Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Իշխանական բեսպրեդելի ու ընդդիմադիր ինկվիզիցիայի արանքում

12 Ապրիլի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Ճշմարտություն ասողն ընկերներ չունի. Աֆրիկյան ասացվածք

Արժանապատիվ կյանքի առաջին հենասյունը մարդկանց ազնվությունն է հանդեպ ճշմարտությունը: Մեր հանրային դժոխքը հենց ճշմարտության վրա թքած ունեցող բազմերես տկարամիտների կերտածն է:

Սովետների ժամանակ ճշմարտությունը էկրանից ու թերթերից դուրս էր՝ բայց ամեն հասկացող, խելքը գլխին մարդու շուրթերին: Մարդիկ գիտեին որն է ճշմարիտը, որը՝ կեղծը, որը իրականը, և որը՝ հնարովին: Գիտեին, ուղղակի հրապարակավ ասելն էր արգելված:

Այլ է մեր օրերում: Ճշմարտությանը եկավ  փոխարինելու «բազմակարծությունը», որն ասպարեզ բացեց ամենատարբեր կիսագրագետների, դեմագոգների ու տհասների դիկտատի համար:

Եվ այս բազմազանության պայմաններում ճշմարիտն իսպառ անհետացավ: Հիմա ճշմարիտի հարց առհասարակ չկա՝ սև-սպիտակ աշխարհ է: Ասածդ կամ հայրենասիրական է, կամ դավաճանական, մարդը կամ իշխանամետ է, կամ ընդդիմամետ: Քաղաքական կենտրոնում դոգմայից դուրս լինելու նույնիսկ իրավունքը չունես:

Իշխանական բեսպրեդելի ու ընդդիմադիր վերահսկող կարծիքի արանքում արդեն միայն հումորին է տեղ մնացել: Բայց այս անփառունակ վիճակում հումորը ո՞նց անես:

Անցած 20 տարիներին իշխանականի որակի, էության ու սկզբունքերի մասին անվերջ է ասվել: Գիտենք այն ծայրից-ծայր՝ և եղածը նկարագրել շարունակելն արդեն ոչ միայն հիվանդագին է, այլ կործանարար:

Ցանկացած նորմալ ուղեղում, ծառ, ծառ, ծառ տրամաբանությունը ի վերջո պետք է հանգեցներ  «անտառ» կոչված ընդհանրացմանը, որը ժողովուրդը վաղուց արել է ու մի կողմ քաշվել:

Բայց և ամեն նոր ընդդիմություն իր պարտքն է համարում խաղը սկսել նորից՝ անվերջ նկարագրելով ու բնութագրելով՝ պիտակել հայկական իշխանություններին ու ոգևորված անցնել միտինգներին: Միտինգներից հետո էլ կամ ընտրություններում պարտվել, կամ ծեծվել, կամ բանտ ընկնել, կամ արտագաղթել:

Մարդիկ շվարած են «մարդակեր» իշխանությունների ձեռքին, բայց և առավել զարմացած են ընդդիմադիր պայքարի այս մանկականությունից:

Սա շրջապտույտ է, որն իր մեջ ներքաշելով մարդկանց, երկրից արտագաղթեցրեց կես հայությանը, այլասերեց իշխանություններին ու հանրությանը թողեց գնալով ավելի ու ավելի ցածրորակ «փրկիչների» ու կիսագրագետ  ընդդիմադիրների հույսին:

Շատերն այս տխուր փաստը կապում են արտագաղթին համընթաց որակյալ մասնագետների ու կարող մարդկանց ահագնացող պակասության հետ: Իհարկե, դա այդպես է: Բայց և կա այլ, օբյեկտիվ ու առավել հիմնավոր պատճառ, որի մասին խոսելը տաբուապատված է:

Այդ պատճառը ես կբնութագրեի որպես ընդդիմադիր ինկվիզիցիայի սինդրոմ: Որն է նրա էությունը:

Սկսած 1988 թվականից, հայկական ընդդիմությունները վայելել են մարդկանց անվերապահ աջակցությունն իրենց ամեն մի տխմար, սխալ ու կործանարար քայլի դեպքում:

Ցանկացած հարցի լուծում դիտվել է միայն որպես միտինգային ակտիվություն: Կոնկրետ մարդը որպես սուբյեկտ վերացած է եղել ասպարեզից՝ պատճառաբանությամբ, որ «եթե ինքդ միլիոնանոց միտինգ չես կարող հավաքել, ձայնդ կտրիր ու մեզ հետևիր, դու քաղաքականից բան չես հասկանում»:

Եվ հենց այս աճպարարության շնորհիվ իրական գործին սկսել է փոխարինել էժանագին շոուն՝ ով ոնց խոսեց, ով ավելի համարձակ հայհոյեց, ով ավելի սիրուն նկարագրեց: Իսկ ամեն  միտինգից հետո էլ մարդիկ «հրավիրվել են» գնալ տուն ու սպասել հաջորդ միտինգ-շոուին:

27 տարի շարունակ այս նույն սցենարը, և 27 տարի շարունակ ոչ մի առարկություն, ոչ մի մասնավոր ողջախոհ կարծիք չի կարողացել փշրել այս ինքնակործան ընդդիմադիր աբսուրդը:

Անկախությամբ իշխանության գալուց հետո էլ միտինգը փոխարինվեց «սահմանադրական ճանապարհ» կոչված հեզականությամբ, որը մարդկանց մատուցվեց որպես վերին քաղաքագիտական ճշմարտություն:

Փաստացի ո՞վ է հայ քաղաքացին: Ընդամենը միտինգավոր, որին իրավունք չի վերապահված կարծիք հայտնելու կատարվողի մասին ու նույնիսկ շրջապատում կիսվելու իր մասնավոր կարծիքով:

Ամենափոքր խմբերում էլ միշտ կան ընդդիմադիր զոմբիներ, որոնք սաստելով կողքիններին, լլկեցրել են ճշմարտության մեջտեղ գալը:

Հայաստանում չկար և հիմա էլ չկա քաղաքագիտական գիտելիքի լուրջ մակարդակ: Մարդկանց  կարծիքները զուտ ենթադրականի, «քթի ծակի» մակարդակի են: Եվ այս տարիներին ոչ մի ջանք չարվեց լրացնելու այդ բացը և կերտելու քաղաքագիտության գոնե տարրական ձեռնարկ ու մասնագիտական ասպարեզ:

Լրագրությունը հիմնականում աղջիկներինն է, քանի որ ճշմարտությունն ասելու համար բանտարկվելու վտանգով ու մինիմալ աշխատավարձերով տղամարդիկ չէին գնա այդ գործին: Իսկ որպես քաղաքագետներ ու մեկնաբաններ էլ հայտնվել են տնաբույս «մասնագետներ», որոնց իրական գիտելիքն ավել չէ, քան բահով փոր անող բոստանչունը:

Ինչևէ, վերադառնալով բուն խնդրին, պետք է փաստել, որ Շանթի խմբի և Հիմնադիր Խորհրդարանի առաջնորդների բանտարկվելուց հետո եկել է պահը, երբ մենք պարտավոր ենք հիմնովին վերանայել ընդդիմադիր գործունեության սկզբունքներն ու մեթոդաբանությունը:

Ակնհայտ է, որ միտինգը, երթը, հավաքը, ստորագրություններ կուտակելը,  մեքենաներով դես-դեն գնալը տեսական ու մեթոդական կատաստրոֆիկ անհամապատասխանության մեջ են առկա քաղաքական ներհայկական կոնֆլիկտի պայմաններին:

Իշխանությունն ունի առնվազն 20-25 տոկոս կազմող հենարան ժողովրդի մեջ: Ունի ահռելի՝ մեկ շնչի հաշվով աշխարհի միջինից մոտ 10 անգամ շատ զինված ոստիկանություն, ներքին զորքեր ու մասնավոր բանդաներ: Այ այսպիսի ուժի դեմ ճակատային ցանկացած պայքար, ներառյալ նույնիսկ անշառ ստորագրահավաքը,  դատապարտված է դաժան պարտության:

Եվ սա դեռ 96 թվից հայտնի փաստ է: Բայց զարմանալիորեն, 20 տարի շարունակ հայությունը դեմ է առած այս նույն «փոցխին»:

Ինչու, ինչպես, ինչ հնարքներով է հնարավոր եղել դա: Հնարքներն իմ կարծիքով երեքն են:

1. 96 թվից սկսած, բոլոր ընտրություններին իշխանությունը կարողացել է հաջողությամբ որպես ընդդիմադիր ներդնել իր դեմագոգիկ, ինտրիգային, բազմերես  թեկնածուներին, որոնք միտինգայնությամբ ապահովել են նոր եռանդ ու նոր հույսեր՝ մարդկանց ներգրավելով իշխանություններին ձեռնտու պրոցեսներին:

2. Որպես ընդդիմություն հանդես են եկել անսկզբունք կուսակցություններ և  կարիերիստ մարդիկ, որոնք օգտվելով եղած ընդդիմադիր տաբուներից, ապահովել են կեղծ քաղաքական պրոցեսների շարունակականությունը:

3. Մարդկանց մեջ մշտապես վխտել են ընդդիմադիր, տգետ, զոմբիացված «լեզվանի» ու աննկուն նվիրյալներ, որոնք սաստել են ալտերնատիվ մոտեցումներ արտահայտող մարդկանց և արգելել թարմ մտքերի մուտքը ընդդիմադիր ասպարեզ:

Այս գործելակերպն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նորագույն ինկվիզիցիա: Շարքային անպատրաստ  մարդուն շատ դժվար է դիմադրել որոշակի ստանդարտ դեմագոգայի տիրապետողին, որը սաստում է ամենատարբեր հարձակողական մեղադրական ու պիտակավորման արսենալով: Փորձիր հակաճառել՝ ու կպարզվի, որ հենց քո չմասնակցության, անհայրենասիրության, այլամետության ու վախկոտության պատճառով են եղել ընդդիմության պարտությունները: Որ եթե դու էլ մասնակցած լինեիր, ու միլիոնանոց լիներ միտինգը, ապա իրենք ու հայությունը հաղթանակած կլինեին: Որ ինչ ասում է իր հեղինակավոր տերը, դա միակ ճիշտն է: Որ դու չգիտես՝ ձայնդ կտրիր, սպասիր, առաջ մի ընկիր:

Ու վախենալով, թե միգուցե իրոք, իմ լռելն է ճիշտը, աչքով չտալը, սպասելը, մարդիկ ենթարկվել են այս պահանջին: Եվ հենց լռելով, սպասելով, զիջելով էլ ճանապարհ ենք տվել տգետներին ու աճպարարներին և հասել ենք այս օրվան:

Ես իմ հոդվածներում բազմիցս քննարկել եմ այս հարցը: Բայց երբեք չեմ որակել պրոցեսը որպես ընդդիմադիր ինկվիզիցիա: Այսօր արդեն իմ պարտքն եմ համարում օգտագործել  հենց այդ տերմինը  և մարդկանց զինել ինկվիզիտորին դիմակայելու մեթոդականով:

– Եթե ձեզ մեղադրում են որևէ մետության մեջ՝ ասենք արևմտամետության, ռուսամետության, թուրքամետության, իշխանամետության մեջ, ապա մի ազդվեք, դա ձեր անձն ու կարծիքը նսեմացնելու և ձեզ սահմանափակելու նպատակ ունի: Շարունակեք պաշտպանել ձեր նախնական կարծիքը առանց վախենալու ինկվիզիտորից:

– Եթե ձեզանից պահանջում են հանդուրժել, լռել, սպասել արդյունքներին, նոր հետո խոսել, ապա մի զիջեք: Պահանջեք իրենց այս կամ այն քայլի հիմնավորումները հենց հիմա, և եթե ինչ որ հրաշքով ներկայացվեն այդպիսիք, տեղում քննարկեք դրանք: Վեր հանեք բացերը և ապացուցեք, որ առնվազն թերի են դրանք: Պահանջեք ալտերնատիվ ծրագրերի /պլան Ա, պլան Բ/, առկայությունը անհաջողություններից խուսափելու  համար:

– Իր երեսին ասեք, որ ինքն ինկվիզիտոր է, հիմնավորեք ձեր կարծիքը և թող ինքն ապացուցի, որ այդպես չէ:

Փաստենք, որ արժեքայինի մակարդակում խեղաթյուրված ներպետական  խնդիրներն ազգի նվիրյալներով չեն լուծվում, այլ բոլորի ներքին վերակերտմամբ, նոր արժեքայինի ձեռքբերմամբ: Մեր երկում եղած բոլոր այլանդակ պրոցեսների պահապանը մենք ենք: Բոլոր օլիգարխները, գողականները, քրեականները, բեսպրեդել անող տականքներն իրականում մեր թողտվության ծնունդն են և մեր թուլության պատճառով են դարձել հրեշ գլխներիս:

Ներքին պրոբլեմներ  ունեցող ազգը պետք է ներքուստ էլ մաքրվի:

Հետևաբար, եթե դիմացինը ձեզ ճակատային պայքարի է կոչում, առանց ներքին մաքրման մեխանիզմների առաջարկի, ապա կամ տգետ է, կամ աճպարար-մանիպուլյատոր:

Մեր ներքին մաքրման ու արժեքայինի վերակերտման համար նոր, հատուկ մեխանիզմներ և հատուկ մեթոդաբանություն է պետք:

Ժողովրդի արժեքայինը փոխելու իմ ծրագիրն ընդամենը մեկ նախադասությամբ է՝ Բարեկեցիկ ու քաղաքակիրթ ապրելու համար քո բարեկամ, ծանոթ, խնամի, հարևան, ստահակի դեմը դու ես պարտավոր առնել, այլ ոչ որևէ այլ մեկը:

Երբ այդ խնդիրը լուծված լինի, մենք կունենանք իրոք պետականամետ, ժողովրդամետ, մարդամետ, անկաշառ ու գործունյա իշխանություններ՝ ըստ որում առանց միտինգների, բանտարկությունների ու պատեպատ տրվելու:

Ի վերջո, կապ չունի, թե ինչ որակի է սատանան, կապ ունի թե ինչ որակի է սատանայի վրա գնացողը:

Ներկա պահի մեր ազգային, պետական  ու քաղաքական խնդիրը սատանային հաղթահարող մարդ ու քաղաքացի կերտելն է:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes