Ամեն հանրություն ունի այն քրեականը, որին արժանի է: ԵՎ այն իրավական համակարգը, որն ուզում է: Ջոն Քենեդի:
«Հետեղեռնյան» Հայաստանի ներքին ու արտաքին «քաղաքականը» բռւռն ելևէջների մեջ է՝ մարդիկ չեն հասցնում մեկ անակնկալից մյուսին համակերպվել: Ինձ համար հոգեբանորեն անանցանելի դարձավ պետության կողմից «խաչքարագործության» սատարման մասին պաշտոնական հայտարարությունը:
Որ հայ քաղաքացին պետք է իշխանական ցանկացած հիմարության պատրաստ լինի, ես դա գիտեի: Բայց իմանալն ու դիմանալ- հանդուժելը տարբեր «ֆիզիոլոգիաներ» են: Ստորև, այս հայտարարությանը չդիմանալու իմ ֆիզիլոգիայի մասին եմ նկարագրելու, որովհետև լուրջ քննարկել այս հարցը գոնե ինձ համար անհնար է:
Նախաանկախական Հայաստանում իրեն հարգող ամեն գող, կախված իր գողական կալիբրից ու թափից, իր մարմնին՝ не забуду мать родную-отца подлеца դաջվածքի կողքին, խաչի, խաչքարի, կամ էլ մի ամբողջ մայր տաճարի տպավորիչ դաջվածք ուներ:
Դժվար է ասել, թե ի՞նչ էր դա՝ Աստվածավախություն, գողական մշակույթ, ինքնադրսևորման տարր, թե մեղքերի քավության ինդուլգենցիա, բայց առանց նման դաջվածքի «քրիստոնյա» գող համարյա չկար:
Հիմա այլ է՝ քանի որ գողությունն օրինականացված է պետականորեն, իսկ գողերն էլ պաշտոնյա ու օրենսդիր են, «խաչապաշտությունն» այլ տեղադրություն, ձևեր ու մասշտաբներ է ընդունել:
Գողականի դաջվածքը՝ լինի դա խաչքար, մատուռ, թե եկեղեցի, ոչ թե իր թևին, այլ իր թաղում, իր քաղաքում, երկրի «կենտրոնում» է տեղադրում:
Դրանց աչքին աշխարհում իրենցից ու Աստծոց զատ այլ մարդ չկա՝ իրենց անթաքույց, օրը ցերեկով մարդ թալանելը, հոշոտելը տեսնողը չկա:
Որ մեկ է, մարդիկ կգան ու թալանով ու արյամբ վեր խոյացած ու երկրի մարմնին զետեղված այդ գողական դաջվածքների մեջ կաղոթեն: Իսկ իրենք էլ Աստծուց իրենց մեղքերի թողությունը կստանան:
Մեղմ ասեմ՝ առանց ուղեղ, բոլորովդ էս ո՞ւր եք սլանում:
Բա մեջներդ մի թերզարգացածն էլ չկա, որ ձեզ խելք հասկացնի՞: Որ դրսում 21-րդ դարն է, որ դուք ապրում-գողանում եք այս նյութական դարում, քշում եք այս դարի ամենաշքեղ մեքենաները, վայելում եք այս դարի ամենաառաջավորը, իսկ կիսասովյալ մարդկանց միջնադարյան մթով եք ուղարկում ձեր մեղքերին թողություն հայցելո՞ւ:
Արդեն տաքսիստն է ձեր վրա ինտելեկտուալ զարմացած, դպրոցը չհաղթահարած չոբանն է ձեզանից զզված, շարքայի գողերն են ձեր վրա ապշած:
Էս ի՞նչ եք անում:
Խոպանչի եք հարկում, որ խաչքար տաշել տա՞ք: Ո՞ւմ վրա եք էդ խաչքարը քաշելու: Խոպանչին եթե կրկնակի հարկվեց, էլ հետ չի գա, ազգությունն էլ կփոխի, մայրենին էլ:
Բա ոչ մեկդ միջնակարգ դպրոցն էլ յուրացրած չկա, որ իմանա, որ հարկեր բարձրացնելով տնտեսություն չեն աշխատեցնո՞ւմ: Որ հարկում են ոչ թե մարդուն, այլ նրա՝ տեղում կատարած աշխատանքի եկամուտը: Որ աշխարհում չկա կրկնակի հարկում:
Էն, որ Դեպարդյեն հարկերի պատճառով Ֆրանսիայից փախավ Ռուսաստան, դա էլ ձեզ ոչ մի բան չհուշե՞ց:
Մեջներիդ մի քանի ուղեղակիրները ձեզ բացատրեցին, որ խոպանչուն հարկելու նունիսկ ձևը չկա, ու այդ օրենքն էլ երկրից մարդ արտաքսելու օրենք է ու կապ չունի տնտեսականի հետ: Էլի տեղ չհասա՞վ: Ձեր «էշն եք քշելու» ու ձեր խաչերն եք դաջելու մեր ազգային մարմնին՝ երկրի՞ն:
Ահավոր բան է կատարվել մեր հայրենիքի, Հայաստանի հետ՝ քրեական հեղափոխություն է կատարվել, որին մենք չենք ուզում հավատալ:
Ինչ անուն ասես դրեցինք մեր այս վիճակին, բացի իրականից: Գողը, քրեականը, հանցագործը տակն ու վրա է արել երկիրը, ավերել այն, զրկել ապրելու ու կենսունակության բոլոր ռեսուրսներից և հիմա էլ անցել է նեկրոֆիլիային՝ այն որպես անկենդան մարմին բռնաբարելուն, «խաչքարախեղդ ու եկեղեցախեղդ» անելուն:
Հայտնի ասացվածք կա, որ եթե գողերը խելոք լինեին, ապա բանկիրներ կլինեին, ոչ գողեր:
Սակայն հայկական գողերը պարարտ հողի վրա են: Նրանք իրենց միկրոսկոպիկ ուղեղով շատ ավելին են արել, քան բանկիր լինելն էր՝ սիմբիոտիկ սկզբունքով համատեղել են եկեղեցին ու բանտը ու երկրի անվան տակ բանտ են կերտել, ուր կեղեքում ու հոշոտում են Գենոցիդից մազապուրծ եղած մի ամբողջ ժողովուրդ, շահագործելով նույնիսկ Աստծո անունն ու ուժը:
Հայաստանում կան երկու տեսակի բանտեր՝ ողջ երկիրն ինքնին և ներսի՝ ավելի խիստ, պաշտոնական բանտերը: Եթե երկիր բանտը ձեռք չի տալիս, կարող ես ինքնակամ տեղափոխվել ներքին, պաշտոնական բանտ, ուր հերթափոխով կքնես, ինչքան պետք է՝ կծեծվես, կաղոթես ու կբավարարես քո մազոխիստական բոլոր կրքերը:
Եվ բանտերի ու եկեղեցիների շնորհիվ է կենսունակ ողջ իշխանական համակարգը՝ համ փող «սարքելու», համ էլ բոլոր պոտենցիալները հավասարակշռելու և արվելիքը գլուխ բերելու առումով:
Եթե բանտ կոչված գործիքը չլինի, բա ոստիկանը, քննիչը, դատախազը, պաշտոնյան, դեպուտատը, օլիգարխն ու մնացած հայտնի ու անհայտ տերերը, դրանց շրջապատը, բարեկամություն-ընկերականն ու խնամիականը ով են որ:
Բանտով է, որ իշխանությունը կայանում է, կարևորվում ու ամրապնդվում: Եվ դաջված եկեղեցիներով է, որ այն «օրինականացվում» և ապահովագրվում է մարդկանց ենթագիտակցականում:
Իհարկե իշխանահայությունն ու ընդդիմահայությունը թքած ունեն իմ և այլոց «ֆիզիոլոգիայի» ու նամանավանդ կարծիքների վրա, որովհետև հաշված ունեն բոլորիս ատամները՝ ներառյալ նաև իմաստության «քյաֆթառ» ատամները, «թասիբի» կաթնատամները, և ֆեյսբուքյան ընկերոջս լրացումով՝ նաև իր 4 պրոտեզները:
Իմ վերաբերմունքը նկարագրող այս հոդվածը ես սկսել էի Քենեդու մտքով, իսկ Ամերիկյան հիմնադիր նախահայրերից Թովմաս Փեյնն էլ մի այլ կարևորագույն միտք ունի՝ որ «Հայրենասերի պարտականությունը երկիրը նրա իշխանություններից պաշտպանելն է»:
Չգիտեմ, թե երբ կգա այն օրը, երբ ամեն մարդ կգիտակցի, որ ինքը մասն է այս գողական իշխանության՝ իր հանդուրժողականությամբ հանդեպ իր կողքի գողը: Եվ որ ինքը պարտավոր է իր երկիրը պաշտպանել իր իշխանավորից, իր բարեկամ հրեշից:
Գողականի ցնծալի ժամանակներ են՝ բանտերով, խաչքարերով, եկեղեցիներով, հարկվող թշվառներով ու «ժողովրդավարական» ու նախնադարյան կյանքի մնացած ողջ ծաղկաբույլերով:
Իրականում պետք է արժանին մատուցել հանճարեղորեն ֆանտաստիկ հայկական իշխանական բանաձևին՝ խաչքար-բանտ-եկեղեցի-պատանդ ժողովուրդ:
Ի վերջո, ինչը հանդուժվում է, այն էլ շարունակվում է:
Որպես նստվածք այս ամենից, արժե եզրակացնել, որ հայ օլիգարխիա կոչվածը կեղծիք է, չկա այդպիսի խավ, շերտ, թիմ: Կա հայ իշխանական քրեական-գողական-կղերական կոհորտա, որն իր բանտերում ու դաջված եկեղեցիներում որպես պատանդ է պահում մի ամբողջ ժողովուրդ: