Սկսած 1995 թվականի կեղծված պառլամենտական ընտրություններից, իշխանություն փոխելու գործին ենք: Իշխանափոխությունը երբեք չի հաջողվել, բայց և ամեն անգամ ոգևորված, բացարձակապես նույն ձևով ու մեթոդականով, մի նոր ուժի hետևից ենք գնացել՝ հուսալով, որ այս անգամ մի գուցե ստացվի: Բայց և զարմանալիորեն, երբեք նախապես նրանից հաշիվ չենք պահանջել, թե ոնց ես «իշխանափոխվելու»:
Հիմա էլ կանգնած ենք Նախախորհրդարանի ծրագրած՝ ապրիլի 24-ին սպասվող իշխանափոխության շեմին: Հայերեն ասած՝ «չուզողը ես լինեմ», երկու ձեռքով կողմ եմ, բայց ինչպե՞ս:
Վերջին 18 տարում իշխանափոխության ձախողումը բազմիցս է կրկնվել, ու նաև դրա արդյունքում է, որ պետականությունը գահավիժում է:
Վերջին անգամ, նման խաղ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների ժամանակ: Հասունանում էր բոյկոտը, բայց կատարվեց Չեռնոմիրդինի ասած՝ «ինչպես միշտը»:
Օրինակ, ես էլ հոդվածներով, հրապարակավ, շատերի պես բոյկոտն էի քարոզում, ու մեկ էլ անձնական պահանջով դիմեց Անդրիաս Ղուկասյանը, թե՝ դու քո բոյկոտի կոշտ քարոզով կոնկրետ ինձ ես խանգարում: Ես պետք է առաջադրվեմ, դա էլ իմ քաղաքացիական իրավունքն է, և ես պետք է օգտագործեմ այդ շանսը:
Իհարկե, չափի խախտում կար այդ պահանջի մեջ, բայց և Անդրիասը
համակրելի, խելոք երիտասարդ է, և ես զիջեցի, ձայնս կտրեցի՝ մտածելով, որ մի գուցե ինքը մի այլ բան է ծրագրավորում ու այլ բան գիտի, որը ես չգիտեմ:
Ընտրությունները կեղծվեցին՝ ոնց սպասվում էր: Հացադուլները չօգնեցին, աղոթքն էլ գնաց պատմության գիրկը: Թեկնածուները պարտվեցին, չնայած հաջողությամբ իրացրեցին իրենց «քաղաքացիական իրավունքները»:
Արդյունքում ունենք ժողովրդավարական «լուրջ մրցակցության» պայմաններում «ընտրված լեգիտիմ նախագահ», որի համար ես զիջել էի իմ քաղաքացիական իրավունքները հօգուտ անորոշի: Մարդիկ ամբողջ երկրով մեկ զիջել էին հարցադրելու իրենց քաղաքացիական իրավունքները, հավատալով մարդկայինին: Հույսերով լի գնացել էին ընտրությունների ու ավելորդ անգամ անարգվել:
Սա անժխտելի վավերագրությունն է:
Իսկ ո՞րն է եզրակացության արժանի արդյունքը:
Ընդդիմադիր թեկնածուները, շահարկելով մարդկանց վերջին հույսերն ու հավատը, լռեցնելով ընդդիմախոսներին՝ մեկին խաթրով, մյուսին լուսանցքում թողնելով, մյուսին աճպարարությամբ, շեղել են բոյկոտի ու մասնակցության բալանսը, լեգիտիմի տեսք են հաղորդել ընտրություններին ու նորից, հերթական անգամ, իրացվել է անհուսալի թվացող՝ իշխանականի վերընտրությունը:
Ես փաստեր չունեմ, թե դա նախապես մտածված, կազմակերպված սցենար է եղել: Բայց և ունեմ եզրակացություն, որ կրիտիկական քաղաքական հարցերում ոչ ոք չպետք է իր իրավունքներն ու շահերը զիջի անորոշ խոստումների ու չհիմնավորված հնարքների:
Ի վերջո, նաև իմ ու հազարավորների զիջողականությունն է եղել պատճառը, որ տեղի ունեցան ու լեգիտիմացվեցին այդ խայտառակ ընտրությունները: Ու նույնն է եղել նաև նախորդ ընտրություններին՝ երբևէ ընդդիմադիր կողմը չի ունեցել կեղծիքների դեմն առնելու և իշխանությունը շոշափելիորեն, ֆիզիկապես վերցնելու մեթոդական հստակ պատկերացումը: Իսկ մարդիկ էլ պարտության համար երբևէ հաշիվ չեն պահանջել նախապես հոխորտացողից:
Վերջին խայտառակ ձախողումից անցել է երկու տարի: Մասնակիցներից, հացադուլավորներից ներողություն, ապաշխարանք լսե՞լ ենք: Ոչ, չենք լսել:
Ոստիկանապետի հետ աղոթքը տեսել ենք, բայց միակ անելիքը ներողությունն էր՝ ներողությունը ձայն տվողներից, այս տարիների դաժանությանը չդիմացածներից, բոլորից, հայությունից:
Մեզանում և նախապես անելիքի նկարագրման պահն է մերժված, և պարտությունից հետո էլ՝ ներողության, հաշվետվության փուլն է անտեսված: Այսինքն մերժված է այն մեխանիզմը, որը կարող է զսպել հաջորդներին՝ նման անհաշվենկատ քայլեր ծրագրավորելիս:
Չխոսված, չհասկացված, չքննարկված, լիքը բացասական արդյունքներ ունենք: Ու այսօր էլ, պետական սուբյեկտությունը կորցնելու այս ծանր օրերին, գոնե պետք է այդ մասին ասվի:
Մենք բոլորս՝ ամենքս առանձին-առանձին ու ազգովի, նսեմացրել ենք մեզ լիդերների համեմատ: Զլացել ենք հարցաքննել նրանց փաստարկները և բարձրաձայնել կասկածները ծրագրվողի իրատեսության վերաբերյալ: Չէ որ, ի վերջո, ժողովրդավարություն ասածը հենց դա է:
Մշտապես քարոզվել է միասնությունը, միլիոնանոց միտինգը, հուժկու երթը, թեժ սեզոնին, կամ էլ ինչ որ կողմնակի գործոնի հետ այն համատեղելը: Բայց երբևէ չի բացատրվել մեխանիզմը, թե ինչպես է իշխանափոխությունն իրականում կատարվելու:
Ու հիմա էլ նույնն է կրկնվում: Նախախորհրդարանը, որի անդամներին խորապես հարգում եմ, կարծում են, թե իրենք գտել են երկիրն այս փոսից հանելու միակ ձևը, ապրիլի 24-ին, ազգային սգո օրը, «հուժկու մի բան» են անելու: Ու կարծում են, թե իշխանությունը ոչ միայն չի կրակի, այլ հրաշքով, ինքն իրեն կզիջվի:
Դեմ չեմ, բայց բացատրեք խնդրեմ, թե ինչ եք անելու և ինչպես:
Միայն ինձ չէ, որ այս հարցը հետաքրքրում է՝ բոլորին է հետաքրքրում:
– Փորձեք նկարագրել սպասվելիք ապրիլի 24-ի՝ իշխանափոխության օրվա անելիքը, որ ես հավատամ և գամ իմ մասնակցությունը բերելու:
– Նկարագրեք օրինակ, թե մոտավորապես քանի՞ հոգի է լինելու ձեր կողքին և ինչու հենց այդքան:
– Նկարագրեք, թե այդքանն ինչ են անելու, ինչպես են գրավելու իշխանությունը, ինչպե՞ս են ստիպելու եղած իշխանավորներին անձնապես, մեկ առ մեկ, կամ բոլորին միատեղ հրաժարվելու իշխանությունից:
– Կետ առ կետ նկարագրեք, թե ո՞նց է լինելու ֆիզիկական պրոցեսը՝ ժամ առ ժամ, օր առ օր, քայլ առ քայլ՝ ո՞նց է գրավվելու իշխանությունը, շենքերը, ո՞նց են հաղթահարվելու ուժայինն ու մասնավոր գվարդիաները:
– Ու նկարագրեք նաև, թե քանի՞ հոգի են ձեզ դեմ լինելու, և դրանք ինչպես են չեզոքացվելու: Որովհետև արդեն իսկ մոտ 15-20 տոկոս բնակչություն իշխանությունների հենարանն է: Ու երևի հենց դրանք են մեքենաները հրդեհողը ու Գևորգ Սաֆարյանի կյանքին սպառնացողը:
Սրանք օրինաչափ հարցեր են և արևմտյան աշխարհում տրվում են ցանկացած մեկին, ով գնում է հանրային կյանքի հետ կապված լուրջ նախաձեռնության:
Դեռ երեկ, մեր աչքի առջև մայդան է եղել: Ուր բազմաթիվ անքուն գիշերներ եղան, հազարավոր անվադողեր այրվեցին, հարյուրավոր անմեղ զոհեր եղան: Ու այդքանից հետո էլ, իշխանությունը վերցվեց միայն արյամբ ու արտաքին միջամտությամբ:
Դո՞ւք ինչպես եք անելու:
Ի վերջո, մենք էլ սեփական դառը փորձն ունենք: 96, 99 ու 2008 թիվ ենք անցել, ուր հենց իշխանությունը վերցնելու էտապը չի իրացվել: Ոչ միայն չի իրացվել, այլ չի էլ պատկերացվել:
Մտածում եք, թե ապրիլի 24-ին չեն հանդգնի կրակել, իսկ եթե կրակեն էլ՝ հետո «ՆԵՄԵՍԻՍ կլինի»:
Ո՞վ նեմեսիսն արեց: Մի բուռ ազգի նվիրյալներ, ում նույնիսկ անուններն այսօր ժողովուրդը չգիտի, ու մերժված է նրանց արժեքայինը՝ մասնավոր վրեժը հանցագործից:
Նեմեսիս անողներից մեկն էլ կուրացած Ալեգ Ենիգոմշյանն է, ում հայ ոստիկանը միտումնավոր թողեց փողոցի կենտրոնում՝ ոտնահարելով նույնիսկ տարրական մարդկայինն ու իր պաշտոնեականը:
Ապրիլի 24-ին միգուցե չեն կրակի, բայց ըստ նախադեպերի, կարող եմ կանխատեսել, որ մինչև այդ բազմաթիվ մեքենաներ կհրդեհեն, ակտիվիստներին կահաբեկեն, բանտերը կլցնեն նոր նվիրյալներով:
Արդյոք սա հաշվարկվել է, և եթե այո, ապա դա ինչպե՞ս է հաղթահարվելու:
Ներկա ու նախորդ իշխանությունները կես ազգ են արտագաղթեցրել, երկիրն են ծնկի բերել: Այդքանը բավարար չէ, սպասում եք, որ նորից կրակեն, որ նոր դատավճիռ հանե՞ք:
Կամ էլ որ դատավճիռ հանեցիք, իրացնողն ո՞վ է:
Ձեր մեքենաներն այրել են, ակտիվիստի կյանքին են սպառնացել, Ալեքին են անարգել՝ պատասխանը տված կա՞ք:
Ես չեմ բացառում հնարավորը, բայց պահանջում եմ հրապարակային իրատեսություն: Որ մարդիկ էլ պատրաստ լինեն իրենցը ներդնելու, եթե տեսնեն հաղթանակի նույնիսկ փոքր արահետը:
Շեշտում եմ, ոչ թե կոչ եմ անում, այլ պահանջում եմ: Շարքային հայի, քաղաքացու իրավունքով եմ պահանջում: Մինչև հիմա շարքայինի շահն ու պահանջն անտեսված է եղել առաջնորդների, կուսակցությունների, իշխանության ու ընդդիմության, ցանկացած մի երևելու գործողություններում:
Ասեմ նաև, որ ես խոսում եմ կոնկրետ Նախախորհրդարանի մասին, բայց ավելին կարող եմ ասել ցանկացած նախորդ ու ներկա այլ ընդդիմադիր նախաձեռնության մասին:
Երկրով մեկ մարդկանց կկանչեն միտինգի իրենց ինտրիգները սպասարկելու ու մի քանի անհեթեթ ելույթից հետո կասեն՝ դե հիմա գնա տուն, ես կասեմ երբ նորից գաս:
Երկիրն ու մարդիկ խաղալի՞ք են, որբի գլո՞ւխ:
Երբևէ իշխանափոխության որևէ մեթոդական հարց քննարկված չկա մեզանում՝ սկսած 1988-ից: Հիմա էլ նժարին պետության ճակատագիրն է, ու ազգի վերջին շանսերն են: Ոչ մեկն իրավունք չունի անհաշվենկատ քայլերով վերջին հույսերն էլ կործանելու:
Ամեն նոր նախաձեռնությամբ հանդես եկողը թող իր ծրագիրը ցույց տա: Իսկ եթե տակտիկական նկատառումներով խուսափում եք ծրագիր հրապարակելուց, ապա 7 մեքենա էլ դուք թաքուն հրդեհեք, Գևորգի կյանքը վտանգելու դիմաց մի բեսպրեդել անող սրիկայի էլ դուք թաքուն վնասեք, Ալեք Ենիգոմշյանին անարգողին հրապարակավ ու գոնե բարոյականով պատժեք:
Եթե նման համարժեք քայլեր արվեն, ապա ես կխոստովանեմ, որ չեմ հասկանում գործից: Ու մարդիկ էլ կհավատան, որ իրոք կա անհրաժեշտ պոտենցիալը, կմիավորվեն ու ձեզ հետ միասին տեր կկագնեն երկրին:
Շանթի հետ 14 հերոս տղա գնաց բանտ, ու ոչ մի արձագանք-քննարկում չեղավ, թե ինչու դա կատարվեց, որն է դրա գոնե մինիմալ արդյունքը: Ու ուշադրություն չդարձվեց էլ, որ մի ամբողջ տարի բեսպրեդել դատարանի աբսուրդներով էինք զբաղված, ուր կանխատեսելիորեն ոչ մի արգումենտ ու ոչ մի ապացույց չաշխատեց:
Ինչո՞վ է սպասվելիք ապրիլյան իշխանափոխությունը սկզբունքորեն տարբերվելու Շանթի նախաձեռնած հեղափոխությունից:
Երևի երթ կարվի: Չգիտեմ, փայտերով, սիմվոլիկ պայթուցիկներով, թե առանց դրանց: Չգիտեմ կկրակեն, թե չեն կրակի, բայց մինչ այդ, սադրիչների ջանքերով մի քանի հոգի հաստատ կհայտնվեն բանտում ու ազգովի մի քանի տարի էլ դրանով կզբաղվենք, մինչև վերջին հայը կլքի երկիրը:
Ես կգերադասեմ, որ ապրիլի 24-ը մի քիչ ավելի «անշուք» անցնի, քան Ժիրայր Սեֆիլյանը, ով ազգի նվիրյալներից է, կամ որևէ այլ մեկն անիմաստ տեղը հայտնվի բանտում:
Ու կգերադասեմ, որ նախաձեռնվողը խստորեն տարբերվի նախորդներից՝ թե գաղափարապես և թե մեթոդապես, և նոր լուծում գտնի արցունքով, արյունով ու դաժանությամբ լի այս հողի համար:
Երկիրը բեսպրեդելի, իսկ իրականում բացահայտ անիշխանության մեջ է: Ու դա հետևանք է ընդդիմության անպատասխանատու, անատամ ու հեզություն պարտադրող քարոզների՝ թե սպասեք, սպասեք, հեսա կտեսնեք, թե ոնց ենք մենք իշխանափոխելու:
Եթե իշխանությունն ընդունակ է եղեռնի 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումը վստահել այդ գործից անվերջ հեռու պատահական մեկին, ապա ապրիլյան իշխանափոխությունը ճնշելու գործն էլ հաստատ կարող է տալ ռեցիդիվիստ քրեականին ու գողականին, ինչպես որ միշտ եղել է:
Ամեն գործ իր գործիքներն ունի, և ոչ ոք իրավունք չունի հաշվի չնստել այս տարրականի հետ: Ոչ մի նորմալ մարդ չի փորձի 27 համարի պտուտակը քանդել ասենք պինցետով, կամ էլ ներկա բազմաչափ բեսպրեդելը կանգնեցնել հիպոթետիկ նեմեսիսով:
Նեմեսիս անողը չի սպառնում, իրագործում է:
Ես տվել եմ անուններ ու գիտակցում եմ, որ համարժեք վերաբերմունք է լինելու շատերի կողմից: Հիշեցնեմ, որ ես ընդամենը օգտագործել եմ հրապարակային դեմքերին և նրանց վարքը քննարկելու և հարցադրելու քաղաքացիական իմ իրավունքը:
Ոչինչ անձնական – nothing personal, ոնց կասեն ժողովրդավար աշխարհում: