Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Անարգված Գենոցիդի վերջնական վարկաբեկումը

1 Ապրիլի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Ամեն հիմար կարող է իմանալ, կարևորը հասկանալն է: Էյնշտեյն

Առանց նախապես մշակված ազգային ու պետական ռազմավարության ու մարտավարության սրըթնաց մոտենում ենք Գենոցիդի 100-րդ տարելիցին: Արդեն ուշ է մեղավոր պաշտոնեական պատասխանատուների մասին խոսելը: Առավել ևս, որ նրանք թքած ունեն թե մեր, թե իրենց պարտականությունների ու թե Գենոցիդի խնդրի վրա:

Իսկ ընդհանուր առմամբ, ներկա ողբալի քաղաքական-ազգային- հանրայինից այլ բան սպասելի էլ չէր: Անկախությունից հետո մենք բազմիցս անարգել ենք Գենոցիդի հիշատակը մեր առօրյա պետական վարք ու բարքով: Էնպես որ, ներկա անփառունակ վիճակը անսպասելիություն չունի իր մեջ:

Որպես պետականապաշտպան միջազգային ու անմիջական գործոն Գենոցիդը մենք չկարողացանք օգտագործել: Հակառակը, նույնիսկ պախարակվեցինք նրա հետ կապված անճարակության ու ոչ ադեկվատության դրսևորումներով: Ապրիլի 24-ին էլ անշուքության, մասշտաբային գաճաճության  ու ոչ պատշաճության այլ դրվագներ կգումարվեն եղածին ու ազգովի և պետականորեն կհայտնվենք մի նոր իրականության մեջ, ուր Գենոցիդն այլևս բեռ է լինելու՝ խեղճության, թուլության ու փոքրության խորհրդանիշ:

Ինչևէ, գոնե հիմա, ինքներս մեզ համար պարտավոր ենք որոշ ընդհանուր հայտարարների գալ: Որովհետև երբ լսում եմ Գենոցիդով մեջտեղ հայտնվածներին ու նույնիսկ նրանում «մասնագիտորեն» կողմնորոշվողներին, ապա տեսնում եմ, որ էս էլ իմ ասելիքն ունեմ: Ըստ որում ոչ միայն որպես հայ, Գենոցիդի անձնական պահանջատեր, այլ նաև որպես տարրական կրթության տեր անհատ:

Գենոցիդի հարցը միջազգային քաղաքական լուսանցքներում է, բայց և, ապրիլի 24 -ի հետ կապված, մեզ որոշ տհաճ պարզաբանումներ են անհրաժեշտ, որպեսզի հայրենասիրական  հուռռա էյֆորիան մեզ  լրիվ չկործանի:

1. Գենոցիդի իրացման պահին հայկական պետականություն գոյություն չի ունեցել: Հետևաբար ներկա Հայաստանի հանդես գալը որպես գենոցիդված հայության պահանջատեր-իրավահաջորդ, միջազգային իրավանաբանական հիմնավորում է պահանջում: Դա շատ մեծ ու լուրջ դիվանագիտական, մասնագիտական աշխատանք էր ենթադրում, որը պետք է կատարվեր, բայց չի կատարվել: Եվ մենք ձևակերպված,  միջազգային օրենքներին համապատասխան պատրաստի փաստագրված թղթապանակ չունենք: Եթե ինչ որ հրաշքով միջազգային մի ատյան մեզանից պահանջի մեր ձևակերպված դիրքորոշումները, մենք որևէ ներկայացնելիք փաստաթուղթ չունենք:

2. Թուրքիայում էլ, Գենոցիդի պատասխանատու երիտթուրքերի կառավարությունը ինքնալիկվիդացվել էր դեռ 1918 թվականին: Իսկ 1919 թվականի հուլիսի 5-ի թուրքական դատարանի որոշմամբ, Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը դատապարտվել էին մահապատժի, իսկ 27 այլ հանցագործներ էլ՝ տարբեր պատժաչափերի: Հետևաբար Ժամանակակից Թուրքիան էլ իր արգումենտներն ունի՝

Ա. Գենոցիդի հանցագործության մասով ֆորմալ առումով իբր պատժել է մեղավորներին:

Բ. Ներկա Թուրքիան իրեն չի համարում երիտթուրքերի իրավահաջորդը:

Գ. Հայտարարում է, որ Գենոցիդ չի եղել, այլ եղել է ռազմական նկատառումներով իր քաղաքացիների տեղահանություն: Այս արգումենտը հեռահար թաքնված տարր ունի իր մեջ: Այն նախապես մերժում է տեսականորեն հնարավոր հայկական ավտոնոմիայի ստեղծումը Թուրքիայի որևէ տարածքում:

Դ. Հայաստանի պահանջատիրության մասով Թուրքիան չի տեսնում միջպետական քննարկման առարկա նույնիսկ: Ավելին, ինքը մասնակից է ադրբեջանական ագրեսսիային և դիվանագիտորեն և ռազմականով և անմիջականորեն՝ շրջափակման փաստով: Իսկ քաղաքացիական սեփականության մասով ինքը պատրաստ է քննարկման- դատական կարգով կոմպենսացման, եթե կան հիմնավոր փաստաթղթեր անհատների ձեռքին:

Եթե կողմնակի դիտորդի աչքերով՝ միջազգային իրավունքի  ֆորմալ-իրավաբանական առումով  նայենք խնդրին, ապա մենք ահավոր թերացած ենք ներկայանում մեր պարտադիր անելիքների մեջ և ոչ լուրջ արգումենտներով՝  պահանջատիրականի շրջանակներում:

Անկախության սկզբում Գենոցիդի հարցում ՀՀՇ-ի ռազմավարությունը ենթադրում էր, որ Հայկական անկախ պետությունը ձեռնպահ է մնում ոչ միայն Թուրքիայի հանդեպ պահանջատիրությունից, այլև սփյուռքին է ընձեռում Գենոցիդի  հարցի հետապնդումը միջազգային ատյաններում: Այսինքն ՀՀՇ-ի մոտեցումներն իրականում ամբողջովին թուրքական շահերի շրջանակներում էին:

ՀՀՇ-ից հետո էլ հայկական մոտեցումներում ես որևէ լուրջ փոփոխություն չեմ տեսնում: Ֆուտբոլային դիվանագիտությունը նույնիսկ առաջին քայլերն էլ չունեցավ, որ մարդ իմանար, թե ինչի մասին էր լինելու այն:

Այսօր էլ, ըստ էության հայտնի չէ, թե որն է հայկական պետության սկզբունքային դիրքորոշումը Գենոցիդի հարցում: Եվ չեմ էլ կարծում, թե ապրիլի 24-ին ինչ որ կոնկրետ դիրքորոշում կհայտնվի:

Անտերությունը, անսկզբունքայնությունը, անպատասխանատվությունը համապարփակ է  թե իշխանության, թե հանրության և թե ընդդիմության մասով:

Իհարկե, այս բարձիթողի վիճակն ունի իր միարժեք բացատրությունը: Թալանով ու երկրի մսխմամբ զբաղված հայկական քրեաօլիգարխիկ իշխանությանը պետք չէ սուբյեկտայնություն ու դրանով պայմանավորված որևէ պատասխանատվություն: Հետևաբար հայկական իշխանությունների կողմից որևէ լուրջ անելիքն այս հարցում հակացուցված է նրանց:

Բայց և փաստն այն է, որ անցած 100 տարիներին Գենոցիդը եղել է և հայի, և Հայաստանի պաշտպանական վահանը Թուրքիայից և մասնակիորեն՝ նաև Ադրբեջանից: Իհարկե, Գենոցիդը խաղաքարտ է եղել ուրիշների ձեռքին, շահարկվել է հարևանների ու գերուժերի կողմից, բայց և գոնե մասնակի մեզ էլ է ծառայել:

Հենց հիմա էլ, մեր այս ծնկաչոք վիճակում էլ, Գենոցիդը դեռ որ մեր միակ միջազգային պաշտպանական լծակն է, որը զուսպ է պահում անմիջական ու հեռակա թշնամիներին: Հայկական իշխանությունները սա շատ լավ գիտեն, բայց և չկա մեխանիզմը, որը կստիպի նրանց առավել էֆեկտիվ օգտագործել Գենոցիդի ընձեռած գործիքային դաշտն ի շահ պետության, հայության, նահատակների հիշատակի ու իրավունքների:

Թե ինչքանով կարժեզրկվի Գենոցիդը ապրիլի 24-ին սպասվող մեր պետական ու հանրային անշնորհքությունների արդյունքում, դժվար է ասել:

Ուղղակի անհրաժեշտ եմ համարում հարցի մեջ խորամուխ չեղած, ոչ հեռատես ու իրականության հետ հաշվի չնստողներին հիշեցնել հետևյալը:

– Սրբություն չհարգելը անձնական հարց է: Մի հարգեք, եթե այն ձեզ է վերաբերվում: Բայց դուք իրավունք չունեք հաշվի չնստելու ազգային-պետական սրբության՝ Գենոցիդի սպասարկման  պահանջների հետ, որի շնորհիվ դեռ որ գոյություն ունենք:

– Հրեաները Հոլոքոստը սարքեցին աշխարհի պատմության մեջ հայտնի որևէ զենքից առավել գերհզոր մի զենք, լծակ, գործիք, որի սպառնալիքի տակ կռացել է ողջ աշխարհը:

Ոչ միայն որևէ հրեա, այլև քաղաքակիրթ աշխարհի որևէ ներկայացուցիչ իրավունք չունի ոչ հարգալից վերաբերվել հանդեպ Հոլոքոստը: Իսկ մենք անարգել ենք Գենոցիդն այն աստիճան, որ արդեն քրեականներն են նրա մասին ֆիլմ նկարում:

Իսկ աշխարհի առաջնորդներն էլ, տեղյակ լինելով մեր պետական խամաճիկությանը, գերադասում են ենթարկվել հրավերքին՝ մասնակցել թուրքական ֆարսին, քան հարգել մեր համամարդկայինը:

– Մենք  արդեն անարգել ենք Գենոցիդը ոնց կարողացել ենք: Ապրիլի 24-ին էլ կանենք  անհնարինը՝ խղճուկ խեղկատակության ու աբսուրդի կվերածենք այն: Խնդիրն է, թե ինչ ենք անելու ապրիլի 25-ին ու դրանից հետո:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes