմանացին, ամերիկացին իրեն համարում է իր ազգի ներկայացուցիչը: Բայց և դա ֆետիշացած չէ և մարդն իր երկրի շահերն է պաշտպանում իրեն հասու մեթոդականով՝ թե երկրի ներսում և երկրից դուրս, որովհետև այդ շահերի պաշտպանությունից է կախված իր բարեկեցությունը:

Այս դրվածքը հետևանք է քաղաքացիականության և մարդկության՝ պետականությունների ձևով կազմակերպվելու ու պետության մեջ պաշտպանված լինելու փաստի հետ:

Պետությունից դուրս, ներկա մարդն այլ պաշտպանություն չունի: Դրա համար պետությունների ներսում մարդիկ պայքարում են իրենց պետական տունը կարգի գցելու, զարգացնելու և բարգավաճման տանելու համար: Եվ այդ  նպատակով մարդիկ համագործակցում են մեկը մյուսի հետ, մանավանդ նույն արհեստակցական ու շահային խմբերի ներսում, ապահովում կենարար ու ստեղծագործ մթնոլորտ, իսկ խանգարողներին էլ պատժում են՝ ոնց կարող են:

Համագործակցող լինելով երկրի ներսում, միջպետականում մարդիկ պարտավոր են ենթարկվել պետական շահերին՝ թշնամանալ խանգարող հարևանի դեմ, նույնիսկ գնալ պատերազմի, որովհետև դա է միջպետական կոնֆլիկտները հաղթահարելու միակ ելքը:

Երբ պետություններն ու մանավանդ ազգերն են թշնամական, ապա անձնական, անհատական մակարդակում ցանկացած քայլը ստորադասված է ավելի բարձր մակարդակների թշնամանքին:

Երկրների ներքին հարցերին վերաբերող միջազգային օրենքները, որոնք իբր գերակա են մասնակից պետությունների ներքին օրենքների համեմատ, իրականում ֆիկցիա են, եթե շոշափում են այդ երկրի ու նրա իշխանությունների կենսական շահերը: Նույնիսկ միջազգայնորեն անկշիռ Հայաստանը թքած ունի միջազգային օրենքների վրա, երբ հարցը գալիս է իշխանական քմահաճույքներին:

Սա միջազգայնորեն չբարձրաձայնվող իրողություն է, որի մասին գիտեն բոլորը: Բայց և այդ օրենքները կան միակ նպատակով՝ աշխարհի հզորների համար որպես մահակ, չենթարկվողների դեմ կիրառելու համար:

25 տարի առաջ հրահրված և ներկայում ծխացող ղարաբաղյան պատերազմը դարձել է մեր երկիրը դատարկող, իշխանություններին հավերժացնող և մեր համարյա բոլոր հարցերը «լուծող» ունիվերսալ գործոնը:

Պատերազմը ձեռնտու է ադրբեջանական իշխանություններին և իրենց ժողովրդին, որը վերը նկարագրած սխեմայով մասնակից է իր իշխանությունների ու պետության  ագրեսիվ քաղաքականին ու մեթոդականին:

Մեր դեպքում պատերազմը ձեռնտու է միայն իշխանություններին: Որովհետև քաղաքական պարտություններն ու քրեականացումը հեշտությամբ վերագրվում են պատերազմին:

Հայկական և ադրբեջանական իշխանությունների միջև դրվող հավասարության նշանները, որոնք հաճախ լսվում են տեսաբանների կողմից, իրականում սխալ են, որովհետև ժամանակը վերջին հաշվով Ադրբեջանի օգտին է աշխատում՝ Հայաստանն է դատարկվում և կորցնում պոտենցիալները: Հարցը, թե դա ձեռնտու է և Ալիեվին, և Սարգսյանին, ածանցյալ է և շեղում է մեր ուշադրությունը բուն խնդրից:

Վերը նկարագրված սկզբունքների տեսանկյունից դիտարկելով հայկական «ընտանիք պահող» հային ու մնացած, մեր հնարած ստորացուցիչ դրսևորումները, ակնհայտ է դառնում, որ ներքին հարցերով հայ քաղաքացու անելիքը Հայաստանի ներսում է:

Դրսում «մեր լվացքը ցույց չտալու» սկզբունքը կարող է զիջվել միայն միջազգային ատյաններում երկրի իշխանական կոնկրետ դեմքերին հանցագործության մեջ մեղադրելու դեպքերում:

Օրինակ, երբ Զարուհի Փոստանջյանը եվրոպական ամբիոնից մեղադրանքներ  էր ներկայացնում Սերժ Սարգսյանին, ապա դա կոնկրետ այն ամբիոնն էր, որի հովանավորությունից օգտվում են հայկական իշխանությունները: Բարձրաձայնելը նպատակ  ուներ բարձր «տերերին» հայտնելու, որ մեզ տեսանելի են ձեր կրկնակի ստանդարտները Հայաստանի առումով և որ նրանք արդեն անցնում են բոլոր սահմանները: Թե ինչքանով դա օգնեց, կամ խանգարեց Հայաստանին, դժվար է ասել: Բայց որ դա արդարացված քայլ էր, ես կասկած չունեմ:

Իսկ երկրի ներսում քրեականի ձեռքով ստեղծված դժոխքը մեր «խաչն» է, և մենք պետք է տանենք այն՝ կամ կհաղթահարենք, կամ կպարտվենք  ու կվերանանք:

Թշնամուն ուղղված որևէ հայցը մեր դժոխքը կարող է փոխարինել միայն նոր գեհենով՝ ոչ ավել:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes