Մշտապես պրոբլեմեները շրջանցելով կհայտնվես հենց անդունդի եզրին:
Հրեական ասացվածք
Ինձ դժվար է կողմնորոշվել, թե գալիք ապրիլի 24-ին ինչն եմ ողբալու առավել՝ պապերիս եղե՞ռնը, անկախության արդյունքում ցաքուցրիվ եղած իմ սերնդի ճակատագի՞րը, երկրի համապարփակ պարտությունն իր տականքի՞ն, հայ պետականության վախճա՞նը, թե դարին անհարիր հայ մարդու վիճակը:
Իհարկե, «ողբալ» բառն իմ կողմից չափազանցություն է: Ես արդեն վաղուց ողբալու ընդունակ չեմ՝ թե կյանքի փորձի ճնշման ներքո, և թե ողբի թիրախների բազմազանության պատճառով: Բայց «ողբերի» ակունքները տրամաբանորեն քննարկելուն, կարծում եմ, դեռ ունակ եմ:
«Ողբերն» իհարկե հարյուր տարի առաջ չեն սկսվել: Խորենացուց են գալիս, դարերի պատմություն ունեն՝ եղել են, կան, և եթե հրաշքով գոյատևեցինք, ապա վաղն էլ են լինելու:
Մենք ապրում ենք ողբով ու ողբի շնորհիվ: Հարցրեք մեզանից յուրաքանչյուրին եղեռնի պատճառների մասին՝ կհայհոյի թուրքին, ռուսին, գերմանացուն, հրեային, ամբողջ աշխարհին, բայց երբեք մեզ՝ հայերիս մեղավորության գոնե մի չնչին մաս չի վերագրի: Չի հարցադրի, թե ինչու էինք անզեն, ինչու ժամանակին չհասկացանք գալիքը և չնախապատրաստվեցինք արհավիրքին:
Անցել է հարյուր տարի՝ սովետ է վերացել, «անկախ» Հայաստան է կերտվել ու արդեն ավիրվել, բայց այսօր էլ նույնն է՝ ոչ թե հայը, այլ ուրիշներն են մեղավորը, որ մեր իշխանությունը քրեական է, որ պետությունը խամաճիկ է, որ մենք ոչ մի բան չենք արտադրում, որ երկիրը դատարկվում է, որ փողատերերն անպատիժ մարդ են հոշոտում:
Մենք ունիկալ ենք՝ դրա համար ունիկալ պատմություն ունենք ու դեռ ունենալու ենք, եթե մի հրաշքով խելքներս գլուխներս չհավաքենք:
Ամեն ազգ իր ինտելեկտուալ եզակի պրոֆիլն ունի, որում ըստ շերտերի առկա են և դեգեներատները, և հիմարները, և տգետները, և խելոքները, և դեբիլները, և շուստրիները, մի խոսքով՝ բոլոր-բոլորը: Բայց ոչ մի ազգի ներսում որպես առաջնորդ գրանցվածների մեջ նեգատիվը կրողների էս բազմությունն ու խտությունը չկա:
Լսում ես գյադա չլինելու պարտավոր պաշտոնյաներին ու երևելիներին, գլուխդ բռնում ու մտածում՝ էս ինչ արինք մեր ու երկրի հետ: Էս ինչ աղետ բերեցինք մեր գլխին՝ ազգի ջոջ հորջորջվող գիտական, մշակութային ու «ավտարիտետային» տականքին հանդուրժելով:
Համակարգը՝ ոնց մամլիչը, ճզմել է բոլորին: Կամ համակարգի անդամ ես՝ թաթախված արյան, հանցագործության ու դաժանության մեջ, կամ էլ անկյուն քշված, օրվա հոգսերի մեջ տառապող թշվառական ես՝ հալածվող կյանքի ամեն դրվագում:
Մենք արդեն վարժված ենք դրվածքներին ու հայկական իրականության համայնապատկերին: Իսկ եթե փորձենք կողքից նայել վիճակին, ապա անբնականի ու դաժանության մասշտաբներն աներևակայելի են:
Մեկը երկրի ջուրն է իրենով արել, մյուսը հողերը, մյուսը հոսանքը, մյուսը դատարանը, մյուսը հացը, մյուսը քաղաքը, մյուսը գյուղը, մյուսը երեխաներին, մյուսը աշակերտներին, մյուսը ուսանողներին, մյուսը ծերերին, մյուսը բանակը, մյուսը վարորդներին:
Ամեն-ամեն ինչը մոնոպոլացված է, խոշտանգված, ավիրված: Նույնիսկ հայրենասիրությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիականությունն են մոնոպոլացված:
Հանդուրժելով անմարդկայինը, մենք դուրս ենք դրել մեզ մարդկայինից:
Լուրջ նայենք, ազնիվ նայենք ու բոլորս կտեսնենք սա:
Եթե լավ ենք ուզում ապրել, ապա պարտավոր ենք արտադրել, արտադրածը վաճառել, դրա հաշվին չունեցածն առնել և լավ ապրել:
Իսկ եթե չեն թողնում արտադրել, ապա պետք է գտնել ու մեկուսացնել չթողնողներին:
Սա է մարդ ասածի ապրելու բանաձև-սկզբունքը: Այլ բանաձև աշխարհը չունի: Իսկ մենք, փոխանակ մեր ներքին «չթողնողներին» մեկուսացնելու, դրսիններին ենք մեղադրում:
Սրանով լվացել ենք մեր ձեռքերը և մի կողմ քաշվել: Եվ հենց այս պատճառով էլ կյանք է մտել մեր ամենահիմնական կենսակերպը՝ «ով սա՝ ով մեռածը»:
Գենոցիդի օրերին, իրոք, ով սաղ էր, ով էլ ֆիզիկապես մեռած: Այլ է մեր օրերում՝ բոլորը միաժամանակ և սաղ են, և մեռած՝ ներառյալ նաև բոլոր ներքին մակաբույծները:
Հասել ենք նրան, որ հալածվողին ասում ես քեզ տեր կանգնիր՝ պատասխանում է՝ թե տղամարդ ես, արի ինքդ ինձ փրկիր:
Այս ինքնակործան տետանուսը մենք, մեր էլիտա կոչվածն է ներդրել՝ մշտապես դրսին մեղադրելով:
Մարդ-մակաբույծներին ես երկու խմբի եմ բաժանում՝ «արյուն խմողների» և «խելք ուտողների»: Ինձ համար գերադասելի են արյուն խմողները: Որովհետև արյուն խմողը եթե նախագահ, կամ ժողովուրդների առաջնորդ չէ, ապա մի քանի քայլից բռնվելու է, իսկ խելք ուտողները կարող են միլիոնավորների խելքը լրիվ «ուտել», կամ սարքել զոմբի, և ոչ մեկը դա չնկատի:
Արդեն ավելի քան հազարամյակ մենք ներքին «խելք» ուտող մակաբույծների զոհն ենք, և «ով սաղ՝ ով մեռած» կենսակերպին: Մեր ոչ միայն մարդն է անորոշ՝ «ով սաղ՝ ով մեռած», այլ ամեն-ամեն ինչը: Ղարաբաղը կիսանկախ է-կիսամիացած, պատերազմը կիսավարտ է-կիսաշահած: Հայաստանը կիսակենդան է-կիսավեր:
Ժամանակն է ազնվորեն կողմնորոշվել դեպի կյանքը կամ մահը: «Ով սաղ-ով մեռածն» ի վերջո մարդկային չէ: