Հայկ Կոնջորյանը նախաձեռնել է զենքի մասին խոսակցություն, որը մինչ այժմ չի եղել հրապարակային քննարկման առարկա՝ թե հանրային և թե քաղաքական կրտվածքով: Հոդվածում ծավալուն տեսական նյութ է բերված, որով փորձ է արվում վերջնական եզրակացությունների հանգել զենքի դրականի ու բացասականի, անձնական, հանրային ու քաղաքական հետևանքների վերաբերյալ:
Հեղինակը տարանջատում է զենքի հանրային և անձնական իրավունքների հարցը, որի վրա էլ եզրակացություններ է անում զենքի օգտակարության կամ վնասակարության մասին՝ ընդհուպ մինչև հայի որակների հաշվառումը:
Ամերիկյան սահմանադրության երկրորդ փոփոխությունը մեկ նախադասության մեջ իսկ տարանջատված ներկայացնում է զենք կրելու անձնական և հանրային իրավունքները: Երկրորդ փոփոխությունը հռչակում է՝
«Չնայած ազատ պետության անվտանգության համար լավ կազմակերպված միլիցիան կարևոր է, այնուհանդերձ զենք կրելու մարդկանց իրավունքը չի կարող սահմանափակվել» (A well regulated Militia, being necessary to the security of a free State, the right of the people to keep and bear Arms, shall not be infringed):
Այն ժամանակներում «Միլիցիան» պետական հսկողության տակ գործող բանակային և ոչ բանակային, թեթև զինված ջոկատներն են՝ ոչ մասնագետ զինվորականներից հավաքագրված: Իսկ to keep and bear arms բառակապակցությունը մեկնաբանվում է զենք ունենալը և պաշտպանական նպատակներով այն կիրառելը: Ըստ որում, պաշտպանական նպատակը չի սահմանափակվում ֆիզիկականով՝ կյանքի պաշտպանությամբ միայն, այլ տարածվում է քաղաքացիական իրավունքների մասով էլ:
Եվ ամերիկացիք այդ օրենքն ընկալում են հենց այդ կտվածքով: Զենքը մարդու իրավունքները ոտնահարող ցանկացած մեկի դեմ ուղղած օրինական միջոց է՝ լինի դա քրեականը, ավազակը, թե իշխանավորը:
Այսինքն, ամերիկյան սահմանադրությունն առաջ է մղում զենքի հանդեպ անհատի, այլ ոչ թե հանրային իրավունքի խնդիրը: Ներկա ժամանակներում հանրայինն արդեն առկա է ոստիկանական ուժերի ձևով, որն ուղղված է ներս՝ հենց անհատի կամ հանրության խնդիրների հետ կապված, և գտնվում է իշխանությունների ենթակայության տակ:
Իսկ պետական անվտանգության ու պաշտպանության խնդիրը տարանջատված է և արդեն բանակի միջոցով է իրացվում, և այն ուղղված է արտաքին թշնամու դեմ:
Արժե շեշտել, որ հենց այս հիմքի վրա է հենված միջազգային նորմը՝ որ բանակը չի կարող օգտագործվել ժողովրդի դեմ (նույնիսկ թշնամի պետության ժողովրդի դեմ):
Զենք կրելու ամերիկյան գաղափարաբանությունն իհարկե տրամաբանական կապ ունի ժողովրդի` ապստամբելու հիմնարար իրավունքի հետ: Բայց իրականում այն շատ ավելի խորն է և նպատակ ունի մարդու իրավունքներ- իշխանություն կոնցեպտուալ հակասությունների դաշտում անհատի պաշտպանությունն ապահովելուն:
Ժողովրդավարական դոգմաների ճնշման պատճառով, այս կտրվածքով հարցի լուրջ, տեսականորեն քննարկումը լղոզված է ներկա քաղաքագիտական շրջանակներում: Այն պրիմիտիվացված է և ստորադասված է «մարդու իրավունքներ» շարքի արևմտյան ժողովրդավարական դոգմաներին: Որոնցով ենթադրվում է, որ մարդու իրավունքներն ապրիորի պետք է հարգվեն իշխանությունների կողմից: Բայց չի ասվում, թե ինչպես, ինչ մեխանիզմներով և առհասարակ ինչպես պետք է դրանք սկսեն հարգվել և հետագայում էլ պաշտպանվել՝ առօրյա կյանքում:
Ամերիկյան կոնցեպտը սահմանադրական իր երկրորդ փոփոխությամբ ունի հարցի պատասխանը՝ զենքով:
Այն չի քննարկում հանրային իրավունքը, այլ շեշտում է՝ եթե իրավունքներդ սահմանափակվել են, ապա ինքդ լուծիր քո հարցը, ինքդ վրեժ հանիր քեզ վատություն անողից անհատական մակարդակում: Հանրությունը դրա հետ գործ կունենա, միայն հետո՝ կամ քո մեջքին կկանգնի, կամ քեզ վնասողին կսատարի, արդեն վրեժից հետո, ռետրոսպեկտիվ քննարկելով, վերլուծելով կատարվածը:
Հետևաբար, զենքի կիրառմամբ անհատը կամ քրեական հանցանք է գործում և գնում բանտ, կամ էլ պատժում է իրեն վնասողին, և հանրային հնչեղության հարց է մեջտեղ հանում, ստիպում բոլորին հաշվի նստել իր ու իր արածի հետ:
Ֆրանսիայում կատարվածը հենց այս կարգի հարց էր: Եվ դա է պատճառը, որ ամբողջ աշխարհն իր ամենաներկայացուցչական կազմով ոտքի կանգնեց կատարվածի հաշվով: Այլ հարց, որ դրա մեծագույն մասը դեմագոգիա է, որովհետև մինչև առաջնորդների ձեռք-ձեռքի բռնած երթ անելը, լուրջ հարցեր կային պարզելու.
Ա. արդյոք կրակողները նույն ժողովրդավարական հանրության լիիրավ անդամներ էին, որոնք կրակելով ներհանրային անարդարության կամ իրավուքների հարց էին բարձրացնում, թե
Բ. արտաքին թշնամիներ են, և խնդիրը միջպետականի կարգի է:
Խնդիրն այն է, որ եթե հանցանքը տվյալ երկրի հանրային արժեհամակարգի սահմաններում է, ապա այն ներքին վիճակի կոնցեպտուալ քաղաքակրթական հարցն է: Իսկ եթե խորթ արժեքայինի դրսևորում է, ապա դա մի կողմից զուտ թշնամությունն է, և այդ վտանգի պոտենցիալի ահազանգ:
Զենքի իրավունքի հետ կապված կա ամենակարևորը, որը երբևէ չի բարձրաձայնվում. ամերիկյան մոտեցումը ենթադրում է ոչ թե անհատ-իշխանություն, այլ անհատ-անհատ հարթությունը, անկախ իշխանավորի դիրքից:
Եվ հենց զենքի մեջ է պարփկաված անհատ-իշխանություն հարաբերությունների հետադարձ կապի միակ անմիջական միջոցը: Մնացածը՝ ներառյալ դատարանը, իրավականը, մասս-մեդիան, միջնորդավորված են:
Անհատը, քաղաքացին ընտրում է իշխանություն, որն աստիճանաբար մեկուսանում է անհատից և սպասարկում միայն իր շահը: Եվ իշխանություն ասածն էլ միայն նախագահը չէ, այլ իշխանության թևերի բոլոր ֆունկցիոներներն են, որոնք նույնպես աստիճանաբար լկտիանում են: Այդ պայմաններում է, որ անհատը կարող է իր ձայնը լսելի դարձնել միայն զենքով, և դարձնում էլ է՝ զենքը հարգող հասարակություններում:
Վերադառնալով զենքի հետ կապված հայկականին, և մի կողմ թողնելով Բենջամին Ֆրանկլինի հայտնի՝ ազատություն-ապահովություն երկընտրանքը, փաստենք, որ մենք առնվազն մեկ անգամ՝ 1996-ին, արդեն օգտագործել ենք ապստամբելու իրավունքը: Բայց հետագայում չենք գիտակցել, որ այն միակ միջոցն է հոռի իշխանություններին կարգի հրավիրելու համար: Եվ դրա պատասխանատուն հայ «զենքավախ» էլիտան է, որը սահմանադրական քարոզից այն կողմ երբևէ չտեսավ ու չքննարկեց հարցերը:
Զենքի անհատական իրավունքը և ապստամբելու հանրային իրավունքը նույն հարցի երկու կողմերն են: Առանց անհատների մոտ եղած զենքի ապստամբության մասին խոսելն անիմաստ է: Որովհետև անզեն ցանկացած ապստամբությունը զենքով կճնշվի, և «մեղավորներն» էլ կդատվեն՝ ոնց եղել է մեզանում և շարունակվում է:
Հետևաբար, հայկական ուրույն մոտեցում հանդեպ զենքը չի կարող լինել: Մենք այդ իրավունքն ունենք և որպես մարդ անհատներ և որպես հանրության անդամ-քաղաքացիներ: Եթե մենք որպես հանրություն ունենք ապստամբելու իրավունքը, որը նույնիսկ սահմանադրորեն է ամրագրված, ապա մենք ունենք զենքի իրավունքը ևս:
Հարցը, թե մենք ուրույն ենք, թե մենք իրար կվերացնենք զենքով, կամ զենքից կլկտիանանք, լրիվ այլ հարթություն է, որը սահմանադրական հեզության նույն ելակետին է բերում:
Մենք՝ հայերս, մարդկային առաջընթացի մեջ մեծ ներդրումներ ու դափնիներ չունենք, իսկ ներկա պահին էլ ծանր հակասությունների մեջ ենք թե մարդու, թե հանրայինի, թե պետականի ու քաղաքակրթականի հետ: Ոչ մի այլ երկրում չեք հանդիպի մեր իշխանականի նման լկտի, աղաղակող տգիտության, բեսպրեդելի ու օլիգարխականի:
Սոմալիում ու կենտրոնական աֆրիկյան որոշ ցեղեր, այո, հասել էին նման բանդիտիզմի, բայց նրանք նոր-նոր են վեր բարձրանում քաղաքակրթականի ստորին աստիճաններով: Իսկ մենք խոսում ենք 6000-ամյա հայկականից և հետսովատական բավական բարձր ստանդարտներից գահավիժելու ֆոնին:
Հայկական պրոբլեմները զուտ ներքին են և պայմանավորված են անպատժելիությունից եկող իշխանական բեսպրեդելով:
Իշխանության վրա ներքին ազդեցության բոլոր օրինական լծակները սպառված են, և երկիրն անդունդ է գլորվում: Հայն իրավունք չունի իրեն վեր դասել մարդուց ու մարդկայինից և իր ուրույն վարքի «օրենքները» հնարել:
Օրինական պետությունը հենց անհատական զենքով է ստեղծվում, այլ ոչ ուրիշների ողորմածությամբ:
Մարդկությունը զենքով է զարգացել, հասել ներկա քաղաքակրթականին և ներկայում էլ ապրում է թե անհատական զենքով-ատրճանակով, և թե պետական, միջմայրցամաքային միջուկային հրթիռներով:
Հայն ու Հայաստանը այս հարցում չկան, ու չեն էլ եղել: Ու նաև դա է պատճառը, որ երկիրը հիմա մի բուռ է՝ այն էլ հանցագործ քրեականի ներքո վերացող:
Նախորդ հոդվածով ես քննարկել էի, որ մեր գոյության անձնական ու պետական ֆորմուլան բնակչության զինումն է: Ռուսաստանն ընդունեց անձնական զենքի ազատ վաճառքի մասին օրենքը: Ուկրաինայում խոսակցություններ են գնում ժողովրդին զինելու մասին: Թուրքերը զինված են, ադրբեջանցիք էլ ոչ պակաս՝ թե պետական և թե անձնական մակարդակով:
Եվ միայն մենք ենք այս թշնամական հարևանության մեջ անզեն, այն դեպքում, երբ քրեականը զինված է, պետությունը՝ ռուսների ողորմածությանը սպասող, իսկ մարդիկ էլ կուչ եկած իրենց դժբախտությունների մեջ:
Հայ քաղաքացին պետք է զինվի ամեն հնարավոր միջոցներով և տեր կանգնի թե իրեն, թե հայությանը և թե երկրին: Հարցը, թե մենք իրար կգյուլլենք -կվերջանանք, հարյուրերորդ հարցն է:
Թևավոր խոսք կա՝ «Աստված մարդկանց տարբեր էր ստեղծել, Կոլտը հավասարեցրեց բոլորին»: Չեմ կարծում, թե մենք ապացուցել ենք մեր իրավունքը՝ այս ճշմարտությանը դեմ գնալու: