4 և կես ամսից ապրիլի 24–ն է, և մենք ազգովի հայտնվելու ենք այդ օրվա՝ արդեն դարավոր ամոթի, վրեժի ու պատասխանատվության ահռելի բեռի տակ: Եղեռնի 100-րդ տարելիցը փորձություն է լինելու ոչ այնքան Թուրքիո, ինչքան հայության համար:
Ըստ նախանշանների, խորտակվելու ենք էժանագին լոզունգների, անհաշվենկատ ելույթների ու նախաձեռնությունների մեջ:
Իշխանությունները համապատասխան որակը չունեն նման հարցն ըստ արժանվույն բարձրաձայնելու:
Մասնագետներն անկարող են ծանր կենսական պայմաններում իրենց ապրուստի հարցերից բացի այլ հարցերով զբաղվելու:
Կարող, լուրջ մտավորականությունն էլ մի կողմ է քաշվել՝ հրապարակը գրաված տարբեր ծայրահեղականների ճնշման ներքո:
Փաստացի ինտելեկտուալ, քաղաքացիական, ազգային, մասնագիտական ու պատասխանատվության վակուում է:
Սակայն Եղեռնի քաղաքական հիմնախնդիրը և նրա հիշատակի արժանապատիվ մատուցումը մեր բոլորիս լրջագույն պարտականությունն է հանդեպ նահատակները՝ նրանց վրեժի փոխհատուցման համար, և հանձնառություն է հանդեպ ապագա սերունդները՝ նրանց այդ խարամից ազատելու համար:
Եղեռնի ամբողջական, գիտակցված, պարզաբանված պատկերը և դրա մատուցումը ինքներս մեզ և այլոց, միաժամանակ և վերաբերմունք է հանդեպ աշխարհը և պահանջ է աշխարհից՝ հարգելու մեզ և մեր կորուստները, որպես մարդկության մասնիկի ու մասնակցի:
Եվ եղեռնը կփոխհատուցվի շոշափելի արդյունքներով ու կհաղթահարվի որպես թույլի ճակատագիր միայն այն դեպքում, եթե մենք վեր կանգնենք մեր իսկ կերտած մտավոր, արժեքային ու հոգեբանական գաճաճությունից ու կրավորականից, որի մեջ ենք շարունակաբար՝ արդեն 100 տարի:
Մեզ թվում է թե՝
– Մենք զոհ դարձանք միջազգային ու ռեգիոնալ դավերին:
– Մենք անկարող էինք ֆիզիկապես դիմադրելու թշնամուն:
– Եղեռնի փաստի ընդունումը միջազգային հանրության կողմից, մեզանից կախված հարց չէ:
– Անցած հարյուր տարվա ընթացքում մենք չէինք կարող լրջորեն առաջ տանել այդ հարցը, քանի որ Հայաստանն անկախ չէր, իսկ անկախությունից հետո էլ շրջափակման մեջ էր:
Թույլի՝ և մեղքն էլ միայն այլոց վրա բարդելու պարզունակ կաղապարն արդեն իսկ խժռել է մեզ որպես հանրություն և սպառնում է պետականությանը:
Ոչ ոք չէր հանդգնի Եղեռնով «ֆուտբոլ» խաղալ, եթե Եղեռնի գիտակացման ու ըմբռնման համազգային մակարդակը պատշաճի վրա լիներ:
Ոչ ոք չէր հանդգնի այն լաց ու կոծի էժանագին տեսարան սարքել, եթե մեր ազգային հեղինակությունները հաշիվ տային իրենց՝ մատուցվողի որակի, էֆեկտիվության ու հեռանկարի առումով, և փորձեին ադեկվատն անել:
Մինչև Հոլոքոստը, և հրեաների կողմից նրա ֆենոմենալ «սպասարկումը», աշխարհում չկար Եղեռնը նկարագրելու, մեկնաբանելու և նրա միջոցով հարցեր լուծելու միջազգային փորձը:
Բայց Հոլոքոստի օրինակից հետո էլ մեր արածն ուղղակի խղճուկ տնազ է, որը դարձել է գերտերությունների քաղաքական շահարկումների առարկա: Եվ ոչ երբեք՝ մեր օգտին օգտագործվող քաղաքական լծակ՝ արտաքին թշնամիների դեմ, ինչպես նաև որպես ներքին համախմբող գործոն՝ հենց մեզ համար:
Հասել ենք նրան, որ Եղեռնի 100-րդ տարեդարձի միջազգային մատուցումն իջեցրել ենք թաղային հեղինակությունների կինեմատոգրաֆիկ «տաղանդի» տնօրինմանը:
Իսկ մյուսներովս էլ արդեն ուժ ու տրամադրություն չունենք հակադարձելու, թե հարգելիներս, երկիրը կործանելուն ու մարդկանց արտաքսելուն անզոր էինք դիմադրելու, բայց Եղեռնից ի՞նչ եք ուզում: Գիտենք, որ Եղեռնն էլ իհարկե թալանելու, կողոպտելու ռեսուրս է, բայց այն ձեր ոչ մասշտաբին ու ոչ էլ մտավոր պոտենցիալներին հասու չէ: Միգուցե խելքներդ գլուխներդ հավաքեք ու հեռո՞ւ մնաք Եղեռնից:
Եվ այս հորդորը միայն իշխանությանը չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Եղեռնի մեջ աճպարարության հնարավորություն ու գործիք տեսնել:
Եղեռնը և ազգային խարան է, և սթափեցնող հուշ՝ որ այլևս իրավունք չունենք խմբովի նահատակվելու թշնամուն՝ լինի դա արտաքին, թե ներքին:
Եղեռնի սպասարկումը նաև պարզամիտ թղթային ու թուղթ-շերեփային պահանջատիրություն չէ, որի էյֆորիայի մեջ ենք արդեն մի ամբողջ դար:
Եղեռնի մեկնաբանումն ու հայության դիրքավորումը որպես պահանջատերի՝ բարձր ինտելեկտ ու նվիրվածություն պահանջող գերծանր աշխատանք է, որն ահռելի ֆինանսական ու մասնագիտական պոտենցիալ է պահանջում:
Ղարաբաղյան հիմնախնդիրը հաղթահարեցինք պատերազմում, բայց ջախջախվել ենք դիվանագիտականում ՝ այսինքն ինտելեկտուալ ոլորտում:
Անկախ Հայաստանը որպես ժառանգություն ստացանք սովետ միության փլուզումից, բայց արդեն իսկ խժռել ենք այն, որպես սեփականություն-պետություն: Նորից, գահավիժումը եղել է ինտելեկտուալում:
Փողի և իշխանության մոլուցքը այլասերել է շատ-շատերին, ծնկի է բերել հայոց պետականությունը ու սպառնում է հային էլ ոչնչացնել որպես ինքնություն: Մնացել է մեկ սրբություն ու մեկ քաղաքական-ազգային գործիք՝ Եղեռնը: Եվ մեծագույն հանցագործություն կլինի Եղեռնի «հոբելյանի» մատուցումն էլ ինտելեկտով անճարակ այս իշխանությունների բարեհաճությանը թողնելը:
Եղեռնի անցած 99 տարիներն ամենազուլալ հայելին են՝ մեր քաղաքական թուլության, մտավոր սահմանափակության, կամային անկարողության ու ներհանրային անմիաբանության: Եղեռնը մեր առջև ծառացած մի պատնեշ է, որը չենք կարողացել հաղթահարել ազգովի և ամեն մեկս անհատապես:
Տեսնելով ներկա պահին ծավալվողը և մարդկանց շփոթվածությունը կատարվողից, կոչ եմ անում գիտակ, մասնագետ, ինչպես նաև ունեւոր՝ հայրենյաց և սփյուռքի հայությանը:
– Եղեռնի 100-րդ տարեդարձի կապակցությամբ կապվել միմյանց, համաձայնեցնել հնարավոր քայլերն ու անելիքը և գործել նպատակամղված ու կոորդինացված:
Իշխանություններից ու առանձին անհատներից մեծագործություններ սպասել պետք չէ և չի էլ կարելի:
Այդ գործի գլխին չպետք է լինեն նաև մինչ այժմ Եղեռնը որպես ապրուստի շահավետ միջոց չարաշահած սփյուռքի լոբբիստական ուժերը:
Ով ինչով կարող է, պետք է ներգրավվի և մասնակցի այդ գործին՝ աշխարհով մեկ խայտառակ չլինելու համար: Գոնե ուշացումով, պետք է ստեղծվի ոչ պաշտոնական անձերից բաղկացած կոորդինացիոն խորհուրդ, որը կկազմակերպի անհրաժեշտ միջոցների հավաքը և դրա տրամադրումը բացառապես անգլերեն լեզվով Եղեռնի փաստերի բանկի կերտմանը: Այն պետք է ֆինանսավորի անգլերեն լուրջ հոդվածների, նոր հետազոտությունների, նոր կարճամետրաժ ֆիլմերի, պահանջատիրական դիմումների հեղինակներին: Ինչպես նաև միջոցներ տրամադրի այդ նյութերի մասսայականացման համար՝ համաշխարհային հեղինակավոր պարբերականներում և դահլիճներում ներկայացնելու համար:
Հայերեն, կամ այլ լեզուներով ստեղծված նյութերը պետք է թարգմանվեն անգլերեն, և հատուկ գումար էլ այդ նպատակին տրամադրվի:
Մշակված նյութերին ու կերտված ստեղծագործություններին պետք է տրվի «Եղեռնի փաստաթուղթ» վկայականը՝ համաձայն խորհրդին կից գործող մասնագետների և գրաքննադատների հանձնաժողովի կարծիքի: Նման հանձնաժողով կարող է ստեղծվել հենց խորհրդի կողմից՝ օրինակ մոտ 30 երևելի հեղինակներից, Եղեռնի և նրա հարակից պատմության մասնագետներից, քաղաքագետներից, արվեստագետներից, այլ պրոֆիլի հայտնի գիտնականներից ու գործիչներից:
Իսկ կոորդինացիոն խորհուրդը կարող է ստեղծվել 50/50 հարաբերակցությամբ կազմված՝ փողը տրամադրողների և հայ երևելի գործիչների թիմի կողմից:
Փողատերևերը հանդես կգան իրենք իրենցով, իսկ մյուսներին պետք է ներկայացնի հայությունն՝ ասենք ինտերնետային մեթոդաբանություններով (առաջադրում, քվեարկություն):
Մեր այս վիճակում, Գենոցիդը միակ փրկարար օղակն է, որ դեռևս պահում է հայկական պետականությունը թուրքերի, այլ հարևանների ու ոչ հարևանների ուղղակի ագրեսիայից: Բացի այդ, այն ազգը կոնսոլիդացնող միակ ու եզակի գործոնն է:
Թուրքերն իրենց ահռելի պոտենցիալներով, տասնյակ ու հարյուրավոր միլիոնների ներդրմամբ պայքարում են Եղեռնը ժխտելու համար: Իսկ մենք լլկված ու անտեղյակ, դես ու դեն ենք նայում, սպասելով հրաշքի, կամ այլոց ողորմածությանը:
Սա էլ մի այլ եղեռն է՝ բարոյական ինքնաեղեռն:
Համահայկական հիմնադրամները միլիոններ են հավաքել իբր հայրենանվեր նպատակների համար, բայց իրացված արդյունքներն աննշմարելի են հանրային կարևորության ու հեռանկարի առումներով:
Եղեռնը այն հարցն է, որի վրա տասնյակ միլիոններ պետք է ծախսվեն, որովհետև դրանից է կախված մեր հետագա «ով» լինելն ու նույնիսկ «լինել-չլինելը»: Եթե գալիք ապրիլի 24-ն էլ անտեր թողեցինք, տրամադրելով այն անլուրջների ու ոչ կոմպետենտների ողորմածությանը, ապա ստիպված ենք լինելու վաղն ամաչել ինքներս մեզնից: