Ջեմալի թոռը եկել էր ռևանշի ու իր պապի վրեժը լուծելու: Ֆանտաստիկ էֆեկտիվությամբ կատարեց իր խնդիրը՝ ըստ էության մեզ ազգովի ավազակներ որակելով: Ու դա կատարեց մեր իսկ՝ նրան հրավիրած մի քանի հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ու հովանավորմամբ:
Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ դեկտեմբերի 13-ի ասուլիսին ներկայացված պաշտոնական տեղականքի, 2014-ի սկզբներից մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը Եվրոմիությունը հայ-թուրքական հարաբերություննների կարգավորման խնդիրներին տրամադրել է 2 միլիոն եվրո: Այս ծրագրով 40 հայ լրագրողներ արդեն եղել են Թուրքիայում:
Հայաստանյան կողմից այդ խնդրի մեջ ներգրավված են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, «Սիվիլիթաս» հիմնադրամը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը , Հանրային լրագրության ակումբը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը:
Մի քանի տարի առաջ, Գենոցիդի հարցի լուծման որևէ մանդատ չունեցող նախագահն էր հանդգնել միանձնյա ու անսպասելիորեն Գենոցիդի արյունն ու պահանջատիրությունը ֆուտբոլային դիվանագիտությամբ «հարթել»:
Ինչպես բոլորս տեսանք, «խաղն» ընթացավ տրիբունայում, և ընդամենը թուրքերի գոլերին հրճվելու ֆենոմենալ կադրերով: Նախագահ Գյուլը չբարեհաճեց նույնիսկ բերան բացել բուն հարցի մասին, որով և ավարտվեց հայկական դիվանագիտական այս ողբալի նախաձեռնությունը:
Հիմա էլ, հանկարծ, մերոնցով «գրկված», հայտնվում է մարդակեր Ջեմալի թոռը, և մեզ հայտարարում ավազակներ:
Եթե Իսրայել հրավիրված մեկը հրապարակավ հրեական վրիժառուների մասին նման բան ասեր՝ տեղում կգնդակահարվեր: Իսկ մեր նահատակների կյանքն ու արյունը նույնիսկ մի թուք ու մուրի գինն էլ չունեն, որովհետև Ջեմալին պարուրած, երևի հենց Թուրքիայում որպես լրագրող-տուրիստ եղողները՝ նրա թասիբին էին ու ուշադիր՝ նրան բան ասողներին լռեցնելու համար:
Թուրքերի՝ 100 տարի առաջ սկսած ապրիլի 24-ը հիմա էլ բարոյական գենոցիդով է շարունակվում:
Ջեմալի թոռը պատահական չի հայտնվել Հայաստանում: Նրան մերոնք են գտել-բերել՝ մտածելով, որ եթե իրական դիվանագիտությունը ֆուտբոլին հրճվելով է, ապա հայ-թուրքական քաղաքացիականն էլ Ջեմալ բերելով պետք է լինի:
Ես հատուկ եմ շեշտել այս գործին մասնակից հասարակական կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին, որովհետև նրանցից պահանջ ունեմ:
Ի՞նչ համազգային մանդատով եք օժտված դուք, որ համարձակվել եք առանց այդ թուրքի տեսակետները հաշվի առնելու, բերել նրան Հայաստան: Եվ ոչ միայն բերել, այլ նրա խոսքերով մեզ անարգանքի ենթարկել՝ փոխանակ նրանից ներողությունը հայցելը որպես նախապայման դնեիք:
Ըստ ձեր կազմակերպությունների՝ պետական գրանցման հիմնադիր պայմանների, դուք միայն քաղաքացիական հարցերով զբաղվելու իրավասություն ունեք: Ձեզ իրավունք չի վերապահված ազգայինը հետապնդելը, մանավանդ Գենոցիդին միջամտելը, նրա մեկնաբանման ու 100 տարվա արյան կոմպենսացման հարցերով պաշտոնապես զբաղվելը:
Երբ բոլորով համաձայնվում էիք 2 միլիոնը վատնելուն, արդյոք ձեր մտքով չէր անցնում, որ ստիպված եք լինելու գնալ քայլերի, որոնք համահունչ չեն լինելու մեր ազգայինին ու պետականին:
Ու երբ մարդասպան Ջեմալի ուրացող թոռանն էիք բերում, ձեզ հաշիվ տալի՞ս էիք, որ որպես նրա դաշնակիցն եք հանդես գալու:
Ես հասկանում եմ, որ եվրոպացիք գումարը հատկացրել են արժանապատիվ երկխոսություն սկսելու համար, մտածելով, որ դուք ազգային ու քաղաքացիական ադեկվատ բարձրության վրա կլինեք, և արժանապատիվ կմոտենաք ամեն քայլին: Փոխարենը գտել եք Ջեմալի թոռանը ու բերել Հայաստան, որ մեզ անարգի՞:
Ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ արեցիք ու ինչ հետևանքների եք մեզ ազգովի հանգեցնելու: Այսուհետ ամեն մի հայատյաց ու գենոցիդին մասնակցած մարդակերի թոռ ու ծոռ իրեն համարելու է արդարացի ու «ավազակներին» վերացրածի փառապանծ ժառանգ:
Ազգային արժանապատվության ոտնահարման դաժան ժամանակներ ենք ապրում: 100 տարի առաջ կոտորվեցինք, որովհետև պետականությունից զուրկ էինք, անզեն ու անճարակ: Հիմա էլ իբր պետականությունը կա, բայց ազգայինին դեմ է գործում ամեն քայլափոխի: Հասարակական կազմակերպությունները իբր կան, բայց զարմանալիորեն իրենց գլխի անցածն են անում, թքած ունենալով ազգայինի, պատմականի ու ներկա պահի գեոքաղաքական ու կենսական հարցերի վրա:
Անպատասխանատվության հաղթարշավ է երկրում՝ ով ինչ ուզում, ոնց ուզում, ում ուզում…
Ու էսպես հերթով, ամեն մի հանցագործ, հանցագործի թոռ ու ծոռ, նախապես մի բան հնարած՝ մեր իսկ «հայրենակիցների» հրավերով գալու է, թքելու է մեր վրա ու հիացած հետ է գնալու:
Սա ի՞նչ վիճակ է: Երկրում Գենոցիդի հիմնախնդիրը լրջորեն քննարկողները չկան: Նույնիսկ ընդհանուր տեսականով գենոցիդ ասածը բացատրողը չկա: Հարցի հանդեպ ազգային ու հանրային համաձայնեցված վարքի նորմ մշակողը չկա: Եթե լիներ, ապա Ջեմալի թոռանը սպասարկող փոքրամարմին, որպես կազմակերպիչ-թարգմանիչ հանդես եկողը՝ թաղի պպզողի մուննաթով չէր լռեցնի իր մոր տարիքի կնոջը:
Օրը բացվում է ազգի ու երկրի արժանապատվության վրա մեր իսկ ուժերով թուք ու մուր լցնելով ու ավարտվում նույնով:
Իրոք, ովքեր եք դուք՝ հիմա էլ Գենոցիդի վրա մակաբուծողներդ: Այս ինչ գաճաճություն, անինքնասիրոււթյուն, տգիտություն է պատել երկիրը:
4 ամսից ավել կա միչև ապրիլի 24-ը: Ոնց ենք դիմանալու՝ հիմա էլ Գենոցիդի վրա մի փոր հաց փախցնելու էս խրախճանքներին: Ու ինչ կմնա Գենոցիդից ու հայությունից, եթե էս տեմպերով շարունակվի նրա վարկաբեկումը:
Գենոցիդը մեր ներկա ու ապագա գոյության միակ իրական լծակ-գործոնն է: Այն ոչ փող սարքելու ու ոչ էլ գավառական խաղերի հրապարակ է: Բարի եղեք պատասխանատու լինել ձեր յուրաքանչյուր քայլի համար:
Ես պատասխան եմ ակնկալում՝ նահատակված տատիկիս ու իր ամբողջ գենոցիդված տոհմի անունից: Քրդերի օգնությամբ՝ 2 տարեկան հասակում, կես տարի կեղծ պատի մեջ պատսպարված ու հրաշքով փրկված հորս անունից: